Պուտինի` Հայաստան գալու ոդիսականը

Երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է ԼՂ իրադրությունը: «Ընդգծվել է խիստ անհրաժեշտությունը՝ կյանքի կոչելու եռակողմ համաձայնության բոլոր դրույթները»:

Կյանքի կոչելու եռակողմ համաձայնության բոլոր դրույթները՝ նշանակում է կատարել Ալիևի պահանջները: Որովհետև պաշտոնական Երևանն արդեն հստակ հայտարարել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի բոլոր պահանջները կատարել է: Հետևաբար՝ հարց, ինչ է ուզում այսօր Ալիևը՝ Արցախի ապառազմականացում, Լաչին:

Դա՞ են նաև ռուսները համարում եռակողմ փաստաթղթերի «բոլոր պահանջների կատարումը», թե՞ նկատել են, որ Ադրբեջանը ոչ միայն չի կատարել իր պարտավորությունները, այլև մի քանիսն էլ խախտել է՝ հայ ռազմագերիներին չի վերադարձնում, ՀՀ տարածք է ներխուժել, իսկ Արցախում մի շարք տարածքներում առաջխաղացում է ունեցել:

Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի պնդումները՝ Ղարաբաղում խաղաղապահների գործունեության վերաբերյալ: Նա հայտարարել է, որ այն հարցերը, որոնք կան Հայաստանում՝ կապված Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի գործողությունների հետ՝ կարող են պարզաբանվել երկխոսության միջոցով:

Դմիտրի Պեսկովն ասել է. «Կան եռակողմ փաստաթղթեր, որոնք հիմնական ելակետն են: Գլխավորն այն է, որ բոլոր այն պարտավորությունները, որոնք կողմերը ստանձնել են այս փաստաթղթերի շրջանակում՝ կատարվեն: Եթե հարցեր կան, ապա, իհարկե, դրանց պետք է պատասխանել: Միաժամանակ, սերտ շփումները, որոնք մենք տարբեր մակարդակներում ունենք հայկական կողմի հետ, թույլ կտան պարզաբանել եղած հարցերը»։

Ի դեպ, Պեսկովը նաև ասել է, թե Պուտինը դեռևս չի նախատեսում այցելել Հայաստան... ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օրակարգում Հայաստան այցելություն առայժմ չկա։ «Իհարկե, հրավեր կա։ Սակայն ոչ, հիմա հստակ ժամկետներ չկան»,- ասել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի խոսնակը։

Իսկ ե՞րբ կգա Պուտինը Հայաստան... Ըստ ամենայնի, երբ ավարտվի Հայաստան-Ադրբեջան այն խնդիրների շարքը, որով նա կարող է հպարտանալ նաև հայ հասարակության առջև: Իսկ մոտ ապագայում՝ դա դժվար թե լինի:

Երեկ վերջապես ՌԴ ԱԳՆ-ն էլ արձագանքեց Արցախում լարված իրավիճակին: ՌԴ արտաքին գործերի նախարարությունը խիստ մտահոգված է Լաչինի միջանցքի շուրջ և շփման գծի այլ հատվածներում իրադրության էսկալացիայի առնչությամբ, ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունում: «Ռուս խաղաղապահները գործադրում են բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ տեղում կայունացնելու իրադրությունը: Բոլոր խողովակներով ու բոլոր մակարդակներով՝ ներառյալ և երկրի բարձրագույն ղեկավարությունը, տարվում է ակտիվ աշխատանք երկու կողմերի հետ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Լավրովը սերտ շփման մեջ է ադրբեջանցի ու հայ գործընկերների հետ: Կոչ ենք անում կողմերին ցուցաբերել զսպվածություն, հետևել կրակի դադարեցման ռեժիմին:

Առկա հակասությունների կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով՝ հաշվի առնելով կողմերի դիրքորոշումներն ու խստորեն պահպանելով 2020թ. նոյեմբերի 9-ի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հայտարարության դրույթները: Համոզված ենք, որ կողմերի ջանքերը պետք է կենտրոնացված լինեն Բաքվի և Երևանի միջև հարաբերություններում դրական օրակարգ ձևավորելու վրա՝ առկա եռակողմ բանակցային ձևաչափերի շրջանակներում», - ասվում է հայտարարության մեջ։ ՌԴ ԱԳՆ-ն ցավակցություններն է հայտնել Լեռնային Ղարաբաղում իրադրության սրման հետևանքով զոհերի բարեկամներին ու հարազատներին:

Ռուսաստանի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը՝ ՀԱՊԿ-ն, որին անդամակցում է նաև Հայաստանը, միայն երեկ հայտարարություն տարածեց` կողմերին կոչ անելով զերծ մնալ ուժի կիրառումից և տարաձայնությունները հաղթահարել բացառապես դիվանագիտական մեթոդներով։
Երեկ նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթընի Բլինքենն է հեռախոսազրույց ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Ի թիվս տարբեր հարցերի՝ զրուցակիցներն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։ Բլինքենը նշել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է ներգրավվել երկկողմանի գործընթացում՝ նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ նպաստելու Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությանը և օգնելու հասնել հակամարտության երկարատև քաղաքական կարգավորմանը։ Բլինքենը և Չավուշօղլուն քննարկել են ՆԱՏՕ-ի ներդաշնակ ու միասնական գործունեության հնարավորությունները Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի և էսկալացիայի սպառնալիքի համատեքստում։
Հետաքրքրական է, որ Բլինքենը հիշատակել է ԵԱՀԿ ՄԽ-ի մասին՝ Թուրքիայի ԱԳ նախարարի հետ խոսակցության ընթացքում, այն դեպքում, երբ ինչպես Բաքուն, այնպես էլ Անկարան, ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեությունն ավարտված են համարում:

Եվրոպական միությունն էլ իր հերթին Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել մարտական գործողություններն այն բանից հետո, երբ տեղի ունեցած մի քանի միջադեպերի հետևանքով կողմերը կորուստներ են կրել: Euronews հեռուստակայանի փոխանցմամբ, Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը խնդիրն ակտիվորեն քննարկում է երկու երկրների ղեկավարների հետ:

Նա արդեն զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և առաջիկայում խոսելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: «Նրա թիմը և Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը վերջին օրերին սերտորեն շփվում են երկու երկրների լիդերների հետ և հորդորում են անհապաղ մեղմել կացությունը և առաջընթացի հասնել սեղանին դրված բոլոր օրակարգային հարցերում»,- ասել է Եվրոպական խորհրդի անանուն ներկայացուցիչը:

Նշենք, որ երեկ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն է ընդունել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին։ Փակ հանդիպման ժամանակ, ըստ պաշտոնական հաղորդագրության, Միրզոյանն ընդգծել է, որ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու` հայկական կողմի օրակարգին աջակցելու համար անհրաժեշտ է միջազգային հանրության համակարգված և միահամուռ օժանդակությունը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3744 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am