Ալիևը 4 տարի ունի. Դավադրություններ ընդդեմ Մոսկվայի

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 8-ին կմասնակցեն Ֆիզուլիի օդակայանը շահագործման հանձնելու հանդիսավոր արարողությանը: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ նրանք այդ օրն ընտրել են «հայկական օկուպացիայից Շուշին ազատագրելու առաջին տարեդարձի կապակցությամբ»: Ֆիզուլիի օդակայանից առաջին թռիչքները սկսվել են այս տարվա սեպտեմբերի 5-ին: Օդակայանի թռիչքուղու երկարությունը 3 կիլոմետր է, իսկ լայնությունը՝ 60 մետր:

Ըստ «Ինտերֆաքս» լրատվական գործակալության, «Ֆիզուլիի օդակայանը հագեցված է թռիչքների կառավարումը և անվտանգությունն ապահովող գերարդիական սարքավորումներով և համապատասխանում է միջազգային անհրաժեշտ չափանիշներին»: Նշում է նաև, որ Ալիևի հանձնարարությամբ մեկական օդակայան է կառուցվում նաև Լաչինում և Զանգելանում:

Էրդողանն ու Ալիևն, այսպիսով, շարունակում են Ռուսաստանին նյարդայնացնելու իրենց քաղաքականությունը: Մինչ Էրդողանը կայցելի Ֆիզուլիի օդակայանը շահագործման հանձնելու հանդիսավոր արարողությանը, Բաքուն արդեն «գործնական քայլերի է» անցել:
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայումից մոտ մեկ տարի անց պաշտոնական Բաքուն ամենաբարձր՝ երկրի նախագահի մակարդակով հարցեր է բարձրացնում նրանց գործունեության ու լիազորությունների վերաբերյալ։ «Մենք ընդհանուր առմամբ գոհ ենք խաղաղապահներից, բայց կան որոշ հարցեր, որոնք լուծման կարիք ունեն», - իտալական «Լա Ռեպուբլիկա» թերթի հետ հարցազրույցում ասել է Իլհամ Ալիևը՝ մանրամասնելով․ - «Օրինակ, կա խնդիր օտարերկրացիների հետ, որոնք պետք է Ադրբեջանի թույլտվությունը ստանան, որպեսզի մուտք գործեն մեր տարածք»։
Հարկ համարելով մի քանի անգամ շեշտել, թե Ղարաբաղն Ադրբեջանի մի մասն է, որն այժմ գտնվում է ռուս խաղաղապահների պատասխանատվության ներքո, Ալիևն ասել է՝ «վերջին շրջանում ապօրինաբար Ղարաբաղ այցելող օտարերկրյա «զբոսաշրջիկների» թիվը զգալիորեն նվազել է, սակայն դեռ արձանագրվում են որոշ նման դեպքեր»։ «Մենք դիմել ենք Ռուսաստանի իշխանություններին ու Պաշտպանության նախարարությանը՝ պահանջելով վերջ դնել սրան։ Այս հարցը, ինչպես նաև մի քանի այլ հարցեր դեռ պետք է կարգավորվեն», - ընդգծել է Ադրբեջանի նախագահն՝ առանց հավելյալ մանրամասների։
Ի դեպ, մոտ մեկ ամիս առաջ էլ այս մասին Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևն էր խոսել։ «Ղարաբաղն Ադրբեջանի տարածքն է, իսկ ռուս խաղաղապահներն այնտեղ տեղակայվել են ժամանակավոր», - ասել էր նա BBC-ի ադրբեջանական ծառայության հետ զրույցում, հավելելով՝ «կողմերի միջև դեռ քննարկումներ են ընթանում խաղաղապահների մանդատի շուրջ հավելյալ համաձայնություններ ձեռք բերելու համար» ։ Թե կոնկրետ ում միջև են քննարկումները և ինչ ձևաչափով` Ադրբեջանի նախագահի խորհրդականը չէր հստակեցրել:

Նկատենք, որ պաշտոնական Երևանը միայն հայտարարում է, թե Բաքուն մինչ օրս ռուս խաղաղապահների տեղակայման մանդատը չի ստորագրել և լայնածավալ հակաքարոզչություն է իրականացնում նրանց դեմ:

Հակամարտությանը հետևող միջազգային փորձագիտական խմբերից մեկը, սակայն, ամիսներ առաջ որոշ փակագծեր էր բացել ռուս խաղաղապահների մանդատի շուրջ կուլիսներում շարունակվող քննարկումներից: Ադրբեջանցի մի պաշտոնյա, մասնավորապես, անանուն մնալու պայմանով, Միջազգային ճգնաժամային խմբին պատմել էր, որ դեռ անցած տարվա դեկտեմբերին` պատերազմական գործողությունների ավարտից շաբաթներ անց, Մոսկվան մի փաստաթուղթ է ներկայացրել Երևանին և Բաքվին, որտեղ գրված է եղել, թե ինչ դեր են ստանձնելու ռուս խաղաղապահները և ինչ խնդիրներ են լուծելու Ղարաբաղում: Ադրբեջանը մի շարք դրույթների համաձայն չի եղել։ «Նրանք ցանկանում են, որ Ռուսաստանը հստակ հայտարարի` տարածքը, որտեղ տեղակայված են խաղաղապահները, գտնվում է Ադրբեջանում», - Ճգնաժամային խմբին պատմել է հայաստանցի մի պաշտոնյա` հավելելով` այդ պահանջը մերժվել է Երևանի ու Ստեփանակերտի կողմից: Ռուս պաշտոնյաներից մեկն էլ, կրկին անանուն մնալու պայմանով, փոխանցել էր, որ Կրեմլը չի ձգտում ստանալ այդ փաստաթուղթը ամեն գնով. - «Մոսկվան նախընտրում է սպասել, մինչև Բաքուն կմեղմի իր դիրքորոշումը», - ասել էր նա:

Փաստացի, ռուս խաղաղապահներն այս պահին Ղարաբաղում են միայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, որտեղ նրանց վերաբերյալ ընդամենը երեք նախադասություն կա: Ըստ այդմ, նշվում է, որ զորակազմը տեղակայվելու է հինգ տարի ժամկետով, որը ևս հինգ տարով կարող է երկարաձգվել, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտին չպահանջի, որ առաքելությունը դուրս բերվի Ղարաբաղից: Պուտինի, Ալիևի և Փաշինյանի ստորագրած այդ փաստաթուղթը, մինչդեռ, չի հստակեցնում` կոնկրետ ինչ լիազորություններ ու իրավասություններ ունեն ռուս խաղաղապահները և ինչ կարող են անել, եթե, ասենք, հրադադարը խախտվի, ինչպես արդեն եղել է մի քանի անգամ, հանգեցնելով նաև մարդկային կորուստների։

Ռուս խաղաղապահներին անթաքույց կերպով Լեռնային Ղարաբաղից հանելու ձգտմանը զուգահեռ, պարզվում է, Ադրբեջանի իշխանությունները քննարկում են Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վերադարձի հնարավորությունը...

Ալիևի խորամանկ հաշվարկով՝ 4 տարի անց, երբ օրակարգ կգա ռուս խաղաղապահների մնալ-չմնալու հարցը, նա կարող է դրանցից հրաժարվելու համար հիմնավորում բերել, որ հայերն ու ադրբեջանցիները «խաղաղ ապրում» են, հետևաբար, կարիք չկա, որպեսզի ռուս խաղաղապահները շարունակեն մնալ Լեռնային Ղարաբաղում:

Ահա, Ալիևը պատրաստվում է հաստատել մի ծրագիր, որի համաձայն հայերն ու ադրբեջանցիները կարող են կրկին միասին ապրել Լեռնային Ղարաբաղում: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը պատմել է Մեջլիսի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, իշխանական պատգամավոր Զահիդ Օրուջը: Նա նշել է, որ պետական ծրագրի հիմքում ընկած է նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որի 7-րդ կետում ամրագրված է, որ տեղահանված մարդիկ պետք է վերադառնան իրենց բնակավայրեր. - «Այս ծրագիրը ենթադրում է, որ հայերը Ադրբեջանի քաղաքացիություն կստանան և կինտեգրվեն հասարակությանը: Իշխանությունների պատրաստած վերջնական փաստաթուղթը կարող է այլ անվանում ունենալ, բայց կոնցեպտուալ առումով դրա հիմքում այս սկզբունքն է դրված: Այդ նախագծի մշակման աշխատանքներում պրոֆեսիոնալներ են ներգրավված»:

Մի կողմ թողնենք այն փաստը, որ աղետալի պատերազմից հետո մեծ խնդիր է վստահության ու անվտանգության հարցը, մյուս կողմից էլ, սակայն այսօր Լեռնային Ղարաբաղում դիպուկահարների կրակոցից քաղաքացիական անձինք են զոհվում: Ինչպե՞ս է Ալիևը հայերին «ինտեգրում»: Պարզ է, որ սա հերթական շոուն է, որի միջոցով Ալիևը ձգտելու է արգելափակել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման սկզբունքի ճշգրտման հարցը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2052 անգամ
Լրահոս
Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին գրասենյակը վաճառվել է Լոկոմոտիվը փորձել է գնել Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստին Արտակարգ դեպք․ էլեկտրական լարն ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին, հրդեհ առաջացրել Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում Սպասվում է անձրև․ հնարավոր է կարկուտ Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն և ինքնագլորը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Գիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ․ Նարեկ Կարապետյան Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու․ Էրդողան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am