Ցերեկը «խաղաղասիրություն» են խաղում, գիշերը՝ կրակում սահմանին

ՀՀ պաշտպանության նախարարությունն այսօր հաղորդեց, որ հուլիսի 4-ին, ժամը 21։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր, այդ թվում՝ նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան, մասնավորապես՝ Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է համայնքի ղեկավարի ավտոմեքենան։ Ըստ հաղորդագրության, հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։

Ադրբեջանի հերթական սադրանքը, փաստորեն, տեղի է ունենում այն բանից հետո, երբ Հայաստանն ու Թուրքիան հաղորդեցին, որ որոշակի առաջընթաց են ապահովել Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչների վերջին՝ 4 հանդիպումը, իսկ երեկ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ:

Բրյուսելը ջանքեր է գործադրում Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման, սահմանազատման ու տրանսպորտային ուղիների բացման ուղղությամբ, Ադրբեջանի նախագահի հետ հեռախոսազրույցից հետո Թվիթերում գրել է Եվրոպական խորհրդի նախագահը։ Շառլ Միշելը նաև տեղեկացրել էր, որ Իլհամ Ալիևի հետ քննարկել է բրյուսելյան վերջին հանդիպման օրակարգային հարցերը, ընդգծել՝ Եվրոպական խորհրդի համար Հարավային Կովկասում խաղաղության, կայունության ու անվտանգության ապահովման կարևորությունը:

Ադրբեջանական պետական լրատվական գործակալության փոխանցմամբ, Իլհամ Ալիևն իր հերթին, հիշելով Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կազմակերպված եռակողմ հանդիպումներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները, հույս է հայտնել, որ Շառլ Միշելի նշած օրակարգային բոլոր հարցերի լուծման ուղղությամբ իրական արդյունքներ կլինեն:

Մայիսին Բրյուսելում Շառլ Միշելի միջնորդությամբ կայացած բանակցություններից հետո Հայաստանն ու Ադրբեջանը հրապարակեցին սահմանագծման ու սահմանի անվտանգության հարցերով հանձնաժողովների կազմը, այնուհետև հանձնաժողովները ղեկավարող փոխվարչապետերը հանդիպեցին հայ-ադրբեջանական սահմանին։

Բրյուսելյան հանդիպմանը առաջնորդները նաև ընդհանուր հայտարարի էին եկել տարածաշրջանի ճանապարհներն ու հաղորդակցության ուղիները բացելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ապաշրջափակման հարցերով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների աշխատանքային խումբը վերջերս կես տարվա դադարից հետո արդեն երկու հանդիպում է անցկացրել։

Եվրոպական խորհրդի ղեկավարը նաև հայտնել էր, որ Փաշինյանն ու Ալիևը խոստացել են պահպանել սերտ շփումներն ու նույն` եռակողմ ձևաչափով ևս մեկ հանդիպում էլ անցկացնել հուլիսին կամ օգոստոսին: Այդ հանդիպման ստույգ ամսաթվի մասին դեռ չի հաղորդվել:

Ի դեպ, տարածաշրջանային կայունության և համագործակցության հեռանկարների մասին նախօրեին խոսել է նաև Թուրքիայի արտգործնախարարը: Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան աջակցում է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման օրակարգին: «Ուզում ենք, որ շուտափույթ ստորագրվի Ադրբեջանի՝ Հայաստանին առաջարկած համապարփակ խաղաղության պայմանագիր, քանի որ տարածաշրջանում կայուն խաղաղության կարիք կա: Ադրբեջանի ու Հայաստանի միջև պայմանավորվածության հիման վրա պետք է գործարկվի Զանգեզուրի միջանցքը, ինչպես նաև կյանքի կոչվեն ենթակառուցվածքային նախագծերը: Այդ միջանցքը ավելի մեծ, ռազմավարական կարևորություն է ստացել ուկրաինական պատերազմից հետո և պետք է իրականացնել այդ ծրագրերը», - նշել է Թուրքիայի արտգործնախարարը:

Տարածաշրջանային խնդիրները քննարկվել են նաև Թեհրանում Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ընթացքում: Ջեյհուն Բայրամովի հետ ասուլիսի ժամանակ Հուսեյն Ամիր-Աբդոլահիանը հայտարարել է, որ Թեհրանի պատրաստակամ է օժանդակելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման մնացյալ հարցերին՝ երկրների տարածքային ամբողջականության սկզբունքներին համապատասխան։

Բայրամովն էլ ասել է, որ Բաքուն պատրաստ է վերականգնել տրանսպորտային հաղորդակցությունը Հայաստանի հետ: Ադրբեջանի արտգործնախարարը հայտնել է, որ Իրանի տարածքով Ադրբեջանը և Նախիջևանը իրար կապող նոր տրանսպորտային հաղորդակցության ստեղծման համար նախատեսված չորս կամուրջներից առաջինի կառուցումը շուտով կմեկնարկի: Բայրամովը նաև հայտարարել է, որ հարավկովկասյան երեք երկրների և նրանց երեք մեծ հարևանների համագործակցության «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը կկայանա մոտ ապագայում Իրանում:

Բացի այդ, Ալիևը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը «արժեքավոր դերակատարություն» կունենա հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործում: Ալիևը երեկ շնորհավորական նամակ էր հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին Անկախության օրվա կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ ԱՄՆ-ը «արժեքավոր դերակատարություն» կունենա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործում:

«Մենք կարծում ենք, որ Միացյալ Նահանգները կարող են կարևոր դեր խաղալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, հաղորդակցությունների բացման և կապերի ձևավորման գործում այս շրջանում, երբ բարենպաստ պայմաններ են ձևավորվում Հարավային Կովկասում կայուն խաղաղության և տնտեսական առաջընթացի համար: Միաժամանակ կարծում ենք, որ ԱՄՆ-ը արժեքավոր ներդրում կարող է ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործընթացում՝ հիմնված մեր առաջարկած հինգ սկզբունքների վրա»,- ասվում է Ալիևի նամակում:

Բաքվի թվացյալ «կառուցողական» պահվածքն իրականում երևում է, թե ինչպես են նրանք իրենց դրսևորում սահմաններում: Նշանակում է, Արևմուտքից որոշակի ճնշումներ են կիրառվում, որպեսզի Հայաստանի հետ համաձայնությունների գան, սակայն Ալիևը ինչ-որ բանից, այնուամենայնիվ դժգոհ է:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 861 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am