Միջանցքի թեման ո՛չ մեկնաբանելու եմ, ո՛չ քննարկելու եմ, որովհետեւ չի լինելու նման բան

«Հրապարակ» թերթը գրում է. «Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ իր պաշտոնակից Մուստաֆաեւի վերջին հանդիպումը՝ սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով, կայացել է օգոստոսի 30-ին, Մոսկվայում։ Որից հետո պայմանավորվել են, որ հաջորդ հանդիպումն անցկացնեն նոյեմբերին, Բրյուսելում։ Սակայն սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած նոր պատերազմը, ըստ էության, խաթարել է ինչպես այս հանձնաժողովների, այնպես էլ կոմունիկացիաների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբերի շփումները՝ խառնելով պլանները։

Մհեր Գրիգորյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ հանդիպման ժամանակ բովանդակային հարցեր չեն քննարկել՝ քննարկել են կազմակերպչական բնույթի հարցեր՝ իրենց հետագա աշխատանքի եւ հաղորդակցությունների վերաբերյալ։ Եռակողմ հանդիպման մասով եւս այս պահին դեռ որեւէ պայմանավորվածություն չկա։


Ադրբեջանը, ըստ էության, հետ է կանգնել ձեռք բերված պայմանավորվածություններից, սահմանազատում անցկացնելուց եւ հիմա իր ձեւով է սահմանազատում եւ սահմանագծում իրականացնում՝ իր զինվորներին ուժով առաջ է բերում, եւ որտեղ նրանք կանգնեն, դա էլ համարում է իր սահմանը։ Կարո՞ղ ենք այդպես հասկանալ։

Ես հիմա չէի ցանկանա, որ մենք միասին գնահատականներ տանք, մի հատ տեսնենք՝ իրադարձություններն ինչ ընթացք են ստանում, որից հետո նաեւ երեւի պաշտոնական դիրքորոշում կլինի մեր կողմից։

Ամեն դեպքում, այս պահին արձանագրում ենք, որ թշնամին ներխուժել է մեր սուվերեն տարածք, ճի՞շտ է։

Այո, ճիշտ է։

Այդ դեպքում, եթե ոչ ուժով, ապա դիվանագիտական ճանապարհով, ձեր այդ աշխատանքային հանդիպումներով հնարավո՞ր է թշնամուն մեր սուվերեն տարածքից դուրս բերել ելման դիրք։

Ամեն ինչ պետք է անենք, որ դա տեղի ունենա, եւ կարծես թե այդ ուղղությամբ ինտենսիվ աշխատանքներն ակնհայտ են։

Բայց ռուսական կողմի միջնորդություններն այս հարցում, կարծես թե, օգուտ չեն տալիս։ Ձեր գործընկերների հետ շփումներն ի՞նչ են ցույց տալիս, Ռուսաստանը պատրա՞ստ է մեզ օգնել։

Չեմ ուզում նման գնահատական տալ, բայց կարծում եմ, որ ռուսական կողմի, այդ թվում՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ռեակցիան էլ է վկայում այն մասին, որ իրենք էլ են զբաղվում այդ հարցով։

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ՌԴ ներկայացուցչի ելույթին, սակայն, այնքան էլ դրական չէր մեր արձագանքը, կառավարության նիստին էլ ԱԳ նախարարն ակնարկեց, որ երկիր կար, որից ակնկալիքները չեն արդարացել․ արդյոք Ռուսաստանի՞ն նկատի ուներ։

Ես հիմա այդ հարցը չեմ ուզում մեկնաբանել, որովհետեւ կարծում եմ՝ դեռեւս վաղ է պաշտոնապես դրա մասին խոսելը։ Պրոցեսներ են ընթանում, տեսնենք՝ ինչով կավարտվեն, ըստ այդմ՝ գնահատականներ կտանք հա՛մ մենք, հա՛մ Դուք։

Այս պատերազմական գործողությունները խաթարե՞լ են հետագա աշխատանքային շփումների պլանները։

Այս պահին դեռեւս խաղաղության օրակարգը փակ չէ, եւ ես նման գնահատական չէի տա, տեսնենք՝ ոնց կզարգանան իրադարձությունները։ Ամեն դեպքում, իհարկե, մեր ցանկությունն ու նպատակն է՝ բոլոր խնդիրները լուծել քաղաքակիրթ, դիվանագիտական եւ քաղաքական երկխոսության միջոցով։

Իսկ որեւէ փաստաթուղթ պատրաստվո՞ւմ է ստորագրել Փաշինյանը, որի մասին ակնարկեց Ազգային ժողովում։

Ոչ։

Այդ դեպքում ի՞նչ էր նշանակում նրա ելույթը, ինչո՞ւ ասաց, որ կարող է ստորագրել փաստաթուղթ, որի համար իրեն «դավաճան» կանվանեն, կքննադատեն։

Ես կարծում եմ՝ իր ելույթն ավելի քան պարզ էր ու մանրամասն եւ մեկնաբանելու կարիք չունի։

Ցավոք սրտի, պարզ չէ, նրա ամեն ելույթից հետո նոր հարցեր են առաջանում, եւ այդ ելույթները միշտ ինչ-որ տարակարծությունների առիթ են տալիս, դրա համար է մեզ մոտ հարց առաջացել՝ ի՞նչ էր պատրաստվում ստորագրել։

Ես կարծում եմ՝ այն թեզերը, որոնք հիմա շրջանառվում են, մտացածին են։

Ադրբեջանը պարտադրո՞ւմ է մեզ նման փաստաթուղթ ստորագրել։

Ես հարցը լավ չեմ հասկանում, անկեղծ ասած, թե ինչ նկատի ունեք։ Իսկապես, այդ հարցին շատ դժվար է պատասխանելը։

Ես նկատի ունեմ՝ ադրբեջանցիների հետ որ շփվում եք, պաշտոնական մակարդակով իրենք մեզ ի՞նչ են ասում, պարտադրո՞ւմ են ստորագրել «խաղաղության պայմանագիր» կոչվող փաստաթուղթ եւ ի՞նչ պայմաններով են ուզում ստորագրել այն։

Վստահեցնում եմ, որ պաշտոնական շփումներում եւ, ընդհանրապես, շփումներից հետո ամբողջ տեղեկատվությունը հրապարակվում է, եւ որեւէ այլ հարց կամ որեւէ այլ դրույթ չի քննարկվում, որովհետեւ դա ուղղակի անհնարին է։ Պայմանավորվածությունները, որոնք պետք է ձեռք բերվեն կամ ձեռք չեն բերվի, չեն կարող քննարկվել ոչ հրապարակային տիրույթում։ Դա պրիմիտիվ վերաբերմունք է հարցերին, երբ որ պնդում են, որ կան պայմանավորվածություններ եւ կան հարցեր, որոնք քննարկում են կոնֆիդենցիալ։ Ինչպե՞ս է հնարավոր ապաշրջափակումը կամ սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերի շուրջ պայմանավորվածությունները ձեռք բերել կոնֆիդենցիալ։ Դա անհնար է ուղղակի։

Բայց հրապարակային ինֆորմացիայից էլ շատ բան պարզ չէ, մենք չենք հասկանում՝ թշնամին ինչ է ուզում, մենք ինչ ենք ուզում։

Հրապարակային շատ բան եթե պարզ չէ, դա նշանակում է, որ բանակցությունների կամ շփումների ընթացքում ավելի խորը պայմանավորվածություններ կամ ավելի դետալիզացված պայմանավորվածություններ գոյություն չունեն, այդքան մի բան։

Մի հարց էլ՝ միջանցքի մասով․ Ձեր կողմից կա՞ հստակ ընկալում առ այն, որ Ադրբեջանը մեզնից պահանջում է միջանցք՝ կլինի դա Սյունիքով, Վայոց Ձորով կամ որեւէ այլ հատվածով։

Ես խնդրում եմ, էլի, կատեգորիկ խնդրում եմ, որովհետեւ բազմիցս դրա մասին խոսել եմ՝ ես հրաժարվում եմ, ընդհանրապես, միջանցքի թեմա քննարկել՝ ընդհանրապես։ Չի լինելու նման բան, եւ չեմ քննարկելու այլեւս։

Ես ոչ թե Ձեզ եմ խնդրում՝ քննարկեք, այլ Ադրբեջանը դա պահանջում է, ու մենք տեսնում ենք դա հրապարակային։

Ինձ համար դա նշանակություն չունի, միջանցք չի լինելու, եւ վերջ։

Իսկ եթե Ադրբեջանն ուժով է հիմա վերցնո՞ւմ, որովհետեւ, ինչպես հասկանում ենք, վերջին մի քանի օրվա կռիվը միջանցքի համար է։

Ինչի՞ց ելնելով եք դա պնդում։

Այդ դեպքում ի՞նչ է։ Եթե միջանցք չի ուզում, ինչո՞ւ է այդ ուղղություններով հարձակվել։ Եթե միջանցք չի ուզում, ի՞նչ է ուզում մեզնից Ադրբեջանը, ինչի՞ համար է նորից սկսել այս պատերազմը։

Ես կարծում եմ՝ խնդիրները բարդ են, համապարփակ, եւ դրանով կամփոփեմ իմ պատասխանը։

Պարզապես երեւի մենք չենք ուզում առերեսվել իրականությանը․ թշնամին միջանցք է ուզում, որը մենք չենք տալիս։

Եվ ի՞նչ։

Ուզում եմ հասկանալ՝ լուծումն ինչպե՞ս ենք պատկերացնում, հատկապես որ ՄԱԿ-ում մեր ներկայացուցիչն էլ հայտարարեց, որ Ադրբեջանը նորից պատերազմի է պատրաստվում՝ արդեն Երասխի ու Նախիջեւանի ուղղությամբ։ Դուք ունե՞ք նման ինֆորմացիա։

Ես նման ինֆորմացիա չունեմ։

Ամեն դեպքում մենք, թեկուզ կյանքի գնով, բայց պահելու ենք այն ճանապարհը, որն իրենց համար կարող է միջանցք դառնալ։ Ճի՞շտ եմ հասկանում։

- Ես կրկնում եմ եւս մեկ անգամ՝ ես միջանցքի թեմա ընդհանրապես ո՛չ մեկնաբանելու եմ, ո՛չ քննարկելու եմ, որովհետեւ չի լինելու նման բան։ Եվ ես դրա մասին ասել եմ երեւի թե աշխատանքային խմբի ստեղծման առաջին իսկ օրվանից։ Դրա մասին բազմիցս ասել է նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետը եւ պաշտոնական Երեւանը։ Եվ ես չեմ կարողանում հասկանալ՝ ինչո՞ւ եք Դուք այդ թեման հետ բերում եւ սարքում քննարկման առարկա։ Իրո՛ք չեմ կարողանում հասկանալ։

- Որովհետեւ թշնամին միջանցք է մեզնից պահանջում։

Շատ լավ, եթե Դուք ասում եք՝ թշնամին պահանջում է, հնարավոր է՝ ամեն ինչ էլ պահանջի, եւ ի՞նչ, մենք պետք է շրջանառության մեջ դնենք էդ պահանջը եւ քննարկե՞նք։ Հրաժարվում եմ ես էդ մոտեցումից, չի՛ լինելու նման բան։

- Իսկ ճանապա՞րհ՝ որոշակի անցակետերով։

Մենք ճանապարհ տալուց․․․ Մենք տնտեսական եւ կոմունիկացիոն ապաբլոկավորմանը դեմ չենք եւ կշարունակենք քննարկել էդ հարցերը, բայց դա որեւէ աղերս ու կապ չի կարող ունենալ եւ չունի որեւէ էքստերիտորիալ կամ սուվերենության վրա որեւէ ազդեցություն ունեցող հանգամանքի հետ։ Չի կարող ուղղակի»:Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 428 անգամ
Լրահոս
Քեզ, որ ասեն «դանակ քաշող Սուրո՛», լա՞վ է․ Անժելա Թովմասյան (video) #ՈՒՂԻՂ․ Ինչու՞ է Նիկոլը վախեցած Վեհափառից և ի՞նչ է լինելու փետրվարի 16-ին․ Նաիրա Զոհրաբյան (video) Այն հասարակությունը, որտեղ երիտասարդությունը ապագայի մեջ տեսնում է խոստում, այլ ոչ թե սպառնալիք, ապրում է հույսով ու լավատեսությամբ. Հայր Ռուբեն Վագիֆ Խաչատրյանը հիվանդանոցից դուրս է գրվել Էկեք մի քիչ մաթեմ անենք Փաշինյանն ո՞վ ա, ես տենց *** չեմ ճանաչում․ Տավուշի բնակիչ (video) «Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմին Մենք ամեն զենք էլ ունեիք, եթե չծախեին, չդավաճանեին․ Հարցում (video) Օդային ճանապարհով քաղաքացին ՀՀ է ներմուծել 845 գրամ «կոկաին» Բանգլադեշցիները փորձել են Հայաստանից ապօրինի Իրան մտնել Հայ եկեղեցին նշում է Ս. Ատոմյանց հիշատակության օրը Աղոթում եմ, որ Տերը զորացնի Մկրտիչ Սրբազան Հորը, ով ժամանակավոր անազատության մեջ է, բայց անսասան է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու մեջ Բա իրանց պարգևատրումները որտեղի՞ց ստանան, եթե թոշակառուին տան․ Տավուշի բնակիչ (video) Բախվել են «Nissan»-ն ու «Mitsubishi»-ն. ավտոմեքենաները հայտնվել են ձորակում մեկը մյուսի վրա Աղերսում եմ կարգալույծ անել Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոսին․ Սամվել դպիր Փաշինյանն իրա զոմբիների համար ա սրտիկ ուղարկում․ Հարցում (video) Մասյացոտնի թեմում Հայր Ռուբենի գլխավորությամբ երգում են հոգևորականներն ու աշխարհիկ անդամները (video) Վթարային ջրանջատում՝ Րաֆֆու փողոցում «Հայհոյելով, սպառնալով ասում էին՝ եթե չգնաք, թեմաներ կլինեն»․ մանրամասներ՝ Փաշինյանի «պատարագներից» #ՈՒՂԻՂ․ Ինչու՞ է Նիկոլը «հոգեվարքի» մեջ․ նա գիտի՝ վտանգը որտեղից է գալու․ Հայկ Նահապետյան (video) Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 44-ամյա տղամարդ Վստահաբար նախընտրական փուլի համար իշխանությունն ունի պատրաստած ներքին պառակտման նոր սցենարներ Ասենք նրանից, թե ինչի վրա է զայրանում կամ ուրախանում ժողովուրդը, կարողանու՞մ են արդյոք «կտեր» տալ Ես երբեք չեմ եղել Էփշտեյնի կղզում․ Թրամփ
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am