Ադրբեջանցի միլիարդատեր-մարդասպանը բերման ենթարկվեց Պուտին-Էրդողանի հանդիպումից հետո. կեղտոտ գործարքների փունջը
Չեռնոգորիայում բերման է ենթարկվել ադրբեջանցի գործարար, մոսկովյան «Չերկիզովսկի» շուկայի նախկին տնօրեն Թելման Իսմայիլովը: 2017թ. նոյեմբերի 11-ին ադրբեջանցի Իսմայիլովի փաստաբան Մարինա Ռուսակովան հայտնել էր, որ իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել 2016-ին երկու անձի սպանության կազմակերպման և զենքի անօրինական շրջանառության համար: Իր եղբոր՝ Վագիֆի հետ, Իսմայիլովը գտնվում էր հետախուզման մեջ արդեն մի քանի տարի: 2019թ. Շվեյցարիայում Թելման Իսմայիլովի դեմ քրեական գործ է հարուցվել՝ երեք հոդվածով: Ինչպես նաև 2019-ին Իսմայիլովի պարտքերի պատճառով կալանք է դրվել նրա որդու՝ Ալեքպերի՝ Չեռնոգորիայում գտնվող խաղատան վրա: 2020թ. արդեն փետրվարին Իսմայիլովի եղբայրը դատապարտվեց երկու բիզնեսմենների սպանության մեղադրանքով:
Հետաքրքրական է, որ օրեր առաջ Պուտին-Էրդողան հանդիպումից օրեր անց տարիներ շարունակ հետախուզման մեջ գտնվող ադրբեջանցին բերման է ենթարկվում:
Սա ուշագրավ մի դրվագ է, որը թվում է թե ռուս-թուրքական օրակարգի մաս չի կարող լինել, սակայն իրականում ռուսական կողմը որոշ գործընթացներում, որտեղ հնարավոր է, ցույց է տալիս ուժը, ձգտելով հասկացնել թուրք-ադրբեջանական տանդեմին, որ կարող է ինչ-ինչ քայլերի դիմել:
Հիմա հիշեցնենք, թե ով էր «հանրահայտ» Թելման Իսմայիլովը, ինչ գործարքներով էր հայտնի, ինչ խաղերի մեջ էր, ինչպես էր մխրճվել շոուբիզնեսի մեջ:
Mardan Palace-ի օտարումը
Թուրքիայի Halkbank-ն Անթալիայում ձեռք է բերել Mardan Palace էլիտար հյուրանոցը, որը պատկանում էր ռուսաստանցի մեծահարուստ, հրեական ծագումով ադրբեջանցի միլիարդատեր գործարար Թելման Իսմայիլովին: Ըստ Hurriyet-ի` գնումը վարկային հաստատությանն արժեցել է 360 մլն թուրքական լիրա (123 մլն դոլար)։ Յոթ աստղանի հյուրանոցը գնահատվել է 719 մլն լիրա (246 մլն դոլար), սակայն ֆինանսական դրության պատճառով վաճառվել է զգալիորեն էժան: Բացի այդ, Halkbank-ից բացի գնման այլ հավակնորդներ չեն եղել: Իսմայիլովը Mardan Palace-ը հիմնել է 2009-ին, որի համար ներդրել է 1.4 մլրդ դոլար: Հատուկ այդ նպատակով Եգիպտոսից հատուկ ավազ էր բերվել, որը տապի ժամանակ չի այրում ոտքերը։ Հյուրանոցի կառուցման ընթացքում օգտագործվել են ոսկու կտորներ ու բնական ճենապակի։ Հյուրանոցի հյուրերին առաջարկվում էր գինի՝ յուրաքանչյուր շիշը 4000 դոլար արժեքով։
Դեռևս 2014թ. գարնանը ադրբեջանցի միլիարդատեր Իսմայիլովը վարկ էր վերցրել «Halkbank»-ից: Այնուհետև, Թուրքիայի պետական բանկի՝ «Halkbank»-ի և ադրբեջանցի միլիարդատիրոջ միջև խնդիր էր առաջացել: Բանկը Իսմայիլովին է տրամադրել 62,5 մլն ԱՄՆ դոլար «Mardan Palace» հյուրանոցի կառուցման համար, որի վրա, ընդհանուր առմամբ ծախսվել է 1,4 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ բանկի կողմից տրամադրված գումարը չի վերադարձվել: Նա այդ վարկը վերցրել էր 2009 թ. և հետաքննության ժամանակ պարզ է դարձել, որ այն տարածքը, որի վրա կառուցվել է հյուրանոցը, պատկանում է պետությանը, և այն չէր կարելի գրավ դնել: Ապա, Կիպրոսի դատարանը որոշեց սառեցնել Իսմայիլովի հաշիվները կղզում և նրա սահմաններից դուրս: Դատարանը այդպիսի որոշում է կայացրել «Մանգազեա» ընկերության նախագահ Սերգեյ Յանչուկովին պատկանող «Sezaria Ltd»-ի հայցի հիման վրա: Հայցում ընկերությունը պահանջում է Իսմայիլովից բռնագանձել 135 միլիոն դոլարը և հավելյալ տոկոսները:
Ո՞վ է Թելման Իսմայիլովը
Ռուսաստանցի միլիարդատեր Թելման Իսմայիլովը հրեական ծագումով ադրբեջանցի է: Նա ծնվել է 1956թ.-ին՝ Բաքվում՝ հրեաների ընտանիքում: Իսմայիլովը հայտնի էր որպես Մոսկվայում գտնվող ամենախոշոր «Չերկիզովոյի շուկայի» («Черкизон») սեփականատերը: Իսմայիլովին Ռուսաստանում նաև կոչում էին «Король Черкизона»: 200 հա մակերես ունեցող շուկան գոյություն է ունեցել 1990-ական թթ.-ից մինչև 2009թ.-ը: 2014-ին նույնիսկ խոսակցություններ կային այն մասին, որ Ադրբեջանի քաղաքական կյանքում կհայտնվի Ռուսաստանում և Թուրքիայում խոշոր բիզնեսներ ունեցող, բիզնես միջավայրում որպես AST Telman ճանաչված, հրեական ծագումով ադրբեջանցի միլիարդատերը, որը պատրաստվում էր մեծ գումարներ ներդնել Ադրբեջանի քաղաքական կյանքում: Իսկ ավելի վաղ`Իսմայիլովին հետաքրքրել էր Չեչնիան: Նա հանդիպել էր Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի հետ և հայտնել նրան այդ երկրում մի շարք ներդրումային ծրագրեր ձեռնարկելու իր մտադրության մասին:
2011-ին թուրքական մամուլը գրեց, որ Իսմայիլովն ու Թուրքիայի կառավարող ԱԶԿ կուսակցության առաջնորդը բիզնեսի գործընկերներ են դարձել: Պարզվել էր, Իսմայիլովը թուրքական առաջատար «Միլիեթ» և «Հուրիեթ» թերթերը գնելու ցանկություն էր հայտնել: Թուրքիայի կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, ըստ թուրքական մամուլի, այդպես աշխատում էր իր ձեռքը վերցնել նաև այդ երկրում հրապարակվող վերջին անկախ մամուլի օրգանները ևս, և այդ գործում նրան օգնում էր «Ռուսաստանում «ձեռք գցած» փողերն առած ու Թուրքիայում բնակություն հաստատած Թելման Իսմայիլովը»: Այդ շրջանում Turktime կայքը հայտնել էր, որ թուրքական կառավարության կողմից 3,2 միլիարդ դոլարի հարկային պատիժների ենթարկված Dogan Holding-ի ամենամեծ հրատարակչություն «Միլիեթ» թերթը վաճառվել է ադրբեջանցի գործարար, AST Telman ընկերությունների խմբի սեփականատեր Թելման Իսմայիլովին:
Dogan Holding ղեկավարությունն այլ գործերի հետ մեղադրվում էր նաև Թուրքիայում վառելիքի անօրինական շրջանառություն իրագործելու մեջ: Կայքը նաև հայտնել էր, որ Թելման Իսմայիլովը «Միլիեթը» գնել է իր գործընկեր թուրքական Torunlar Gida ընկերության հետ համատեղ, որի ամենամեծ բաժնետեր սեփականատերը ԱԶԿ-ական, Բիթլիսից ընտրված ազգությամբ քուրդ պատգամավոր Վահիդ Քիլերն է: Վահիդ Քիլերը Թուրքիայի խորհրդարանի վառելիքի մաքսանենգության դեմ պայքարի խորհրդարանական հանձնաժողովի նախագահն է: Turktime նաև հայտնել էր, որ «Միլիեթի» վաճառքի հետ կապված բանակցություններն ավարտվել են և այժմ Թելման Իսմայիլովն ու ԱԶԿ-ից նրա գործընկեր Վահիդ Քիլերը բանակցություններ են տանում Թուրքիայում հասարակական կարծիքն ուղղորդող մյուս առաջատար «Հուրիեթ» թերթը գնելու շուրջ:
Ադրբեջանցի միլիարդատերն ու շոուբիզնեսը
2013-ին աշխարհահռչակ դերասանուհի Մոնիկա Բելուչիի և Վենսան Կասելի պաշտոնական բաժանումից մի քանի օր անց լրատվամիջոցներում լուրեր տարածվեցին, որ իտալացի դերասանուհի և մոդելը իր ամուսնուց հեռացել է ադրբեջանցի միլիարդատեր Թելման Իսմայիլովի հետ ունեցած սիրավեպի պատճառով: Մամուլը հետևողականորեն գրում էր Բելուչիի ու Իսմայիլովի կապի մասին: Լրատվամիջոցները հայտնում էին, որ Բելուչին և Իսմայիլովը հանդիպել էին Անթալիայում օլիգարխի հյուրանոցներից մեկի բացման ժամանակ: Բելուչին չէր մեկնաբանում իր սիրավեպի մասին լուրերը, նույնպես վարվում էր նաև Իսմայիլովը: Նրանց կապը, սակայն, այդպես էլ պաշտոնապես չհաստատվեց:
Իսմայիլովի գործունեության առավել «ուշագրավ» պահը, թերևս հայերին կհետաքրքրի... Խոսակցություններ կան այն մասին, որ հայտնի հայազգի երգիչ Աբրահամ Ռուսոյի տաղանդով, որը Հայաստանում բազմիցս հայտարարել է, թե ինքը հայ է, մի որոշ ժամանակ հիացած է եղել Թելման Իսմայիլովը, և ոչ միայն... Իսմայիլովը նաև աջակցել է երգչի առաջխաղացմանը Ռուսաստանում, բայց որոշակի համաձայնություն ձեռք բերելու դիմաց: «Գործարքը» հետևյալն էր` Ռուսոն չպետք է հայտարարեր, որ ինքը հայ է: Սակայն որոշ ժամանակ անց Ռուսոն խախտում է Իսմայիլովի հետ պայմանավորվածությունը և հարցազրույցների մեկում հայտարարում, որ հայ է, ինչն էլ զայրացնում է ադրբեջանցի միլիարդատիրոջը և նա պատժում է Ռուսոյին` նրա դեմ հարձակում կազմակերպելով: 2007-ին երգչի նկատմամբ սպանության փորձ է կատարվում, Ռուսոն լքում է Ռուսաստանը, նա ընտանիքի հետ տեղափոխվում է Հայաստան, այնուհետև հաստատվում է Միացյալ Նահանգներում:
Երկու մարդու սպանության մեղադրանք
Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը համարվող ադրբեջանցի գործարար Թելման Իսմայիլովին մեղադրվում է երկու մարդու սպանության կազմակերպման համար, այս լուրը հանգստյան օրերին հայտնեցին ռուսաստանյան գործակալությունները հղում անելով նրա փաստաբան Մարինա Ռուսակովային։ 2017-ին հայտնի դարձավ, որ Մոսկվայի Բասմանի դատարանը հեռակա կարգով կալանավորել է նրան։ ՌԴ իրավապահ մարմինները խուզարկություններ էին անցկացրել Իսմայիլովին պատկանող 12 հասցեներում: Այդ ժամանակ lenta.ru-ին քննչական մարմիններում բարձրաստիճան աղբյուրը հայտնել էր, որ խուզարկումներն անց են կացվում երկու մարդու սպանության հետաքննության շրջանակում: Նա հստակեցրել էր, որ խոսքը 2016թ. մայիսին Մերձմոսկովյան շրջանում մի քանի առևտրային համալիրների սեփականատեր Վլադիմիր Սավկինի և «Լյուբլինո-Մոտորս»-ի հիմնադիր Յուրի Բրիլյովի սպանության մասին է: Նրանց մարմինները հայտնաբերվել էին մայիսի 16-ին, Toyota Land Cruiser 200 ավտոմեքենայի սրահում: Քննության ընթացքում ձերբակալվել էր Թելման Իսմայիլովի հարազատ եղբայրը:
Առհասարակ, Իսմայիլովը խառը պատմությունների, խարդախությունների «հերոս» է: 2017թ. ամռանը ռուսաստանյան «Коммерсант»-ը հաղորդեց, որ ամերիկյան Լաս Վեգասում կալանքի տակ է դրվել մի քանի միլիոն դոլար արժողությամբ առևտրի կենտրոնը, որը պատկանում է ադրբեջանցի օլիգարխ Թելման Իսմայիլովին, քանի որ օլիգարխին մեղադրում են խարդախության մեջ: Նա, հրաժարվել էր վճարել վարկերը Ռուսաստանում, դուրս է բերել կապիտալը արտասահման և անշարժ գույք ձեռք բերել բարեկամների անուններով: Ապա կիպրոսյան դատարանը բացահայտեց տեղեկատվությունն այն մասին, որ դեռ 2014-ին, երբ «Руслайн 2000» ՍՊԸ-ն դադարեց սպասարկել այնտեղ ստացված վարկը, ավելի քան 8 մլն դոլար «Vesto Trading Limited»-ի կողմից ԱՄՆ-ում օգտագործվել է Լաս Վեգասում «Craig Valley Plaza» առևտրի կենտրոնի ձեռքբերման համար: Հինգ մեկհարկանի շենքերից բաղկացած այդ առևտրի կենտրոնը մոտ 7 հազար քառակուսի մետր մակերեսով ավելի վաղ պատկանում էր Սեմ Նազարյանի ընտանիքին, որի սեփականատերերն են «Marker Craig LLC» և «Marker LLC» ընկերությունները, որոնք էլ գտնվում են Թելման Իսմայիլովի բարեկամուհի Նաիլա Սաբիխովայի վերահսկողության տակ:
Ադրբեջանցի միլիարդատեր-մարդասպանի հետապնդումները հայերի նկատմամբ
2017-ի դեկտեմբերին Ռուսաստանի Քննչական կոմիտեն հեռակա կարգով Իսմաիլովին սպանության մեղադրանք ներկայացրեց և որպես խափանման միջոց՝ ընտրել կալանքը: «Քննության տվյալներով՝ Թելման Իսմաիլովն 2016-ին իրականացված երկու ձեռնարկատիրոջ՝ Վլադիմիր Սավկինի և Յուրի Բրիլյովի սպանությունների կազմակերպիչն է: Հանցագործության իրականացման ծրագիրը նա մշակել է իր եղբայրներ՝ Ռաֆիկ և Վագիֆ Իսմաիլովների հետ միասին: Հանցագործությունն իրականացրել է Մեհման Քերիմովը»,- ասված է հաղորդագրությունում: Իսմաիլովի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու համար նյութերն ուղարկվել են ՌԴ գլխավոր դատախազություն:
Իսմաիլովը մինչդեռ, հայտարարում էր, թե որևէ առնչություն չունի Ռուսաստանում սպանությունների կազմակերպմանը: Նա չէր ընդունում սպանությունների հետ իր կապը. «Ես իմ կյանքում որևէ հանցագործություն չեմ կատարել: Ես պնդում եմ, որ կապ չունեմ սպանությունների կազմակերպման հետ և կարող եմ դա ապացուցել»:
Սպանությունների, սկանդալների, բիզնեսում խարդախությունների, ֆինանսական աճպարարություններում հայտնի Թելման Իսմաիլովը, որի անունը շրջանառվում է տարիներ առաջ հայազգի երգիչ Ավրահամ Ռուսոյին ծեծի ենթարկելու կազմակերպման գործի հետ, փաստորեն, հայերին հետապնդելու հարցում՝ այլ գործում էլ է խառնված:
2017-ին ուշագրավ մեկ այլ տեղեկություն տարածվեց: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում էր կայացրել, ըստ որի կասեցվել է ՌԴ քաղաքացի ազգությամբ հայ Սուրեն Խաչատուրովի հանձնումը Ռուսաստանի Դաշնությանը: NEWS.am-ի հետ զրույցում Սուրեն Խաչատուրովի շահերի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը նշել էր, որ Սուրեն Խաչատուրովը երկար ժամանակ ընտանիքի հետ բնակվել է Ռուսաստանի Դաշնությունում, այնտեղ զբաղեցրել է տարբեր պաշտոններ: Ի պաշտոնե նա վերահսկողություն է իրականացրել այլ անձանց, այդ թվում նաև ազգությամբ ադրբեջանցի Թելման Իսմաիլովի օբյեկտների նկատմամբ: Նա բազմաթիվ խախտումներ է հայտնաբերել նրա օբյեկտում, որից հետո, ըստ Խաչատուրովի, Թելման Իսմաիլովը հաշվեհարդար է փորձել տեսնել նրանից և շինծու քրեական գործ է սարքել իր պաշտպանյալի դեմ: «Թելման Իսմաիլովը սկզբից փորձել է հաշվեհարդար տեսնել Սուրեն Խաչատուրովի կնոջից, որի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, այնուհետև Սուրեն Խաչատուրովին սպառնացել է, որ քրեական հետապնդում կսկսի նրա նկատմամբ: Սուրեն Խաչատուրովին աշխատակիցներից մեկը տեղեկացրել է, որ փորձելու են կաշառք տալ նրան և այդպիսով գործ սարքել, սակայն, նա այդ մասին տեղեկացրել է անվտանգության ծառայությանը, և տվյալ օրը աշխատանքի չի գնացել: Բայց նրա նկատմամբ քրեական հետախուզում է սկսվել, որից հետո հասկացել է, որ Ռուսաստանի իշխանությունների կամայականություններից չի կարող պաշտպանվել և լքել է Ռուսաստանի տարածքը»,-ասել էր փաստաբանը:
Մետաքսյա Շալունց