Աննա Հակոբյանը մեղադրում է հայ կանանց՝ խաղաղության իր արշավին չմիանալու համար

Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը գրառում է կատարել.

«2018 թվականի ամռանը նախաձեռնեցի «Կանայք հանուն խաղաղության» արշավը: Արշավի մասին մանրամասն կարող եք կարդալ https://wfp.annahakobyan.am/hy/home/ էջում:

Արշավի իմ ուղերձը հետեւյալն էր. «Մենք որպես կին և մայր կոչ ենք անում ղարաբաղյան հակամարտության մեջ ներքաշված բոլոր կողմերին, և միջնորդ երկրներին, երբեք և երբեք թույլ չտալ պատերազմական գործողությունների վերսկսում, և վտանգի տակ չդնել հայ և ադրբեջանի երիտասարդ զինվորների կյանքը։ Մենք կոչ ենք անում բոլոր կանանց, ազդեցիկ և հեղինակավոր կանանց, պետութունների ղեկավարների տիկիններին միանալ այս նախաձեռնությանը, ինչի շնորհիվ այն ավելի ուժեղ և հզոր կլինի»:

Արշավի վերջնանպատակն էր ոտքի հանել հարյուր հազարավոր հայ կանանց, ովքեր օրինակ կծառայեին, քաջություն կփոխանցեին բռնապետության մեջ ապրող ադրբեջանցի կանանց, եւ վերջիններիս ճնշման արդյունքում իսկապես հնարավոր կլիներ կանխել լայնածավալ պատերազմը, հակամարտության լուծման այլ ճանապարհ որդեգրել։

Եւ ի՞նչ կատարվեց: Կատարվեց այն, որ դեռ սաղմնային փուլում «Կանայք հանուն խաղաղության» արշավը տապալվեց՝ հանդիպելով հայ կանանց մեռելային լռությանը (թող ինձ ներեն այն հատուկենտ կանայք, ովքեր աջակցություն էին հայտնում արշավին, եւ բոլոր նրանք, ովքեր դա անում էին Ֆեյբուքյան քոմենթի տեսքով): Արշավի պաշտոնական էջի «Ես աջակցում եմ» բաժնում գրանցվել է 790 անհատ եւ 17 կազմակերպություն։

Չէին կարող իհարկե հայ մայրերը համաձայն չլինել արշավի ուղերձի հետ եւ ասել՝ ո՛չ, մենք ուզում ենք, որ ե՛ւ մեր, ե՛ւ ադրբեջանցի երեխաները զոհվեն պատերազմում: Հնարավոր չէ նման բան:

Այդ դեպքում ո՞րն էր խնդիրը:

Խնդիրն այն էր, որ արշավի մեկնարկին զուգահեռ հրապարակ նետվեց հետեւյալ թեզը. «Դու այդ ո՞վ եղար, որ հայ կանանց անունից խաղաղություն ես մուրում: Հայ կինը խաղաղություն մուրացող չէ, խաղաղություն պարտադրող է։ Հայ կինը ոչ միայն առյուծածին է, այլեւ առյուծ եւ հարկ եղած դեպքում զենք կվերցնի եւ ինքը իր որդու հետ կզոհվի մարտի դաշտում, բայց խաղաղություն չի մուրա»:

Ես ասում էի նաև, որ ապրիլյան պատերազմը լուսաբանելիս բացարձակապես նույն վախն եմ տեսել ե՛ւ հայ, ե՛ւ ադրբեջանցի 18-20 տարեկան զինվորների հայացքներում, որ վստահ եմ՝ մեր տղաները կրկին հերոս կլինեն մարտի դաշտում, բայց եկեք չդրդենք նրանց այդ հերոսությանը: Սրան ի պատասխան հրապարակ նետվեց մեկ այլ թեզ. «Ի՞նչ վախ, ինչպե՞ս ես համարձակվում հավասարության նշան դնել մեր զինվորի եւ ադրբեջանցի զինվորի միջեւ, հայ մայրը միայն անվախ, քաջ զինվոր է ծնում»:

Ահա այս փուչ նախադասությունները բավարար եղան հայ կանաց կառավարելու եւ զսպելու համար: Վախը, որ կընկնեն «դավաճանների ցուցակ», այնքա՜ն զորավոր էր:

Իսկ որ նախադասությունները փուչ էին, երեւաց պատերազմի ժամանակ: Հայաստանում ապրում է 18 տարին լրացած 1 միլիոն 231 հազար 584 կին: Սփյուռքում բնակվող մի քանի միլիոն առյուծ հայ կանանց մասին էլ չեմ խոսում: Երբ պատերազմի ընթացքում երկրի ղեկավարը կոչ արեց բոլորին, այդ թվում՝ կանանց եւ աղջիկներին ջոկատներ կազմել, կազմվեց 1 ջոկատ՝ «Էրատո»-ն (12 հոգի), եւ 1 վաշտ՝ «Սոսե»-ն (100 հոգի)։

Եւ մեր զավակները միայնակ մնացին դավադիր եւ անհավասար պատերազմում թշնամուն դեմ հանդիման: Եւ իհարկե նրանք հաղթահարեցին իրենց վախերը, անմարդկային կռիվ տվեցին, հերոսացան, շատերն ընկան հերոսի մահով:

Երկու տարի է՝ մտածում եմ՝ արդյո՞ք այդ ե’ս բավարար ջանք չներդրեցի «Կանայք հանուն խաղաղության» արշավի մեջ: Կարծում էի, որ երկրի ղեկավարի կնոջ խոսքը, համառությունը բավարար պետք է լիներ ինքնակազմակերպվելու համար: Մենք ունենք հարյուրավոր կանանց միություններ, խորհուրդներ, ասոցիացիաներ, կոլեկտիվներ, հասարական կազմակերպություններ, հայտնի/հեղինակավոր կանայք՝ արվեստի, գիտության, քաղաքականության եւ բազմաթիվ այլ բնագավառներում։ Նրանց մի մասը օրինակ մարտի 8-ի եւ ապրիլի 7-ի առիթով մեծ ակտիվությամբ ինքնակազմակերպվում է բեմերի ու խնջույքների սեղանների շուրջ, եւ խանդաղատանքով լսում առյուծներ ծնող, իր հայրեիքն ու օջախը պաշտող ու պահպանող հայ կնոջ տեսակին նվիրված ոտանավորներ: Մյուս մասը կնոջ դերի եւ նշանակության բարձրացմանը նվիրված սեմինարներ ու ֆորումներ է անում։ Մի տեղ լուրջ դեմքով ելույթներ են ունենում, մյուսում՝ ասում, խոսում, ուրախանում։ Տոնացուցային այս երկու օրերից առաջ եւ հետո սակայն իրական կյանքն է, որտեղ արդեն «վարքի կանոնագրքի» զուբրիտի մրցավազք է։ Բոլորը բոլորին սովորեցնում են, թե երբ եւ ինչ չի կարելի անել, եւ որ ամենակարեւորն է՝ ինչպես պետք է ճի’շտ սգալ, համոզի’չ, մաքսիմալ տեսանելի’, բարձրաձա’յն։ Զարմանալի է՝ ինչու մինչեւ հիմա չունենք «Սգի ոստիկանություն», վստահ եմ՝ այդ կառույցում ծառայելու համար տասնյակ հազարավոր դիմումներ կստացվեին։

Փաստ չէ, իհարկե, որ «Կանայք հանուն խաղաղության» արշավը կկանգնեցներ պատերազմը: Բայց մենք չգիտենք էլ, որովհետեւ չենք գործել: Եւ խնդիրը անգամ դա չէ, այլ պատասխանատվություն վերցնելն ու դիրքորոշում արտահայտելու քաջություն ունենալը, գոնե այն դեպքում, երբ սեփական զավակիդ կյանքի ու մահվան հարցն է որոշվում:

Չեմ ուզում հավատալ, որ առավելագույնը, ինչին ընդունակ է հայ կինը, աղոթելը կամ անիծելը, եւ կամ՝ իր հերոսների հետեւից հետմահու լացելն է։

Հ.Գ. Արդեն երկու տարի է՝ համահայկական քննարկում է գնում, թե ինչու ենք ջոկատի համար ընտրել Էրատո թագուհու անունը: Այն, որ նա Տիգրան Մեծի ժառանգը եւ Հայոց պատմության մեջ առաջին կառավարող թագուհին է, ուշադրության արժանի հանգամանքներ չեն երեւի։ Պարտված թագուհի է, ասում են: Իսկ գուցե պարտվել է, որովհետեւ թագավորության մեջ վխտացել են օտար կայսրությունների շահերը սպասարկող, Հայոց պետականությանը մեջքից հարվածող թուլամորթ դավաճաննե՞րը։ Կարծում եմ, սա վարկած է, որ գոյության իրավունք ունի»։

 

դիտվել է 902 անգամ
Լրահոս
Վրե՞ժ եք լուծելու, դե փորձեք․ Քրիստինե Վարդանյանը՝ Ռուբեն Ռուբինյանին (video) Ինչպես Բագրատ Միկոյանը «տեղը դրեց» ՔՊ-ական Տարոն Չախոյանին (video) Վարչապետի աղջիկների մանիկյուրը` բյուջեի հաշվին. «Հրապարակ» Իրանը հայտարարել է, որ ԱԷՄԳ-ն չի կարող առանց արձանագրության պահանջել օբյեկտների ստուգումներ Քոչարյանների գործով Հարություն Փամբուկյանի աղջկան էլ են փորձել կալանավորել. «Հրապարակ» Նայե՛ք այս թղթին․․․ ու չփորձվե՛ք այլ բան պնդել․ Արթուր Խաչատրյանն ԱԺ ամբիոնից փաստաթուղթ ներկայացրեց (video) Հայաստանի վարչապետը իշխանության մնալու համար շարունակաբար տարածքային զիջումների է գնում․ Ավետիսյան ՀՀ կառավարությունը վաղ թե ուշ տիրանալու է Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներին. փաստաբան Ղազարյանը լռեցրեց Ռուբինյանին․ «Ձեզ ոչ ոք Էդո չի՛ ասում․ես ձեզանից լավ գիտեմ ձեր գործունեությունը» (video) «Արամ Վարդևանյանը փակագծեր բացեց Ռոբերտ Քոչարյանի գործից․․․ պայթելու է» (video) Թուրքիայի ներկայությունը Սիրիայում սպառնալիք է Իսրայելի անվտանգությանը Սեյրան Օհանյանը խոսեց բանակում սարսափելի մшհերի մասին․ ի՞նչ է տեղի ունենում և ո՞վ է պատասխան տալու (video) Իրանի ԱԳ նախարարը ՄԱԿ-ին է դիմել՝ ԱՄՆ-ի «տնտեսական ահաբեկչության» քաղաքականության կապակցությամբ ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Իզմայիլի նավահանգստում խոցել են ռազմական նշանակության բեռներ տեղափոխած նավեր Ժողովու՛րդ, ես հիմա մի ցավոտ բան կասեմ․ Ագնեսա Խամոյան (video) Իրանի ԶՈւ ԳՇ ներկայացուցիչը BBC-ն, Iran International-ը և Radio Farda-ն ռազմական թիրախներ է անվանել Սպասե՛ք, Փաշինյանը հիստերիայի ֆոնին հրահանգելու է մտնել իրենց տները խուզարկելու․ Գեղամ Մանուկյան (video) ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն այցելել են ուկրաինական հարվածներից վնասված Wildberries-ի օբյեկտներ Իրավապահները շատ արագ պետք է զբաղվեն քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան (video) ՀԱՄԱՍ-ը առաջին անգամ համաձայնել է զենքը և իշխանությունը հանձնել Գազայում Փաշինյանն այնքան է լկտիացել, որ ԱԺ-ում տեսա՞ք՝ ինչ եղավ․․․ խայտառակ դրվագ ասեմ․ Աննա Գրիգորյան (video) Վահե Ղազարյանն աչք է դրել նախարարի աթոռի վրա. «Հրապարակ» Բա ուր մնացին «քաղաքակրթությունը», «բարեկրթությունն» ու «բարեվարքությունը». «Փաստ» Երբ կառավարման ողջ ընթացքը ենթարկվում է միմիայն ցուցանիշների, թվերի «արտադրությանը». «Փաստ» Ինչի՞ սպասել. իրավականության սկզբունքի զրոյացում ու… ոչ միայն. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am