Թուրքերն արդեն Հայաստանի հասարակությանն են «ուղղորդում». Փաշինյան-Էրդողան հանդիպման արդյունքը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր ոչ ավել, ոչ պակաս հայտարարել է, որ Ադրբեջանը և Հայաստանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի հիմնարար կետերի շուրջ, մնում է դրանք իրականացնել։

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել հիմնական կետերի շուրջ. դրանք հինգն էին: Դա ներառում է միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը, սահմանների սահմանազատումը և այլն: Մնում է միայն դրանք իրականացնել»,- ասել է Չավուշօղլուն Tvnet-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Անկարայի՝ Երևանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը և Բաքվի ու Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները չեն կարող ընթանալ միմյանցից առանձին։ «Մենք բազմիցս խոսել ենք այս մասին»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։

Հեռուստահաղորդավարի հարցին, թե արդյոք սա Թուրքիայի «կարմիր գիծն է», Չավուշօղլուն դրական է պատասխանել: Թուրքիայի արտգործնախարարը նաև հավելել է, որ Պրահայում Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը դրական է եղել։ Միաժամանակ Չավուշօղլուն նշել է, որ պաշտոնական Երևանը ճնշումների է ենթարկվում ինչպես երկրի ներսում, այնպես էլ սփյուռքի կողմից։ «Պատերազմն արդեն ավարտվել է, հայ ժողովրդի աջակցությունը Փաշինյանին նշանակում է, որ իրենք խաղաղություն են ուզում, բայց նրանց ձայները, ովքեր խաղաղություն չեն ուզում, ավելի ու ավելի բարձր են հնչում։ Հայաստանը պետք է հասկանա, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել կայուն խաղաղության համար», - նշել է Թուրքիայի արտգործնախարարը։

Անկարայի կողմից Հայաստանի իշխանությունների ուղղությամբ ուղղակի ու անուղղակի ճնշումները, փաստորեն, բավարար չեն: Անկարան արդեն այնքան է սանձարձակ դարձել, որ Հայաստանի քաղաքական դաշտի ու հայ հասարակության տրամադրություններն ուղղորդելը, դրանց մասին բացասական կարծիք արտահայտելն էլ է համարում թուրքական իշխանությունների գործը:

Ահա, այստեղ է հասցրել Հայաստանի ինքնուրույնությունը Փաշինյանն ու իր ղեկավարած կառավարությունը:

Ի դեպ, վաղը Աստանայում կհանդիպեն Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները: France-Presse և DPA լրատվական գործակալությունները, վկայակոչելով թուրքական աղբյուրները, հայտնում են, որ Ռեջեփ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինը կհանդիպեն Աստանայում՝ Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդման համաժողովի շրջանակում։

Փետրվարի 24-ին Ուկրաինա Ռուսաստանի ռազմական ներխուժումից ի վեր ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան փորձում է միջնորդական դեր ստանձնել պատերազմող Կիևի և Մոսկվայի միջև։ Պաշտոնական Անկարան միևնույն ժամանակ հրաժարվել է միանալ Մոսկվայի դեմ արևմտյան դաշնակիցների սահմանած պատժամիջոցներին:

Ուկրաինայում ութերորդ ամիսը շարունակվող պատերազմի ընթացքում, սակայն, Էրդողանին չի հաջողվել մեկ սեղանի շուրջ նստեցնել Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահներին։ Վլադիմիր Զելենսկին մերժում է բանակցությունները՝ հայտարարելով, որ Կիևը մտադիր է խոսել Ռուսաստանի «հաջորդ» նախագահի հետ, ակնարկելով, թե բանակցությունները կարող են շարունակվել միայն Պուտինի պաշտոնանկությունից հետո:

Պուտինն ու Էրդողանը կքննարկե՞ն արդյոք Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա թեմաները, առայժմ հայտնի չէ:

Նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն է հեռախոսազրույցներ ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ: Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ զրույցներում անդրադարձ է եղել հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Եվրոպայի խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի քառակողմ հանդիպման արդյունքներին: Փաշինյանն ու Բլինքենն ընդգծել են ադրբեջանական զինված ուժերի` ՀՀ ինքնիշխան տարածքից դուրսբերման ու հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը, ասված է հայկական կողմի հաղորդագրության մեջ: Նաև կարևորվել է ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակման, սահմանազատման աշխատանքների իրականացման ու հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության ապահովումը:

Զրույցների մասին Բլինքենը Թվիթերում գրառումներ է արել՝ նշելով, որ ողջունել է առաջընթացը երկու երկրների միջև պաշտոնական խաղաղության բանակցություններում։ Նա ևս մեկ անգամ շեշտել է, որ բանակցված համաձայնագիրը տևական խաղաղության միակ ճանապարհն է: Բացի այդ, Փաշինյանն ու Բլինքենը խոսել են Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների պաշտպանությանը, Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների համար միջազգային մեխանիզմի ստեղծմանը, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի ապահովմանը վերաբերող հարցերից:

Ադրբեջանի նախագահի հետ զրույցում ևս Բլինքենը շեշտել է Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և երաշխիքների վերաբերյալ քննարկումների կարևորությունը: Իլհամ Ալիևը, հիշեցնենք, հայտարարել էր, որ չի պատրաստվում Արցախի հարցով քննարկում ծավալել որևէ երկրի, այդ թվում՝ Հայաստանի հետ, պնդելով, թե Արցախում ապրող «հայերը իրենց քաղաքացիներն են, և իրենք կորոշեն ինչպես խոսել նրանց հետ»: Քառակողմ հայտարարության մեջ Ղարաբաղի կամ այնտեղ ապրող հայերի մասին որևէ բառ չի ասվում։

Էնթոնի Բլինքենը հայտնել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ առաջիկայում ևս նպաստելու բանակցային գործընթացին ու Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը: Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան, ողջունելով հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի կողմից 17 ռազմագերիների վերադարձը Հայաստան, նախագահ Ալիևին կոչ է արել շարունակել շոշափելի քայլերը՝ աջակցելու խաղաղության գործընթացին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1398 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am