Պուտինն ասում է՝ մի մոտեցեք մեր սահմաններին, Արեւմուտքը սպառնում է, Զելենսկին էլ դժգոհ է ԱՄՆ-ից

Ռուսաստանը 2021թ. դեկտեմբերի 17-ին Միացյալ Նահանգներից և ՆԱՏՕ-ից պահանջեց անվտանգության երաշխիքների հարցով իրավական ուժ ունեցող հավաստիացումներ և, մասնավորապես, հստակ խոստում առ այն, որ նախկին խորհրդային երկրները, մասնավորապես, Վրաստանը և Ուկրաինան, երբեք չեն միանա Հյուսիսատլանտյան դաշինքին: Արևմուտքը մերժել է պահանջների մեծ մասը, ՆԱՏՕ-ի խնդրով էլ ընդգծել է, որ ցանկացած պետություն ունի այս կամ այն դաշինքին միանալու իրավունք: Միաժամանակ ՆԱՏՕ-ն նշել է, որ այս պահին Վրաստանի կամ Ուկրաինայի անդամակցության հարց օրակարգում չկա:

Այս ամենով հանդերձ՝ Ռուսաստան-Արեւմուտք երկխոսությունն, այսպես ասած՝ չի ստացվում: Ու հիմա ձգվում է՝ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակը՝ Ուկրաինայում: Պաշտոնապես՝ բոլորը, կարծես, դեմ են պատերազմին, բայց Արեւմուտքը զինում է Ուկրաինային, իսկ Ռուսաստանն էլ կազմ-պատրաստ է:

Բայց ո՞վ պետք է սկսի պատերազմը, եթե Ռուսաստանն ասում է՝ մի մոտեցեք մեր սահմաններին ու սպասում է համապատասխան երաշխիքներ... Արեւմուտքը նման երաշխիք չի տալիս, բայց ՌԴ սահմաններին մոտ՝ զինում է Ուկրաինային ու սպասում, թե երբ պետք է Պուտինը հարձակման հրահանգ տա...

Որքան էլ տարօրինակ լինի արձանագրելը, սա իսկապես զավեշտի է արդեն նմանվում: Ռուսաստանը Արեւմուտքից ակնկալում է հավասարը հավասարի հետ բանակցություններ, իսկ Արեւմուտքից սպառնում են պատժամիջոցներով, եթե հարձակում լինի Ուկրաինայի նկատմամբ: Ու այս անհեթեթ վիճակը, ոչ ոք չգիտի, թե որքան կձգվի...

Բայց պարզ է մի բան, թե՛ Պուտինը, թե՛ Արեւմուտքը իրենց դեմքը փրկելու խնդիր ունեն՝ յուրաքանչյուրն իր չափով:

Պուտինը պատրաստ է բանակցել անվտանգության երաշխիքների շուրջ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է բանակցել անվտանգության երաշխիքների շուրջ, CNN-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Նախ, նախագահ Պուտինը միշտ պահանջել է բանակցություններ և դիվանագիտություն, և, փաստորեն, նա նախաձեռնեց Ռուսաստանի Դաշնության անվտանգության երաշխիքների հարցը: Ուկրաինան Ռուսաստանի անվտանգության երաշխիքների մեծ խնդրի միայն մի մասն է, և, իհարկե, նախագահ Պուտինը պատրաստ է բանակցել», - ասել է Կրեմլի խոսնակը։ Վերջին շրջանում արևմտյան երկրներում և Ուկրաինայում հնչող՝ Ուկրաինայի տարածք ռուսական հնարավոր ներխուժման մասին հայտարարությունները Պեսկովն անվանել է լարվածության անհիմն էսկալացիա և ասել, թե Ռուսաստանը որևէ մեկի համար վտանգ չի ներկայացնում։
Պուտին. «ՆԱՏՕ-ի ընդարձակումը դեպի արևելք դառնում է անսահման և շատ վտանգավոր»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հանդիպել է արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ և քննարկել անվտանգության երաշխիքների հարցով ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի դիրքորոշումներին արձագանքելու հարցը: «Մենք պայմանավորվել ենք, որ այսօր արտաքին գործերի նախարարությունը կներկայացնի իր դատողությունները մեր հայտնած մտահոգությունների հարցով Վաշինգտոնից և Բրյուսելից ստացված պատասխանների վերաբերյալ: Մեր համոզմամբ, ՆԱՏՕ-ի ընդարձակումը դեպի արևելք՝ այս անգամ էլ նախկին խորհրդային երկրների, այդ թվում՝ Ուկրաինայի հաշվին, դառնում է անսահման և չափազանց վտանգավոր»,- ըստ «Ազատության», ասել է Պուտինը:

Նախագահի խոսքով, ինքը ցանկանում է տեղեկություններ ստանալ այն վերլուծությունների մասին, որոնք Արտաքին գործերի նախարարությունը համատեղ կատարել է մյուս գերատեսչությունների հետ: Արտգործնախարարն ասել է, որ կան արևմտյան կողմի հետ համաձայնության հասնելու հնարավորություններ: Լավրովի խոսքով, Ռուսաստանը Միացյալ Նահանգներից և ՆԱՏՕ-ից հարցերի մեծ մասի վերաբերյալ ստացել է բացասական պատասխաններ, սակայն վերջին հանդիպումները և օտարերկրացի լիդերների հետ Պուտինի զրույցները վկայում են, որ «համաձայնության հասնելու ոչ բոլոր միջոցներն են սպառվել»:

Շոյգուն Պուտինին զեկուցել է մի շարք զորավարժությունների ավարտի մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երեկ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում զեկուցել է զինված ուժերի մի շարք զորավարժությունների ավարտի մասին, նշելով, որ այս պահին ընթացող մյուս զորավարժություններն էլ մոտենում են ավարտին: «Վարժանքների մի մասն ավարտվում է, մյուսն առաջիկայում կավարտվի, ուզում եմ նշել, որ բոլոր ուղղություններով մեր զինվորականները ծովային վարժանքներում պայմանական հակառակորդի դեմ գործադրել են պայքարի բոլոր միջոցները, այդ թվում՝ ջրի մակերեսին և անդրջրյա»,- ասել է Շոյգուն:

Նկատենք, որ Ռուսաստանն այսօր օրերին լայնածավալ զորավարժություններ է անցկացնում նաև Բելառուսի տարածքում: Կիևում և արևմտյան մայրաքաղաքներում մտահոգությամբ են հետևում զորավարժություններին, նշելով, որ զորամիավորումները կարող են օգտագործվել Ուկրաինայի վրա հարձակման համար:

ԱՄՆ-ը պատրաստ է անվտանգության հարցերում շարունակել քննարկումները ՌԴ-ի հետ

Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչությունը երեկ հայտնեց, որ Վաշինգտոնը պատրաստ է անվտանգության հիմնախնդիրների շուրջ շարունակել բանակցությունները Ռուսաստանի հետ: Այդ մասին ասել է պետական դեպարտամենտի ներկայացուցիչը: «Մենք տակավին բաց ենք և պատրաստ ենք նոր հանդիպումների մեր ռուսաստանցի գործընկերների հետ: Մենք ակտիվորեն աշխատում ենք հարցերը դիվանագիտական եղանակով լուծելու ուղղությամբ և շարունակում ենք կապ պահպանել Ռուսաստանի կառավարության հետ»,- ասել է պետական դեպարտամենտի ներկայացուցիչը: Նրա խոսքով, Վաշինգտոնը վճռականորեն սատարում է Մինսկի համաձայնությունների կատարմանն ուղղված բոլոր կողմերի ջանքերին: «Բայց հստակություն մտցնելու համար, հարկ ենք համարում նշել, որ Ուկրաինայի արևելքից ռուսական ստորաբաժանումների դուրսբերումը շատ լավ սկիզբ կլիներ»,- ասել է ԱՄՆ պետական դեպարտամենտի ներկայացուցիչը:

ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը այս պահին օրակարգում չէ
Հյուսիսատլանտյան դաշինքին Ուկրաինայի անդամակցության հարցը այս պահին օրակարգում չէ, նախօրեին Կիև կատարած այցի ընթացքում հայտարարեց Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը։ «Ուկրաինայի դաշինքին անդամակցության հարցը գործնականում չի քննարկվում։ Դա է պատճառը, որ բավական տարօրինակ է, երբ Ռուսաստանը քաղաքական բարդություններ է սկսում հարուցել մի հարցի շուրջ, որը գործնականում դուրս է օրակարգից», - հայտարարում էր Շոլցը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` այդ ասուլիսի ընթացքում Գերմանիայի կանցլերը նաև նշել է, որ պաշտոնական Կիևը Դոնբասում խնդրում պատրաստ է որոշակի ընդառաջ քայլերի դիմել։ «Նախագահ Զելենսկին ինձ հավաստիացրեց, որ Ուկրաինան քննարկման կներկայացնի Դոնբասի հատուկ կարգավիճակի և այնտեղ տեղական ընտրությունների անցկացման մասին օրինագծերը», -նշում էր գերմանական կառավարության ղեկավարը՝ միաժամանակ հայտարարելով, որ պաշտոնական Բեռլինի համար Ուկրաինայի միասնականությունը կարևորագույն նշանակություն ունի։

«Ցանկանում եմ այստեղ՝ Կիևում, մեկ անգամ ևս հստակորեն հայտարարել՝ Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը Գերմանիայի համար քննարկման ենթակա հարցեր չեն։ Դրա հետ մեկտեղ, մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանը քայլեր կձեռնարկի ներկա լարվածությունը թուլացնելու ուղղությամբ։ Գերմանիայի կառավարության դիրքորոշումը հստակ է՝ Ուկրաինայի դեմ հետագա ագրեսիան Ռուսաստանի համար լրջագույն քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական հետևանքներ կունենա», - պնդում էր Գերմանիայի դաշնային կանցլերը, որն, ի դեպ, այսօր ժամանում է Մոսկվա՝ Ռուսաստանի ղեկավարների հետ ուկրաինական ճգնաժամը քննարկելու նպատակով։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, օգտվելով Օլաֆ Շոլցի հետ համատեղ ասուլիսի հնարավորությունից, իր դժգոհությունն արտահայտեց արևմտյան մի շարք պետությունների` նախևառաջ Միացյալ Նահանգների գործողություններից։ Դժգոհության հիմնական առիթը պաշտոնական Վաշինգտոնի՝ հանգստյան օրերին կայացրած այն որոշումն էր, որի համաձայն Ուկրաինայում ամերիկյան դեսպանատան անձնակազմը Կիևից վերատեղակայվում է Լվով։ «Որոշ դեսպանատների տեղափոխումը Արևմտյան Ուկրաինա մեծ սխալ է։ Դա իրենց որոշումն է, սակայն պետք է նշեմ, որ Արևմտյան Ուկրաինա գոյություն չունի, գոյություն մեկ, միասնական Ուկրաինա։ Եթե, Աստված մի արասցե, հանկարծ մի բան պատահի, լարվածությունն ամենուր է լինելու», - զգուշացնում էր Ուկրաինայի նախագահը։

«Եթե Ռուսաստանը հատի Ուկրաինայի սահմանը, «Մեծ յոթնյակը» կտա արագ և միասնական պատասխան»

Իսկ «Մեծ յոթնյակը» սպառնում է հարկ եղած դեպքում Ռուսաստանի նկատմամբ սահմանել «աննախադեպ ծանր տնտեսական և ֆինանսական պատժամիջոցներ»:

«Մեծ յոթնյակի» երկրների ֆինանսների նախարարները Մոսկվային նախազգուշացրել են «արագ, միասնական արձագանքով» այն դեպքում, եթե ռուսական բանակը համարձակվի ներխուժել Ուկրաինա: «Տնտեսապես առավել զարգացած յոթ երկրները Գերմանիայի նախագահությամբ ընդունել են համատեղ հայտարարություն, հստակ նկատել տալով, որ պատրաստ են միասնական և շատ արագ արձագանքել, եթե ռուսական բանակը հատի Ուկրաինայի սահմանը: «Յոթնյակը» հազվադեպ է հանդես գալիս նմանօրինակ հայտարարություններով, սա հենց այն պահն է, երբ անհրաժեշտ է ուղիղ հայտնել մեր դիրքորոշման մասին», - ասել է Լինդները: Նրա խոսքով, «Մեծ յոթնյակը» կշարունակի սատարել Ուկրաինայի տնտեսության զարգացմանը և ուշադրության կենտրոնում կպահի այդ երկրի ֆինանսական կայունությունը: «Ռուսաստանը պարտավոր է իմանալ, որ միջազգային օրենքները խախտելու և Ուկրաինայի վրա հարձակվելու դեպքում կլինի արագ ու միասնական արձագանք», - ասել է Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2065 անգամ
Լրահոս
Միակ և անկրկնելի. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը՝ Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի քարտեզն է հրապարակել Ամեն օր այս իշխանությունը մեր զուտ պետական պարտքն ավելացնում է շուրջ 2.5 միլիոն ԱՄՆ դոլարով, փոխարենը ստանում ենք տկար և քայքայված պետություն. Հովհաննես Ավետիսյան Ջուր չի լինի նոյեմբերի՝ 25, 26 և 27-ին տասնյակ հասցեներում Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա կտիրապետի ողջ աշխարհին. Ստեփան Դանիելյան Աննա֊Էրատոն որոշել է պայքարել քայլիստների և իրենց ընտրազանգվածի դեմ Ու՞մ է «քարտեզով» պատասխանել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը` Բաքվին, թե՞` Երևանին Գլխավոր «Էրատոն» առաջարկում է 2025 թվականը հայտարարել իր և ամուսնու դեմ պայքարի տարի. 168.am ԱՄԷ-ում հայտնաբերվել է հրեա ռաբբիի մարմինը Բորելը 200 միլիոն եվրո է խոստացել Ջոել Թենի. Թրամփի վարչակազմը Վուդրո Վիլսոնի ժամանակներից հետո կլինի ամենահայամետը Արարատի մարզում բախվել են Opel-ն ու Toyota-ն.Opel-ի վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել Վրաստանի ընդդիմությունը խորհրդարանի մոտ ցույցի է պատրաստվում 33-ամյա տղամարդը հոսանքահարվել էր գազալցակայանում Թրամփի երիտասարդ համակիրի նման պոռթկումները ինձ մոտ մտահոգություն են առաջացնում. Հակոբ Բադալյան ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին COP29-ի հաջող կազմակերպման համար «Տրանսպորտի գինը մինչև 3 անգամ բարձրացնում են, ընդդիմադիրները մի թամամ ելույթ չունեն»․ Բորիս Մուրազի Ջո Բայդենն ի վիճակի է միջուկային պատերազմ սկսել մինչև Դոնալդ Թրամփի պաշտոնավարումը. ամերիկացի նախկին հետախույզ Բախվել են Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը, Lexus-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա վիրավոր Առեղծվածային հրդեհ՝ Երևանում հայտնի Նոր Արեշի գարեջրատան սեփականատիրոջ ավտոտնակում․ 2 «Lexus»-ները վերածվել են մոխրակույտի Ծեծկռտուք և կրակոցներ` Զորավար Անդրանիկի Բ2 հասցեում (տեսանյութ)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 25-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am