Հարվածում են ռուսական բանակի խոր թիկունքին, ուկրաինացի 50 գեներալներ են ոչնչացվել, պնդում են ռուսները
Ռուս-ուկրաինական պատերազմի արդեն 120-րդ օրն է, և ըստ տարբեր վերլուծությունների՝ այն դեռ երկար կարող է շարունակվել...
Ռուսները մոտեցել են Լիսիչանսկին, ուկրաինացիները հարվածում են Ռոստովի մարզին
«Ռուսական բանակը մոտենում է Լիսիչանսկին». ուկրաինական հեռուստաալիքների համատեղ շուրջօրյա եթերում օրերս հայտարարեց Լուգանսկի մարզային վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը։ «Ռուսների թե՛ տեխնիկայի, թե՛ մարդկանց ահռելի քանակություն են տեղափոխել այս շրջան։ Միայն Տոշկովկայի վրա հարձակմանը մեկուկես մարտավարական գումարտակային խումբ էր մասնակցում՝ իր տեխնիկայով հանդերձ։ Հարձակմանը ներգրավված էր 30 հետևակի զրահամեքենա, տասից ավելի տանկ, «Սոլնցեպյոկ», «Պիոն», «Գիացինտ» հրետանային համակարգեր, ինչ ասես որ չկար», - ըստ «Ազատության», նշել էր Լուգանսկի վարչակազմի ղեկավարը։
Ռազմական փորձագետների համոզմամբ, ռուսական զորքերի հարավային ճեղքումը մեկ հիմնական նպատակ ունի՝ ամբողջությամբ շրջապատել ոչ միայն Լիսիչանսկը, այլև դրա հետ մեկ միասնական քաղաքային ագլոմերացիա կազմող Սևերոդոնեցկն, ավելի ճիշտ քաղաքի այն թաղամասերը, որոնք դեռ գտնվում են ուկրաինացիների վերահսկողության ներքո։ Խոսքը նախևառաջ «Ազոտ» գործարանի մասին է, որտեղ զինվորականներից բացի, նաև հարյուրավոր խաղաղ բնակիչներ կան։
Ուկրաինական կողմի այսօր տարածած տեսանյութերից պարզ է դառնում, որ համառ մարտերը Սևերոդոնեցկի արդյունաբերական գոտում շարունակվում են, այդ թվում՝ տանկերի կիրառմամբ։ Բացի այդ, չնայած շրջապատման իրական վտանգին, ուկրաինական հրամանատարությունը շարունակում է նոր ուժեր տեղափոխել Սևերոդոնեցկ՝ ուժեղացնելով այստեղ գտնվող խմբավորումը։ Ուկրաինայի ԶՈւ հրամանատարությունը, սակայն, ի վիճակի չէ զինվորականների մեծ խմբեր տեղափոխել Սևերոդոնեցկ։ Պատճառը ոչ միայն չդադարող հրետակոծություններն են, այլև այն հանգամանքը, որ քաղաքն արտաքին աշխարհին կապող բոլոր կամուրջները ոչնչացված են։ Նման իրավիճակում Սևերոդոնեցկ վերատեղակայվող ուկրաինացի զինվորակաները ստիպված են Սևերսկի Դոնեց գետը հատել առավելագույնը երեք հոգի տեղափոխող փոքրիկ նավակներով։
Չնայած ռազմաճակատում տիրող ծանր իրավիճակին, ուկրաինական ուժերը փորձում են հարվածներ հասցնել նաև ռուսական բանակի խոր թիկունքում։ Առավոտյան տեղեկություններ հայտնվեցին Հարավային Ռուսաստանի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկություններից մեկում՝ Ռոստովի մարզի Նովոշախտինսկ քաղաքում գտնվող նավթամշակման գործարանում ծագած հրդեհի մասին։ Համացանցում հայտնված տեսանյութից պարզ էր դառնում, որ գործարանը ինքնաոչնչացվող հարվածային անօդաչու թռչող սարքի հարձակման է ենթարկվել։
Գործարանի բանվորների կողմից կատարված այս տեսագրության՝ սոցցանցերում հայտնվելուց մի քանի ժամ անց ռուսական իշխանությունները ստիպված էին ընդունել՝ Նովոշախտինսկի նավթամշակման գործարանի տարածքում երկու հարվածային անօդաչու սարքերի բեկորներ են հայտնաբերվել։
Նովոշախտինսկ քաղաքը գտնվում է Ուկրաինայի հետ միջազգայնորեն ճանաչված սահմանից շուրջ 10 և ճակատային գծից շուրջ 150 կիլոմետր հեռավորության վրա։ Ռուսաստանի ՊՆ խոսնակ Իգոր Կոնաշենկովի պնդմամբ, Նիկոլաևում գտնվող «Օկեան» նավաշինական գործարանի հրթիռակոծության հետևանքով նախօրեին 500 ուկրաինացի զինվորական է զոհվել, ոչնչացվել է նաև 15 միավոր զրահատեխնիկա և մեծ տրամաչափի 5 հրանոթ։
Զելենսկին ասում էր, որ «Ռուսաստանն այս շաբաթ կսաստկացնի գրոհները»
Մի քանի օր առաջ Վլադիմիր Զելենսկին ասել է, թե այս շաբաթվա ընթացքում, երբ ակնկալվում է Ուկրաինային Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ շնորհելու մասին որոշումը, ռուսներն, ամենայն հավանականությամբ, կսաստկացնեն գրոհները: «Բնական է, որ Ռուսաստանն իբրև հատուկ ազդանշան կթեժացնի հարձակումները, և դա ազդանշան է ոչ միայն Ուկրաինային, այլև ամբողջ Եվրոպային, մենք պատրաստվում ենք, մենք պատրաստ ենք»,- ասել էր նա:
Ուկրաինան պաշտոնական հայտը ներկայացրել է փետրվարի 24-ին սկսված պատերազմից չորս օր անց: Հունիսի 17-ին Եվրոպական հանձնաժողովը եզրակացրել է, որ Ուկրաինան, ինչպես նաև Մոլդովան արժանի են անդամի թեկնածուի կարգավիճակին: Ըստ վերլուծաբանների, եվրոպացիների դրական որոշումը կլինի աշխարհաքաղաքական ամենադրամատիկ և ազդեցիկ տեղաշարժը պատերազմի սկզից ի վեր: «Մեկնարկում է հիրավի պատմական շաբաթ, երբ մենք կլսենք Եվրամիության պատասխանը թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ, մենք արդեն ստացել ենք գրեթե դրական արձագանք և սպասում ենք»,- ասել է Զելենսկին:
Բուն ռազմաճակատից ստացված հաղորդագրությունների համաձայն, ուկրաինական հակաօդային պաշտպանության համակարգն Օդեսայի շրջանում կասեցրել է ռուսների գրոհը: «Կատաղի մարտեր են Դոնբասում, որտեղ ռուսները կիրառում են իրենց հրետանու ամբողջ կարողությունը և մարտի են ուղարկում հարձակողական ուժերի մեծ մասը, բայց Սևերոդոնեցկում, Լիսիչանսկում, Ավդեևկայում, Կրասնոհորիվկայում և այլ թեժ կետերում մեր մարդիկ դեռ դիմադրում են, և ես երախտապարտ եմ յուրաքանչյուրին, որի այսօրվա տոկունությունը վաղվա հաղթանակի գրավականն է»,- ասել էր Զելենսկին:
Ռուսները պնդում են, որ ուկրաինացի հինգ տասնյակ գեներալների են ոչնչացրել
Մինչդեռ, Մոսկվան հայտնում է ուկրաինացիներին հերթական ծանր հարվածը հասցնելու մասին: Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամլո խոսնակ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովի փոխանցմամբ, Դնեպրոպետրովսկի շրջանում ռուսական ուժերը «Կալիբր» տեսակի ճշգրիտ հրթիռներով հարվածել են մի կարևոր հրամանատարական կենտրոնի: «Գրոհի հետևանքով ոչնչացվել են ուկրաինական զինված ուժերի ավելի քան 50 գեներալներ և սպաներ, այդ թվում` գլխավոր շտաբից»,- հայտնել է Կոնաշենկովը:
Այդուհանդերձ, ուկրաինական կողմը պնդում է, թե չնայած սաստիկ գրոհներին, ռուսները մարտավարական առումով առանձնապես լուրջ նվաճումներ ռազմաճակատի այդ հատվածում չեն ապահովել, ասել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի օգնական Դենիս Մոնաստիրսկին:
Ուկրաինական բանակը 10 հազար զոհ է տվել, 30 հազար վիրավոր
Ուկրաինական բանակի կորուստների մասին երկրի նախագահի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը օրերս հայտնել է, որ պատերազմի սկզբից ի վեր ուկրաինացի 10 հազար զինվորական է զոհվել, 30 հազարը վիրավորվել են։
Ռազմաճակատի ծայրահեղ ծանր իրավիճակը Սևերոդոնեցկ քաղաքում էր։ Մարտերն արդեն ընթանում են քաղաքի արդյունաբերական շրջանում։ Ուկրաինական ուժերը մնացել են միայն քիմիական «Ազոտ» գործարանի տարածքում, որտեղ նաև մոտավորապես 300 խաղաղ բնակիչ կա։ Այս մասին հայտնել էր Լուգանսկի մարզի ղեկավար Սերգեյ Գայդայը, հարևան Լիսիչանսկի մասին ասելով, որ այնտեղ աղետալի ավերածություններ են՝ ռուսական ուժերը տասնյակ բնակելի շենքեր են հրետակոծել։
Երկու քաղաքները կապող բոլոր կամուրջները պայթեցված են։ Սևերոդոնեցկն ու Լիսիչանսկը Լուգանսկի մարզի վերջին բնակավայրերն են, որտեղ դեռ ուկրաինական ուժեր կան։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի մամուլի խոսնակ Ալեքսանդր Շպուտունը ճեպազրույցում ասել էր, որ Սևերոդոնեցկի ուղղությամբ ուկրաինական զորքերի վրա տարբեր տրամաչափի հրետանային կրակը շարունակվում է։
«Սևերոդոնեցկի վրա լիակատար վերահսկողություն հաստատելու գրոհները չեն դադարում», - ասել է Շպուտունը՝ նաև հայտնելով, որ մոտակա բնակավայրերը ենթարկվել են ռուսական ավիահարվածների։
Լեհ վերլուծաբան Կոնրադ Մուզիկան «Թվիթերի» իր բլոգում գրել է, որ Լիսիչանսկի տակ ուկրաինացիների համար իրավիճակը ավելի մռայլ է դարձել։ Ռուսական ուժերը Տոշկիվկա - Ուստինովկա շրջանում ճեղքել են պաշտպանությունը և գտնվում են Լիսիչանսկից 7 կիլոմետր հեռավորության վրա։ «Ինչպես նախկինում ասել էի, Ուկրաինան պետք է զորքերը դուրս բերեր Սևերոդոնեցկից և կենտրոնանար այդ շրջանի պաշտպանության վրա»,- գրել է նա։
Խարկովի ուղղությամբ չնայած ռուսական ուժերը նահանջել էին և վերջին շրջանում նրանց գործողությունները հիմնականում ուղղված էին դիրքերը ամրապնդելու վրա, որպեսզի ուկրաինական ուժերին թույլ չտան հասնելու մինչև պետական սահմանը, այնուամենայնիվ, վերջին օրերին ռուսները վերսկսել են հրետակոծել Ուկրաինայի երկրորդ խոշոր քաղաքը։ Խարկովի մարզի ղեկավար Օլեգ Սինեգուբովն ասել է, որ նախօրեին երեք մարդ է զոհվել։
Ռուսաստանը մի քանի նավ է կորցրել, այդ թվում՝ Սևծովյան նավատորմի ֆլագման «Մոսկվա» հածանավը
Բրիտանական ռազմական հետախուզության ամփոփագիրը օրերս վերլուծում է Սև ծովում ստեղծված իրավիճակը։ Բրիտանացիները նշում են, որ Ռուսաստանին չի հաջողվել ամբողջությամբ վերահսկողություն սահմանել ծովի վրա։ Պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանը մի քանի նավ է կորցրել, այդ թվում՝ Սևծովյան նավատորմի ֆլագման «Մոսկվա» հածանավը։ Իսկ հունիսի 17-ին ուկրաինական կողմը հայտնեց ԱՄՆ-ից ստացած «Հարպուն» տեսակի հրթիռները առաջին անգամ հաջողությամբ կիրառելու ամսին։
Հրթիռակոծվել էր «Վասիլի Բեխ» փրկարարական նավը, որը զենք ու զինվորներ էր տեղափոխում օկուպացված Զմեինի կղզի։ Ուկրաինայի առափնյա պաշտպանությունը թույլ չի տալիս ռուսական ուժերի տեղափոխում Սևծովյան հյուսիս-արևմտյան շրջաններ, այդպիսով խառնելով Օդեսայի վրա ցամաքից սպառնալիքներ ստեղծելու Ռուսաստանի սկզբնական պլանները, գտնում են բրիտանացի ռազմական փորձագետները։
Ուկրաինական կողմն հայտնել է մեկ այլ հարվածի մասին։ Զինված ուժերի «Հարավ» օպերատիվ հրամանատարությունը հաստատել է, որ տարբեր զինատեսակներից հրետակոծվել է Զմեինի կղզին, որտեղ տեղակայված ռուսական կայազորը զգալի վնասներ է կրել։ Ռուսական կողմը պնդում է, որ կղզու վրա արձակված հրթիռները չեզոքացվել են, ոչ մեկը տեղ չի հասել։ Սև ծովի հյուսիս-արևմուտքում ընկած Զմեինի փոքր կղզին ռուսները գրավել էին պատերազմի առաջին օրը։ Այն Օդեսայից գտնվում է 140 կիլոմետր հեռավորության վրա և ավելի մոտ է Ռումինիայի ափին։
ԱՄՆ-ը Ուկրաինայում ռազմական հանցագործությունները հետաքննելու համար հատուկ խումբ է ստեղծում
Միացյալ Նահանգները Ուկրաինայում իրականացված ռազմական հանցագործությունները հետաքննելու համար հատուկ խումբ է ստեղծում։ Այս մասին նախօրեին Կիև կատարած այցի ժամանակ ասել է ԱՄՆ արդարադատության նախարար և գլխավոր դատախազ Մերիք Գարլանդը։ Ըստ «Ազատության», խումբը կգլխավորի Արդարադատության նախարարության սպա Էլի Ռոզենբաումը, որն առավել հայտնի է «Նացիստների որսորդ» մականունով։
Ռոզենբաումը 1994-2010թթ. ղեկավարել է ԱՄՆ արդարադատության նախարարության հատուկ հետաքննությունների գրասենյակը։ Ժամանակին նա բացահայտել ու արտաքսել է նացիստական ռազմական հանցագործների, ինչպես նաև փորձել է զրկել նրանց ամերիկյան քաղաքացիությունից: Ռոզենբաումը բրիտանացի պատմաբան Գայ Ուոլթերսի հաշվարկով՝ 100-ից ավելի նացիստի է հայտնաբերել։ Ուկրաինայում ռուս զինծառայողների դեմ ավելի քան 16 հազար քրեական գործ է քննվում։ Կասկածյալների թվում բարձրաստիճան պաշտոնյաներ, զինվորականներ, նույնիսկ լրատվամիջոցների ներկայացուցիչներ կան։ Ուկրաինայի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովան ասում է՝ նրանք այժմ գտնվում են Ռուսաստանում, ուստի հեռակա կարգով կենթարկվեն հետապնդման։
Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան իր հերթին հավաստիացրել է, որ Միացյալ Նահանգները կանի հնարավորը Ուկրաինայում ռազմական հանցագործություն գործած բոլոր անձանց պատասխանատվության ենթարկելու համար։ «Պատերազմական հանցագործները թաքնվելու տեղ չունեն: ԱՄՆ արդարադատության նախարարությունը կօգտագործի բոլոր հնարավորությունները՝ պատասխանատվության ենթարկելու բոլոր նրանց, ովքեր ռազմական հանցագործություններ և այլ վայրագություններ են գործում Ուկրաինայում», - ըստ «Ազատության», նշել է Ռոզենբաումը:
Հատուկ խմբում կաշխատեն ամերիկացի առաջատար փորձագետներ, որոնք կհետաքննեն մարդու իրավունքների խախտումները և ռազմական հանցագործությունները։ Բացի այդ, ԱՄՆ-ը նախատեսում է Ուկրաինա ուղարկել կոռուպցիայի և փողերի լվացման դեմ պայքարի փորձագետ։ Եվս երկու ամերիկացի փորձագետ կաշխատի Եվրոպայում և Մերձավոր Արևելքում։ Նրանք կաջակցեն տեղական իշխանությունների՝ պատժամիջոցները շրջանցելու ռուսական փորձերի դեմ պայքարին։
Ամերիկացի մասնագետների աշխատանքի մյուս ուղղությունը արևմտյան պատժամիջոցների ցանկում հայտնված ռուս օլիգարխների ակտիվների որոնումն ու բռնագանձումն է լինելու։ Ուկրաինայի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովան այս օգնությունը շատ կարևոր է համարում. «Մենք բոլորս հասկանում ենք, որ գործ ունենք շատ ուժեղ թշնամիների հետ»:
Պատերազմական հանցագործությունների մասին Ուկրաինական ու Արևմուտքը սկսեցին խոսել հատկապես Բուչայի իրադարձություններից հետո։ Ռուսական ուժերը Կիևի մարզի Բուչա քաղաքից հեռացել էին ապրիլի 5-ին: Դրանից հետո քաղաքում հայտնաբերվել են գնդակահարված մարդկանց դիեր: Ուկրաինան և արևմտյան երկրները Բուչայում ռուսական բանակի գործողությունները «պատերազմի հանցագործություն» և «ցեղասպանություն» էին որակել: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է այս մեղադրանքները և պնդում, թե ուկրաինական կողմն է կեղծ տեղեկություններ, բեմականացված լուսանկարներ ու տեսագրություններ տարածել։
Մետաքսյա Շալունց