Արցախի «օտարում»` Բրյուսելի կուլիսներում

Փաշինյանը երեկ երկօրյա աշխատանքային այցով մեկնեց Բրյուսել։ Կառավարությունից տեղեկացնում են՝ նախ սպասվում է առանձնազրույց Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, այնուհետև տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների ու Եվրոպական խորհրդի նախագահի եռակողմ հանդիպումը։

Դեռ նախորդ շաբաթ Փաշինյանը հայտարարել էր՝ Ալիևի հետ պատրաստվում է քննարկել հայ-ադրբեջանական խաղաղության բանակցությունների մեկնարկին վերաբերող հարցեր՝ շեշտելով՝ Հայաստանը պատրաստ է դրանց անհապաղ մեկնարկին: Նա նշել էր նաև՝ խաղաղության բանակցություններին Հայաստանը պատրաստ է՝ լրացրած առաջարկների հիմքի վրա՝ վերահաստատելով Հայաստանի համար Բաքվի ներկայացրած 5 կետանոց առաջարկում անընդունելի ոչինչ չկա։ Երևանը Բաքվի հինգ կետերը լրացրել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի քննարկման օրակարգով:

Առանձնացնելով տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը՝ Փաշինյանն ընդգծել էր. - «Հայաստանի համար ընդունելի է փոխադարձաբար տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության ճանաչման սկզբունքը»:
Երևանից հնչող Փաշինյանի նշյալ հայտարարությունները Ալիևը՝ «լավ նորություն» որակեց, ընդգծելով՝ Բաքուն արդեն կարգավորել է ղարաբաղյան հակամարտությունը ու պետք է շտապել՝ արագ համաձայնագիր ստորագրել։ Բրյուսելում նախատեսված հանդիպումից առաջ Ալիևը պնդել է՝ հիմա Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները կարգավորելու ժամանակն է։

Փորձագետները չեն բացառում, որ այսօրվա եռակողմ հանդիպմանն, այնուամենայնիվ, կստորագրվի փաստաթուղթ, որը ոչ թե համաձայնագիր կամ պայմանագիր կլինի, այլ համատեղ հայտարարություն։ Իսկ այս վիճակում հայտարարությունը կարող է վերաբերել կոմունիկացիաներին, նաև այնպիսի թեմաներին, ինչպիսիք են, օրինակ՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքը: Կան կարծիքներ, որ Հայաստանի իշխանությունը կարող է ստորագրել փաստաթուղթ, որով Արցախը որևէ կարգավիճակով՝ մշակութային ինքնավարության, կամ այլ ինքնավարության, կարող է ճանաչվել որպես Ադրբեջանի մաս:

Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները վերջին անգամ բանակցել էին մոտ մեկ ամիս առաջ՝ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի և Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ ու մասնակցությամբ։ Հանդիպումն անցել էր հեռավար ձևաչափով. ըստ պաշտոնական հաղորդագրությունների` կողմերը շարունակել էին դեկտեմբերին Բրյուսելում սկսված երկխոսությունը հաղորդակցության ուղիների և հումանիտար համագործակցության շուրջ։ Այդ բանակցություններից հետո ադրբեջանական կողմը վերադարձրել էր ևս 8 հայ գերիների։

Բրյուսելյան հանդիպումից առաջ Վաշինգտոնը երեկ կապ է հաստատել Փաշինյանի ու Ալիևի հետ: Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Կառավարության փոխանցմամբ՝ Փաշինյանը և Բլինքենն անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության աճին: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը, հումանիտար խնդիրները ու կարևորել ԱՄՆ-ի հասցեական արձագանքը: Կողմերը կարևորել են տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովումը՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կարևորությունը:

Անդրադարձ է կատարվել նաև վաղը Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպմանը:
Փաշինյանը և ԱՄՆ պետքարտուղարը, ըստ պաշտոնական հաղորդագրության, մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման, տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման հնարավորությունների, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացող երկխոսության շուրջ:

Անդրադարձել են նաև միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին, այդ թվում՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակին: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգային հարցերին և կարևորել տարբեր ոլորտներում երկկողմ փոխգործակցության հետագա զարգացումն ու ամրապնդումը: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին՝ ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ Հայաստանին աջակցություն ցուցաբերելու համար և նշել, որ ժողովրդավարության հետագա ամրապնդումը ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունն է:

Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել նաև Ադրբեջանի նախագահի հետ: Պետքարտուղարն ընդգծել է, որ այժմ տարածաշրջանում հետագա էսկալացիայի ժամանակը չէ։ Պետքարտուղարը աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա խաղաղ բանակցություններին, ներառյալ՝ ապրիլի 6-ին նախագահ Ալիևի ու Հայաստանի վարչապետ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի (Շառլ - խմբ.) հետ։ Նա հաստատել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է օգնություն ցուցաբերել՝ երկկողմ հիմունքներով փոխգործակցելով նաև համախոհ գործընկերների հետ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, որպեսզի օգնի երկրներին հասնել երկարաժամկետ համապարփակ խաղաղության։

Ինչպես տեսնում ենք, ԱՄՆ-ի պետքարտուղարը շեշտել է ԵԱՀԿ ՄԽ-ի ձևաչափը: Հետաքրքիր է, թե ո՞րն է այդ հարցում Ալիևի դիրքորոշումը, որը ամիսներ առաջ ԵԱՀԿ ՄԽ-ին ուղարկում էր՝ «թոշակի»:

Իսկ Ալիևը մինչ կմեկներ Բրյուսել՝ հաստատել է «Արևելյան Զանգեզուրի» և Նախիջևանի միջև Իրանով տրանսպորտային հաղորդակցության հուշագիրը, այն այսպես է կոչվում՝ «Ադրբեջանի և Իրանի կառավարությունների միջև Ադրբեջանի Արևելյան Զանգեզուր տնտեսական շրջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային նոր կոմունիկացիաների ստեղծման մասին» հուշագիրը: Հուշագիրը ստորագրվել էր մարտի 11-ին ադրբեջանա-իրանական տնտեսական, առևտրային և մարդասիրական գործակցության հարցերով հանձնաժողովի արդյունքում: Հուշագրի նպատակն է կառուցել նոր երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցություն Նախիջևանից, ինչպես նաև կապի և էլեկտրամատակարարման գծեր Իրանի տարածքով:
Այսպիսով, Ալիևն արդեն «իրավական հիմք» է ստեղծում Հայաստանի նկատմամբ իր տարածքային պահանջների համար՝ միջպետական փաստաթղթում ամրագրելով «Արևելյան Զանգեզուր» անվանումը։ Հիշեցնենք, որ անվանումը ստեղծվել է 44-օրյա պատերազմից հետո՝ Հայաստանի Սյունիքի մարզով միջանցք ստանալու Ադրբեջանի փորձերի համատեքստում։ Նախագծի շրջանակներում նախատեսվում է չորս կամուրջ, երկու ճանապարհ և երկու երկաթուղի, ինչպես նաև կապի և էլեկտրամատակարարման ենթակառուցվածքներ կառուցել։ Ճանապարհի երկարությունը կկազմի 55 կմ։
Նախօրեին, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում: Նրանք հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները։ «Կողմերը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում ընթացիկ իրավիճակի, այդ թվում՝ եռակողմ հայտարարությունների իրականացման շուրջ, քննարկել են նաև իրավիճակը Ուկրաինայում», - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրությունում։

Օրերս նաև Թուրքիայի իշխանությունների հետ Հարավային Կովկասին վերաբերող հարցերն է քննարկել պաշտոնական այցով Անկարայում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը։ Վիկտորիա Նուլանդը Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընի հետ հանդիպման ընթացքում, ըստ թուրքական կողմի, «քննարկել է այնպիսի հարցեր, ինչպիսիք են Սիրիան, Ադրբեջանը, Հայաստանը և Իսրայելը, էներգետիկ անվտանգությունը, պաշտպանական համագործակցությունը, երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերությունները»։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3849 անգամ
Լրահոս
Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան Մակրոնը չի ընդունել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրաժարականը «Ավինյանի պապան Երևանի մուտքի մոտ վիզա կխփի` մուտքը՝ 10 հազար դրամ»․ Գառնիկ Դանիելյան (video) Ադրբեջանում երկրաշարժ է եղել Սրանց ձեռքով՝ պատերազմը շարունակվում է․ Գերասիմ Վարդանյան (video) Լենա Նազարյա՛ն, խոսա՛․ իմ ներկայությամբ մատերդ քցել էիր, որ Արմեն Սարգսյանի աչքերը հանես․ Զոհրաբյան (video) 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման համար նախատեսված դեղահաբը Ալիևը սպառնացել է Փաշինյանին․ նոր ավանտյուրա է հորինել Փաշինյանը․ Մանուկ Սուքիասյան (video) ԱԲ-ն դառնալու է «սպառազինությունների» նոր մրցավազք․ Հայաստանը պետք է պատրաստվի նոր մարտահրավերներին Սևանա լճի աղտոտում և հողերի դեգրադացում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Դատախազություն Ամուլսարի հարցով ընթացող դատեր կան, ռիսկերի մասին խոսողներից 6 մլն դրամ են պահանջում (video) «ՖԼԵՇ»-ը շուրջ 28 մլն դրամի տուգանքի կենթարկվի Դատավարության մասնակցի լիազորությանը խոչընդոտելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է Դե խոսացե՛ք․ Ալիևը հայտարարել է՝ ես կարող էի գրավել Երևանը․․․ Նաիրա Զոհրաբյան (video) ՀԱՍԵ-ն Վաղարշապետի համայնքապետից պահանջում է անվավեր ճանաչել 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշումը Եկեղեցու դեմ արշավ, սեփական ազգի դեմ պայքար․ Հարություն Աղա-Սարգսյան Իվանովոյի նորաօծ եկեղեցուն թեմակալ առաջնորդն ընծայաբերեց Աստվածաշունչ մատյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am