«Նոր դարաշրջան». Երբ Ալիևը խոսում է Հայաստան պետության հետ՝ «գլուխները պատին են խփում» բառապաշարով

«Ղարաբաղում հաղթանակը նշանավորել է Կովկասում նոր դարաշրջանի սկիզբը»` վերացնելով կայուն խաղաղության և համապարփակ կարգավորման խոչընդոտները տարածաշրջանում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նա գոհունակություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի քայլերից՝ խնդիրների լուծման ուղղությամբ։ «Թուրքիան աջակցում է կողմերի ջանքերին սահմանային խնդիրների լուծման, խաղաղության համաձայնագրի մշակման և տրանսպորտային միջանցքների բացման ուղղությամբ։ Այդ ջանքերի հաջող իրականացումը օգուտ կբերի բոլորիս, մեր ողջ տարածաշրջանին», - շեշտել է Էրդողանը։

Նա ուրախալի է որակել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովների առաջին նիստը, որ կայացել է մայիսի 24-ին՝ երկու երկրների միջպետական սահմանին, նաև նկատել է, թե առաջընթաց է գրանցվել «Զանգեզուրի միջանցքի» հարցում։ «Մենք նաև անկեղծորեն շարունակում ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Մենք շարունակելու ենք ամրապնդել մեր համերաշխությունը Ադրբեջանի հետ՝ հանուն տարածաշրջանի անվտանգության և բարգավաճման», - նշել է Թուրքիայի առաջնորդը:

Փաստորեն, Ալիևի հայտարարություններից ընդամենը 2 օր անց, հիմա էլ Էրդողանն է ոգևորված Հայաստան-Ադրբեջան համաձայնությունների շրջանակներում՝ թուրք-ադրբեջանական պահանջների բավարարման առումով:

Հիշեցնենք, որ Ալիևը, ոչ ավել, ոչ պակաս, օրերս հայտարարեց, թե Հայաստանը՝ «համաձայնել է հարաբերությունների կարգավորման Ադրբեջանի օրակարգին»...

Փաշինյանի հետ մոտ մեկ շաբաթ առաջ Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից հետո, որը թե' Բաքուն, թե' Երևանը դրական էին որակել, Ալիևը հայտարարեց, թե Հայաստանը համաձայնել է հարաբերությունների կարգավորման Ադրբեջանի օրակարգին, որտեղ Ղարաբաղի կարգավիճակի մասին ոչ մի խոսք չկա։

Անդրադառնալով Երևանի առաջ քաշած սկզբունքներին, թե պետք է քննարկել նաև Ղարաբաղում ապրող հայերի անվտանգությունն ու կարգավիճակը՝ Ալիևն ըստ «Ազատության», ասել է, թե նման խնդիր Ադրբեջանում չկա. - «Ադրբեջանը բազմազգ, բազմադավան երկիր է: Բոլոր ազգերի ներկայացուցիչներն Ադրբեջանում հարմարավետ են ապրում և օգտվում են բոլոր իրավունքներից։ Ադրբեջանում ազգային և կրոնական հողի վրա խտրականություն երբեք չի եղել և չի լինելու։ Ուստի Ադրբեջանում ապրող հայերի իրավունքներն ու անվտանգությունը նույնքան կարևոր են, որքան Ադրբեջանում ապրող այլ ժողովուրդների անվտանգությունն ու իրավունքները։ Այստեղ հատուկ արտոնություն չկա»։

Մինչ պաշտոնական Երևանը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի գերտերությունները հայտարարում են, թե ղարաբաղյան հարցը կարգավորված չէ, և անհրաժեշտ է բանակցություններով հասնել համապարփակ լուծման, Ալիևն կրկին նշում է ՝ նման խնդիր այլևս գոյություն չունի։

Ընդ որում, ի՞նչն է այստեղ կարևոր, որ խոսելով այս մասին՝ Ալիևը հղում է արել Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հայտարարությանը բրյուսելյան վերջին հանդիպման մասին և ընդգծել, որ միջազգային կառույցների բառապաշարում Լեռնային Ղարաբաղ եզրույթ չկա. - «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի վարչական տարածքին, ապա այդ տարածքն Ադրբեջանի տարածքում գոյություն չունի։ Ուստի միջազգային կազմակերպությունների լեքսիկոնում Լեռնային Ղարաբաղ բառը չկա, և Բրյուսելում վերջերս կայացած հանդիպումը ևս մեկ անգամ ցույց տվեց դա։ Ճիշտ է, Հայաստանը հերթական անգամ բարձրացրել է այդ հարցը և ինչպես ասում են, գլուխները պատին են խփում, բայց սա է իրականությունը, և պետք է հաշտվել դրա հետ»:

Այսինքն, Ալիևը հայկական կողմից հայտարարությունները համարում է, որ «գլուխները պատին են խփում», ինչքան ուզում են՝ թող խոսեն: Փաշինյանն էլ դարձյալ շարունակում է պնդել, թե հայկական կողմը իր մոտեցումները ունի, և կարևորում է ԼՂ-ում ապրող հայերի իրավունքները: Իսկ բացի արցախահայության անվտանգության իրավունքները, առհասարակ, «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակ» թեմային այս իշխանությունը որևէ անդրադարձ կատարե՞լ է, պնդե՞լ է, որ առանց այդ թեմայի շուրջ բանակցությունների չեն կարող այլ հարցերում համաձայնության գալ:

Խոսելով ապագայի մասին՝ Ալիևը ասել է, թե Ադրբեջանը ինքն է թելադրում բանակցությունների օրակարգը, և պնդել, թե Բաքուն հասել է կամ հասնում է իր առջև դրված նպատակներին: Որպես դրա ապացույց Ալիևը նշել, թե Հայաստանը համաձայնել է սահմանագծման գործընթաց սկսել, և պնդել, թե դրանից հետո Հայաստանը այլևս չի կարող Ղարաբաղի կարգավիճակի մասին խոսել. - «Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է խաղաղության պայմանագիր ստորագրվի: Հայաստանը փորձում էր դրանից խուսափել, քանի որ այդ պայմանագիրը նշանակում է միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում: Բայց արդյունքում մենք հասանք դրան, և Ադրբեջանը արդեն որոշել է իր աշխատանքային խմբի կազմը»:

Ինչպես ասում են՝ ահա և վերջ...

Ցավով պետք է արձանագրել, որ Ալիևի գնահատականը, որ այժմ ադրբեջանական կողմն է թելադրող կողմը, ճիշտ է: Ավելին՝ բազմիցս նշվել է, որ եթե Հայաստանը համաձայնում է սահմանազատման գործընթացին, ուրեմն, ճանաչելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, իսկ եթե ճանաչում է, ուրեմն՝ վե՛րջ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին: Այնպես որ՝ այստեղ էլ հնարավոր չէ չհամաձայնվել Ալիևի գնահատականի հետ:

Ալիևը ոչ մի խոսք չի ասել պաշտոնական Երևանի տեսակետի մասին, որ Ղարաբաղի խնդիրը երբեք էլ տարածքային վեճ չի եղել, և սահմանագծումն իրականում ոչ մի կապ չունի ապագա կարգավիճակի որոշման հետ։ Հակադարձելով Հայաստանի ներկայացրած սկզբունքներին՝ Ալիևը նշել է, թե Բաքուն էլ կարող է իր հավելյալ պահանջները ներկայացնել. - «Եթե Հայաստանը հատուկ պահանջներ է ներկայացնում, պետք է իմանա, որ մենք էլ կարող ենք շատ պահանջներ ունենալ։ Այստեղից ոչ հեռու մեր հինավուրց հողը Արևմտյան Զանգեզուրն է։ Մենք տարածքային պահանջ չե՞նք ներկայացնում Հայաստանին։ Մենք չենք անում: Բայց եթե մեզ տարածքային պահանջ են ներկայացնելու, ինչո՞ւ մենք չանենք»։

Ալիևը, ինչպես 44-օրյա պատերազմից հետո հնչեցրած ելույթներում, կրկին խոսել է այսպես կոչված Զանգեզուրյան միջանցքի մասին, ու պնդել, թե այդ հարցում էլ Բաքուն արդեն հաջողության է հասել. - «Մյուս կարևոր խնդիրը Զանգեզուրի միջանցքի բացումն է։ Հայաստանը միշտ փորձել է դա կանխել։ Բայց տեսեք բրյուսելյան հանդիպման արդյունքներով պաշտոնական հայտարարությունը. արդեն սահմանվել է, որ և՛ երկաթուղին, և՛ ավտոմայրուղին անցնում են Մեղրիով և Զանգեզուրով։ Մենք ենք թելադրում օրակարգը: Ինչո՞ւ: Ելնելով պատերազմի արդյունքներից։ Մենք հաղթանակած պետություն ենք, Հայաստանը պարտված պետություն է»:

Նկատենք, սակայն, որ Բրյուսելյան հայտարարության մեջ, որին հղում է անում Ալիևը, միջանցք բառը օգտագործված չէ։ Եվրոպական խորհրդի ղեկավարը միայն նշել է, թե կողմերը համաձայնության են եկել այն սկզբունքների շուրջ, որով տարածաշրջանի ճանապարհները պետք է ապաշրջափակվեն։ Այդ սկզբունքներն ու համաձայնեցված տարանցման տուրքերը, սակայն, ո'չ Երևան, ո'չ Բաքուն մինչ օրս չեն գաղտնազերծել։
Հիշեցնենք, որ դեռ Բրյուսելի բանակցություններից մի քանի օր անց Ալիևը լռությունը խախտեց ու Թուրքիայի ղեկավար Էրդողանի հետ զրույցում պնդել էր՝ կողմերը պայմանավորվել են «Զանգեզուրի միջանցքի» բացման շուրջ՝ ինչպես երկաթուղային, այնպես էլ՝ ավտոմոբիլային ճանապարհների կառուցմամբ։ Կարճ ժամանակ անց Ալիևի այս հայտարարությանն արձագանքեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, թե «Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ կամ տրանսպորտային ուղի չի կարող գործել»: Նա պնդեց՝ այս հարցում հայկական կողմի դիրքորոշումները որևէ փոփոխություն չեն կրել:

Հայաստանի կառավարությունն էլ հաղորդեց, որ Փաշինյանը ԱՄՆ-ի պետքարտուղարի հետ զրույցում ասել է՝ «հանդիպումից հետո հնչել են քննարկումների բովանդակության հետ կապ չունեցող մեկնաբանություններ», չմանրամասնելով՝ ո՞ւմ, ի՞նչ մեկնաբանությունների մասին է խոսքը:

Այսպես՝ Փաշինյանը կարծես իր մեկնաբանություններով միայնակ մի կողմում է՝ իսկ Ալիևն ու միջազգային հանրությունն իրենց պատկերացումներով՝ այլ կողմում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3818 անգամ
Լրահոս
Սամվել Շահրամանյանին հրավիրել են հարցաքննության Բաքվի դատարանում շինծու դատավարություն է․ Կարեն Ավանեսյանը ցուցմունք է տվել Իրանը դեմ է «Զանգեզուրի միջանցքին»․ անվտանգության լուրջ ռիսկեր կան ԱԺ-ում 1 ամսում 2 անգամ պարգևատրում են ստացել «Թրամփի ծրագիրը» գործնականում նույնն է, ինչ «Զանգեզուրի միջանցք»-ի նախագիծը. Վելայաթի Մինչ Նիկոլ Չեմբերլեն Փաշինյանը շարունակում է պառակտել ժողովրդին, հարևան թշնամի երկրի նախագահն ասում է… . Արսեն Օհանյան «Թուրքիան Իսրայելի թշնամին է». Նյու Յորքում Թել Ավիվի գլխավոր հյուպատոս Ձերբակալվել է Լոս Անջելեսում սպանված Ռոբ Ռայների որդին «Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցությունը 2026 թվականին կշարունակվի». «Русский дом» Ջուր հավաքեք․ 1 օր ջուր չի լինի Եկեղեցին պատրաստ է տառապել, բայց ոչ՝ ձևափոխվել ըստ ժամանակի և պարտադրանքի. Հայր Ռուբեն Նարեկ սրբազանը՝ Փաշինյանի հետ հանդիպման շտապած հոգևորականների մասին Մուտանտների իշխանությունը բարբաջում է «հիբրիդային» սպառնալիքներից․ Արմեն Աշոտյան ԵՄ–Փաշինյան «գործարքը». մոլդովական սցենարը Հայաստանում Ինչպե՞ս կարելի է տոկալ խավարի դեմ, երբ ավելի դյուրին է մեղքին ու արատին տրվելը․ Հայր Շնորհք աբեղա Եկեղեցի չես գնացել, որովհետև հավա՛տք չես ունեցել ՊԵԿ-ը՝ «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցածի մասին «Թափառող հավատացյալների հոտը», որոնց կարելի է մի վինետկայի մեջ տեղավորել, ի՞նչն է ծափահարում. Լիլիթ Գալստյան Աբսուրդ է, իրավաբանություն գոյություն չունի․ Միքայել Սրբազանի համար պահանջում են Գյումրու համայնքապետարանը՝ տոնածառի շուրջ բարձրացած աղմուկի մասին Համբարձումյանի նկատմամբ պատիժներ նշանակելով ցանկանում են համաներման ակտից օգտվելն անհնարին դարձնել Իշխանական ճնշումը բերում է պառակտում, ընդվզում, իսկ վերջում՝ օրինական կաթողիկոսի պարտադիր վերադարձ Ռեժիմն արտաքին օգնություն է խնդրել ընտրություններում հպարտ քաղաքացիներին հաղթելու համար. քաղաքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am