Պուտինը` Հայաստանի հետ «պատմական կապերի» ու «պաշտպանունակության ամրապնդման» մասին

Մոսկվան «առանցքային դաշնակցի դիրքից» կշարունակի օգնել Երևանին՝ պաշտպանունակության ամրապնդման, սահմանների անվտանգության, հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործում

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Զրուցակիցները շնորհավորել են միմյանց Հայաստանի և Ռուսաստանի միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի 25-ամյա հոբելյանի առիթով, որը լրանում է այսօր: Կողմերը համոզմունք են հայտնել, որ այսուհետ ևս հայ-ռուսական դաշնակցային փոխշահավետ հարաբերությունները տարբեր ոլորտներում կշարունակեն արդյունավետ կերպով զարգանալ ու ամրապնդվել:

Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը մտքեր են փոխանակել հայ-ռուսական օրակարգային մի շարք հարցերի շուրջ», ասվում է կառավարության տարածած մամլո հաղորդագրությունում:

Նաև նշվել է, որ անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին. «Մասնավորապես, ընդգծվել է 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությունը»:

Ավելի վաղ, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնելով կայանալիք հեռախոսազրույցի մասին՝ նշել էր. «Այսօր Ռուսաստանի և Հայաստանի համար շատ կարևոր օր է։ 25 տարի առաջ մեր երկու երկրների միջև ստորագրվեց բարեկամության պայմանագիրը»: Պեսկովը նշել է, որ կողմերն ընդգծում են այդ փաստաթղթի կարևորությունը երկկողմ հարաբերությունների համար, և որ հեռախոսազրույցը լավ հնարավորություն է՝ քննարկելու նաև ընթացիկ խնդիրները։

Ռուսական խաղաղապահ կոնտինգենտը Լեռնայի Ղարաբաղում մնում է խաղաղության ապահովման առանցքայի գործոնը, հաղորդում է Ռուսաստանի արտգործնախարարությունը՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև Բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրի կնքման 25-ամյակի ուղերձում։

Ռուսաստանի ԱԳՆ-ն նշում է, որ Մոսկվան «առանցքային դաշնակցի դիրքից» կշարունակի օգնել Երևանին՝ պաշտպանունակության ամրապնդման, սահմանների անվտանգության, հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործում։ «Մենք համոզված ենք, որ տարածաշրջանում կայունության ճանապարհն անցնում է 2020թ. նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021թ. նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների խստիվ պահպանմամբ», - ասված է հայտարարությունում։

Գերատեսչությունը շեշտել է՝ «անցած ժամանակաշրջանը համոզիչ կերպով ցույց տվեց, որ Մոսկվայի և Երևանի միջև պատմական կապերի հետագա ամրապնդումն ամբողջությամբ համապատասխանում է մեր ժողովուրդների կենսական շահերին, ծառայում է երկու երկրների սոցիալ-տնտեսական զարգացման նպատակներին, կայունության ամրապնդմանը Հարավային Կովկասում»։ Մոսկվան հայտնում է, թե անկեղծորեն գնահատում է բարեկամությունը եղբայրական Հայաստանի հետ և վճռական է տրամադրված ռուս-հայկական դաշնակցային հարաբերություններն ամրացնելու՝ երկու երկրների բարգավաճման համար։

Հայաստանի և Ռուսաստանի միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի կնքման 25-ամյակի առթիվ ուղերձ է տարածել նաև Հայաստանի արտգործնախարարությունը՝ մեծապես արժևորելով «եղբայրական Ռուսաստանի հետ բարեկամությունը», վճռականություն հայտնելով՝ էլ ավելի ամրապնդելու հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների բարգավաճման։ Երևանն իր երախտագիտությունն է հայտնել «ռուս խաղաղապահների այն առանձնահատուկ դերակատարության համար, որը կոչված է համապատասխան պայմաններ ապահովելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի խաղաղ և արժանապատիվ կյանքի վերականգնման համար»։

Շեշտելով, որ Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում բարձր են գնահատում ռուսաստանյան կողմի գործուն քայլերը՝ ուղղված Հարավային Կովկասի տարածաշրջանում համապարփակ խաղաղության, վստահության մթնոլորտի և բարգավաճման հաստատմանը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը ևս շեշտել է․ - «Համոզված ենք, որ տարածաշրջանում կայունության հաստատման ճանապարհը 2020թ․ նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների հստակ իրականացումն է»։

Հիշեցնենք, որ ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում են 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում: Համաձայնագրով՝ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որը ևս հինգ տարով կարող է երկարաձգվել, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտին չպահանջի, որ առաքելությունը դուրս բերվի Ղարաբաղից։ Բաքուն, սակայն, պարբերաբար հայտարարում է, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, իսկ ռուս խաղաղապահներն այնտեղ տեղակայվել են ժամանակավոր։

Օգոստոսի սկզբին Արցախում իրավիճակը սրվեց, բախումներ արձանագրվեցին Պաշտպանության բանակի և Ադրբեջանի զինված ուժերի միջև, երկու կողմերից եղան զոհեր և տուժածներ: Ռուս խաղաղապահների մասնակցությամբ բանակցությունների արդյունքում օրեր անց իրավիճակը համեմատաբար կայունացավ:

Կառավարության նիստերից մեկի ժամանակ Փաշինյանը խիստ քննադատություն հնչեցրեց ռուսական խաղաղապահ առաքելության հասցեին՝ ուղիղ հայտարարելով՝ Հայաստանն ակնկալում է զսպել Ադրբեջանին։

Հիշեցնելով ադրբեջանցիների կողմից Խծաբերդի ու Հին Թաղերի, Փառուխի գրավումները՝ նա շեշտեց՝ իրադարձությունները զարգացել են ռուս խաղաղապահների ներկայությամբ ու նրանց թողտվությամբ, շփման գծի երկայնքով հրադադարի խախտումները, Ղարաբաղի հայությանը խաղաղապահների ներկայությամբ ֆիզիկապես և հոգեբանորեն ահաբեկելու դեպքերը, որոնք անընդունելի էր համարել։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1580 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am