ՆԱՏՕ-ն ընդլայնվում է. Մոսկվան ու Անկարան դեմ են, բայց Էրդողանը «առևտուր» կանի
Ֆինլանդիան և Շվեդիան պաշտոնապես դիմեցին ՆԱՏՕ-ին անդամակցության համար
Ֆինլանդիան և Շվեդիան այսօր ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ են ներկայացրել դաշինքի կենտրոնակայան։ Պաշտոնական արձագանքը սպասվում է մի քանի շաբաթից։ Համաձայն կանոնների՝ դաշինքին նոր անդամի միանալու համար անհրաժեշտ է բոլոր դաշնակիցների միաձայն հավանությունը։ Դրական որոշման դեպքում վավերացման ընթացակարգը, դիվանագետների կարծիքով, կարող է տևել մոտ մեկ տարի։
Սկանդինավյան երկու պետությունների՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ֆորմալ գործընթացի մեկնարկի առջև վերջին խոչընդոտները վերացան այս շաբաթասկզբին։ Ըստ «Ազատության», երկուշաբթի անդամակցության գործընթաց սկսելու օգտին քվեարկեց Շվեդիայի խորհրդարանը՝ Ռիկսդագը։ Երեկ երեկոյան էլ քվեների 188 կողմ և 8 դեմ հարաբերակցությամբ ՆԱՏՕ-ին անդամակցության գործընթաց սկսելու օգտին արտահայտվեց Ֆինլանդիայի խորհրդարանը։
Արևմտյան մայրաքաղաքներից արդեն իսկ հայտարարություններ են հնչում, որ սրընթաց փոփոխվող աշխարհաքաղաքական իրողությունների՝ նախևառաջ Ռուսաստան-Արևմուտք հակամարտության ֆոնին, Շվեդիան և Ֆինլանդիան պետք է որքան հնարավոր է արագորեն անդամակցեն Հյուսիսատլանտյան դաշինքին։ «Հստակ է, որ թե' ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, թե' որպես Եվրամիության անդամ բարեկամ և գործընկեր երկրներ մենք պարտավորություններ ունենք Շվեդիայի և Ֆինլանդիայի առջև։Երկու երկրներն էլ կարող են վստահ լինել, որ այս իրավիճակում կարժանանան մեր աջակցությանը», - ըստ «Ազատության» նախօրեին հայտարարեց Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը։
Սկանդինավյան երկրների առջև ծառացած գլխավոր խոչընդոտը, սակայն, ՆԱՏՕ-ի ամենաազդեցիկ անդամներից մեկի՝ Թուրքիայի առարկություններն են։ Պաշտոնական Անկարան սպառնում է օգտվել վետոյի իրավունքից՝ մատնանշելով այն հանգամանքը, որ թե՛ Շվեդիան և թե՛ Ֆինլանդիան չեն շտապում Թուրքիային արտահանձնել ահաբեկչական կառույցների հետ առնչություններ ունեցող անձանց։ Խոսքը Քրդական բանվորական կուսակցության (PKK) և իսլամիստ քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի Սկանդինավիայում բնակվող աջակիցների մասին է։ Բեռլինում, այդուհանդերձ, հույս ունեն, որ Թուրքիայի կոշտ մոտեցումն ի վերջո կփոխվի։ «Ինչպես և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, ես ևս վստահ եմ՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության պրոցեսը բավական արագ կընթանա։ Դրան նպաստելու է ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրների՝ այդ թվում Թուրքիայի աջակցությունը։ Դրա հավանականությունը շատ մեծ է, քանի որ մենք արդեն տեսել ենք, թե ինչպես է գործում Թուրքիան, ինչպես է ստեղծված իրավիճակում բազմաթիվ կառուցողական առաջարկներով հանդես գալիս», - հայտարարում էր Գերմանիայի դաշնային կանցլերը։
«Թող նեղություն չքաշեն ու մեզ համոզելու չգան». Թուրքական արձագանք
«Թող նեղություն չքաշեն ու մեզ համոզելու չգան», - նախօրեին ասել է նախագահ Էրդողանը՝ արձագանքելով Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո դաշինքին անդամակցելու ցանկություն հայտնած Ֆինլանդիայի և Շվեդիայի հայտարարություններին։ «Ասում են՝ երկուշաբթի Թուրքիա են գալու: Գալու են մեզ համոզելու։ Կներեք, բայց թող նեղություն չքաշեն: Նախ և առաջ մենք չենք կարող այո ասել նրանց անդամակցությանը ՆԱՏՕ-ին այն դեպքում, երբ նրանք Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառում: Այդ դեպքում ՆԱՏՕ-ն այլևս չի լինի անվտանգային կառույց, կվերածվի ահաբեկիչների կենտրոնացման տեղի: Հնարավոր չէ հավանություն տալ սրան: Ներեցեք, բայց մենք նույն թակարդը կրկին չենք ընկնի», - ասել է Էրդողանը:
Չնայած Անկարայի բացահայտ առարկությանը, այսօր Շվեդիայի արտգործնախարարը արդեն ստորագրել է ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտը: Իսկ այցով Շվեդիայում գտնվող Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստոն այդ երկրի խորհրդարանում ասել է, թե լավատեսական է տրամադրված և վստահ է, թե կկարողանան համաձայնության գալ Թուրքիայի հետ: «Մենք հիմա ընդհանուր մարտահրավերի առաջ ենք: Վերջին մի քանի օրվա ընթացքում Թուրքիայից հնչող հայտարարությունները շատ արագ փոխվեցին՝ դառնալով ավելի կոշտ: Սակայն համոզված եմ, որ կկարողանանք հարթել իրավիճակը կառուցողական քննարկումների ճանապարհով», - ասել է Նինիստոն: Նա հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ի բոլոր երկրները կաջակցեն իրենց անդամակցությանը, և գործընթացը կարճ ժամանակում կավարտվի:
Թուրքիայի նախագահը, սակայն, դեռ անցած շաբաթ էր հայտարարել, որ Անկարան չի աջակցում Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու Ֆինլանդիայի և Շվեդիայի մտադրությանը և նույնիսկ ակնարկել, թե կարող է վետոյի իրավունքով արգելափակել այդ գործընթացը: Ռեջեփ Թայիփ Էրդողանն սկանդինավյան երկրներին մեղադրել էր քուրդ զինյալներին և Թուրքիայում ահաբեկիչ համարվող այլ անձանց ապաստանելու համար և այդ պետություններն անվանել «ահաբեկչական կազմակերպությունների հյուրատուն»:
Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը այսօր պնդել է, թե մինչ օրս Ֆինլանդիան ու Շվեդիան Թուրքիային ոչ մի ահաբեկիչ չեն արտահանձնել, միայն սին խոստումներ են տվել: Վերջին հինգ տարում Անկարան այդ երկրներից պահանջել է արտահանձնել 33 մարդու, որոնք, ըստ թուրքական կողմի, առնչություն ունեն գյուլենական շարժման և քրդական զինված խմբավորումների հետ:
ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան վետոյի իր իրավունքը չկիրառելու համար Հելսինկիի և Ստոկհոլմի առաջ պայմաններ է առաջ քաշում՝ «դադարեցնել իրենց երկրներում ահաբեկչական խմբավորումների աջակցությունը», «ապահովել անվտանգության հստակ երաշխիքներ», «չեղարկել Թուրքիայի արտահանման արգելքները»:
Հյուսիսատլանտյան դաշինքը անդամ մյուս երկրները չեն առարկում Ռուսաստանի սկանդինավյան հարևանների անդամակցությանը։ Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը այսօր հույս է հայտնել, որ ռազմական դաշինքի անդամ երկրները կկարողանան հաղթահարել տարաձայնությունները և կաջակցեն Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությանը:
Օրերս նույն կարծիքն էր հայտնել նաև ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: Իսկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր. - «Թուրքիան կարևոր դաշնակից է, և պետք է փարատել անվտանգության հետ կապված Անկարայի մտահոգությունները; Վստահ եմ, որ կկարողանանք փոխզիջման հասնել, համաձայնության գալ, թե ինչպես առաջ շարժվել այս հարցում»:
Թուրքիայից բացի, Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հարցում բացասական դիրքորոշում ունի նաև Ռուսաստանը, որն Ուկրաինա էր ներխուժել նաև ՆԱՏՕ-ին անդամակցելու Կիևի ցանկությանն ի պատասխան։ Մոսկվան հայտարարում է, թե սկանդինավյան հարևանների որոշման հետ խնդիր չունի, բայց Ռուսաստանը պատասխան քայլեր կձեռնարկի այդ երկրների տարածքներում դաշինքի ռազմական ենթակառուցվածքների ընդլայնման պարագայում։
Հիմնադրումից ի վեր, 73 տարվա ընթացքում ռազմական դաշինքի անդամների թիվը հասել է 30-ի: Վերջինը կառույցին միացել է Հյուսիսային Մակեդոնիան՝ 2020 թվականին։ Արևմտյան մամուլը գրում է, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի դիմումի հաստատման դեպքում անդամակցության վավերացումը բոլոր անդամ երկրների կողմից կարող է մինչև մեկ տարի տևել։
Թուրքիայի ախորժակը բացվել է
Թեև պաշտոնյաները հայտարարել են, որ Թուրքիան չի պատրաստվում սակարկել Ֆինլանդիայի և քրդական հակամարտության հանդեպ Շվեդիայի դիրքորոշման շրջանակներից դուրս եկող հարցերի շուրջ, Անկարայի հավակնությունները ՆԱՏՕ-ի հանդեպ խորն են, և նրա ցանկությունների ցանկը երկար է, ըստ News.am-ի, գրում է Bloomberg-ը: «Թուրքիան ուզում է, որ իրեն կրկին ընդգրկեն F-35 կործանիչների ծրագրում, որից դուրս է մնացել Ռուսաստանից Ս-400 հակահրթիռային պաշտպանության համակարգեր ձեռք բերելուց հետո։
Նա նաև ԱՄՆ-ից պահանջել է մեկ տասնյակ F-16 ինքնաթիռներ և արդիականացման կոմպլեկտներ իր գոյություն ունեցող պարկի համար: Ավելին, Թուրքիան ցանկանում է, որ ԱՄՆ-ը չեղարկի Ս-400-ների գնման համար նախատեսված պատժամիջոցները։
Պաշտոնյաները հերքել են այն գաղափարը, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի միանալուն Թուրքիայի դիմադրությունը որևէ կապ ունի Ռուսաստանի հետ նրա կապերի կամ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բարեկամության հետ:
Աղբյուրները նաև հերքել են, որ ՆԱՏՕ-ի գամբիտը կապված է ներքին քաղաքականության հետ՝ հերքելով այն առաջարկությունները, թե քրդական հարցը համաշխարհային հարթակ դուրս բերելը նպատակ ունի օգուտ բերել Էրդողանին՝ հաջորդ տարի նախատեսված ընտրություններից առաջ ազգայնականների աջակցության հաշվին: Պաշտոնյաներն ասում են, որ Թուրքիան իր ազգային շահերին համահունչ արտաքին քաղաքականություն է վարում և կհամաձայնի ՆԱՏՕ-ի ընդլայնմանը, եթե սկանդինավյան երկրների վերաբերյալ իր արտահայտած մտահոգությունները բավարարվեն:
Թուրքիան նաև ուզում է, որ Շվեդիան և Ֆինլանդիան չեղարկեն զենքի արտահանման սահմանափակումները, որոնք նրանք սահմանել էին Թուրքիայի և Եվրամիության մի քանի այլ անդամների հետ՝ 2019 թվականին Սիրիա ներխուժումից հետո: Թեև երկու երկրների հետ Թուրքիայի զենքի առևտուրը աննշան է, և նա չի ձգտում որևէ մեծ պաշտպանական գնումների, պաշտոնյաներն ասում են, որ Անկարան չի համաձայնի ռազմական դաշինքի ընդլայնմանն այն երկրների հետ, որոնք արգելափակում են զենքի գործարքները: Այդ մասին հրապարակայնորեն հայտարարել է արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ ասելով, որ սպառազինությունների սահմանափակումները դաշինքի «ոգու դեմ են»:
«Թուրքիան ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության համար 10 պայման է առաջադրել»
Թուրքիան պատրաստվում է Ֆինլանդիային և Շվեդիային, որոնք հայտարարել են ՆԱՏՕ-ի անդամ դառնալու մտադրության մասին, 10 պայմանից բաղկացած մանիֆեստ ներկայացնել, ըստ News.am-ի՝ գրել է Sabah թերթը։ Ինչպես գրել է թերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին, որպեսզի Թուրքիան այդ երկու երկրների հետ «դաշնակցային» հարաբերությունների մեջ գտնվի, պետք է կատարվեն Անկարայի տասը պայմանները։ Թերթի տվյալներով՝ խոսքը Ֆինլանդիայի և Շվեդիայի այն դիրքորոշումը հստակեցնելու մասին է, որը վերաբերում է Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցությունը և նրա «ածանցյալները» «ահաբեկչական կազմակերպություններ» համարելուն։
Թուրքիան, գրել է Sabah-ը, Շվեդիայից և Ֆինլանդիայից կպահանջի դադարեցնել իրենց խորհրդարաններում ընդունել այն կազմակերպությունների անդամներին, որոնց Անկարան համարում է ահաբեկչական, ինչպես նաև դադարեցնել քրդական կազմավորումների ֆինանսական աջակցությունը ԻՊ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի անվան տակ։
Անկարան, նշվել է հոդվածում, ՆԱՏՕ-ի թեկնածուներից կպահանջի խուսափել Քրդական աշխատավորական կուսակցության ղեկավար կազմի հետ շփումներից, ինչպես նաև դադարեցնել իսլամական քարոզիչ Ֆեթհուլա Գյուլենի՝ Թուրքիայում արգելված կազմակերպության «գործունեությունը»։
Թուրքիան Ստոկհոլմից և Հելսինկիից կպահանջի արագացնել իր տարածքում արգելված կազմակերպությունների հետախուզվող անդամների արտահանձնումը, ինչպես նաև չաջակցել «Թուրքիայի անվտանգության դեմ ցանկացած գործողության»։ Անկարան Շվեդիային և Ֆինլանդիային առաջարկում է «հանդես գալ այնպիսի մեխանիզմի ստեղծման համատեղ նախաձեռնությամբ, որը կսատարի կանոնավոր խորհրդակցությունների անցկացմանը և Թուրքիայի հետ սերտ համագործակցությանը ահաբեկչության դեմ պայքարում», գրել է թերթը։ Նրա տվյալներով՝ Թուրքիան կխնդրի «դադարեցնել ահաբեկչական կազմակերպություններին տրվող դրամական հոսքը, փակել նրանց բանկային հաշիվները սկանդինավյան երկրների տարածքում։
Մետաքսյա Շալունց