«Բայրաքթար»-ները՝ խաղաղության «աղավնի». Էրդողանի առաջարկը Պուտինին

Թուրքիայի նախագահը, որը մի կողմից հայտարարում է, որ չի ճանաչում Ղրիմը Ռուսաստանի կազմում, մյուս կողմից՝ շարունակ պնդում է, թե հիանալի և վստահելի հարաբերություններ ունի Վլադիմիր Պուտինի հետ, առաջարկում է միջնորդի դեր ստանձնել Ուկրաինայի և Ռուսաստանի հարաբերություններում։

Ռեջեփ Էրդողանի այս հայտարարությունը հնչել է նախօրեին՝ ռուս-ուկրաինական հարաբերությունների սրացման փուլում, երբ Կիևն ու Արևմուտքը հայտարարում են, թե Մոսկվան նոր հարձակման է պատրաստվում։ «Մենք հանդես ենք գալիս տարածաշրջանում խաղաղության հաստատման օգտին, հատկապես, երբ խոսքը վերաբերում է Ղրիմի թուրքերին։ Մենք այդ հարցերը բազմիցս քննարկել ենք բարեկամ Ռուսաստանի և, մասնավորապես, պարոն Պուտինի հետ, շփումները շարունակվում են։ Հույս ունենք, որ այդ տարածաշրջանը պատերազմի տարածաշրջան չի դառնա։ Այդ կապակցությամբ մենք կցանկանայինք մեր ներդրումն ունենալ կարգավորման գործում՝ բանակցություններ վարելով ինչպես Ուկրաինայի, այնպես էլ պարոն Պուտինի հետ», ասել է Թուրքիայի նախագահը։

Ավելին, ըստ «Ազատության», էրդողանն ասել էր, թե Անկարան առաջարկում է Ուկրաինայի, Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների մասնակցությամբ եռակողմ գագաթնաժողով անցկացնել։ Կիևը անմիջապես համաձայնել է Թուրքիայի նախագահի այս նախաձեռնությանը, Մոսկվան՝ բացասական պատասխան տվել։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մասնավորապես, շեշտել է, թե առաջարկը սխալ հասցեով է արվել. - «Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի առաջնորդների մասնակցությամբ Դոնբասի հարցով գագաթնաժողով անցկացնելու գաղափարն իմաստ չունի, քանի որ Մոսկվան հակամարտության կողմ չէ»:

Ավելի վաղ Կրեմլի խոսնակն էր նույնատիպ հայտարարություն արել: «Բանն այն է, որ Ռուսաստանը Դոնբասի հակամարտության կողմ չէ։ Նման ձևով խնդրի լուծման ուղիներ գտնելն անհնար կլինի», - ասել է Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով եռակողմ գագաթնաժողովի հնարավորության մասին հարցին։ Պեսկովը հերթական անգամ կրկնել է պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը․ հակամարտության կողմ են Կիևը և ինքնահռչակ հանրապետությունների ներկայացուցիչները:

Պաշտոնական Կիևը, մինչդեռ, ողջունել է Էրդողանի առաջարկը՝ ընդգծելով, որ Կիևը նախկինի պես հավատարիմ է կարգավորման նորմանդական ձևաչափին: Սրա հետ մեկտեղ Ուկրաինայի արտգործնախարարը հայտարարել է. «Ուկրաինան և Թուրքիան հիանալի հարաբերություններ ունեն, իսկ նախագահներ Էրդողանի և Զելենսկու միջև առկա է վստահության բարձր մակարդակ։ Եվ մենք կողջունենք ցանկացած ջանք, որը կարող է օգնել մեզ վերջ դնել այդ պատերազմին, վերադարձնել ուկրաինական տարածքների նկատմամբ վերահսկողությունը, որոնք այժմ գտնվում են Ռուսաստանի վերահսկողության տակ»։ Ուկրաինացի դիվանագետի խոսքով՝ իրենց համար կարմիր գիծը հետևյալն է՝ անհնար է որևէ համաձայնության հասնել առանց Կիևի մասնակցության։ Կուլեբան, հավանաբար, ակնարկում էր Անկարայի և Մոսկվայի կուլիսային պայմանավորվածությունները նախկինում՝ օրինակ, Սիրիայում կամ Ղարաբաղում։

Մոսկվան ավելի վաղ բազմիցս հայտարարել է, թե չի ընդունում Անկարայի դիրքորոշումը Ղրիմի հարցում, սակայն կարծում է, որ ժամանակի ընթացքում կհաջողվի թուրք գործընկերներին բացատրել իրողությունը։ Պաշտոնական Անկարան բազմիցս հայտարարել է, թե չի ճանաչում Ղրիմը Ռուսաստանի կազմում, իսկ ամիսներ առաջ սկսել է նաև ակտիվ համագործակցել Կիևի հետ ռազմաարդյունաբերական ոլորտում։

Նկատենք, որ ուկրաինական կողմը, մասնավորապես, ոչ միայն ձեռք է բերել թուրքական անօդաչու սարքեր, այլ նաև արդեն կիրառել է «Բայրաքթար»-ները Դոնբասում, ինչին արձագանքել էր Մոսկվան՝ նկատելով` հարձակողական սպառազինության մատակարարումը չի օգնի Ուկրաինայի արևելքում լարված իրավիճակի կարգավորմանը։

Նոյեմբերի սկզբին Ռուսաստանի արտգործնախարարն Կիևին մեղադրեց Դոնբասում սադրիչ իրավիճակ ստեղծելու և Ռուսաստանին ինչ-ինչ ուժային գործողությունների մեջ ներքաշելու փորձի համար։ Սերգեյ Լավրովն այդ համատեքստում անդրադարձել էր թուրքական «Բայրաքթար»-ների պատմությանը՝ նշելով․ - «Այդ «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքի հետ կապված է խորհրդավոր պատմությունը։ Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարը հայտարարում է, որ այդ սպառազինությունը կիրառվել է, իսկ պաշտպանության նախարարն ասում է, թե նման բան տեղի չի ունեցել։ Կարծում եմ՝ ուկրաինացիները դեռ չեն որոշել, թե ինչն է իրենց համար ավելի ձեռնտու՝ ցույց տալ, որ իրենք այնքան ուժեղ են, որ սկսել են ռմբակոծե՞լ՝ խախտելով Մինսկի պայմանավորվածությունները, թե՞ ասել, որ իրենք, այնուամենայնիվ, կատարում են Մինսկի պայմանավորվածությունները, և առաջարկում են «նորմանդական ձևաչափով» նոր հանդիպում կազմակերպել»։

Կիևը հայտարարեց առաջին անգամ «Բայրաքթար» կիրառելու մասին, Մոսկվան ստուգում էր... Վերջին ամիսներին Ուկրաինայի նկատմամբ Մոսկվայի հռետորաբանությունն ավելի կոշտ էր դարձել, կտրուկ սրվեց իրավիճակը Դոնբասի հակամարտության գոտում: Ուկրաինան, իր հերթին, հայտարարեց, թե առաջին անգամ կիրառել է թուրքական արտադրության «Բայրաքթար» հարվածային անօդաչու թռչող սարք, ինչը որոշակի լարվածություն է առաջացրել Մոսկվայի և Անկարայի հարաբերություններում։

Այդ լարվածությունը մեղմելու համար Թուրքիայի արտգործնախարարը հայտարարեց, թե Անկարան պատասխանատու չէ Ուկրաինայի կողմից թուրքական «Բայրաքթար»-ների օգտագործման համար։ Ռուսաստանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ Մևլութ Չավուշօղլուն հորդորեց նաև Ուկրաինայի իշխանություններին չօգտագործել թուրքական «Բայրաքթար»-ներ արտահայտությունը․ - «Երբ որևէ երկիր որևէ պաշտպանական զենք է գնում մեզնից կամ որևէ այլ երկրից, այդ զենքը դադարում է լինել թուրքական, ռուսական կամ ուկրաինական։ Թեև այդ զենքը գնված է Թուրքիայից, սակայն այն այժմ պատկանում է Ուկրաինային»։ Չավուշօղլուն ոչ միայն շեշտել էր, թե Թուրքիան այս իրավիճակում մեղավոր չէ, այլ նաև ակնարկել, թե նույն տրամաբանությամբ Անկարան կարող է Մոսկվային մեղադրել․ - «Տարբեր երկրներում ահաբեկչության դեմ մեր պայքարում մենք բախվել ենք տարբեր երկրներում, այդ թվում Ռուսաստանում արտադրված զենքի հետ, բայց մենք երբեք դրանում չենք մեղադրել Ռուսաստանին։ Ուկրաինան նույնպես պետք է դադարի օգտագործել մեր երկրի անունը»։

Հոկտեմբերի 26-ին ուկրաինական բանակը հայտարարեց, թե առաջին անգամ թուրքական հարվածային «Բայրաքթար» է կիրառել Դոնբասի դեմ։ Ռուսաստանի արտգործնախարարը հայտնեց, թե ստուգում են այս մասին տեղեկատվությունը, Կրեմլի խոսնակը զգուշացրել էր, որ «այդօրինակ զինատեսակների մատակարարումը Ուկրաինային է՛լ ավելի կսրի իրավիճակը»։

Արդյունքում թուրքական «Բայրաքթար»-ների մասին այս տեղեկությունն է՛լ ավելի սրեց իրավիճակը Դոնբասի շուրջ, ռուսաստանցի վերլուծաբանները նույնիսկ գրել են, որ ուկրաինացի անջատողականները «Բայրաքթար»-ներին հակազդելու համար համարժեք զենք չունեն։ Փորձագետների մի մասը կարծում էր, որ այսօր Մոսկվան դժվար թե գնա Արևմուտքի հետ առանց այդ էլ չափազանց լարված հարաբերությունների է՛լ ավելի վատթարացման։

Ու հիմա, Անկարան, որոշել է խաղաղության «աղավնի» դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև: Մի օր թուրքական «Բայրաքթար»-ներն ընդդեմ ռուսական զորքերի են, մի օր Էրդողանը «հաշտարար» է: Կարևորը՝ ցանկացած տարածաշրջանում «քիթը» խոթել ու հանդես գալ սեփական օրակարգով:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1616 անգամ
Լրահոս
Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան Մակրոնը չի ընդունել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրաժարականը «Ավինյանի պապան Երևանի մուտքի մոտ վիզա կխփի` մուտքը՝ 10 հազար դրամ»․ Գառնիկ Դանիելյան (video) Ադրբեջանում երկրաշարժ է եղել Սրանց ձեռքով՝ պատերազմը շարունակվում է․ Գերասիմ Վարդանյան (video) Լենա Նազարյա՛ն, խոսա՛․ իմ ներկայությամբ մատերդ քցել էիր, որ Արմեն Սարգսյանի աչքերը հանես․ Զոհրաբյան (video) 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման համար նախատեսված դեղահաբը Ալիևը սպառնացել է Փաշինյանին․ նոր ավանտյուրա է հորինել Փաշինյանը․ Մանուկ Սուքիասյան (video) ԱԲ-ն դառնալու է «սպառազինությունների» նոր մրցավազք․ Հայաստանը պետք է պատրաստվի նոր մարտահրավերներին Սևանա լճի աղտոտում և հողերի դեգրադացում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Դատախազություն Ամուլսարի հարցով ընթացող դատեր կան, ռիսկերի մասին խոսողներից 6 մլն դրամ են պահանջում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am