«Փաշինյան-Էրդողան-Ալիև եռյակը ՌԴ-ին վտարում է Հարավային Կովկասից». Հայազգի քաղաքագետը՝ Մոսկվայի ճակատագրական սխալների մասին
Ռուսաստանաբնակ հայազգի քաղաքագետ, ՄԳԻՄՕ-ի՝ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր Անդրանիկ Միհրանյանը ուշագրավ հարցազրույց է տվել «Գոլոս Արմենի» թերթին, որում խորքային անդրադարձ է կատարել թե՛ հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս վիճակին, թե՛ Ռուսաստանի կողմից վարվող քաղաքականությանը:
Ռուսական մեդիադաշտում բացառիկ մարդիկ կան, որ խոսում են ՌԴ –ի կողմից թույլ տված ճակատագրական սխալների մասին: Այսօր, երբ ակնհայտ է, որ մեր տարածաշրջանը հայտնվել է շահերի մեծ բախման կիզակետում, իսկ Հայաստանն այդ շահերը զսպող ուժը կարող էր դառնալ՝ Ռուսաստանի հետ ամուր համագործակցությամբ, ցավալի է արձանագրել, որ Հայաստանն ու Ռուսաստանը նույն ուղղությամբ չեն առաջ ընթանում:
Ավելին, երբեմն, տեսանելի են՝ լարումը, հակասությունները, որոնք դեռ հաջողվում է որոշակիորեն թաքցնել:
Ըստ Անդրանիկ Միհրանյանի՝ Ռուսաստանի համար Հարավային Կովկասի բանալիները ոչ թե Բաքվում են, ոչ թե Թբիլիսիում են, այլ՝ Երևանում։ Մինչդեռ Ռուսաստանին, քաղաքագետի համոզմամբ՝ հաջողվել է երեք կոպտագույն սխալ թույլ տալ, որի արդյունքում ՌԴ-ն ստիպված կլինի հեռանալ Հարավային Կովկասից՝ իր համար ամենացավալի հետևանքներով։ Քաղաքագետն արձանագրում է. «Անկեղծ լինենք. Փաշինյանի իշխանությունն իր գիծն է տանում ամբողջապես Բաքվի և Անկարայի հետ համահունչ։ Նրանց երազանքն էր՝ Ղարաբաղը Բաքվին հանձնելը։ Այնուհետև նրանք կկարգավորեն հարաբերությունները Թուրքիայի հետ, իսկ հետո Անկարայի, Բաքվի, Վաշինգտոնի և Բրյուսելի հետ միասին կպահանջեն Ռուսաստանից դուրս գալ Հարավային Կովկասից խաղաղապահների և ռազմաբազայի հետ՝ այս տարածաշրջանում «դերակատարություն չունենալու» պատճառաբանությամբ»...
Ցավալին այն է, որ ՌԴ-ում մի քանի հայամետ գործիչներ են էին սա արձանագրում 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրերից, սակայն ռուսական մեդիան ողողված էր, ու հիմա էլ է ողողված ադրբեջանական նավթադոլարներով սնվող ռուս փորձագետների կեղծ, Հայաստան պետությունը նսեմացնող ելույթներով, որոնց ելույթներում անհետանում էր Հայաստան-Ռուսաստան ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների դերն ու նշանակությունը: Ու կրկնակի ցավալի է արձանագրել, որ այդ պատկերը ոչ թե ռուսաստանյան տելեգրամյան ինքնահռչակ ալիքների կասկածելի «վերլուծություններում» ու սոցիալական ցանցերում էր, այլ՝ ռուսական պետական քարոզական միջոցներում, հեռուստակայանների թոք-շոուներում, իսկ այնտեղ պատահական մարդիկ չեն հայտնվում:
Միհրանյանն արձանագրում է ռուսական քաղաքական վերնախավի ամենակարևոր սխալը, որը կատարվեց «թավշյա հեղափոխության» շրջանում: «Ռուսաստանը 2018թ. ապրիլին անտարբեր նայեց Փաշինյանի «մայդանին», մատը մատին չտվեց՝ հայկական պետության ու պետականության կործանման գործընթացը կանխելու համար։ Օրինակ՝ անցյալ տարի Մինսկում իրավիճակն ավելի վատ էր, բայց Ռուսաստանը հաստատակամորեն պաշտպանեց Լուկաշենկոյին... Սերժ Սարգսյանի վիճակը շատ ավելի լավ էր, բայց թե՛ Երևանում, թե՛ Մոսկվայում կային շատ մարդիկ, ովքեր ցանկանում էին նրան փոխարինել ավելի «ընդունելի»-ով, և իրենք էլ ճանապարհ բացեցին Նիկոլի առաջ, իսկ Սերժը մնաց մենակ՝ առանց որևէ հենարանի... Արդյունքում Հայաստանը ստացավ միանգամայն թուրքամետ ադրբեջանամետ ու ամերիկամետ ուժ», նկատում է քաղաքագետը՝ արձանագրելով նաև, որ ռուսական քաղաքականությանը զուգահեռ ռուսական լրատվամիջոցներում մոլեգնած փորձագիտական ադրբեջանամետ հիստերիայի արդյունքում էլ Մոսկվան կորցրեց հայ ժողովրդի մեծամասնության աջակցությունն ու վստահությունը։
«Ամեն անկյունում կարելի է միամտորեն գոռալ, ասում են՝ Ռուսաստանը փրկեց Արցախը (և Հայաստանը) լիակատար օկուպացիայից՝ խաղաղապահներ մտցնելով, բայց բանն այն է, որ Փաշինյանին դա ամենևին պետք չէր, հակառակը՝ ռուս խաղաղապահների տեղակայումը կանխեց նրան՝ իր դավաճանական գործը ավարտին հասցնելուց՝ մինչև Արցախի լիակատար հանձնումով, ապա՝ ռուսական գործոնի հնարավոր հետագա դուրս մղմամբ Հայաստանից»։
Քաղաքագետը կանխատեսում է, որ տեսանելի ապագայում այս ճակատագրական սխալների արդյունքում Ռուսաստանն անխուսափելիորեն Հարավային Կովկասից վտարման կհանգեցնի։ Ու նա ցավով արձանագրում է, հիմա Հայաստանում չի տեսնում ուժեր, որոնք կարող են՝ «կասեցնել Փաշինյանի դավաճանական քաղաքականությունը»։ Ու նաև ակնարկներ չի տեսնում, որ՝ «Ռուսաստանի իշխանությունները գիտակցում են, թե ինչպես է Փաշինյան-Ալիև-Էրդողան եռյակը բացահայտորեն ու ճարպկորեն մոլորեցնում իրենց։ Իսկ նրանց թիկունքում Վաշինգտոնն ու Լոնդոնն են։ Եվ վերջինը՝ միգուցե անցյալ տարի Ռուսաստանի և Հայաստանի համար այլ բան կարելի էր փրկել, բայց դրան հետևեց Մոսկվայի հերթական կոպիտ սխալը։ Երբ Հայաստանի գլխավոր շտաբը պահանջում էր Փաշինյանի հրաժարականը, Մոսկվան ոչ միայն չակնարկեց, որ ուրախ կլինի ռուսամետ ուժերի իշխանության գալ, այլ ընդհակառակը, թույլ չտվեց գործընթացը հասցնել Փաշինյանին իշխանությունից հեռացման»:
Հաջորդ կարևոր գործոնը, որին «Հայելին» բազմիցս անդրադարձել է դա «Զանգեզուրի միջանցքի» թեման է: Պատերազմի ավարտից հետո Անկարան ու Բաքուն միաբերան Հայաստանից «Զանգեզուրի միջանցք» են պահանջում, պաշտոնական Երևանն ասում է՝ «դեմ ենք միջանցքին», «միջանցք չի կարող լինել»: Ո՞րն է Մոսկվայի դիրքորոշումը, նրանք Հայաստանի դիրքորոշո՞ւմն են պաշտպանում, թե՞ թուրք-ադրբեջանական տանդեմի...
Հայտնի չէ, պաշտոնական Մոսկվան հետևողականորեն լռում է, երբ ակնհայտ են Էրդողանի ու Ալիևի պլանները, իսկ այդ լռությունը հայ հասարակության մեջ ընկալվում է այսպես՝ «ուրեմն Մոսկվային էլ է ձեռնտու միջանցքի առկայությունը»:
Ահա, Անդրանիկ Միհրանյանն այս համատեքստում տեսնում է Մոսկվայի ճակատագրական ևս մեկ սխալը. «Այսօր շատ են շահարկումները «Զանգեզուրի միջանցքի» մասին, ասում են՝ դա ձեռնտու է Ռուսաստանին։ Բայց մինչ այժմ որևէ ռուս քաղաքական գործիչ, դիվանագետ, փորձագետ չի կարողացել հասկանալի լեզվով բացատրել Ռուսաստանի այդ առասպելական օգուտն այդ համատեքստում։ Միջանցքը ձեռնտու է Անկարային, Բաքվին էլ, Մոսկվային էլ՝ ինչի՞ համար... Ե՛վ 90-ականներին, և՛ 2000-ականների սկզբին և՛ Ռուսաստանը, և՛ Իրանը կտրականապես դեմ էին Թուրքիան Ադրբեջանին կապող ցանկացած միջանցքի գաղափարին՝ դրսևորելով միանգամայն հստակ և սկզբունքային դիրքորոշում հայտնի Գոբլ պլանի նկատմամբ։ Ամփոփելով. պարզ է, որ Հայաստանի դավաճան իշխանությունն ունի կատարվածի պատասխանատվության իր հսկայական բաժինը։ Բայց պատասխանատվության հսկայական բաժինն ընկնում է ռուսական դիվանագիտության վրա, որը դեռ չի հասկանում, թե ինչ է արել...», եզրափակում է Անդրանիկ Միհրանյանը:
Իսկապես Ռուսաստանի ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությունը վերջին մի քանի տարիներին հարցականներ է առավելապես առաջ քաշում, քան պատասխաններ: Միանգամայն պարզ է, որ Ռուսաստանն իր հարաբերություններն ունի Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, իսկ այս երկրները Հայաստանի ոչնչացում են երազում: Խոշոր հաշվով, այսօր ցավալիորեն պետք է արձանագրել, որ տեսանելի չեն ռուսական ռազմաքաղաքական էլիտայի տեսլականները տարբեր հարցերում՝ Ռուսաստանի ապագայից մինչև Հարավային Կովկասում ռուսական ազդեցությունը:
Եթե իսկապես Ռուսաստանը հեռանում է Հարավային Կովկասից, ապա պետք է նախևառաջ դա արձանագրելուց առաջ պատասխանել հարցին՝ ինչո՞ւ... Միթե կարելի է հավատալ, որ Պուտինի գործած սխալների արդյունքում այդպես, պատահաբար ստացվեց, կամ հանգամանքների բերումով: Իսկ գուցե դա՞ է ռուսական ներկայիս իշխանության համար քաղաքական գիծը, անկախ նրանից, որ Ռուսաստանում կգտնվեն մարդիկ, որ դա սխալ գիծ կհամարեն:
Հետևաբար, պետք է ժամանակի ընթացքում փորձել գտնել այս ընթացքի պատճառները, իսկ դրանք վստահաբար ավելի խորքային պատճառներ են, քան բացառապես ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի ձեռքով Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու պրոյեկտ նախանշելն ու դրանով Ռուսաստանը Հարավային Կովկասից դուրս մղելու գործընթացը:
Մետաքսյա Շալունց