Շանտաժա-խաղաղասիրական մեսիջներ Էրդողանից՝ Փաշինյանին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեկ երեկոյան հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ` քննարկելով երկու հարևան երկրների հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր:

Հայաստանի վարչապետն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններին, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, գերիների վերադարձին, անհետ կորածների ճակատագրի պարզաբանմանն առնչվող հարցեր, հաղորդում է կառավարությունը: ԱՄՆ պետքարտուղարը Միացյալ Նահանգների պատրաստակամությունն է հայտնել` աջակցելու այս հարցերի լուծումներին` որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող: Նիկոլ Փաշինյանը, իր հերթին, վերահաստատել է խաղաղության օրակարգին գնալու պատրաստակամությունը` ընդգծելով, որ Հայաստանի հանրությունն աջակցում է այդ ուղեգիծը:

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան Թվիթերում գրել է, որ լավ քննարկում է ունեցել Հայաստանի վարչապետի հետ «տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի և Ադրբեջանի պատմական հնարավորության մասին»:

Բլինքենը ողջունել է Երևանի «դրական քայլերը» ընդառաջ Անկարային և Բաքվին: Ըստ նրա` տարածաշրջանային երկրների միջև քննարկումները առանցքային են Հարավային Կովկասում կայուն խաղաղության համար: Նա հայտնել է նաև, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ բանակցությունների մասին զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ևս և կոչ է անում զարգացնել հետագա առաջընթացը տարածաշրջանում խաղաղության և կայունության ուղղությամբ:

Փաշինյանն ու Բլինքենը խոսել են հայ-թուրքական կարգավորման գործընթացի մասին նույնպես: Բլինքենը, ողջունելով Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը, նշել է, որ ԱՄՆ պատրաստակամ է աջակցել երկու հարևան երկրների հարաբերությունների կարգավորմանը:

Ամերիկյան Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի հաղորդագրության համաձայն՝ պետքարտուղարը վարչապետի հետ քննարկել է «տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի և Ադրբեջանի պատմական հնարավորությունը» և առաջարկել Միացյալ Նահանգների աջակցությունը տարածաշրջանային տրանսպորտային և հաղորդակցական կապերի վերականգնմանը: Բլինքենը խրախուսել է երկխոսությունը կողմերի միջև և ողջունել երկու երկրների արտգործնախարարների վերջերս կայացած հանդիպումը Թբիլիսիում: Պետքարտուղարը, ըստ ամերիկյան կողմի հաղորդագրության, նաև վերահաստատել է աջակցությունը Եվրամիության միջնորդությամբ անցկացվող քննարկումներին և ընդգծել, որ լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ 1994 թվականից՝ «ԱՄՆ-ը պատրաստ է ներգրավվել ինչպես երկկողմանիորեն, այնպես էլ համախոհ գործընկերների հետ՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին գտնել երկարատև համապարփակ խաղաղություն»: Բլինքենը նաև ողջունել է Փաշինյանին Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ դրական տեղաշարժի և ձեռք բերված կոնկրետ համաձայնությունների կապակցությամբ, ասված է Փրայսի հաղորդագրությունում:

Իսկ Ադրբեջանի նախագահի հետ ԱՄՆ պետքարտուղարի հեռախոսազրույցի մասին Պետդեպարտամենտի խոսնակի հաղորդագրությունում բացի վերոնշյալից ասված է, որ Բլինքենն Ալիևին հորդորել է ազատ արձակել «բոլոր մնացյալ հայ ձերբակալվածներին»:

Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին կայացած հեռախոսազրույցում Հայաստանի ու Թուրքիայի առաջնորդները ընդգծել էին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորությունը, ինչը կնպաստի տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը:

ՈՒ մինչ ԱՄՆ պետքարտուղարը խոսում է «տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի և Ադրբեջանի պատմական հնարավորության մասին», Թուրքիայի նախագահը, որի մասնակցությամբ Փաշինյանի հետ հեռախոսազանգն այդքան կարևորում է ամերիկյան վարչակազմը, շտապում է «սառը ցնցուղի» էֆեկտով բոլորի «երազանքները» հօդս ցնդեցնել...

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական պետական «TRT» ցանցի մեջ մտնող լրատվամիջոցներին հարցազրույց է տվել, որի ընթացքում անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցին: «Վարչապետ Փաշինյանի հետ երկու երկրների կրոնական տոների շրջանակում մի հեռախոսազրույց ենք ունեցել, որի ընթացքում փոխադարձ շնորհավորանքներ ենք հղել։ Անշուշտ, խոսել ենք նաև մեր երկրի և Հայաստանի միջև շարունակվող կարգավորման գործընթացից»,- ասել է Էրդողանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանն ի սկզբանե Թուրքիայի համար եղել է կարմիր գիծ և որ Ադրբեջանի խնդիրները լուծելուց հետո նոր Անկարան կբացի սահմանները: «Գոհունակությամբ ընդունեցի, երբ լսեցի, որ վարչապետ Փաշինյանը տարածաշրջանային խաղաղության և համագործակցության տեսանկյունից կիսում է մեզ հետ նման մտքեր։ Բայց արդեն ակնկալում ենք, որ խոսքից այն կողմ կոնկրետ քայլեր անեն»։

Ըստ նրա՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիան լուրջ ու վճռական է տրամադրված, հետապնդում է ամբողջական կարգավորում և բարիդրացիական հարաբերությունների հաստատում։ Այստեղ արդեն, Էրդողանը հիշեցրել է Թուրքիայում ապրող, ըստ նրա, ավելի քան 100 հազար հայերի մասին։ «Ներկա պահին Թուրքիայում կա ավելի քան 100 հազար հայ, որոնց մեջ կան և մեր քաղաքացիներ և ոչ մեր քաղաքացիներ, բայցևայնպես քաղաքացիության թեկնածու հայեր։ Ահա սա է ցույց տալիս մեր մոտեցումը»:

Էրդողանը մի կողմից խոսում է Թուրքիայի լուրջ տրամադրվածության մասին, հիշեցնում իրենց կարմիր գիծը՝ Անկարան իր գործողությունները համակարգում է Բաքվի հետ:
Այսինքն՝ ողջ աշխարհին ու Փաշինյանին լսեցնում են՝ գոհ կլինի Ադրբեջանը՝ սահմանը կբացենք, չէ՝ չէ: Էրդողանը բառացի ասել է՝ Ադրբեջանի խնդիրները լուծելուց հետո նոր Անկարան կբացի սահմանները:

Թեև Ալիևը շարունակաբար հայտարարում էր, թե Ղարաբաղի խնդիրը լուծել է, բայց փաստորեն՝ նրանք Էրդողանի հետ նոր կոնֆլիկտ են «ստեղծել»՝ Հայաստան-Ադրբեջան «խնդիրները», որոնց լուծման ճանապարհին պետք է Ալիևը գոհ լինի, որպեսզի բացվի հայ-թուրքական սահմանը...

Ահա, այսպիսի շանտաժա-խաղաղասիրական մեսիջներ Էրդողանից՝ Փաշինյանին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1150 անգամ
Լրահոս
Ինչո՞ւ պաշտոնանկ եղավ ԱԱԾ-ում Նիկոլ Փաշինյանի «աչքն ու ականջները»՝ Դավիթ Սանամյանը Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից Ադրբեջանը շարունակում է Հայաստանի և համաշխարհային հայության դեմ նարատիվային պատերազմը․ քաղաքագետ Փաշինյանը ակնարկում է ադրբեջանցի տեռորիստի հնարավոր հանձնման և գերիների հետ չփոխանակելու մասին 225 հազար դոլարի նոր անշարժ գույքեր Կենտրոնում, 36 մլն դրամ եկամուտ, 30 հազար դոլար հաշվին․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ Սուրեն Պապիկյանը. «Արմլուր» Պուտինի և Փաշինյանի հանդիպումը ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ նախատեսված չէ. Ուշակով Գագիկ Ծառուկյանի գործը քննող դատավորին նոր գործեր չեն մակագրվի՝ մինչև դեկտեմբեր. «Փաստինֆո» Կիևը ներողություն է խնդրել Սեուլից, սակայն այն բավարար չէ. Չո Հյոնի Հանրային հեռարձակողի խորհուրդը որոշում է ընդունել Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանին ու տեղակալ Լևոն Մարգարյանին կարգապահական տույժի ենթարկել ԵԽԽՎ-ում նկատել են Հայաստանում ընտրությունների արդյունքների լեգիտիմության խնդիրը. Արամ Վարդևանյան Կասպից ծովում 14 զինծառայողի մահից հետո Ղազախստանում ձերբակալվել է Ռազմածովային ուժերի նախկին գլխավոր հրամանատարը Ֆրանսիայում ավագ դպրոցի աշակերտների բողոքի ցույցերին շուրջ 86 հազար մարդ է միացել Գուտերեշն ԱՄՆ-ին, Իսրայելին և Իրանին կոչ է արել դադարեցնել հակամարտությունը և վերադառնալ բանակցություններին ՊՆ–ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը. փաստաբան Ադրբեջանում զբաղվում են նոր «սաֆարովներ» ծնելով․ Գառնիկ Դավթյան Նեթանյահուն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը կփորձի հարձակվել Իսրայելի վրա՝ ընտրությունների վրա ազդելու համար Հայաստանը փորձում է Ռուսաստանի վրա բարդել ռшզմական բազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը․ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Գեղարքունիքում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնություն կիրառելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Եկեղեցու գործով իշխանությունը կարծես թե հետագա «ճանապարհային քարտեզի» բարդություն ունի․ Բադալյան Երևանում «MAZ» բեռնատարը վրшերթի է ենթարկել տղամարդուն և առաջ ընթանալով բшխվել կայանված վիճակում գտնվող խոտանված մեքենային․ բժիշկներն արձանագրել են նրա մաhը Վեց տարի է, ես գիշեր ու ցերեկ Փաշինյանի դեմ պայքար եմ մղում, միակ մարդը, որ ինձ դրա համար փող է տվել, դա եղել է Ռուբեն Ռուբինյանը. Էդգար Ղազարյան Իսրայելի ԶՈւ-ն հրաման է ստացել նախապատրաստվել Պաղեստինի ազգային վարչության nւժային կազմավորումների դեմ լայնածավալ մшրտական գործողությունների. Իսրայել Կաց Իրանի շուրջ հակամարտությունը բացասաբար է անդրադառնում համաշխարհային տնտեսության վրա. Լավրով Պատշաճ է, որպեսզի մեր իշխանությունները օրինակ վերցնեն բարեկամ Ղազախստանի Նախագահի սկզբունքային ու սրտացավ վերաբերմունքից. Արա Սահակյան Նախաձեռնեք Շաքիի ընտանիքի վիրավոր մորը հերոսի կոչման ներկայացնելու հանրային պահանջը։ Այդ պահանջը դարձրեք քաղաքական օրակարգ. Վլադիմիր Մարտիրոսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am