Արևմուտքը՝ Պուտինին. «Դե հարձակվիր, որքան կարելի է սպասել...»

Ողջ աշխարհը, կարծես, շունչը պահած սպասում է Արևմուտք-Ռուսաստան բախմանը Ուկրաինայում: Միջազգային հեղինակավոր պալատականներում մեկնաբանները գնահատականներ են հնչեցնում, ազդարարելով Եվրոպայում մոտալուտ պատերազմի մասին: Անգամ հնարավոր պատերազմի համար ամսաթիվ է նշվում:

Տպավորություն է ստեղծվում, որ արևմտյան երկրները անհամբեր սպասում են, թե երբ պետք է Պուտինը Ուկրաինա ներխուժման հրահանգ տա: Ամեն օր գերտերությունների ղեկավարները մի քանի հարցազրույցներ են ունենում, սակայն հանգուցալուծում չկա, իրավիճակը չի հանդարտվում, Արևմուտք-Ռուսաստան գնահատականներում մեղմացում չի նկատվում: Փոխարենը՝ մեծացող անդունդ է Ռուսաստանի և Արևմուտքի միջև և միմյանց լսելու, հասկանալու ճգնաժամ:

ԱՄՆ-ի, ինչպես նաև տասնյակ այլ երկրների կառավարությունները մի քանի օր է, ինչ խորհուրդ են տալիս իրենց քաղաքացիներին անհապաղ լքել Ուկրաինայի տարածքը և խուսափել դեպի այդ երկիր ճամփորդություններից։ Վաշինգտոնը զգուշացրել է, որ Մոսկվան ցանկացած պահի կարող է հարձակվել։ Ռուսաստանը ավելի քան 100 հազար զինվորական և ռազմական տեխնիկա է կենտրոնացրել Ուկրաինայի սահմաններին։ Մոսկվան կտրականապես հերքում է Ուկրաինայի վրա ծրագրվող հարձակման մասին պնդումները՝ հայտարարելով, որ իրավունք ունի սեփական զորքը տեղակայել Ռուսաստանի ցանկացած վայրում:

ԱՄՆ-ը Ռուսաստանին կոչ է անում շարժվել լարվածության թուլացման ուղղությամբ

Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման դիվանագիտական ճանապարհը բաց է, ԱՄՆ-ը Ռուսաստանին կոչ է անում շարժվել լարվածության թուլացման ուղղությամբ: Այդ մասին շաբաթ օրը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կայացած հեռախոսազրույցի ժամանակ։ «Ես հասկացրեցի, ինչպես նախագահ [Ջո Բայդենը] նախագահ [ՌԴ Վլադիմիր] Պուտինի հետ զրույցում, որ այս ճգնաժամը լուծելու դիվանագիտական ճանապարհը մնում է բաց», - ասել է Բլինքենը համաժողովի ժամանակ` հավելելով, որ Մոսկվան պետք է զբաղվի դեէսկալացիայով, ոչ թե էսկալացիայով, և «ոչ միայն պետք է խոսի իրավիճակից դիվանագիտական ելքի ձգտելու մասին, այլ իսկապես աշխատի դրա վրա»:

«Մեր զրույցի ընթացքում ԱԳ նախարար Լավրովն ասաց, որ ռուսական կողմն աշխատում է այն փաստաթղթի պատասխանի վրա, որը մենք ուղարկել ենք Մոսկվա ավելի քան երկու շաբաթ առաջ, և որտեղ մենք առաջարկել ենք քննարկման կոնկրետ ոլորտներ», - ասել է Բլինքենը։ Նրա խոսքով` ռուսական կողմի պատասխանը ստանալուց հետո ԱՄՆ-ը պատրաստ կլինի համագործակցել դաշնակիցների ու գործընկերների հետ միասին։

Կայացավ Բայդեն-Պուտին հեռախոսազրույցը

Փետրվար 12-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, նրանք քննարկեցին «Ուկրաինայի սահմաններին ռուսաստանյան աճող ռազմական ներուժը»։ Սպիտակ տան հաղորդագրության համաձայն, նախագահ Բայդենը ռուսաստանցի պաշտոնակցին նախազգուշացրել է՝ Ուկրաինա «ներխուժումը շարունակելը» կհանգեցնի Ռուսաստանի դիրքերի թուլացման, համատարած մարդկային տառապանքների։ ԱՄՆ նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ՝ Բայդենը «հստակ հասկացրել է Պուտինին», որ թեև Վաշինգտոնը պատրաստ է դիվանագիտությամբ զբաղվել լիարժեք համաձայնեցնելով դաշնակիցների և գործընկերների հետ, «հավասարապես պատրաստ է նաև ցանկացած սցենարի»։

Մակրոնն ու Պուտինը քննարկեցին ուկրաինական ճգնաժամը

Նույն օրը Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները շուրջ մեկուկես ժամ հեռախոսով քննարկել են ուկրաինական ճգնաժամը։ Վլադիմիր Պուտինն ու Էմանյուել Մակրոնը շարունակել են քննարկումները Եվրոպայում կայունության և անվտանգության պայմանների շուրջ, անդրադարձել են Մինսկի պայմանավորվածությունների կատարմանն ուղղված քայլերին, Reuters-ի փոխանցմամբ՝ հաղորդեց Ելիսեյան պալատը։ Աղբյուրի համաձայն, «Մակրոնը նշել է, որ Ուկրաինայի շուրջ լարվածության աճն անհամատեղելի է անկեղծ երկխոսության հետ»։

Նույն օրը հեռախոսազրույց էին ունեցել Սերգեյ Լավրովը և Էնթոնի Բլինքենը: Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի գրավոր հայտարարության մեջ։ «Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսով զրուցել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ՝ քննարկելու ընդհանուր սուր մտահոգությունը, որ Ռուսաստանը կարող է դիտարկել Ուկրաինայի դեմ հետագա ագրեսիան առաջիկա օրերին», - ասվում է Փրայսի հայտարարության մեջ:

Աղբյուրի համաձայն, Բլինքենը «հասկացրել է, որ կան ճգնաժամի կարգավորման դիվանագիտական ուղիներ»։ Պետքարտուղարը, հաղորդագրության համաձայն, կրկին զգուշացրել է՝ «Մոսկվան կբախվի վճռական, լայնածավալ և միասնական անդրատլանտյան պատասխանի՝ Ուկրաինայի դեմ ագրեսիայի դեպքում»։ Ռուսական կողմի պաշտոնական հաղորդագրության համաձայն, Լավրովը ամերիկացի պաշտոնակցի հետ զրույցում ընդգծել է, որ «Ուկրաինայի դեմ «ռուսական ագրեսիայի» վերաբերյալ ԱՄՆ-ի և դաշնակիցների կողմից սկսված քարոզչական արշավը սադրիչ նպատակներ է հետապնդում՝ խրախուսելով Կիևի իշխանություններին սաբոտաժի ենթարկել Մինսկի համաձայնագրերը և «Դոնբասի խնդիրը» ուժով լուծելու վնասակար փորձերը»։

Ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարը նաև իր դժգոհությունն է հայտնել այսպես կոչված անվտանգության երաշխիքների վերաբերյալ Մոսկվայի պահանջներին Արևմուտքի արձագանքի կապակցությամբ։ Սերգեյ Լավրովը նշել է, որ «անտեսվել է» Ռուսաստանի առանցքային պահանջները՝ ՆԱՏՕ-ի չընդլայնման և Ռուսաստանի սահմանների մոտ հարվածային զենքերի չտեղակայման վերաբերյալ։
Անկարան Արևմուտքին հորդորում է զերծ մնալ խուճապ առաջացնող հայտարարություններից

Անկարան Արևմուտքին հորդորում է զերծ մնալ հայտարարություններից, որոնք կարող են խուճապ առաջացնել

Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ կապված: «Նման ներխուժումը ճիշտ չի լինի, բայց արևմտյան երկրները նույնպես պետք է զգույշ լինեն հայտարարություններից, որոնք կարող են խուճապ սերմանել», - ասել է արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ ՆԱՏՕ-ի կազմում Թուրքիայի դաշնակիցները պնդում են, որ տասնյակ հազարավոր զինվորականներ և ծանր սպառազինություն կուտակելով Ուկրաինայի սահմաններին՝ Անկարայի մերձավոր գործընկեր Մոսկվան հարձակման պլաններ ունի։ Վաշինգտոնը նախօրեին նախազգուշացրել է, որ ռուսական ներխուժումը Ուկրաինա կարող է տեղի ունենալ «ցանկացած պահի»:

Բայդենը կոչ է արել ամերիկացիներին հեռանալ

Երկու օր առաջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կոչ արեց ամերիկացիներին անհապաղ լքել Ուկրաինան՝ զգուշացնելով՝ իրավիճակն այդ երկրում «կարող է շատ արագ փոխվել»։ «Մենք գործ ունենք աշխարհի ամենամեծ բանակներից մեկի հետ»,- պնդել է Սպիտակ տան ղեկավարը NBC News-ին տված հարցազրույցում, ապա հավելել՝ Ռուսաստանը ոչ միայն չի թուլացնում լարվածությունը, այլև նորանոր ուժեր է կուտակում Ուկրաինայի հետ սահմանին։ «Ամերիկայի քաղաքացիները պետք է հեռանան, պետք է հեռանան հիմա։ Սա բոլորովին այլ իրավիճակ է, և ամեն ինչ կարող է շատ արագ փոխվել», - ասել է Բայդենը:

Միացյալ Նահանգների առաջնորդը միաժամանակ վերստին շեշտել է, թե ոչ մի պարագայում, նույնիսկ ռուսների ներխուժման դեպքում ԱՄՆ-ն զորք չի ուղարկի Ուկրաինա՝ նույնիսկ ամերիկացիներին փրկելու համար. «Դա կլինի համաշխարհային պատերազմ, եթե ամերիկացիներն ու ռուսները սկսեն կրակել միմյանց վրա, մենք կհայտնվենք բոլորովին այլ աշխարհում»:

Նա նշել է` «եթե Վլադիմիր Պուտինը բավական հիմար գտնվի՝ ներխուժում սկսելու համար, ապա ինքը բավականին խելացի կլինի և չի անի որևէ բան, որը կարող է բացասաբար ազդել Ամերիկայի քաղաքացիների վրա»։

Ներխուժումը կարող է սկսվել ցանկացած պահի, կարծում է Բլինքենը

ԱՄՆ պետքարտուղարն իր հերթին նշել է, թե Ռուսաստանը կարող է հարձակվել Ուկրաինայի վրա անգամ Պեկինի Օլիմպիական խաղերի ժամանակ։ «Մենք շարունակում ենք տեսնել ռուսական էսկալացիայի անհանգստացնող նշաններ, ներառյալ` նոր ուժեր, որոնք ժամանում են Ուկրաինայի սահման: Մենք գտնվում ենք մի վիճակում, երբ ներխուժումը կարող է սկսվել ցանկացած պահի, այդ թվում՝ Օլիմպիական խաղերի ժամանակ»,- ասել է Էնթոնի Բլինքենը։

Անցյալ ամիս, Պետդեպարտամենտը Կիևում ամերիկյան դեսպանատան աշխատակիցների մի մասին թույլատրել էր լքել Ուկրաինան կամավոր հիմունքներով, իսկ նրանց ընտանիքներին հրահանգել էր հեռանալ։ Կիևից իրենց դիվանագետների տարհանման մասին հայտարարել են նաև Մեծ Բրիտանիան, Կանադան, Գերմանիան և Ավստրալիան։ Օրերս էլ Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարեց, թե հետևելով Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի օրինակին՝ Մոսկվան նույնպես հնարավոր է մասամբ տարհանի իր դիվանագիտական կորպուսը Ուկրաինայից, ընդ որում ռուսական կողմը շարունակում է պնդել, թե ինքը հարձակման ծրագրեր չունի, սրա հետ մեկտեղ հավելելով, որ գուցե ինչ-որ բան Ուկրաինայի հետ կապված նախապատրաստում է Արևմուտքը:

Յենս Ստոլտենբերգ. «Եվրոպայում առկա է ռազմական բախման վտանգ»
Փետրվար 11-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ռումինիայում նշեց, որ Եվրոպայում հնարավոր է ռազմական բախում: «Այսօր առկա է Եվրոպայում նոր ռազմական կոնֆլիկտի իրական վտանգ, որովհետև ռուսական ուժերի կուտակումը շարունակվում է»,- ասել է գլխավոր քարտուղարը «Միխալ Կոգելնիչանու» օդային ռազմակայանում, որը գտնվում է Կոնստանցա առափնյա ավանի մոտակայքում:

Ստոլտենբերգի խոսքով, փետրվարի 16-ից 17-ը Բրյուսելում Հյուսիսատլանտյան դաշինքի կենտրոնակայանում գումարվելու է կառույցի պաշտպանության նախարարների ժողովը, որը քննարկելու է ՆԱՏՕ-ի արևելյան թևն ամրապնդելու հարցը: Արձագանքելով Եվրոպայում ռազմական նոր կոնֆլիկտի հնարավորության մասին Ստոլտենբերգի հայտարարությանը, Ռուսաստանի արտաքին գերատեսչության մամլո խոսնակ Մարիա Զախարովան ասել է, թե «Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրումը ՆԱՏՕ-ն օգտագործում է որպես Ռուսաստանի սահմանների մոտ զորքեր կուտակելու առիթ»:

«Իրավիճակն Ուկրաինայի շուրջ իսկապես շատ լարված է», նկատում է Ժան-Իվ Լը Դրիանը

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը France Inter ռադիոկայանին այսօր տված հարցազրույցում խոսել է Մակրոնի այցերի մասին:

«Իրավիճակն Ուկրաինայի շուրջ իսկապես շատ լուրջ է: Ուկրաինայի սահմանների մոտ Ռուսաստանի կուտակած ուժերը թույլ են տալիս հարձակում սկսել, և դա իրականություն է»,- ասել է Լը Դրիանը, բայց և միաժամանակ նշել, որ իր տրամադրության տակ եղած տեղեկությունների համաձայն, Մոսկվայում Ուկրաինայի վրա հարձակվելու որոշում դեռ ընդունված չէ: Ֆրանսիայի արտգործնախարարի փոխանցմամբ, ռուսներն Ուկրաինայի սահմաններին են մոտեցրել շուրջ 125 հազարի հասնող զորախումբ: «Արդյո՞ք Մոսկվան ռազմական նախապատրաստումը չի դադարեցրել»: Լը Դրիանը միանշանակ բացասական պատասխան է տվել France Inter-ի այդ հարցին: «Բացարձակ ո՛չ»,- ասել է նախարարն, ավելացնելով, որ հենց այսօր Բելառուսում մեկնարկում են ռուս-բելառուսական լայնածավալ զորախաղեր: Բացի այդ, ռուսներն այսօրվանից նաև Սև ծովում են զորավարժություններ անցկացնում: Լը Դրիանի խոսքով, եթե ռուսները ցանկանում են ապացուցել, որ ագրեսիվ մտադրություններ չունեն, ապա պարտավոր են դուրս բերել զորամիավորումները Բելառուսից:

Փարիզում դրական են գնահատում Մակրոնի ուղևորությունը Մոսկվա և Կիև: «Շատ կարևոր է, որ այդ խոսակցությունը {Մոսկվայում} տեղի ունեցավ: Այդ երկարատև բանակցություններն անկեղծ էին և հաստատակամ: Քննարկումները լիդերներին ընձեռեցին երկխոսություն նախաձեռնելու և հիմնական հարցերի շուրջ իրենց տեսակետները ներկայացնելու հնարավորություն: Հիմա այդ բոլոր թեմաները բանակցությունների սեղանին են»,- ասել է Լը Դրիանը:

Առաջիկա մի քանի օրերը, ըստ Ջոնսոնի, կարող են վերջին տասնամյակների ընթացքում ամենավտանգավորը լինել

Եվ մինչ մեծ Բրիտանիայի կառավարության անդամները Մոսկվայում էին բանակցում, կառավարության ղեկավար Բորիս Ջոնսոնը մեկնել է Բրյուսել՝ համաձայնեցնելու Լոնդոնի դիրքորոշումները Եվրամիության ու ՆԱՏՕ-ի հետ։ Առաջիկա մի քանի օրերը կարող են վերջին տասնամյակների ընթացքում ամենավտանգավորը լինել, հայտարարել է Ջոնսոնը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ ասուլիսում` միաժամանակ ընդգծելով, որ չի կարծում, թե Մոսկվան արդեն կայացրել է հարձակման որոշումը։ Ստոլտենբերգն էլ, իր հերթին, ընդգծել է, թե դաշինքի աջակցության շնորհիվ ուկրաինական բանակն այսօր շատ ավելի պատրաստված է, քան 2014 թվականին։ «Ուկրաինական բանակը, պաշտպանական ուժերն այժմ շատ ավելի ուժեղ են, քան 2014 թվականին: Նրանք ավելի լավ են հագեցված, ավելի լավ պատրաստված, ավելի լավ կառավարվում», - ասել է նա:

Ընդ որում, Ռուսաստանի հետ բանակցություններին զուգահեռ բրիտանացի պաշտոնյաները հայտարարում են, թե Մոսկվան պատրվակներ է ստեղծում ներխուժման համար։ Բրիտանական հետախուզությունը, մասնավորապես պնդում է, թե տեղեկություն է ստացել, որ Ռուսաստանը «կեղծ դրոշի» տակ գործողություն է նախապատրաստում՝ Ուկրաինա ներխուժելու համար։ Reuters-ը հայտնում է, որ այս մասին հայտարարել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը։

«Խուլի և համրի զրույց». Լավրովը` բրիտանացի գործընկերոջ հետ բանակցությունների մասին

Սառը պատերազմի ավարտից ի վեր ռուս-արևմտյան ամենասուր այս ճգնաժամը քննարկելու համար անցյալ օրերին Մոսկվայում հեթական հանդիպումն անցկացրեցին Ռուսաստանի ու Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարները։ Ավելի վաղ երկու երկրների արտգործնախարարներն էին հանդիպել։ Բացի այդ, նախօրեին էլ տեղի էր ունեցել հանդիպում «նորմանդական ձևաչափով»՝ Ռուսաստանի, Գերմանիայի, Ուկրաինայի, Ֆրանսիայի առաջնորդների քաղաքական խորհրդականների միջև։

Բանակցությունները, սակայն, արդյունք չտվեցին, կողմերին չի հաջողվել հաղթահարել Մինսկի համաձայնագրերի մեկնաբանման հետ կապված տարաձայնությունները, ասել էր Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը` հավելելով, թե ուկրաինական կողմը հրաժարվում է քննարկել Դոնբասի հետկոնֆլիկտային կարգավիճակի հարցը։ Մոսկվան պնդում է, որ Դոնբասը պետք է հատուկ կարգավիճակ ունենա Ուկրաինայի կազմում, Կիևը հակադարձում է՝ դա կործանարար կլինի Ուկրաինայի պետականության համար։

Խուլի և համրի զրույց՝ այսպես Ռուսաստանի արտգործնախարարը բնութագրեց իր բանակցությունները բրիտանացի գործընկերոջ հետ։ «Անկեղծ ասած՝ ես փոքր-ինչ հիասթափված եմ․ այս ամենը ինձ հիշեցնում է խուլի և համրի զրույց», նկատեց Սերգեյ Լավրովը։ Ռուս - բրիտանական բանակցությունների գլխավոր թեման Ռուսաստան - Արևմուտք լարվածությունն էր ու հնարավոր հարձակումը Ուկրաինայի դեմ։ Դռնփակ հանդիպումից հետո Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները կրկնեցին նախկինում ներկայացրած դիրքորոշումները՝ կարծես ընդգծելով, որ դրանցում որևէ բան չի փոխվել։ Ռուսաստանը պետք է ետ քաշի զորքերը, զգուշացրեց Բրիտանիայի արտգործնախարարը։

«Ուկրաինայում պատերազմը աղետալի կլինի ռուս և ուկրաինացի ժողովուրդների ու եվրոպական անվտանգության համար, և ՆԱՏՕ-ն հասկացրել է, որ ցանկացած ներխուժում Ուկրաինա կունենա հսկայական հետևանքներ», - ասաց Լիզ Թրասը։
Ռուսաստանի արտգործնախարարը, իր հերթին, կրկին ժխտեց, թե սահմանին կուտակած զորքերով ու Բելառուսի տարածքում սկսված զորավարժություններով Մոսկվան հարձակման է պատրաստվում Ուկրաինայի դեմ։ Ավելին, Լավրովն ասաց, թե արդեն կասկածներ ունի, որ հենց անգլոսաքսերն են ուզում ինչ-որ բան անել Ուկրաինայում։

Պատասխանելով բրիտանացի լրագրողի հարցին, թե ինչ տպավորություն ունի բանակցություններից՝ արդյոք Մոսկվան պատրաստվում է հարձակման, Բրիտանիայի արտգործնախարարն ասաց, թե առաջվա պես տեսնում են զորքերի և ռազմական տեխնիկայի ավելացող կուտակումներ, ինչպես նաև կիբերհարձակումներ Ուկրաինայի դեմ․ - «Անկասկած, հարյուր հազար զինվորականների կուտակումը Ուկրաինայի հետ սահմանին սպառնալիք է Ուկրաինայի համար, և եթե Ռուսաստանը իսկապես ուզում է դեէսկալացնել իրավիճակը, պարզապես պետք է ետ քաշի իր զորքերը սահմանից»։

Լիզ Թրասը Մոսկվա էր այցելել՝ քննարկելու Ուկրաինայի շուրջ լարվածությունն ու ճգնաժամից դիվանագիտական ճանապարհով դուրս գալու հնարավորությունները։ Լավրովի հետ բանակցություններին հետևած համատեղ ասուլիսին Թրասը բազմիցս ընդգծեց, որ եվրոպական երկրներն ունեն միասնական դիրքորոշում ուկրաինական ճգնաժամի և ռուսական սպառնալիքի հարցում, ընդգծելով՝ Հյուսիսատլանտյան դաշինքը հնարավորը կանի Ուկրաինային օգնելու համար։

Իսկ Պուտինը կրկին խոսում է Ռուսաստանի անվտանգության համապարփակ երաշխիքների մասին

Ռուսաստանի առաջնորդը, սակայն, շարունակում է պնդել, որ աշխարհում ռազմավարական կայունությունն ապահովելու համար Մոսկվան պետք է Միացյալ Նահանգներից և ՆԱՏՕ-ից ստանա Ռուսաստանի անվտանգության համապարփակ երաշխիքներ։ Այս մասին Վլադիմիր Պուտինը հայտարարեց օրերս՝ Ռուսաստանում նշվող Դիվանագետի օրվա կապակցությամբ Արտաքին գործերի նախարարության աշխատակիցներին ուղղված շնորհավորանքում։

«Իրավիճակն աշխարհում գնալով ավելի ու ավելի բուռն ու լարված է դառնում: Այս համատեքստում ռազմավարական կայունությունն ապահովելու և առաջացող սպառնալիքներին ու մարտահրավերներին հակազդելու համար պահանջվում են լրացուցիչ համառ ջանքեր. առաջին հերթին անհրաժեշտ է ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցներից ստանալ համապարփակ, օրինականորեն ամրագրված երաշխիքներ մեր երկրի անվտանգության համար», - ասել է նա:

Այս հարցը Կրեմլը շրջանառության մեջ է դրել անցած դեկտեմբերից։ Մոսկվան, մասնավորապես, պահանջում է Վաշինգտոնից և Բրյուսելից գրավոր երաշխիքներ, որ հետխորհրդային Ուկրաինան և Վրաստանը երբեք չեն անդամակցի ՆԱՏՕ-ին, և որ ռազմական այդ դաշինքը կհանի իր ենթակառուցվածքները Ռումինիայի և Բուլղարիայի տարածքներից։ Արևմուտքը Մոսկվայի պահանջները մերժել է․ Վաշինգտոնն ու Բրյուսելը միաժամանակ նշում են, որ պատրաստ են բանակցել Եվրոպայում անվտանգության հարցերի շուրջ Մոսկվայի մտավախությունները փարատելու համար։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3986 անգամ
Լրահոս
Միակ և անկրկնելի. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը՝ Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի քարտեզն է հրապարակել Ամեն օր այս իշխանությունը մեր զուտ պետական պարտքն ավելացնում է շուրջ 2.5 միլիոն ԱՄՆ դոլարով, փոխարենը ստանում ենք տկար և քայքայված պետություն. Հովհաննես Ավետիսյան Ջուր չի լինի նոյեմբերի՝ 25, 26 և 27-ին տասնյակ հասցեներում Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա կտիրապետի ողջ աշխարհին. Ստեփան Դանիելյան Աննա֊Էրատոն որոշել է պայքարել քայլիստների և իրենց ընտրազանգվածի դեմ Ու՞մ է «քարտեզով» պատասխանել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը` Բաքվին, թե՞` Երևանին Գլխավոր «Էրատոն» առաջարկում է 2025 թվականը հայտարարել իր և ամուսնու դեմ պայքարի տարի. 168.am ԱՄԷ-ում հայտնաբերվել է հրեա ռաբբիի մարմինը Բորելը 200 միլիոն եվրո է խոստացել Ջոել Թենի. Թրամփի վարչակազմը Վուդրո Վիլսոնի ժամանակներից հետո կլինի ամենահայամետը Արարատի մարզում բախվել են Opel-ն ու Toyota-ն.Opel-ի վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել Վրաստանի ընդդիմությունը խորհրդարանի մոտ ցույցի է պատրաստվում 33-ամյա տղամարդը հոսանքահարվել էր գազալցակայանում Թրամփի երիտասարդ համակիրի նման պոռթկումները ինձ մոտ մտահոգություն են առաջացնում. Հակոբ Բադալյան ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին COP29-ի հաջող կազմակերպման համար «Տրանսպորտի գինը մինչև 3 անգամ բարձրացնում են, ընդդիմադիրները մի թամամ ելույթ չունեն»․ Բորիս Մուրազի Ջո Բայդենն ի վիճակի է միջուկային պատերազմ սկսել մինչև Դոնալդ Թրամփի պաշտոնավարումը. ամերիկացի նախկին հետախույզ Բախվել են Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը, Lexus-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա վիրավոր Առեղծվածային հրդեհ՝ Երևանում հայտնի Նոր Արեշի գարեջրատան սեփականատիրոջ ավտոտնակում․ 2 «Lexus»-ները վերածվել են մոխրակույտի Ծեծկռտուք և կրակոցներ` Զորավար Անդրանիկի Բ2 հասցեում (տեսանյութ)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 25-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am