Իշխանությունը փորձում է փակել իրեն քննադատողների բերանը. Արմինե Օհանյան

Հուլիսի 7-ին հայտնի դարձավ, որ «Հրապարակ» օրաթերթը դատարանում հաղթել է «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնին», որի գործունեությունը հայաստանյան մի շարք լրատվամիջոցներին ահռելի բարոյական, ֆինանսական ու վարկանշային վնաս էր հասցրել:


Մասնավորապես «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնին» պատկանող media.am կայքը, որի գլխավոր խմբագիրը Գեղամ Վարդանյանն է, համագործակցելով վրացական factcheck.ge կայքի հետ, հայաստանյան մի շարք ԶԼՄ-ների, այդ թվում՝ «Հրապարակի» նյութերն ու հրապարակումները որակում էր «կեղծ» կամ «դավադրության տեսություն», ինչից հետո դիմում էր Ֆեյսբուքին, որն էլ արգելափակում էր ԶԼՄ-ների ֆեյսբուքյան էջերը, իջեցնում դրանց հասանելիությունը։

Համեմատության համար նշենք, որ 168.am-ի ֆեյսբուքյան էջի հասանելիությունը media.am-ի թիրախավորումից հետո մեկ տարի անց վերականգնվել է սոսկ մասնակիորեն, դեռևս գտնվում է փակման վտանգի առջև: Լրատվամիջոցների պաշտպան ներկայացող «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը» նյութական և բարոյական վնասներ է հասցրել բազմաթիվ լրատվամիջոցների:

168.am-ը զրուցել է «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի հետ, երբ վերջինս արդեն ստացել էր դատարանի վճիռը:

- Դատարանն իր վճռի մեջ հատկապես ի՞նչն է կարևորել այն առումով, որ խոսքը վերաբերում է ԶԼՄ-ներին, ազատ խոսքին ու դրան միջամտության փորձին:

- Դատարանը շատ հստակ արձանագրել է, որ «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը» ոչ մի փաստարկ չի ներկայացրել ոչ իրենց «վճիռներում», ոչ դատաքննության ժամանակ, որպեսզի հիմնավորի «սուտ լուրը» կամ կեղծիքը, որով շուրջ մեկ տարի Ֆեյսբուքի ադմինիստրացիան սահմանափակել էր մեր էջի հասանելիությունը՝ մեզ ահռելի նյութական և բարոյական վնասներ հասցնելով, մեր գործարար համբավին վնասելով։

Դատարանն արձանագրել է, որ «Հրապարակ» օրաթերթը գործել է լրագրողական կանոնների՝ էթիկայի և բարեխղճության սահմաններում, և «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը» միտումնավոր նվաստացրել ու նսեմացրել է մեր հեղինակությունը՝ օգտագործելով պիտակներ ու որակումներ, որոնք որևէ կերպ հիմնավորված չեն։  Եվ ըստ այդմ՝ դատարանը որոշել է, որ պատասխանողը՝ «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը», պետք է նշված վրացական կայքում հերքում տեղադրի և ներողություն խնդրի «Հրապարակ» օրաթերթից, նաև փոխհատուցի պատճառած բարոյական վնասը՝ 500 հազար դրամի չափով։

- Արդյո՞ք դատարանն իր վճռում անդրադարձել է այն հանգամանքին, որ ԶԼՄ-ների գրաքննությունն իրականացվել է մեկ այլ ԶԼՄ-ի կողմից:

- Ոչ, դատարանը քննել է մեր հայցն ընդդեմ հասարակական կազմակերպության՝ «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի, որը տվյալ դեպքում գործել է իր media.am կայքի միջոցով, սակայն գործով պատասխանողը ոչ թե ԶԼՄ-ն է, այլ ՀԿ-ն։

- Երբ հայտնի դարձավ, որ «Հրապարակը» շահել է դատն՝ ընդդեմ «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի», ֆեյսբուքյան օգտատերերից մեկը, անդրադառնալով այս վճռին, հետևյալ միտքն էր հայտնել՝ «Վատ է, փաստորեն, Պերֆեկտ ՏՎ/Գագիկ Սողոմոնյանին եթե ֆեյքնյուզ հանես, կարող է դատեն ու դատարանը քեզ պարտավորեցնի հերքել/փոխհատուցել։ Շատ վատ է»:

- Լավ չեմ հասկանում, թե ինչ կապ ունի Գագիկ Սողոմոնյանը։ Եթե Գագիկ Սողոմոնյանը հարցազրույցներ է անում, և իր զրուցակցի ասածների համար ինչ-որ մեկը նրան մեղադրում է ու փակում է էջի հասանելիությունը, նրա զրուցակցի ասածն անվանելով ֆեյք նյուզ, այո, Գագիկ Սողոմոնյանը ևս կարող է բողոքել։ Բայց ինչ-որ ֆեյք օգտատիրոջ համեմատել տարեկան միլիոնների հարկ վճարող և ամսական 2-3 միլիոն դիտում ունեցող, 15 տարվա կենսագրությամբ լրատվամիջոցի հետ, կարծում եմ, ոչ միայն կոռեկտ չէ, այլև չարախոսություն է և զրպարտություն։

- Ֆեյսբուքյան «Մեդիա-գրագիտություն խմբում» նյութի տակ կար նաև հետևյալ միտքը՝ «Շատ վատ ու վտանգավոր նախադեպ ա։ Ի դեպ, խնդիրն այն ա, որ Մեդիա-ում դիտարկել էին ոչ թե բուն Հրապարակ-ը, այլ դրա ՖԲ-ով տարածվող հրապարակման տեսանելիությունը ՖԲ-ում։ Դա լրիվ այլ բան ա։ ՖԲ-ն ինքն էր ուզում, որ էդպիսի բան արվի… էստեղ մեծ խնդիր կա՝ դատարանը չի հասկացել, թե որն ա խնդիրը, և պարտավորեցնել էսպիսի տեքստ հրապարակել՝ խնդրի առաջ ա դնում ամեն ֆաքթ-չեքերի։ Լրիվ չելենջ ա, ու լուրջ»:

- Նման բան գրողն ինքը չգիտի՝ ինչի մասին է խոսքը, և ծանոթ չէ ոչ դատարանի քննության առարկա դարձած հրապարակումներին, ոչ «Մեդիա նախաձեռնությունների Կենտրոն» ՀԿ-ի գրած «վճիռներին», ոչ Ֆեյսբուքի քաղաքականությանը, ոչ էլ նրան, թե առհասարակ ինչ է նշանակում ֆեյք նյուզ։ Դատարանը մեկ տարի շարունակ մանրակրկիտ քննության է ենթարկել խնդրո առարկա երկու հրապարակումները, մանրակրկիտ ծանոթացել է հայցվորի՝ «Հրապարակի» և պատասխանողի՝ «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի»  փաստարկներին, վկաներ է հրավիրել դատարան, օրենսդրությունն ու միջազգային նախադեպերն է ուսումնասիրել, ծանոթացել է ֆեյսբուքյան նորմերին և ֆեյքնյուզի դեմ պայքարի ռազմավարությանը։ Առհասարակ՝ մարդը, որը չի ընթերցել վճիռն ու ծանոթ չէ հայցին ու հայցադիմումի պատասխանին, իրավունք չունի նման դատողություններ անելու։ Մեր դժբախտություններից մեկն էլ անտեղյակ մարդկանց նման դատողություններն են և վերին ճշմարտություն ասողի տոնով արված սխալ, վտանգավոր եզրահանգումները։

Պարզ բան է տեղի ունեցել՝ իշխանությունը բոլոր հնարավոր գործիքակազմերով փորձում է փակել իրեն քննադատողների բերանը, և որոշ ՀԿ-ներ, որոնք սերտորեն համագործակցում են իշխանությունների հետ և նրանց պատվերն են կատարում, գործի են դնում իրենց լծակները՝ մեր լսարանը նեղացնելու և մեզ ֆինանսական վնասներ պատճառելու համար։ Իսկ Ֆեյսբուքը, որը մեր հրապարակումները տարածելու լրացուցիչ հարթակ է, այդքան չի խորանում, թե որտեղ է ֆեյքնյուզը, որտեղ՝ գրաքննությունը, ինչ-որ կազմակերպությունների տալիս է նման հնարավորություն՝ ֆեյքնյուզի դեմ պայքարելու, բայց չի հետևում դրա ընթացքին։ Այս կազմակերպություններն էլ, օգտվելով իրենց միջազգային կապերից, մի կողմից՝ Ֆեյսբուքի հետ են աշխատում, մյուս կողմից՝ ծառայություններ են մատուցում իրենց սիրելի իշխանություններին։ Ահա ամբողջ սխեման։

- Դատարանն իր վճռում անդրադարձե՞լ է նշված ժամանակահատվածում լրատվամիջոցի կրած նյութական վնասներին: Ի՞նչ գնահատական է տրվել դրան, արդյո՞ք բարձրացվել է փոխհատուցման խնդիր:

- Այո, 500 հազար դրամի դրամական վնասի փոխհատուցման որոշում է կայացրել դատարանը՝ մասնակիորեն բավարարելով մեր պահանջը։ Մեր վնասները, իհարկե, շատ ավելին են, բայց կարևորը վնասի չափը չէ, այլ բարոյական հաղթանակը և մեր ճշմարտացիության ամրագրումը՝ դատարանի վճռով։

- Ենթադրաբար Media.am-ը կբողոքարկի դատարանի վճիռը: Ի՞նչ եք ակնկալում Վերաքննիչ դատարանից:

- Վստահ եմ, որ առաջին ատյանի վճիռն այնքան պատճառաբանված է, և մեր պահանջը՝ այնքան օրինական, որ վերադաս ատյաններն այս վճիռը հաստատելու են՝ այն թողնելով ուժի մեջ։

- Առհասարակ դատարանի այս վճիռը նախադեպային առումով ինչո՞վ եք կարևորում:

- Սա, իրոք, նախադեպ է, որ լրատվամիջոցը կարողանում է ապացուցել իր ճշմարտացիությունը և պատժում է իրեն զրպարտողներին։ Անպատասխանատու և չփաստարկված հայտարարությունների, անպատիժ պիտակավորելու մեր ժամանակներում բոլորը պետք է գիտակցեն իրենց խոսքի արժեքը և մանավանդ՝ ԶԼՄ-ների կարևոր և ծանր աշխատանքը չարժեզրկեն, չվարկաբեկեն, չնսեմացնեն։ Ես ուրախ եմ, որ դատարանը հստակ ձևակերպումներ է տվել՝ գրելով, որ պատասխանողը միտումնավոր փորձել է վարկաբեկել ու նսեմացնել մեր աշխատանքը, որ գիտակցաբար է պիտակավորել մեր հրապարակումները, և այդ որակումները բացասական տպավորություն են թողնելու մեր ընթերցողի վրա և վնասելու են «Հրապարակի» գործարար համբավին։

Այսօր ազատ, անկախ, ընդդիմադիր լրատվամիջոցները բարդ պայմաններում են աշխատում. մի կողմից՝ իշխանությունների ճնշումները, մյուս կողմից՝ իշխանամետների չարությունն ու թշնամանքը։ Մենք չենք հասցնում տարբեր շահերից ելնող չարախոսներին հակադարձել. չունենք այդքան ռեսուրս և ժամանակ։ Բայց այս վճռից հետո շատերը պետք է հասկանան, որ մեր համբերությունը սահմաններ ունի, մենք կարող ենք դիմել դատարան և փակել բոլոր չարախոսների բերանն ու ստիպել, որ ոչ միայն ներողություն խնդրեն մեզ հանիրավի վարկաբեկելու համար, այլև նյութական փոխհատուցում վճարեն։ Մարդկային լեզուն չեն հասկանում, գուցե գրպաններին խփելը դեր խաղա։

 

դիտվել է 283 անգամ
Լրահոս
Պետք է առաջնորդվել Ռոսպոտրեբնադզորի հայտարարություններով. Պեսկով Ադրբեջանցու կրակոցից տուժած կոջ վիճակը Ավտոմեքենայից կրակոցներ արձակելու և 2 պարեկի վիրավորում հասցված դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ «Սասու՛ն, դու պիտի գնաս ու գլուխդ պատին տաս» (video) Տ. Սիոն արքեպիսկոպոսին պատվավոր քաղաքացու կոչում շնորհելն անընդունելի է Անուն կասե՞ք՝ ո՞վ է փող տվել Սեդրակ Քոչարյանին․ լրագրողը՝ Լևոն Քոչարյանին (video) Դե բացատրե՛ք՝ ու՞ր եք տարել փողերը․ թեժ իրավիճակ ԱԺ-ում (video) Լարված բանավեճ ԱԺ-ում․․․ (video) Հայաստան մտած զինված ադրբեջանցուն մինչև անգամ ցմահ ազատազրկում է հասնում․ Արամ Վարդևանյան (video) 15 կմ դիվերսանտը ոտքով անցել է․ ինչ է Նիկոլը սարքել ԱԱԾ-ն․ Հայկ Նահապետյան (video) Բաքվի բանտի գերիների հետ կփոխանակե՞ն զինված ադրբեջանցուն. ի՞նչ է ասում Անդրանիկ Քոչարյանը (video) Ագնեսա Խամոյանը «պատին դեմ տվեց»․ «Ողջ ազգուտակին ԱԱԾ-ն զննում ու քննում է» (video) Ձեզ ստիպե՞լ են, իշմար տվեք․ Արուսյակ Ջուլհակյանը բորբոքվեց Արամ Վարդևանյանի խոսքից (video) «Իշխանափոխություն․ Նիկոլին պատանդ են վերցնում, փոխանակում Բաքվի գերիների հետ»․ Հայկ Նահապետյան (video) «Մի հատ ձեզ հյուրի պես պահեք», «Ձեզ կարգի հրավիրեք»․ լեզվակռիվ Եղոյանի ու Էդգար Ղազարյանի միջև (video) ՇՏԱՊ․ Ֆրանսիան Հայաստանին «խուրդում է» Թուրքիային․ ասեմ՝ ինչպես․ Հայկ Նահապետյան (video) «Ինչի՞ ցույց չեն տալիս ադրբեջանցուն ինչպես են բռնում, իսկ Ծառուկյանին գետնին գցելը ցուցադրում են» (video) Մոսկվա այցից առաջ Մեդվեդևը «մերկացրեց» Փաշինյանին․․․ (video) Գարեգին Բ-ի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Ո՞ր դեպքում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը կփոխվի․ ինչո՞վ են փորձում ճնշել նախագահին (video) Պետական դավաճանություն է․ Խուդոյանը՝ եկեղեցու դեմ Փաշինյանի արշավի մասին (video) Առեղծվածային դեպք՝ Տավուշի մարզում. պարզվում են Դիլիջանում հայտնի ուսուցչուհու մահվան հանգամանքները #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Անգեղակոթի գյուղապետը կոչ է արել ինքնպաշտպանության․ Նաիրա Զոհրաբյան (video) Այսօր Ս. Փոկաս հայրապետի և առաքյալներին հետևող Երանոսի հիշատակության օրն է Անբարոյականություն․գիտե՞ք՝ ինչ խայտառակություն են տարածում զինված ադրբեջանցուց պաշտպանված կնոջ մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am