Լղոզվում ու անտեսվում է «Զանգեզուրի գրավման» թուրք-ադրբեջանական մղումը

Երեկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպեց Իրանի իր գործընկեր Հոսյեն Ամիր Աբդոլլահիյանի հետ, որից հետո հրավիրված համատեղ մամուլի ասուլիսում նա ասել է, թե իրենք դեմ են, որպեսզի տարածաշրջանում զորավարժությունները կրեն սադրիչ բնույթ: «Մենք դեմ ենք, որպեսզի այստեղ ռազմական ակտիվություն ծավալվի, դեմ ենք, որպեսզի որևէ տեսակի զորավարժություններ կրեն սադրիչ բնույթ: Կա նաև մտահոգություն, որն արտահայտում է նույն Ադրբեջանը մեր իրանցի բարեկամների՝ սահմանին անցկացված վերջին զորավարժությունների հետ կապված»,- ասել է Լավրովը:

Իր հերթին Իրանի արտգործնախարարն ասել է, որ Թեհրանը սադրիչ է համարում Ադրբեջանի կողմից անցկացվող զորավարժությունները, որոնց մասնակցում են այլ պետություններ: «Վեց զորավարժություններ մշտապես անցկացրել է Ադրբեջանը վեց տարբեր երկրների հետ. դրանք իհարկե սադրիչ գործողություններ են, չնայած դա կախած է յուրաքանչյուր երկրի որոշումից»,- ասել է նա:

Ըստ նրա՝ նման զորավարժությունների ակտիվացումը «տարածաշրջանում դրական զգացողություններ չի ներշնչում»: «Իրանը վերջին շրջանում անցկացրել է մի քանի զորավարժություններ, բայց դիվանագիտական խողովակներով մենք տարածաշրջանի բոլոր երկրներին տեղեկացրել ենք»,- ասել է նա՝ ընդգծելով, որ նման զորավարժությունների էությունը «տարածաշրջանում խաղաղությունն էր, կայունությունը և անվտանգությունը, ոչ թե հակառակը»,- ասել է Իրանի արտգործնախարարը:

Ի՞նչ է նշանակում Մոսկվայի այս լղոզված դիրքորոշումը՝ մենք դեմ ենք սադրիչ զորավարժություններին, ընդ որում՝ առանց մատնանշելու, թե որ կողմի՝ թուրք-ադրբեջանակա՞ն, թե՞ Իրանի զորավարժություններն են համարում «սադրիչ», ապա Բաքվի դիրքորոշումը կրկնելը՝ «Ադրբեջանը, օրինակ, իր մտահոգությունն է հայտնում իր սահմանների մոտ իրանական զորավարժությունների կապակցությամբ»։ Այսինքն, Մոսկվան որոշել է կրկնել Ադրբեջանի դիրքորոշումը, ինչը նշանակում է, որ Ռուսաստանն էլ համարում է, որ Իրանն է սադրիչ զորավարժություններ իրականացնում:

Իսկ ինչո՞ւ Մոսկվան չի պատասխանում հարցին, թե ինչո՞ւ է Թեհրանը իրականացնում զորավարժություններ, ինչո՞ւ է սպառվել Իրանի համբերությունը, որքա՞ն կարող է Թեհրանը Բաքվից ու Անկարայից լսել «Զանգեզուրի միջանցքը» բացելու սպառնալիքները, այդ ընթացքում իրանցի վարորդների են ձերբակալում, հարկեր դնում իրանցի վարորդների վրա ու այսպես շարունակ: Այսինքն, Մոսկվայում չեն տեսնում Բաքվի սադրիչ քաղաքականությունը:

Փոխարենը Լավրովն առաջարկում է Ռուսաստանի մասնակցությամբ հարթակ ստեղծել՝ տարաձայնությունները քննարկելու համար։ Այս անգամ խոսքը «երեք պլուս երեք», այսինքն՝ Հարավային Կովկասի երեք պետությունների և նրանց մեծ հարևանների ՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի մասին է։ Ձևաչափ, որ ղարաբաղյան վերջին պատերազմից հետո ակտիվորեն շրջանառության մեջ էր դրել պաշտոնական Անկարան։

Ընդգծելով, որ առաջարկին կողմ են նաև Ադրբեջանում և Թուրքիայում, Լավրովն ասել է, որ հայ գործընկերների հետ դեռ աշխատում են այս ուղղությամբ։ Թե որն է խնդիրը, և կա արդյոք այս հարցին հայկական կողմից դիմադրություն՝ Լավրովը չի հստակեցրել։ Փոխարենը նա նորից խոսել է տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակումից՝ կրկին չօգտագործելով միջանցք բառը․ - «Տրանսպորտային բոլոր հաղորդակցությունների, այդ տարածաշրջանում բոլոր տնտեսական կապերի ապաշրջափակումից կշահեն ոչ միայն Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը, այլև Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան, ինչպես նաև Հարավային Կովկասի երեք հանրապետությունների հարևանները»։

Իրանական կողմը, մինչդեռ, վերջին շրջանում տարբեր հարթակներից մտահոգություն է հայտնում, որ «Զանգեզուրի միջանցքը», որի մասին շարունակ հայտարարում են Ադրբեջանի և Թուրքիայի առաջնորդները, ոչ միայն Հայաստանն է կտրում Իրանից, այլև Իրանը՝ Եվրասիական տնտեսական միությանը կապող միակ ցամաքային սահմանից։
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը ռուս գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում նորից ընդգծեց, որ Թեհրանը մտահոգություն ունի Հարավային Կովկասում ընթացող զարգացումների շուրջ և անթույլատրելի է համար «տարածաշրջանի քարտեզի փոփոխությունը»։ Թե կոնկրետ որ սահմանների և ինչպիսի փոփոխության մասին է խոսքը, Աբդոլահիանը չհստակեցրեց։ Դրանով հանդերձ, նա այսօրվա կարճատև ասուլիսի ժամանակ մի քանի անգամ ընդգծեց, որ Թեհրանն ուզում է բարիդրացիական հարաբերություններ ունենալ բոլոր հարևանների հետ։

Նկատենք, որ մինչև երեկվա բանակցությունները, մեկ օր առաջ ժամանելով Մոսկվա, Աբդոլահիանը հստակ հարց բարձրացրեց, թե մտադիր է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել իրավիճակը Հարավային Կովկասում՝ հավելելով, թե Թեհրանում հույս ունեն, որ Ռուսաստանը կարձագանքի տարածաշրջանում սահմանների հնարավոր փոփոխությանը։

Մինչդեռ Լավրովը բանակցությունների մեկնարկին թվարկել էր օրակարգի մի շարք այլ թեմաներ՝ որևէ բառ չասելով Հարավային Կովկասի զարգացումների մասին։ Իսկ համատեղ ասուլիսին այս մասին ընդամենը ասաց՝ քննարկել են նաև իրավիճակը Անդրկովկասում։ Պաշտոնական Մոսկվան մինչև օրս որևէ կերպ չի մեկնաբանել վերջին օրերի իրանա-ադրբեջանական լարվածությունը։ Այսօր Լավրովը իրանցի լրագրողի հարցին դիվանագիտական պատասխան տվեց։

Վերջին օրերին միջազգային մամուլի և փորձագետների ուշադրության կենտրոնում տարածաշրջանում նոր լարվածությամբ հղի Իրանի և Ադրբեջանի հարաբերություններն են։ Թեհրանից և Բաքվից հնչող փոխադարձ մեղադրանքներին ու սպառնալիքներին զուգահեռ կողմերը նաև լայնածավալ զորավարժություններ են անցկացնում միմյանց սահմանների մոտ: Նախօրեին Բաքվում փակվեց Հուսեյնիա մզկիթը և այնտեղ գտնվող Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի ներկայացուցչի գրասենյակը: Մյուս կողմից` Իրանը, ըստ ադրբեջանական աղբյուրների, փակել է իր օդային տարածքը ադրբեջանական ռազմական ավիացիայի համար դեպի Նախիջևան:

Ըստ վերլուծաբանների՝ ղարաբաղյան վերջին պատերազմից հետո տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխություններն ու ուժերի վերադասավորությունը Իրանին դուր չեն գալիս: Թուրքիայում գործող Քոջաելի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Իրֆան Քայա Ուլգերը «Ազատության» հետ զրույցում Իրանի ակտիվացման երկու հիմնական պատճառ է նշում: «Վերջին տարիներին արևմտյան պատժամիջոցների պատճառով Իրանը տնտեսական լուրջ խնդիրների առաջ է կանգնել: Անցած տարվա ղարաբաղյան պատերազմից հետո Իրանի դիրքերն ավելի են թուլացել: Իրանին նաև անհանգստացնում է տնտեսական տեսանկյունից Ադրբեջանի ուժեղացումը: Բացի այդ, կա նաև էթնիկական խնդիր: Ադրբեջանը 10 մլն բնակչություն ունի, սակայն Իրանում շուրջ 30 մլն ադրբեջանցի է ապրում: Այս բնակչությունը սկզբնական շրջանում հավատում էր հեղափոխության գաղափարներին, բայց հիմա աստիճանաբար ազգայնական տրամադրություններ են բարձրանում, ինչը Իրանի համար մտահոգիչ է», - ասաց քաղաքագետը:

Փորձագետի համոզմամբ՝ Իրանի և Ադրբեջանի միջև տարաձայնությունները չեն վերածվի զինված բախման, և շուտով կրքերը կհանդարտվեն. «Իրանի իշխանությունները ռազմական գործողությունների չեն գնա Ադրբեջանի դեմ: Իհարկե, Իրանը ինքն իրեն չի վնասի, քանի որ եթե նման քայլի գնա, իր երկրում ապրող 30 մլն ադրբեջանցի բնակչության վերաբերմունքը իշխանության հանդեպ կփոխվի հօգուտ Ադրբեջանի: Այդ պատճառով կարծում եմ, որ այս լարվածությունը որոշ ժամանակ անց կնվազի»: Ինչ վերաբերում է Թուրքային, քաղաքագետի կարծիքով, Անկարան ևս տարածաշրջանում նոր լարվածության կողմնակից չէ և Իրան-Ադրբեջան հակասություններում նախընտրում է չեզոք մնալ: «Իհարկե, Թուրքիան այս հարցում հավասարակշիռ մոտեցում ունի, սակայն եթե ընտրություն անելու անհրաժեշտություն լինի, Թուրքիան կաջակցի Ադրբեջանին, ինչպես վերջին 100 տարում է անում` հատկապես Խորհրդային Միության փլուզումից հետո», - նկատել է նա:

Ադրբեջանի և Իրանի միջև հնարավոր բախումը Հայաստանի շահերից էլ չի բխում: Իրֆան Քայա Ուլգերը նշում է, որ Հայաստանի իշխանությունները պետք է ճիշտ կողմնորոշվեն ստեղծված իրավիճակում. «Հավատում եմ, որ Փաշինյանը վերջին զարգացումներից պետք է դասեր քաղի և ավելի իրատեսական քաղաքական գիծ որդեգրի: Իրանի և Ադրբեջանի միջև ծագած խնդիրներում Հայաստանը կողմ չի հանդիսանում: Հայաստանի ղեկավարությունը, եթե շարունակի սթափ գնահատել իրադրությունը, հետագայում կարող է օգուտներ քաղել տարածաշրջանային բազմակողմ համագործակցությունից»: Թուրք քաղաքագետը իրատեսական է համարում տարածաշրջանային երկրների՝ այսպես կոչված վեցի հարթակի ստեղծումը և կարծում է, որ բոլոր երկրների շահերից է բխում տարածաշրջանային ապաշրջափակումը։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2729 անգամ
Լրահոս
Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան Մակրոնը չի ընդունել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրաժարականը «Ավինյանի պապան Երևանի մուտքի մոտ վիզա կխփի` մուտքը՝ 10 հազար դրամ»․ Գառնիկ Դանիելյան (video) Ադրբեջանում երկրաշարժ է եղել Սրանց ձեռքով՝ պատերազմը շարունակվում է․ Գերասիմ Վարդանյան (video) Լենա Նազարյա՛ն, խոսա՛․ իմ ներկայությամբ մատերդ քցել էիր, որ Արմեն Սարգսյանի աչքերը հանես․ Զոհրաբյան (video) 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման համար նախատեսված դեղահաբը Ալիևը սպառնացել է Փաշինյանին․ նոր ավանտյուրա է հորինել Փաշինյանը․ Մանուկ Սուքիասյան (video) ԱԲ-ն դառնալու է «սպառազինությունների» նոր մրցավազք․ Հայաստանը պետք է պատրաստվի նոր մարտահրավերներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am