Պայթյուններ ՌԴ-ի սահմանամերձ շրջաններում, ռուսները զգուշացնում են՝ կհարվածեն «որոշում ընդունող կենտրոններին»

Պենտագոնի ղեկավարը հավատում է Ուկրաինայի հաղթանակին

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Գերմանիայի Ռամշտեյն ավիաբազայում ավելի քան չորս տասնյակ երկրների պաշտպանական բնագավառի ներկայացուցիչների հետ բանակցություններ վարեց Ուկրաինային ռազմական օգնությունը շարունակելու հարցով։ Օսթինը համոզմունք է հայտնել, որ Ուկրաինան կարող է հաղթել Ռուսաստանի սկսած պատերազմում։ «Ուկրաինան հստակ հավատում է, որ կարող է հաղթել պատերազմում, ինչպես և այստեղ գտնվող յուրաքանչյուրը»,- ըստ «Ազատության», ասել է նա: Հանդիպման բաց հատվածում մինչ լրագրողներին կխնդրեին հեռանալ դահլիճից, պենտագոնի ղեկավարն իր ելույթում ասել է, որ անհրաժեշտ է օգնել Ուկրաինային։ «Ուկրաինան հաղթելու համար մեր օգնության կարիքն ունի այսօր, և նրանք մեր օգնության կարիքը կունենան նաև պատերազմից հետո։ Ուկրաինայի իմ ընկերնե՛ր, մենք գիտենք որքան ծանր է ձեզ համար, և դուք պետք է իմանաք, որ մենք բոլորս կանգնած ենք ձեր թիկունքին։ Դրա համար ենք մենք այսօր այստեղ՝ ամրապնդելու Ուկրաինայի ժողովրդավարության զինանոցը»,- ասել է նա։ Պենտագոնի ղեկավարն ու պետքարտուղար Էնթոնի Բլինքենը անցած կիրակի Կիևում բանակցել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

«Ռուսաստանի ագրեսիան անհիմն է, անխոհեմ և անօրինական», արձանագրում է Պենտագոնը

«Արևմուտքը ցանկանում է անդառնալի վնաս պատճառել Ռուսաստանին»

Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովն Առաջին ալիքի հեռուստաեթերում հանդես է եկել Ուկրաինայի և միջազգային այլ թեմաների շուրջ ծավալուն մեկնաբանություններով: Պնդելով, որ Ռուսաստանը շարունակելու է հետևողականորեն իրագործել «հատուկ ռազմական օպերացիայի» նպատակները, նա նշել է, թե, այնուամենայնիվ, ինչ-որ փուլում համաձայնագիր է կնքվելու: «Ուկրաինայում այսօրվա իրավիճակը կավարտվի պայմանագրով, բայց դրա չափանիշները կհստակեցվեն ռազմական գործողություններով հաստատված կացությամբ»,- ըստ «Ազատության», ասել է նախարարը: Օրերս նա մասնակցել է աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված «Մեծ խաղ» հեռուստահաղորդաշարի թողարկմանը: Լավրովի համոզմամբ, Արևմուտքն Ուկրաինայի պատերազմն օգտագործում է Ռուսաստանին հնարավորինս ծանր և անդառնալի վնաս պատճառելու նպատակով: Սերգեյ Լավրովի խոսքով, Արևմուտքի լիդերներն ասում են, թե պետք է ամեն ինչ անել, որ «Ռուսաստանը չհաղթի, որ նախագահ Վլադիմիր Զելենսկին հաղթի նախագահ Վլադիմիր Պուտինին»:

Արտգործնախարարը մեջբերումներ է արել, հիշեցնելով, թե Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ասել է, որ «Ռուսաստանը պետք է պարտվի», իսկ Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն էլ ասել է, թե «հաղթանակը պետք է մարտի դաշտում ապահովվի»: «Նրանք մտածում են, թե մեկ էլ տեսար Զելենսկու մոտ կստացվի, և հանկարծ ուկրաինացիները կհաղթեն և ռուսներին կպարտադրեն ողորմություն աղերսել և ընդունել խաղաղություն հաստատելու շատ ավելի ծանր պայմաններ, այդպիսի բաներ են մտածում Արևմուտքում»,- ասել է Սերգեյ Լավրովը:

«Բանակցությունների և դեմոկրատիայի ձևացում»

Նա մատնանշել է նաև որոշակի նմանություն նախագահ Զելենսկու և վարչապետ Ջոնսոնի գործելակերպում: Ըստ նախարարի, խոսքը հանրության ուշադրությունը գրավելու նպատակով ինչ-որ բան ձևացնելու, օրինակ, բանակցություններին, իբրև թե, մասնակցելու պատրանքի մասին է: «Դա КВН է, հասկանո՞ւմ եք, բանակցությունների ձևացում, դեմոկրատիայի ձևացում, գործնականում՝ դեմոկրատիայի չեղարկում և արմատականների բռնապետություն»,- ասել է Լավրովը: Արտգործնախարարի պնդմամբ, Զելենսկին է թաղել Մինսկյան գործընթացը, հրաժարվել է կատարել նաև Նորմանդյան ձևաչափով ձեռք բերված պայմանավորվածությունները: «Նա ընդամենը պետք է Դոնբասի հատուկ կարգավիճակի օրենք ստորագրեր, ուրիշ ոչինչ, դա էլ չարեց և հետո երեք տարի գանգատվեց, թե Մոսկվան չի կատարում Մինսկի համաձայնությունը»,- ասել է Լավրովը:

«Միջուկային պատերազմն անընդունելի է, բայց վտանգը կա»

Լավրովը խոսել է նաև ամբողջ աշխարհին մեծ մտահոգություն պատճառող միջուկային պատերազմի վտանգի մասին: Նա նշել է, որ այս տարվա հունվարին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր հինգ մշտական անդամները ստորագրել են հայտարարություն, որով անընդունելի են հռչակել միջուկային պատերազմը: «Դա մեր սկզբունքային դիրքորոշումն է, և հիմա, երբ վտանգները բավական էական են, չէի ցանկանա, որ դրանք արհեստականորեն ուռճացվեն, իսկ նման բան ցանկացողները կան: Միջուկային պատերազմի վտանգը լուրջ է, իրական է, այն չի կարելի թերագնահատել»,- ասել է Լավրովը:

«Ուկրաինայի վիճակը՝ ՆԱՏՕ-ի ընդարձակման հետևանք է»

Ռուսաստանի արտգործնախարարն Ուկրաինայի խնդիրը քննարկել է Մոսկվա այցելած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Հանդիպման մեկնարկին գլխավոր քարտուղարն ասել է, թե պետք է ամեն ինչ անել Ուկրաինայում կրակը դադարեցնելու և խաղաղ կարգավորում գտնելու համար: Լավրովը նրան ասել է, թե Ուկրաինայում ստեղծված իրավիճակը մեծավ մասամբ ՆԱՏՕ-ի անսահման ընդարձակման հետևանք է: «Դա տեղի է ունեցել ՆԱՏՕ-ն անընդհատ ընդարձակելու և միաբևեռ աշխարհ ստեղծելու մեր ամերիկացի գործընկերների վարած քաղաքականության արդյունքում»,- ասել է Լավրովը:

ԱՄՆ Պետդեպը հավանություն է տվել Ուկրաինային 165 մլն դոլարի զենքի վաճառքին
Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լոյդ Օսթինի փոխանցմամբ, դաշնակիցներն ընդհանուր հաշվով ավելի քան 5 միլիարդ դոլարի ռազմական օգնություն են տրամադրել Ուկրաինային: Դա ներառում է 3 միլիարդ 700 միլիոնի օգնությունը, որը Միացյալ Նահանգները խոստացել է պատերազմի մեկնարկից ի վեր:

Գերմանիան որոշեց լուրջ զենք տրամադրել Ուկրաինային

ՆԱՏՕ-ի բոլոր երկրներն իրենց ուժերի սահմաններում օգնում են Եվրոպային: Գերմանիան անցած տասնամյակների ընթացքում տնտեսական սերտ կապեր է հաստատել Ռուսաստանի հետ և ունի լուրջ կախվածություն ռուսական բնական գազից: Այդ հանգամանքների բերումով գերմանացիները որոշակի վերապահումներ են դրսևորել Ռուսաստանի նկատմամբ ավերիչ պատժամիջոցներ սահմանելու կամ Ուկրաինային ծանր զինատեսակներ տրամադրելու հարցում: Եվ ահա, Բեռլինում որոշել են հաղթահարել այդ բարդույթը: Գերմանիան մտադիր է Gepard տեսակի հակաօդային պաշտպանության համակարգեր տրամադրել, քննարկվում է նաև Marder և Leopard տեսակի զրահամեքենաներ և հրասայլեր Ուկրաինայի բանակին փոխանցելու հնարավորությունը:

«Ռուսաստանի ագրեսիան անհիմն է, անխոհեմ և անօրինական»

Պենտագոնի ղեկավարի համոզմամբ, Ուկրաինան այս պատերազմում պաշտպանում է դեմոկրատիան, ինքնիշխանությունը և իր քաղաքացիներին: Պատերազմի արդյունքը կենսական նշանակություն կունենա ոչ միայն Ուկրաինայի, այլ ամբողջ Եվրոպայի համար: «Ռուսաստանի ագրեսիան անհիմն է, անխոհեմ է և անօրինական, այն հակասում է միջազգային իրավակարգին, դա մարտահրավեր է աշխարհի բոլոր ազատ մարդկանց: Բայց ինչպես տեսանք այսօր առավոտյան, բարի կամքով առաջնորդվող պետությունները միավորվել են իմպերիալիստական Ռուսաստանի դեմ պայքարում Ուկրաինային սատարելու համար: Եվ այդպես էլ պետք է լիներ»,- ասել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը:

ԱՄՆ Պետդեպը հավանություն է տվել Ուկրաինային 165 մլն դոլարի զենքի վաճառքին

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ հավանություն է տվել 165 միլիոն դոլար արժողությամբ նախկին «Վարշավայի պայմանագրի» զինամթերքի և այլ ոչ ստանդարտ սպառազինության վաճառքին Ուկրաինային: Պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալությունը հավանություն է տվել հնարավոր վաճառքին և ծանուցում է ուղարկել Կոնգրեսին: Օրենսդիրները կարող են արգելափակել վաճառքը: Լեհաստանն էլ տանկեր է ուղարկել Ուկրաինա, հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին՝ չմանրամասնելով։ Ուկրաինան բազմիցս հորդորել է Արևմուտքին շտապ մատակարարել լրացուցիչ սպառազինություն, հատկապես ծանր տեխնիկա։ «Այո», - պատասխանել է Մորավեցկին այն հարցին, թե Լեհաստանը տանկեր ուղարկե՞լ է, թե՞ կուղարկի Ուկրաինա: Նա հրաժարվել է մանրամասներ հաղորդել, այդ թվում՝ ուղարկված տանկերի քանակի վերաբերյալ:

Ռուս զինվորականները զգուշացնում են՝ կարող են հարվածել «որոշում ընդունող կենտրոններին» Կիևում

Ռուս զինվորականները նախազգուշացրել են, որ կարող են հարվածել ուկրաինական «որոշում ընդունող կենտրոններին» Կիևում՝ վստահեցնելով, թե իրենց չի խանգարի այնտեղ արևմտյան խորհրդականների հնարավոր ներկայությունը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մեղադրել է Մեծ Բրիտանիային հայտարարություններ անելու մեջ, որոնք խրախուսում են Ուկրաինային օգտագործել արևմտյան զենքը ռուսական տարածքին հարվածներ հասցնելու համար, և նախազգուշացրել է, որ եթե դա տեղի ունենա, ռուս զինվորականները կարող են թիրախավորել կառավարական կառույցները Կիևում։ Նախարարությունն ուղղակիորեն մատնանշել է Մեծ Բրիտանիայի զինված ուժերի նախարար Ջեյմս Հիփին, ով Times Radio-ին ասել է, որ եթե Ուկրաինային տրամադրված բրիտանական զենքը օգտագործվի ռուսական տարածքում թիրախները խոցելու համար, ապա «պարտադիր չէ, որ դա խնդիր դառնա»: Ռուսաստանի ռազմական գերատեսչության հայտարարությունում ասվում է, որ «ռուսական զինված ուժերը շուրջօրյա պատրաստության մեջ են՝ Կիևում համապատասխան որոշումների կայացման կենտրոններին հեռահար ճշգրիտ ուղղորդված պատասխան հարվածներ հասցնելու համար»: Մինչ այժմ ռուս զինվորականները խուսափում էին հարվածներ հասցնել Կիևում կառավարական և ռազմական գերատեսչությունների շենքերին:

Պայթյուններ Ռուսաստանի սահմանամերձ շրջաններում, հրդեհ Բելգորոդի զինամթերքի պահեստում

Գիշերը մի շարք պայթյուններ են տեղի ունեցել Ռուսաստանի Բելգորոդի մարզում, որոնց հաջորդել է հրդեհ Ստարայա Նելիդովկա գյուղի մոտ գտնվող զինամթերքի պահեստում։ Հրդեհն արդեն մարվել է, տուժածներ չկան: Մոտավորապես նույն ժամանակ պայթյուններ են հնչել Կուրսկի մարզում, նահանգապետը հաղորդել է, որ գործել է հակաօդային պաշտպանության համակարգը (ՀՕՊ)։ Նրա խոսքով՝ զոհեր և ավերածություններ չկան։

Վորոնեժի շրջանի իշխանություններն էլ հայտնել են, որ ՀՕՊ համակարգը Վորոնեժի մոտ խոցել է «փոքր չափի հետախուզական անօդաչու թռչող սարք»։ Ուկրաինա ռուսական ներխուժման սկզբից ի վեր Ռուսաստանի սահմանամերձ շրջանների իշխանությունները պարբերաբար հաղորդում են հրետակոծությունների մասին և մեղադրում Կիևին:

«Առաջիկա 1,5-2 տարում Ռուսաստանը շատ բարդ վիճակում կլինի»

Ռուսաստանի Հաշվիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինի փոխանցմամբ՝ առաջիկա մեկուկես-երկու տարիների ընթացքում Դաշնությունը շատ բարդ վիճակում կլինի: Այդ մասին, ըստ «Ազատության», Կուդրինն ասել է Սանկտ Պետերբուրգում գումարված Օրենսդիրների խորհրդի նիստում: Նրա փոխանցմամբ, սղաճը 2022-ին կկազմի ավելի քան 20 տոկոս, իսկ 2023-ին՝ ավելի քան 6 տոկոս: Արևմտյան պատժամիջոցների պայմաններում տնտեսությանը սատարելու համար արդեն այս տարվա ընթացքում կպահանջվի ավելի քան 6 տրիլիոն ռուբլի: Տնտեսական անկումը կհասնի գրեթե 9 տոկոսի: Սղաճի հիմնական պատճառն Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման կապակցությամբ Արևմուտքի կողմից սահմանված սանկցիաների ազդեցությունն է: Այս տարվա մարտի սկզբին Ռուսաստանի Կենտրոնական բանկը հարցում է անցկացրել վերլուծաբանների շրջանում: Դրա արդյունքների համաձայն՝ Ռուսաստանի համախառն ներքին արդյունքը 2022-ին կնվազի 8 տոկոսով, իսկ տնտեսության աճը 2023-ին կկազմի 1 տոկոս:

Ռուսաստանը դադարեցրեց գազի առաքումը Լեհաստան և Բուլղարիա

Ռուսական «Գազպրոմ»-ը Լեհաստանին և Բուլղարիային ծանուցել է, որ այսօրվանից դադարեցնում է բնական գազի մատակարարումը։ Այդ մասին հաղորդել են եվրոպական երկու պետությունները։ Լեհաստանն ու Բուլղարիան առաջին երկրներն են, որոնց ռուսական գազի առաքումը դադարեցվում է։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պահանջել է, որ այն երկրները, որոնց Ռուսաստանը համարում է ոչ-բարեկամական, համաձայնեն սխեմային, որը պահանջում է «Գազպրոմբանկ»-ում բացել հաշիվներ և վճարումներ կատարել ռուսական գազի ներկրման համար եվրոյով կամ դոլարով, որն այնուհետև կվերածվի ռուբլու: Լեհաստանը բազմիցս հայտարարել է, որ չի կատարելու Ռուսաստանի պահանջները վճարումների նոր սխեմայի վերաբերյալ: Բուլղարիան հայտարարել է, որ քայլեր է ձեռնարկում գազի այլընտրանքային աղբյուրներ գտնելու համար, և այս պահին սպառողների համար սահմանափակումներ չեն նախատեսվում։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4207 անգամ
Լրահոս
Ադրբեջանը երբեք թույլ չի տա, որ իր տարածքն օգտագործվի Իրանի դեմ հարված հասցնելու համար. Բայրամովը՝ Արաղչիին Եվրոպան բորբոքում է Իրանի դեմ պատերազմի կրակը. Արաղչի Ձեզ մաղթում եմ նույնպիսի «ժողովրդավարություն» ձեր երկրներում, ինչպիսին այսօր կա Հայաստանում. Բագրատ Սրբազանը՝ ԵԽԽՎ–ին Վենեսուելայի օդային տարածքը շուտով կբացվի. Թրամփ Մասնակիցների 7 պորտը ստուգել են․ «Հրապարակ» Իշխող ՔՊ-ն անցնում է շտաբային ռեժիմի․ հրահանգը իջեցված է. «Ժողովուրդ» Որքան հարկ է վճարել երգչուհի Սիրուշոն 2025 թվականին. «Ժողովուրդ» Կոնջորյանի առանձնատան գործարքի համար փաստաթղթեր են պահանջել. բացառիկ. «Ժողովուրդ» Եռաբլուրում զոհվածների ծնողները շան լափ են թափել դիպուկահարների գլխին․ «Հրապարակ» Հայկ Սարգսյանը կհայտնվի մեղադրյալի աթոռին․ «Հրապարակ» Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը բարելավվել է․ դուստրը մանրամասներ է հայտնել Ինչ խնդրի առաջ է հայտնվել ՔՊ-ն և նրա թիկունքում գտնվող «հզոր ուժերը»․ քաղաքագետ Այս հունվարը Մոսկվայում վերջին 200 տարվա ընթացքում ամենաձյունառատն է Փաշինյանի այսօրվա բրիֆինգից հետո կրկին կարիք կա անդրադառնալու նրա քարոզչական հիմնական թեզին Բաքվի նոր հայտնագործությունը՝ «նրանք վիկինգների, էտրուսկների, տրոյացիների նախնիներն են» Լույսը կյանք է․ Աստված ասաց՝ «Եղիցի լույս»․ լուսավորեք և՛ ձեր, և՛ ուրիշների ճանապարհը․ Վարդանյան Որևէ մեկը չի կարող արգելել պատմական հայրենիք համարել Տրապիզոնն ու Վանը․ Շարմազանով Հակաuանիտարական ու գարշահnտ վիճակ է Հրազդան քաղաքի մի ամբողջ թաղամասում Անհայտ կորած զինծառայողների ընտանիքները կշարունակեն 300 հազար դրամ աջակցություն ստանալ Հունգարիան թույլ չի տա, որ ռուսական նավթի և գազի արգելքը ներառվի ԵՄ 20-րդ պատժшմիջոցների փաթեթում․ Սիյարտո Երկիրն ուղղակի գժանոցի են վերածել Ուկրաինան այժմ ի վիճակի է մշակել հեռահար հրթիռային համակարգեր, որոնք ավելի լավն են, քան նախորդ տարիներին Եվրոպայում առաջարկված և քննարկված որոշ համակարգեր․ Մերց Ես պատրաստ եմ հենց հիմա ինձ մեղավոր ճանաչել, եթե Ալեն Սիմոնյանն էլ դառնա մեղադրյալ. Նարեկ Սամսոնյան Արագածոտնի մարզում 15 ավտոմեքենայի մասնակցությամբ վթшրի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրшվորներից մեկը մшհացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am