Գործարքի տերերը. «Տեխնիկական աջակցություն»՝ հայ-ադրբեջանական տրանսպորտային ապաշրջափակմանը

Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցներ ունեցավ Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հետ ու նշեց, թե տարածաշրջանում խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա, և Վաշինգտոնի օժանդակությունը հայտնեց հայ-ադրբեջանական հաղորդակցական ուղիների վերաբացման գործում, ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանն էլ շարունակել է զարգացնել թեման...

ԱՄՆ-ը Հայաստանի և Ադրբեջանի հետ քննարկում է տարածաշրջանի ապաշրջափակման հարցում տեխնիկական աջակցություն տրամադրելու հնարավորությունը, «Ազատությանը» տված հարցազրույցում նշել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին:

ԱՄՆ-ի ընկալումն է, որ «պատմական հնարավորություն ունենք առաջընթաց գրանցելու՝ տարածաշրջանում շատ երկարատև հակամարտության կայուն և համապարփակ խաղաղ կարգավորմանը հասնելու ուղղությամբ», նույն գնահատականներն է տվել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը։ Ապա, հավելել է, թե՝ «դա չի նշանակում, որ հեշտ է լինելու»։ Դժվար է լինելու, բայց Վաշինգտոնը՝ «միևնույն ժամանակ այլընտրանք չի տեսնում, քան հետամուտ լինել և աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի ջանքերին՝ ուղիղ բանակցելու և փորձելու հասնել հակամարտության խաղաղ կարգավորմանը»:

Դեսպանն ուղղակի ասել է. «Եվ մենք պատրաստվում ենք կենտրոնացած մնալ դրա վրա: Դիվանագիտական մեծ ներգրավվածություն կա, և ոչ միայն Միացյալ Նահանգներից: Եվրոպական միության մեր գործընկերները ևս ներգրավված են, ինչպես նաև ուրիշներ։ Եվ ես կարծում եմ, որ դա շատ օգտակար է այս թափը պահպանելու համար, և հասկանալու, որ դրանք բարդ հարցեր են, և լուծումները հեշտ չեն լինի։ Բայց մենք պետք է համառենք»:

Փաշինյանի հետ զրույցում ԱՄՆ պետքարտուղարն առաջարկել է ԱՄՆ-ի աջակցությունը տարածաշրջանում տրանսպորտային և հաղորդակցական կապերի դյուրացման գործում։ Լրագրողի հարցին՝ կմանրամասնե՞ք՝ ինչ օգնություն է առաջարկում Վաշինգտոնը, դեսպան Լին Թրեյսին մանրամասնել է. «Այն, ինչ մենք քննարկում ենք Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ, որոշակի տեխնիկական աջակցությունն է, որոշ տեխնիկական գնահատականներ, որոնք կնպաստեն տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը: Մենք շատ ենք կարևորում այդ նպատակը։ Նշեմ, որ մյուս թեման, որին անդրադարձել է պետքարտուղարը, վերաբերում էր Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը։ Այդ ուղղությունը ևս մենք շատ կարևոր ենք համարում: Մենք ողջունում ենք այն քայլերը, որոնք մինչ այժմ արել են Հայաստանն ու Թուրքիան, և երկու կողմերին էլ կոչ ենք անում առաջընթաց գրանցել: Որովհետև մենք տեսնում ենք, որ այս հարցերից շատերը, ի վերջո, փոխկապակցված են և, երբ տեսնում ենք դրական քայլեր մեկ ուղղությամբ, դա կարող է ամրապնդել թափը՝ հասնելու տարածաշրջանում առավել լայն խաղաղության»:

Գալով հայ-թուրքական հարաբերություններին և լրագրողի դիտարկմանը, որ երկու կողմերն էլ պայմանավորվել են առաջ գնալ առանց նախապայմանների, սակայն Անկարան շարունակում է գործընթացը կապել հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ։ Այս առիթով Լին Թրեյսին ասել է. «Կարծում եմ, որ մենք պետք է շարունակենք փորձարկել առաջարկներն ու ներգրավվածությունները, փորձենք ոլորտները, որոնք առանձնացվել են Հայաստանի և Թուրքիայի կողմից։ Մենք նաև տեսել ենք լավ բանակցություններ հատուկ բանագնացների մակարդակով, որոնց արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել որոշ սահմանային կետերի բացման վերաբերյալ: Մենք տեսել ենք որոշակի պայմանավորվածություն ուղիղ բեռնափոխադրումների վերաբերյալ: Մանրամասները պետք է մշակվեն, և կարծում եմ, որ այստեղ է, որ մենք կշարունակենք խրախուսել և՛ Հայաստանին, և՛ Թուրքիային առաջընթաց գրանցել և տեսնել, որ առաջընթացն այստեղ, ի վերջո, կարող է իր դրական ներդրումն ունենալ հայ-ադրբեջանական քննարկումներում»:

Ինչպես նկատում ենք՝ բացարձակ անորոշ ու լղոզված պատասխան և որևէ գնահատական չի հնչում Անկարայի կողմից շարունակաբար Հայաստանին նախապայմաններ հնչեցնելու բացահայտ քաղաքականությանը: Ընդ որում, վերջին թարմ նախապայմանը նախօրեին ներկայացրել է Թուրքիայի նախագահն՝ ասելով, թե Հայաստանը պետք է խոսքից՝ գործի անցնի, որպեսզը Անկարան բացի հայ-թուրքական սահմանը:

Այսինքն, էլ ուրիշ ի՞նչ ձև կարող է լինել նախապայմանը, եթե ոչ այսպիսին:
Ի դեպ, պաշտոնական Անկարայից հնչող այս հայտարարությունների ֆոնին նախօրեին հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գծով Անկարայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն այցելել է Կարս՝ հայ-թուրքական սահման։

Հայ-թուրքական սահման թուրք պաշտոնյայի այցը ցույց է տալիս, որ պայմանավորվածություններն արդեն գործնական փուլ են մտնում, ասում է Հայաստանի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը: Նա երեկ, սակայն, չհայտնեց, թե հայկական կողմը գործնականում ինչ քայլեր է ձեռնարկում սահմանը բացելու համար։ «Հայելային տրամաբանությամբ նույն հարցերը և պրակտիկ խնդիրները ենթադրվում է, որ առկա կլինեն թե՛ հայկական, թե՛ Թուրքիայի կողմից սահմանամերձ տարածքներում։ Եվ հաշվի առնելով, որ խոսքը, որ պայմանավորվածությունները ենթադրում են, այդ թվում նաև լոգիստիկ բնույթի խնդիրների լուծում, այո, բնականաբար, Հայաստանի կողմից ևս նմանատիպ գործընթացներ պետք է տեղի ունենան, և կարծում եմ` սա ողջունելի է և ցույց է տալիս, որ պայմանավորվածությունները արդեն գործնական փուլ են անցնում, և սա լավ նորություն է», - հայտարարեց Աղաջանյանը: Վերջինս նաև անդրադարձել Թուրքիայի նախագահի հայտարարությանը, թե Փաշինյանը տարածաշրջանային խաղաղության և գործակցության առումով կիսում է Անկարայի տեսակետները։ Լրագրողները հետաքրքրվել էին՝ արդյոք դա նշանակում է, որ Երևանը դեմ չէ «Զանգեզուրի միջանցքի» բացմանը. «Չի կարող առկա լինել մտածելու, ենթադրելու, պնդելու, թե հայկական կողմը երբևէ որևէ պարագայում կարող է նույնիսկ քննարկման առարկա դիտարկել որպես «Զանգեզուրի միջանցքը»:

Թուրքիայի խորհրդարանի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Կարո Փայլանն, ըստ «Ազատության», անդրադառնալով Անկարայի հատուկ ներկայացուցչի հայ-թուրքական սահման այցին, ասում է՝ դա ցույց է տալիս, որ թուրքական կողմը պատրաստվում է սահմանը բացել։ Թուրքիայի մեջլիսի ընդդիմադիր պատգամավորը նույն կամքը նաև հայկական կողմում է տեսնում։

«Կարծում եմ՝ Անկարայում անկեղծ ցանկություն կա Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար։ Ավելին, պարոն Փաշինյանի կառավարությունը ևս կամք ունի կարգավորելու այդ հարաբերությունները։ Այսպիսով, եթե կա կամք, ուրեմն նաև ճանապարհ կա, մենք պետք է դիտարկենք այդ ճանապարհները։ Իհարկե, Ադրբեջանը դերակատարում ունի այս գործընթացում», - ասաց նա։

Անկարայից հնչող հայտարարությունները հաշվի առնելով` Փայլանն ասում է՝ կարգավորման գործընթացն առանց խոչընդոտների չի լինի, հատկապես, որ Թուրքիան այն կապում է հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ։ Համոզված է՝ Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորումը միաժամանակ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի հետ է ընթանալու. «Այստեղ, այս գործընթացում միշտ էլ խոչընդոտներ կլինեն, որովհետև երեք երկրները ինչ-որ կերպ ազգայնական երկրներ են և կանխակալ վերաբերմունք ունեն իրար նկատմամբ», - հավելեց պատգամավորը:
Չնայած առկա խոչընդոտներին` Փայլանը կարծում է, որ կողմերը մոտակա ամիսներին կնորոգեն ու կվերականգնեն ճանապարհները, կամուրջներն, ու սահմանը կբացվի այլ երկրների քաղաքացիների համար։

Հայաստանի և Թուրքիայի բանագնացները վերջին հանդիպման ընթացքում՝ այս ամսվա սկզբին, պայմանավորվել էին բացել ցամաքային սահմանը այլ երկրների քաղաքացիների համար, ինչպես նաև հնարավորություն տալ երկու երկրների միջև իրականացնելու ուղիղ օդային բեռնափոխադրումներ։ Թուրքիայի և Հայաստանի առաջնորդներն էլ հեռախոսազրույցի ընթացքում հույս էին հայտնել, որ այդ պայմանավորվածությունները շուտ կյանքի կկոչվեն: Բայց ոչ Երևանը, ոչ էլ Անկարան հստակ ժամկետներ չեն նշում։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1189 անգամ
Լրահոս
Գժի տե՞ղ եք դնում մարդկանց. Լևոն Քոչարյանը ձայնագրություն միացրեց Փաշինյանից (video) Էս ի՞նչ պահվածք է․ Մեսրոպ Մանուկյանի կոպիտ խոսքն՝ ուղղված ՔՊ-ականներին (video) Դուք մեզնից սկի մի գրիչ չէիք կարա խլել, եթե․․․ Ղազինյանը բանավեճի է կանչում Ռոմանոս Պետրոսյանին (video) Ռուբինյանի «զրոյական կետի» զրոյական արժեքը․ Տիգրան Դումիկյան «Ռուբեն Ռուբինյա՛ն, իմ ընկերներին սպ*նածների, հայրենիք ծախողների հետ ոնց ուզենք, կխոսենք»․ Իշխանյան (video) Հենց այստեղով է, որ անցնում է հայկական իրական էլիտա ձևավորելու վճռորոշ սահմանը. Հակոբ Բադալյան Ադանայում 30 000 հայ է կոտորվել, մենք հիշողություն ունենք, ոչ թե ձեզ նման․․․ Տիգրան Աբրահամյան (video) Ավետիք Չալաբյանի վերաբերյալ գործով նախաքննության ավարտ է հայտարարվել Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ հանգուցյալ Հայկ Հարությունյանի վերաբերյալ նյութերը հանձնվել է դատարան Մեկ ամսում երկրորդ անգամ Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել Կատարի տանկերը Չելսին հայտարարեց Լիվերպուլի նախկին ավագի տեղափոխության մասին Սեուտայի ճգնաժամից հետո ԵՄ-ում առաջարկում են ուժեղացնել սահմանային վերահսկողությունը Հակաեկեղեցական թեզերին՝ հոգևոր անդրադարձ․ Սամվել դպիր Գրիգորյան Բնական հրդեհներից և ծայրահեղ շոգից ամենաշատ տուժած հինգ երկրները Հունիսի 7-ի գիշերը ձեր ասուլիսի դրվագը հավերժ է հիշվելու, լա՛վ իմացեք․ ընդդիմադիր պատգամավոր (video) Կին պատգամավորի դեմ հետաքննություն է սկսվել Լեհաստանը կործանիչներ է օդ բարձրացրել Բալթիկ ծովում ռուսական «Իլ-20»-ի թռիչքից հետո Հրդեհ Արմավիր քաղաքում Անկարան և Լոնդոնը քննարկել են Ուկրաինայի պատերազմն ու Մերձավոր Արևելքի իրավիճակը Փրկարարները բեռնատարը դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված Վեհափառի դատավարությունը խախտում է եկեղեցու ինքնավարությունը Նախ՝ իշխանությունն ինքն իրենից պիտի սկսի. «Փաստ» Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեությունում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նոր ղեկավարն ու քարտուղարը Արարատի մարզում բախվել են «Nissan X-Trail»-ը, «Kia»-ն և 2 «Opel»-ները. կա 1 զոհ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ) Հուլիսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am