Խառը ժամանակներ. Հավաքվում են Էրդողանի մոտ, մինչ այդ՝ Փաշինյանը Փարիզում է

Փաշինյանը Փարիզում է, ի՞նչ է ուզում Մակրոնը

Ռուսաստան-Արևմուտք աննախադեպ սրված հարաբերությունների ֆոնին, Ֆրանսիայի նախագահի հրավերով՝ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Փարիզ, որտեղ բանակցություններ է վարելու նախագահ Էմանյուել Մակրոնի հետ։

Երեկ երեկոյան տեղեկացնելով, որ Հայաստանի կառավարության ղեկավարը մարտի 8-9-ը աշխատանքային այցով Ֆրանսիայում է լինելու՝ վարչապետի մամուլի ծառայությունը մանրամասնում է. - «Այցի շրջանակում վարչապետը հանդիպում կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ:

Այնուհետև երկու երկրների առաջնորդները Փարիզում կմասնակցեն «Հավակնություններ՝ Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համաժողովին: Միջոցառման ընթացքում Հայաստանի ու Ֆրանսիայի կառավարությունների անդամները կքննարկեն տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Համաժողովին ելույթներ կունենան վարչապետ Փաշինյանը և նախագահ Մակրոնը»:

Արդեն մի քանի օր է, ինչ փորձագետները Մակրոնի հրավերը և Փաշինյանի մեկնելը դիտարկում են երկու հարթության համատեքստում․ ապրիլին Ֆրանսիայում նախագահական ընտրություններ են, նախընտրական քարոզարշավը կարևոր շրջան է մուտք գործել, և Էմանյուել Մակրոնը, բնականաբար, նպատակ ունի շահել նաև ֆրանսահայերի քվեները։

Մյուս կողմից աննախադեպ լարում կա Եվրոպայի և Ռուսաստանի մեջ, որը փորձագետներն անվանում են՝ «Սառը պատերազմ, մաս 2», կամ «Սառը պատերազմ 2»:

Նշվում է, որ Եվրոպան այլևս երկարաժամկետ պլանավորման է գնում։ Հետևաբար, Եվրոպական միությունը և դրա առաջատար երկրները պետք է որոշակի ներկայություն ունենան բոլոր տարածաշրջաններում, որոնք որ կենսական կարևորություն ունեն Ռուսաստանի համար, դրանցից առաջինը Հարավային Կովկասն է, իսկ Հարավային Կովկաս մուտք գործելու համար Ֆրանսիայի համար ամենահարմար պետությունը Հայաստանն է։

Մոտ մեկ շաբաթ առաջ, Հայաստանի ու Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ վարչապետ Փաշինյանին հղած ուղերձում նախագահ Մակրոնը, Փարիզ հրավիրելով Փաշինյանին և խոսելով սպասվող հանդիպման մասին, միաժամանակ ընդգծել էր, որ երկխոսության այս հարթակի նպատակը դեպի ապագա ուղղորդելն է և այն հնարավորություն կընձեռի նախանշել երկարաժամկետ կառուցվածքային նախագծեր՝ նպաստելու Հայաստանի զարգացմանը։ «Կարող եք ապավինել Ֆրանսիայի վճռական մոբիլիզացմանը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում՝ հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորման նպատակով դեէսկալացիոն միջոցառումների ընդունմանը և իրականացմանը», - գրել էր Մակրոնը։

Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերին Երևան ժամանեցին Ֆրանսիայի նախագահի միանգամից երկու թեկնածուներ։ Նախ՝ Էրիկ Զեմուրը, այնուհետև՝ Վալերի Պեկրեսը, ով այցելեց նաև Ստեփանակերտ։

Վերջին տասնամյակում առաջին բարձրաստիճան հայ պաշտոնյան Թուրքիա է մեկնում

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մի քանի օրից կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական երկրորդ ֆորումին, այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից՝ առանց այլ մանրամասների, թե ֆորումի ընթացքում նախատեսվո՞ւմ է Միրզոյանի հանդիպումը թուրք գործընկերոջ կամ հայ-թուրքական կարգավորման գործընթացում Թուրքիայի ներկայացուցչի հետ, և արդյոք Անթալիա կմեկնի՞ նաև Հայաստանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը։

Միրզոյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանն «Ազատությանը» հայտնել է, որ այս պահի դրությամբ, Անթալիայի դիվանագիտական ֆորումին Հայաստանը ներկայացնելու է նախարար Արարատ Միրզոյանը։

Անթալիա են մեկնում նաև Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները: Ֆորումն այս տարի անցկացվելու է մարտի 11-13-ը։ Ըստ պաշտոնական կայքի, ֆորումին ներկա կգտնվեն ավելի քան 2000 առաջնորդներ, դիվանագետներ, տարբեր ոլորտների ներկայացուցիչներ։ Ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին նախատեսվում է նաև Ռուսաստանի ու Ուկրաինայի արտգործնախարարների բանակցությունը՝ թուրքական կողմի մասնակցությամբ։ «Դա փորձում են Թուրքիայում ներկայացնել որպես թուրքական դաոս, դա է հիմնական նպատակը: Տարբեր երկրների ներկայացուցիչներ, արտգործնախարարներ, նախագահներ, հայտնի լրագրողներ մասնակցում են և եթե այդտեղ ներկայացված լինի նաև Հայաստանը արտգործնախարարի մակարդակով, կարծում եմ, այդտեղ ոչ մի վնասակար բան չկա», - նշել է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Վերջին տասնամյակում սա առաջին բարձրաստիճան հայ պաշտոնյայի այցն է Թուրքիա: Վերջին անգամ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էր այցելել հարևան պետություն, այսպես կոչված, ֆուտբոլային դիվանագիտության շրջանակներում։
Ի դեպ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի՝ Թուրքիա կատարելիք այցից անմիջապես հետո՝ մարտի 10-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես կայցելի Թուրքիա: Էրդողանը հայտնել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի թեմայով բանակցություններ է վարել ավելի քան 20 պետությունների ղեկավարների հետ։ Բանակցություններն էլ դեռ շարունակվում են։

Էրդողանը՝ 2 «քարի» արանքում

Ինչ վերաբերում է Անթալիայում Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների բանակցություններին, ապա ըստ Մևլյութ Չավուշօղլուի, եռակողմ հանդիպումը նախատեսված է առաջիկա հինգշաբթի՝ մարտի 10-ին։ Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարները կբանակցեն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում, նշել է Թուրքիայի արտգործնախարարը՝ հավելով, որ ինքը ևս կմասնակցի քննարկումներին։ «Լավրովը հայտարարեց, թե պատրաստ է Անթալիայում մասնակցել այս հանդիպմանը: Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան ևս մեզ հայտնեց, որ կմասնակցի հանդիպմանը: Երկու նախարարն էլ պնդեցին, որ ես նույնպես ներկա գտնվեմ: Այս պատճառով հանդիպումը եռակողմ կանցկացվի», - ասել է թուրք նախարարը: Ըստ Մևյլութ Չավուշօղլուի, եռակողմ հանդիպումը նախատեսված է առաջիկա հինգշաբթի՝ մարտի 10-ին։ Դիվանագիտական ֆորումը մեկնարկելու է մարտի 11-ին և կտևի մինչև մարտի 13-ը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էր զրուցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ պատրաստակամություն հայտնելով հնարավորինս աջակցել ուկրաինական ճգնաժամի խաղաղ ու շուտափույթ հանգուցալուծմանը։ Սրան հաջորդել էին Թուրքիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հեռախոսազրույցները ուկրաինացի և ռուս գործընկերների հետ։ Էրդողանը Պուտինի հետ զրույցում կոչ էր արել հրատապ հրադադար հաստատել տարածաշրջանի մարդկանց մտահոգությունը փարատելու և քաղաքական լուծում գտնելու հնարավորություն ստեղծելու համար: Թուրքիայի նախագահը ընդգծել էր կրակը դադարեցնելու, հումանիտար միջանցք բացելու և խաղաղության համաձայնագիր կնքելու համար շտապ քայլեր ձեռնարկելու կարևորությունը: Միևնույն ժամանակ, Էրդողանը նշել էր, որ մշտական կապի մեջ է ուկրաինական կողմի և մյուս երկրների հետ և շարունակելու են ջանքերը ընդգրկուն բանակցություններ անցկացնելու և արդյունքի հասնելու համար:

Էրդողանի համար ուկրաինական ճգնաժամը և՛ հնարավորություն է, և՛ վտանգ. Süddeutsche Zeitung

Միջազգային մամուլը Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր գրում է Թուրքիայի ակտիվացած միջնորդական դերի մասին։ Գերմանական Süddeutsche Zeitung-ը, օրինակ, կարծում է, որ Էրդողանի համար ուկրաինական ճգնաժամը և՛ հնարավորություն է, և՛ վտանգ: «Երկարատև պատերազմը բացասական հետևանքներ կունենա թուրքական տնտեսության վրա: Միևնույն ժամանակ, Անկարան շահեկան դիրքում է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ ունեցած լավ հարաբերությունների շնորհիվ: Միջազգային հարթակում վատ հեղինակություն ունեցող Էրդողանը վերջապես կարող է առանցքային ֆիգուր դառնալ: Այսպիսով Էրդողանը կարող է առաջ մղել երկար ժամանակ տարվող քաղաքականությունը, այն է՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր անկախ միջնորդի դեր ստանձնել Ռուսաստանի և Արևմուտքի միջև», - ըստ «Ազատության», եզրակացնում է պարբերականը։ Իսրայելական Jerusalem Post-ը նկատում է. - «Ուկրաինայում ստեղծված իրադրությունը Թուրքիայի համար լավ հնարավորություն է վերադառնալ միջազգային հարաբերությունների խաղասեղան, ինչպես նաև բարելավել հարաբերությունները ԱՄՆ-ի ու Իսրայելի հետ»։

Թուրքիայում Եվրամիության դեսպանը ևս հայտարարել է, որ Բրյուսելը երախտապարտ է Անկարային Ուկրաինայի հարցում ակտիվ դիվանագիտական ջանքեր գործադրելու և համագործակցելու համար: «Եվրամիությունը, անդամ երկրները, ՆԱՏՕ-ն և Թուրքիան՝ որպես դաշինքի անդամ, միասին բախվեցին այս ագրեսիային: Մենք պետք է համատեղ գործենք», - ասել է եվրոպացի դիվանագետը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4023 անգամ
Լրահոս
Լևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ ՀԷՑ-ը ստոլբեն լավ գնով չէր առել, մենք կխլենք այն` Ադրբեջանի և Թուրքիայի համակարգին կապելու համար Չեմ կարող ինձ համեմատել նրա հետ, դա անհնար է․ Սպերցյանը՝ Մխիթարյանի մասին Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆ Զոհվել է առնվազն 428 երեխա և դեռահաս Մայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը «ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ՔԹԻ ՏԱԿ` ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՄՈՒՐՈՒՄ»․ Լևոն Ջավախյան «Առաջին ագամը չէ, որ Փաշինյանի ասածը ոչ մի կապ չունի իրականության հետ»․ Հակոբ Բադալյան «Գուցե վաղն էլ նիկոլները բացատրեն, որ Արցախը հանձնելու որոշումը նույնպես միջազգային ստանդարտի պահանջն էր»․ Մետաքսե Հակոբյան «Այ քեզ լոգիկա․ ուրեմն գյուղի պո*նիկն ամենաանկախն է»․ Ոսկան Սարգսյան Այ Քաջ Նազար, գնա քո Ուստիաննայիդ դիմի․ Լևոն Զուրաբյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին Մի շարք տարածաշրջաններում անձրև է տեղում Երևանում «Jeep»-ը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնին Պահանջել եմ անձնագրիս մեջ ծննդավայրս չնշել Ադրբեջան․ Արտակ Բեգլարյան «Խաղաղության» անվան տակ հերթական զիջումը ժողովրդին որպես հաղթանակ ներկայացնել չի ստացվելու․ Արթուր Միքայելյան Ուկրաինայի համար անվտանգության ամենահստակ երաշխիքը ՆԱՏՕ-ին անդամակցությունն է. Զելենսկի Իրանը պատրաստ է երկու օրում բացել Հորմուզի նեղուցը՝ ԱՄՆ-ի պայմանների կատարման դեպքում․ Աբբաս Արաղչի ԱՄՆ ծովային հետևակի հռչակավոր վետերանին կասկածում են աշակերտների հետ շփման սահմանները խախտելու մեջ Չենք հաղթանակի ստին ու կեղծիքին, քանի դեռ չենք գիտակցել ու մեր ներսում չենք ապրել այն զրկանքների ու հալածանքների գոնե մեկ-քառորդ ծանրությունը, որոնց միջով անցնում է Բագրատ Սրբազանը Մի՛ թող, որ չասված խոսքերն ու չհաղթահարված վիրավորանքները խլեն քեզնից այն ժամանակը, որը կարող էիր անցկացնել սիրելիիդ հետ. Տեր Մովսես Իրանը ԱՄՆ-ի հետ հակամшրտության շրջանակներում բարձրացնում է լարվածության սանդղակը․ Ոսկանյան Իրանը ներկայացրել է ստորգետնյա «հրթիռային քաղաք» Դանիան մտադիր է առաջարկել արգելել ռուս զբոսաշրջիկների մուտքը ԵՄ երկրներ. Reuters Պայքար 6 ձայնի համար. ըստ Կարապետ Պողոսյանի՝ քրեաիրավական համակարգը ներգրավված է ընդդիմության դեմ կոմպրոմատներ հավաքելու գործում Սոցցանցում Փաշինյանին առաջարկում են հանդես գալ «Pupush annayi simpo arjukn em» օգտանվամբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am