Պուտին-Էրդողան հանդիպում՝ Թեհրանում, ռուս, թուրք, ուկրաինացի զինվորականների բանակցություններ՝ Ստամբուլում

Հաջորդ շաբաթ Պուտինին սպասում են Իրանում

Իրանում հաջորդ շաբաթ սպասում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին, հայտնում է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի խորհրդարանի տնտեսական հանձնաժողովի նախագահին։ «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ կմեկնի Իրան»,- ասվում է Twitter-ում գործակալության գրառման մեջ։

Կրեմլում հաստատել են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 19-ին կմեկնի Թեհրան, որտեղ կմասնակցի եռակողմ գագաթաժողովին Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ, ինչպես նաև երկկողմ հանդիպումներ կունենա: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է. «Այո, մենք կարող ենք հաստատել դա։ Իսկապես, պատրաստվում է նախագահի ուղևորությունը Թեհրան։ Այնտեղ կկայանա Աստանայի գործընթացի երաշխավոր պետությունների ղեկավարների հանդիպումը։ Դա, ինչպես հայտնի է, սիրիական կարգավորման աջակցության գործընթաց է»,- ասել է նա լրագրողներին։

Պեսկովը նշել է, որ Իրանում նախատեսված են ՌԴ նախագահի ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ հանդիպումներ։ «Իսկապես, տեղի կունենա Պուտինի, Ռայիսիի և Էրդողանի հանդիպումը։ Բացի եռակողմ հանդիպումից, բնականաբար, տեղի կունենա նաև երկկողմ հանդիպում։ Երեկ մենք տեղեկացրել ենք Պուտինի և Էրդողանի միջև բարձր մակարդակով գալիք շփումների մասին։ Ահա այդ հանդիպումն էլ հենց տեղի կունենա այնտեղ»,- ասել է նա։ Պեսկովը նշել է, որ Պուտինը Թեհրան կմեկնի հուլիսի 19-ին, Էրդողանի հետ Պուտինի հանդիպումը նախատեսվում է նույն օրը։

Հուլիսի 11-ին կայացել է Պուտին-Էրդողան հեռախոսազրույց, փաստորեն Էրդողան-Փաշինյան հեռախոսազրույցի հետո: Խոսելով Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների՝ երեկ կայացած հեռախոսազրույցի մասին, Պեսկովը նշել է, որ դրա ընթացքում Ուկրաինայի շուրջ բանակցային գործընթացի վերսկսման հարցը չի քննարկել։

Մյուս շաբաթ սպասվող Պուտին-Էրդողան հանդիպումը՝ Թեհրանում, իսկապես, կարևոր իրադարձություն է լինելու նաև Հայաստանի մասով՝ Փաշինյան-էրդողան, իսկ ավելի վաղ՝ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցների համատեքստում:

Ըստ Սպիտակ տան՝ Իրանը նախատեսում է անօդաչուներ մատակարարել Ռուսաստան

Մինչ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ղեկավարները պատրաստվում են հանդիպել մի քանի օրից՝ ամերիկյան իշխանությունները Իրանին մեղադրեցին, թե Իրանը նախատեսում է Ռուսաստանին տրամադրել մի քանի հարյուր անօդաչու թռչող սարքեր, այդ թվում այնպիսիները, որոնք կարող են սպառազինություն կրել։ Լրագրողների համար ճեպազրույցում այսպիսի վարկած է ներկայացրել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը։ «Մեր տեղեկությունը վկայում է այն մասին, որ Իրանի կառավարությունը պատրաստվում է արագացված կարգով Ռուսաստանին տրամադրել մի քանի հարյուր անօդաչուներ, ներառյալ այնպիսիները, որոնք կարող են սպառազինություն կրել,- ասել է նա։- Մեր տեղեկությունը վկայում է նաև այն մասին, որ Իրանը նախատեսում է ռուսաստանյան ուժերին ուսուցանել, թե ինչպես կիրառեն այդ անօդաչուները։ Ուսուցման առաջին փուլերը պետք է սկսվեն արդեն հուլիսի սկզբին»։ «Պարզ չէ, թե արդյոք Իրանն արդեն մատակարարել է այդ անօդաչուները Ռուսաստան,- ավելացրել է ԱՄՆ նախագահի օգնականը։- Բայց սա օրինակ է այն բանի, որ Ռուսաստանը դիմում է այնպիսի երկրների, ինչպիսին է Իրանը, տեխնիկական միջոցների համար, որոնք նաև օգտագործվում կամ օգտագործվել են մինչև այն պահը, երբ մենք ապահովեցինք հրադադարը Եմենում Սաուդյան Արաբիայի դեմ գրոհների համար»։

Իրանի ԱԳՆ-ն հերքեց ՌԴ-ին անօդաչու թռչող սարքերի փոխանցման մասին լուրերը

Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին մամուլի ասուլիսում հերքել է ռուսական կողմին իրանական անօդաչու թռչող սարքերի հնարավոր փոխանցման մասին ԱՄՆ-ի պնդումները՝ նշելով, որ «վերջին ժամանակներս այդ ոլորտում համագործակցության առանձնահատուկ զարգացում չի դիտարկվել»։ «Ռուսաստանի և Իրանի միջև մի շարք ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության պատմությունը սկսվում է Ուկրաինայի մինչպատերազմական ժամանակաշրջանից, և վերջին շրջանում այդ ոլորտում համագործակցության զարգացում չի դիտարկվել»,- ասել է Քանաանին, ում խոսքերը հրապարակվել են Իրանի ԱԳՆ-ի Telegram-ալիքում։

Նա նշել է, որ Իրանի դիրքորոշումն ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ բավականին հստակ է և այդ մասին բազմիցս հայտարարվել է։ Իրանցի դիվանագետը հավելել է, որ «ԱՄՆ-ը և Եվրոպան տարիներ շարունակ երկրներին վերածել են օկուպանտների և ագրեսորների, այդ թվում՝ Արևմտյան Ասիայի տարածաշրջանում, իրենց տարբեր մահաբեր զենքերի պահեստի»:

Ստամբուլում այսօր ուկրաինական հացահատիկի ճգնաժամի հարցով հանդիպում տեղի կունենա

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը երկուշաբթի հեռախոսազրույցի ընթացքում քննարկել էին Սիրիայում տիրող իրավիճակը և «հացահատիկի հարցի» լուծումը: «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Թուրքիայի ղեկավարի գրասենյակին, հայտնել էր. «Բանակցությունների ընթացքում քննարկվել է Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև ուկրաինա-ռուսական պատերազմը և Սև ծովում հացահատիկի արտահանման համար անվտանգ միջանցքների ստեղծումը։ Նախագահ Էրդողանը հաստատել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը պետք է ավարտվի բանակցությունների միջոցով կայուն ու արդար խաղաղությամբ, և հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է ամեն հնարավոր ներդրում ունենալ բանակցային գործընթացի ակտիվացման գործում, ինչպես դա արել է մինչ այժմ»։

«Ուկրաինական նավահանգիստներում կուտակված հացահատիկի պաշարների դուրսբերման հարցով հերթական բազմակողմ բանակցությունները կկայանան վաղը՝ Ստամբուլում», - երեկ հայտնեց Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ բանակցությունների ընթացքում ռուս, ուկրաինացի և թուրք զինվորականներից կազմված պատվիրակությունները հանդիպելու են ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ։

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ ռուսական, ուկրաինական և թուրքական զինվորական պատվիրակությունները ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ կքննարկեն Սև ծովի նավահանգիստներում արգելափակված ուկրաինական ցորենի դուրսբերման հրատապ խնդիրը:

Պուտինն ու Էրդողանը քննարկել էին ռուս-ուկրաինական պատերազմի հումանիտար խնդիրները, մասնավորապես Սև ծովով հացահատիկի անվտանգ դուրսբերման հարցը։ Թուրքիայի ղեկավարն ասել էր, թե ժամանակն է քայլեր ձեռնարկել` կյանքի կոչելու հացահատիկի միջանցքի ստեղծման ՄԱԿ-ի առաջարկած պլանը: Կրեմլը հպանցիկ է անդրադարձել այս հարցին, պաշտոնական հաղորդագրությունում միայն նշվում է, որ առաջնորդները կարծիքներ են փոխանակել Ուկրաինայի շուրջ իրավիճակի մասին, այդ թվում` անդրադարձել են Սև ծովով նավերի անվտանգ անցմանը և հացահատիկի արտահանմանը միջազգային շուկա։

Հացահատիկի ճգնաժամի շուրջ Էրդողանը նախօրեին զրուցել է նաև ուկրաինացի պաշտոնակցի հետ՝ կրկին շեշտելով այս խնդրի շուտափույթ լուծման անհրաժեշտությունը։ Վլադիմիր Զելենսկին Թվիթերում գրել է՝ գնահատում է Էրդողանի ջանքերը ցորենի արտահանումը վերականգնելու հարցում, ինչպես նաև ընդգծել, որ պետք է թույլ չտալ Ռուսաստանին վերցնել ուկրաինական ցորենը գրավված տարածքներից: Մինչ այդ, Կիևը կողմից Զմեինի կղզու նկատմամբ վերահսկողության վերականգնումից հետո երեկ ուկրաինական նավահանգիստներ են հասել օտարերկրյա ութ նավեր, որոնք էլ արտահանելու են ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքը:

Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո սևծովյան նավահանգիստներից ուկրաինական ցորենի արտահանումը դադարել է, և ավելի քան 20 մլն տոննա հացահատիկ մնացել է ամբարներում: Ռուս-ուկրաինական պատերազմը գլոբալ պարենային ճգնաժամի և ցորենի ու պարարտանյութի կտրուկ գնաճի պատճառ է դարձել: Ռուսաստանն ու Ուկրաինան մատակարարում են աշխարհի ցորենի գրեթե մեկ երրորդը:

Պաշտոնական Կիևը պնդում է, թե ռուսական ուժերն արգելափակել են բոլոր ուկրաինական նավահանգիստները՝ թույլ չտալով արտահանել ամբարված ցորենը: Մի շարք արևմտյան երկրներ ևս քննադատում են Ռուսաստանին համաշխարհային պարենային անվտանգությանը սպառնալու համար: Մոսկվան հերքում է մեղադրանքները՝ պատրաստակամություն հայտնելով Սև ծովով նավերի անվտանգ անցում ապահովել միայն այդ ջրային տարածքների ականազերծման պայմանով:

Ուկրաինան, սակայն, չի կարող կատարել այդ պայմանը՝ պատճառաբանելով, թե Ռուսաստանը հացահատիկի միջանցքը կօգտագործի նոր հարձակման համար:
ՄԱԿ-ի գնահատմամբ, այս պատերազմը կարող է սովի պատճառ դառնալ աշխարհի մի շարք երկրներում: Ուկրաինական ցորենից մեծ կախում ունեն հատկապես Մերձավոր Արևելքն ու Աֆրիկան: Ուստի ՄԱԿ-ը առաջարկել է, որ Թուրքիան, Ռուսաստանը և Ուկրաինան այս հարցի լուծման համար համագործակցության մեխանիզմ մշակեն:

Հացահատիկի հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են, սակայն համաձայնությունների ձեռքբերումը դեռ հեռու է, երեկ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1286 անգամ
Լրահոս
Գժի տե՞ղ եք դնում մարդկանց. Լևոն Քոչարյանը ձայնագրություն միացրեց Փաշինյանից (video) Էս ի՞նչ պահվածք է․ Մեսրոպ Մանուկյանի կոպիտ խոսքն՝ ուղղված ՔՊ-ականներին (video) Դուք մեզնից սկի մի գրիչ չէիք կարա խլել, եթե․․․ Ղազինյանը բանավեճի է կանչում Ռոմանոս Պետրոսյանին (video) Ռուբինյանի «զրոյական կետի» զրոյական արժեքը․ Տիգրան Դումիկյան «Ռուբեն Ռուբինյա՛ն, իմ ընկերներին սպ*նածների, հայրենիք ծախողների հետ ոնց ուզենք, կխոսենք»․ Իշխանյան (video) Հենց այստեղով է, որ անցնում է հայկական իրական էլիտա ձևավորելու վճռորոշ սահմանը. Հակոբ Բադալյան Ադանայում 30 000 հայ է կոտորվել, մենք հիշողություն ունենք, ոչ թե ձեզ նման․․․ Տիգրան Աբրահամյան (video) Ավետիք Չալաբյանի վերաբերյալ գործով նախաքննության ավարտ է հայտարարվել Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ հանգուցյալ Հայկ Հարությունյանի վերաբերյալ նյութերը հանձնվել է դատարան Մեկ ամսում երկրորդ անգամ Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել Կատարի տանկերը Չելսին հայտարարեց Լիվերպուլի նախկին ավագի տեղափոխության մասին Սեուտայի ճգնաժամից հետո ԵՄ-ում առաջարկում են ուժեղացնել սահմանային վերահսկողությունը Հակաեկեղեցական թեզերին՝ հոգևոր անդրադարձ․ Սամվել դպիր Գրիգորյան Բնական հրդեհներից և ծայրահեղ շոգից ամենաշատ տուժած հինգ երկրները Հունիսի 7-ի գիշերը ձեր ասուլիսի դրվագը հավերժ է հիշվելու, լա՛վ իմացեք․ ընդդիմադիր պատգամավոր (video) Կին պատգամավորի դեմ հետաքննություն է սկսվել Լեհաստանը կործանիչներ է օդ բարձրացրել Բալթիկ ծովում ռուսական «Իլ-20»-ի թռիչքից հետո Հրդեհ Արմավիր քաղաքում Անկարան և Լոնդոնը քննարկել են Ուկրաինայի պատերազմն ու Մերձավոր Արևելքի իրավիճակը Փրկարարները բեռնատարը դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված Վեհափառի դատավարությունը խախտում է եկեղեցու ինքնավարությունը Նախ՝ իշխանությունն ինքն իրենից պիտի սկսի. «Փաստ» Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեությունում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նոր ղեկավարն ու քարտուղարը Արարատի մարզում բախվել են «Nissan X-Trail»-ը, «Kia»-ն և 2 «Opel»-ները. կա 1 զոհ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ) Հուլիսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am