Վերջին խոսքը Պուտինն է. Զանգեզուրի հարցն ու Սիրիան մեկ փաթեթում
Լուրջ խմորումներ՝ ռուս և ամերիկացի բարձրաստիճան զինվորականների հանդիպումից հետո
Թուրքիայում ուշ երեկոյան գրեթե 4 ժամ տևողությամբ Ազգային անվտանգության խորհրդի նիստ է կայացել՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ: Նիստի օրակարգում էին Աֆղանստանում տիրող իրավիճակը, տարածաշրջանի կայունացման միջազգային ասպարեզում ձեռնարկվելիք քայլերը, Աֆղանստանից ծագող միգրացիոն ճնշման դեմ ձեռնարկված միջոցառումները: ԱԱԽ օրակարգում էին նաև զարգացումները Սիրիայում, մասնավորապես՝ Իդլիբում տիրող իրավիճակը:
Նկատենք, որ սեպտեմբերի 29-ին Սոչիում Պուտին-Էրդողան բանակցությունների մեկնարկին Թուրքիայի նախագահը հատուկ շեշտեց, որ Սիրիայում խաղաղությունը կախված է ռուս-թուրքական հարաբերություններից, և նրա խոսքով, Սիրիայի խնդրի վերաբերյալ Ռուսաստանի և Թուրքիայի համատեղ քայլերը «մեծ նշանակություն ունեն»: Էրդողանն ավելի վաղ ասել էր, որ Թուրքիան կցանկանար, որ Միացյալ Նահանգները դուրս բերեր իր զորքերը Սիրիայից և Իրաքից, ինչպես դա արել էր Աֆղանստանում ավելի վաղ: Նա պնդել էր, որ Թուրքիան ներկա է Սիրիայում`երկիրը վերականգնելու նպատակով, և նաև հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Իրաքը և Թուրքիան կարող են միասին աշխատել` Սիրիայում և Իրաքում խաղաղության և կայունության հասնելու համար:
Մինչ Սոչիի հանդիպումը սակայն, մի ուշագրավ իրադարձություն տեղի ունեցավ, որի վրա մամուլն ուշադրություն չդարձրեց: Օրեր առաջ հայտնի դարձավ, որ ԱՄՆ ԶՈՒ շտաբերի պետերի միացյալ աշխատակազմի նախագահ գեներալ Մարկ Միլին դեռ անցյալ շաբաթ հանդիպել է Ռուսաստանի շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ և քննարկել է Կենտրոնական Ասիայում ամերիկյան զինուժի կողմից ռուսական ռազմաբազաների օգտագործման հնարավորությունը: Ըստ Wall Street Journal-ի՝ Գերասիմովն ու Միլին հանդիպել են Ֆինլանդիայի կառավարության Քենինգշտեդտի նստավայրում, Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիից 40 կիլոմետր հյուսիս: Հանդիպմանը, մասնավորապես, քննարկվել է ռազմական գործողությունների ընթացքում միջադեպերի ռիսկերի նվազեցման հարցը: Հանդիպումը կառուցողական էր, լրագրողներին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից: Հանրապետական օրենսդիրները, որոնք վերահսկում են ԱՄՆ արտաքին քաղաքականությունը, Բայդենի վարչակազմից պահանջել են բացատրություններ Կենտրոնական Ասիայում ռուսական ռազմաբազաների օգտագործման ծրագրերի վերաբերյալ:
Սակայն այս հանդիպումից հետո մեկ այլ ուշագրավ իրադարձություն կայացավ ռուսական կողմը պատասխանեց Սիրիայում Էրդողանի սադրանքներին՝ Սիրիայի հյուսիս-արևելքում հարվածներ հասցնելով՝ ընդամենը Պուտին-Էրդողան բանակցությունների նախաշեմին:
Ուրեմն, արձանագրենք, որ երկար դադարից հետո Մոսկվայի ու Վաշինգտոնի շփումը կարող է որոշակի ազդեցություն ունենալ թե՛ Սիրիայում ընդդեմ թուրքական սանձարձակության, թե՛ Հայաստան-Ադրբեջան համատեքստում՝ Անկարայի ու Բաքվի «զանգեզուրյան» ախորժակների առումով:
Ի՞նչ են պայմանավորվել Պուտինն ու Էրդողանն Իդլիբի հարցով
Թուրքական մամուլը քննարկում է Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Ռուսաստան: Ինչպես գրում է Военное Обозрение-ն, Էրդողանի պատվիրակության թուրք պաշտոնյաները նշում են, որ բանակցությունների համար կարևոր թեմաներից մեկը Սիրիայի հարցն էր, մասնավորապես, սիրիական Իդլիբի թեման: Եթե հավատանք թուրքական իշխանությունների ներկայացուցիչների հայտարարություններին, ապա Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են «պահպանել Իդլիբի վերաբերյալ ստատուս քվոն»: Նշվում է, որ թուրք զինծառայողները «կշարունակեն վերահսկել իրավիճակը Իդլիբում՝ նախկինում ստեղծված դիտակետերում»: Թուրք պաշտոնյան, որի անունը թուրքական մամուլը չի նշում, ասել է, որ դա «երկու նախագահների միջև կարևոր համաձայնություն է»:
Ավելի վաղ Պուտինը բարձրացրել էր Սիրիայում մի շարք օտարերկրյա ռազմական զորախմբերի ոչ լեգիտիմ ներկայության հարցը: Ըստ Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ այն զորախմբերը, որոնք չունեն ՄԱԿ-ի մանդատ կամ չեն հրավիրվել Սիրիայի պաշտոնական իշխանությունների կողմից, պետք է հնարավորինս շուտ լքեն Սիրիայի տարածքը: Այժմ, եթե հավատանք թուրք անանուն պաշտոնյային, որին հղում են անում թուրք լրագրողները, Սիրիայից, այդ թվում՝ Իդլիբից, թուրքական զորքերի դուրսբերման հարցն այլևս օրակարգում չէ: Հարկ է նշել, որ Սիրիայում մնալու համար թուրքական զորքերը չունեն ո՛չ ՄԱԿ -ի մանդատ, ո՛չ պաշտոնական Դամասկոսի հրավեր, և, հետևաբար, դե յուրե անօրինական են:
Այս ֆոնին սիրիական և թուրքական մամուլը նշում են, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպման օրը Սիրիայի հյուսիսում և հյուսիս-արևմուտքում ամենահանգիստն էր վերջին մի քանի ամիսների ընթացքում:
Պեսկովը բացահայտեց. Պուտին-Էրդողան հանդիպմանը քննարկվել է ԼՂ խնդիրը
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, երեկ պատասխանելով լրագրողների հարցերին, որոշ մանրամասներ է հայտնել Պուտին-Էրդողան հանդիպմանը քննարկված թեմաներից։ Նա ասել է, որ հանդիպման օրակարգում էին նաև տարածաշրջանային հակամարտությունների խնդիրները. «Մանրամասնորեն մտքեր են փոխանակվել Սիրիայի շուրջ, խոսել են Աֆղանստանից, Լիբիայից, և իհարկե խոսք է գնացել նաև ղարաբաղյան կարգավորումից»։ Պեսկովի փոխանցմամբ՝ ռուսական կողմն ընդգծել է, որ կողմերը պետք է փոխզիջումային որոշումներ փնտրեն սահմանի սահմանազատման և տրանսպորտային ենթակառույցները զարգացնելու հարցերում։
Սոչիից վերադարձի ճանապարհին Էրդողանը կրկին անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքին»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիից վերադարձի ճանապարհին լրագրողների հետ զրույցում ամփոփել է նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման արդյունքները: Նա նշել է, որ օրակարգային մի շարք հարցերի թվում կողմերը քննարկել են նաև իրավիճակը կովկասյան տարածաշրջանում:
Էրդողանը անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքին»՝ կարևորելով դրա կարևորությունը ողջ տարածաշրջանի համար: «Այդ հատվածում գործարկվելիք ցամաքային և երկաթուղային ճանապարհները տարածաշրջանային բոլոր երկրների համար առևտրատնտեսական հնարավորություններ կբերեն: Ադրբեջանը այս միջանցքի համար լայնածավալ աշխատանքներ է տանում: Իհարկե, Հայաստանն էլ պետք է իր պարտավորությունները կատարի», -TRT Haber-ի փոխանցմամբ՝ ասել է Թուրքիայի նախագահը:
Ի դեպ, հիշեցնենք, որ շուրջ 2 շաբաթ առաջ Էրդողանը հայտարարել էր, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի միջոցով հանդիպելու առաջարկ է արել իրեն, միաժամանակ, կրկին խոսել էր «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Պաշտոնական Երևանը դրան արձագանքեց, որ «միջանցքային տրամաբանությունն» ընդունելի չէ իր համար, սակայն պատրաստ է Անկարայի հետ շփումների։
Սակայն երեկ ուշ երեկոյան Անկարան ևս մեկ հարված ստացավ Մոսկվայից: Ռուսները առաջ են տանում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության շարունակման գիծն ավելի հստակ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Լեռնային Ղարաբաղ նպաստավոր պայմաններ կստեղծի Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հնարավոր հանդիպում կազմակերպելու համար, երեկ ճեպազրույցում նշեց Ռուսաստանի ԱԳՆ մամուլի և տեղեկատվության բաժնի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը: Նրա խոսքով՝ Ռուսաստանը ելնում է նրանից, որ հատկապես բարձր և բարձրագույն մակարդակով պարբերական երկխոսությունը նպաստում է փոխըմբռնման ձևավորմանը և կառուցողական մթնոլորտ ստեղծում խնդիրների լուծման համար: «Հենց շնորհիվ Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդների հետ Պուտինի ինտենսիվ շփումների՝ հաջողվեց դադարեցնել արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղում… Ինչպես հասկանում եք, այդպիսի բարձր մակարդակի հանդիպումների կազմակերպումը պահանջում է լուրջ նախապատրաստություն: Ելնում ենք նրանից, որ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան կնպաստի հենց դրա համար բարենպաստ պայմանների ձևավորմանը»,- ասել է նա:
«Քաղաքական տեսարանի ակնհայտ փոփոխություն տարածաշրջանում», արձանագրում է ռուս փորձագետը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջին օրերին երկու հարցազրույց է տվել արտասահմանյան ԶԼՄ-ներին՝ թուրքական «Անադոլու» գործակալությանը և ֆրանսիական France 24 հեռուստաալիքին: Ինչպես «Ռեգնում» գործակալությունում հրապարակված հոդվածում նկատում է ռուս քաղաքագետ, Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների խնդիրների հարցերով հայտնի փորձագետ Ստանիսլավ Տարասովը, այդ երկու հարցազրույցը միավորում է մեկ ընդհանուր թեմա՝ պատերազմը Լեռնային Ղարաբաղում և իրավիճակն այսպես կոչված՝ հետհակամարտային ժամանակաշրջանում, սակայն դրանց միջև կա նաև տարբերություն:
Փորձագետը նշում է, որ առաջին հարցազրույցում Ալիևը քննադատությունների տարափ է տեղացել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վրա, որն, ըստ ադրբեջանցի ղեկավարի, «նախապատվություն է տվել «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» քաղաքականությանը: Ալիևի խոսքով՝ «44-օրյա պատերազմի ընթացքում ՄԽ որոշ համանախագահ երկրներ հարց են բարձրացրել ՄԱԿ-ում Ադրբեջանի դեմ», իսկ պատերազմի ավարտից հետո՝ մոտ մեկ տարվա ընթացքում ԵԱՀԿ ՄԽ-ն հանդես չի եկել որևէ առաջարկով: Ավելին, Ալիևը ևս մեկ անգամ ընդգծել է, որ «ղարաբաղյան հակամարտությունն ավարտվել է, իսկ հետագայում Մինսկի խումբը պետք է զբաղվի «ճանապարհների բացմամբ, միջանցքների բացմամբ, խաղաղ գործընթացին աջակցելով, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվի իրենց առաջարկած պայմանագիրը»:
Եվ հանկարծ, ինչպես նկատում է հոդվածագիրը, France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում Ալիևը հայտարարում է հետևյալը. «Ադրբեջանը բազմիցս հայտարարել է Հայաստանի հետ երկխոսություն սկսելու պատրաստակամության մասին: Խոսքը ոչ միայն երկխոսություն սկսելու, այլև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի շուրջ տարվելիք աշխատանքների մասին է: Պատերազմն ավարտվել է, հակամարտությունը՝ կարգավորվել: Մենք պետք է անցնենք նոր գործունեության, որպեսզի տարածաշրջանն առավել կանխատեսելի, կայուն և անվտանգ դարձնենք: Երկու երկրի արտգործնախարարների հանդիպումն այդ ջանքերի լավ ցուցիչ է: Հուսով եմ, որ դա պարզապես հանդիպում չէ, այլ հարաբերությունների կարգավորման նոր գործընթացի սկիզբ, որը նոր ծավալ կհաղորդի համագործակցությանը Հարավային Կովկասում: Ադրբեջանը երբեք չի առարկել բարձրագույն մակարդակով հանդիպումներին: Սովորաբար, երկու երկրի ղեկավարների միջև հանդիպումները կազմակերպվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Նրանք առաջարկել են օրակարգը, կազմակերպել հանդիպումները, սակայն եթե ՄԽ համանախագահները հանդես գան հանդիպման առաջարկով, ապա մենք, իհարկե, դեմ չենք լինի»:
«Քաղաքական տեսարանի ակնհայտ փոփոխություն տարածաշրջանում: Դրա առաջին տեսանելի նշանը ԵԱՀԿ ՄԽ աշխատանքի վերականգնումն է: Այս առնչությամբ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ «Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում Բաքվի և Երևանի հետ համաձայնեցրել են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան աշխատանքային այցելությունների վերականգնումը»: Երկրորդ նշանն այն է, որ այդ ակցիան միանման աջակցություն է ստանում ինչպես Բաքվում, այնպես էլ Երևանում, այսինքն կողմերը հասել են ինչ-որ փոխզիջումային որոշման: Սակայն՝ ինչպիսի՞: Նշանակում է դա արդյո՞ք, որ Հայաստանը, նախկինում ԵԱՀԿ ՄԽ գործունեության հետ էր կապում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման խնդիրը, փոխել է իր դիրքորոշումը և համաձայնել է համանախագահներին Ադրբեջանի առաջարկած բանակցային օրակարգին: Թե՞, ընդհակառակը, փոփոխություններ են տեղի ունեցել Բաքվի մոտեցումներում բանակցային գործընթացին: Չէ, չի նշանակում: Ամենայն հավանականությամբ, սկսում է աշխատել ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոյի ներկայացրած սխեման»,- գրում է փորձագետը:
Ավելի վաղ վերջինս, ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում խոսելով ԵԱՀԿ ՄԽ գործունեության վերսկսման անհրաժեշտության մասին, ընդգծել էր, որ «համանախագահների եռյակը հզոր միջազգային աջակցություն ունի և կարող է օգտակար լինել հետագա քայլերի, այդ թվում՝ կարգավիճակի հարցով փոխընդունելի մոտեցումների մշակման գործում, սակայն առանց շտապելու, երբ գա ժամանակը»: «Այստեղից՝ ենթադրություն. Մինսկի խումբը դեռևս զերծ է մնում իր օրակարգի ձևավորումից և իր գլխավոր առաջադրանքը տեսնում է բանակցային գործընթացի վերականգնման մեջ՝ ուշադրությունը կենտրոնացնելով հայերի և ադրբեջանցիների միջև վստահության միջոցների ամրապնդմանն ուղղված հարցերին, առանց որի դժվար է առաջ շարժվել քաղաքական կարգավորման ուղով: Նման մարտավարությունը ենթադրում է նախնական փուլում 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության սկզբունքների պահպանումը և դրանց անցումը ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո: Եվ միայն հետո՝ կարգավորման գործընթացի երկրորդ կամ երրորդ փուլում կարող են նոր պայմաններ ի հայտ գալ նոր ձևաչափերի ձևավորման համար, որին կարող են մասնակցել նաև շահագրգիռ արտաքին խաղացողները»,- վերլուծում է Տարասովը:
Վերջինս ենթադրում է, որ պատահական չէ, որ Ալիևը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման հարցում իր պատրաստակամության մասին հայտնել է Ֆրանսիական հեռուստաալիքին տված հարցազրույցում, քանի որ Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, ակտիվորեն հետևում է ԼՂ շուրջ տիրող իրավիճակի զարգացմանը: «Հետաքրքրական է, որ իրադարձությունների ընթացքին արագ արձագանքել է Եվրամիությունը: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը նախօրեին ԵԽԽՎ նիստում հայտարարել է, որ «իրենք բանակցություններ են սկսել Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ երկրների միջև փոխադարձ վստահության կառուցման համար»: Սակայն պատրաստ է արդյո՞ք ադրբեջանական դիվանագիտությունն իրադարձությունների նման ընթացքին: Չէ՞ որ նախկինում ԵՄ-ն չի մասնակցել ԼՂ հարցով բանակցություններին: Այժմ Բրյուսելը կարող է մեծացնել իր քաղաքական ակտիվությունն Անդրկովկասում և ներկայացնել իր հակամարտության կարգավորման իր ծրագիրն՝ այլընտրանքային լուծումների առաջարկներով՝ որպես հակակշիռ Բաքվի դիրքորոշումներին, օրինակ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ»,- եզրակացնում է մասնագետը:
Վերջինս նշում է նաև, որ պատահական չէ, որ Թբիլիսին, որն իրեն համարում է «միակ եվրոպացին Կովկասում», կրկին հանդես է եկել «Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության հարթակ ստեղծելու» առաջարկով: Սակայն արտաքին նշաններով դեռևս Բաքուն և Երևանը փոխզիջումների գնալու պատրաստակամություն չեն դրսևորում, որպեսզի խաղաղության համաձայնագրի նախագիծ մշակվի, ինչը հնարավոր է միայն իրական բանակցությունների մեկնարկի պարագայում, իսկ դրան դեռ շատ կա, ինչպես գրում է Eurasianet ամերիկյան պարբերականը:
Էրդողանը Պուտինից «մուռը» հանեց՝ Ուկրաինայի հետ Բայրաքթար ԱԹՍ-ների սպասարկման կենտրոնի կառուցման հուշագիր ստորագրելով
Սոչիի բանակցություններում Պուտինից ակնկալածը չստանալու վկայություն էր նաև այն, որ Պուտին -Էրդողան հանդիպումից ընդամենը մեկ օր անց Անկարան և Մոսկվայի հետ հակամարտող Կիևը Բայրաքթարների անօդաչու թռչող սարքերի սպասարկման և արդիականացման համատեղ կենտրոնի կառուցման մասին հուշագիր են ստորագրել։ Հաջորդ փուլում Թուրքիան և Ուկրաինան նախատեսում են արդեն Բայրաքթարների համատեղ արտադրություն։ «Սա մեծ իրական առաջընթաց է: Ես երախտապարտ եմ նախագահ Էրդողանին: Սա իսկական աջակցություն է Ուկրաինայի ինքնիշխանությանը և անկախությանը»,- հայտարարել է Վլադիմիր Զելենսկին, ով անձամբ է ներկա գտնվել թուրք-ուկրաինական հուշագրի ստորագրման արարողությանը։
Ղարաբաղյան 44-օրյա պատերազմում Բայրաքթարների վճռորոշ դերակատարությամբ հիացած Ուկրաինայի իշխանությունները ավելի վաղ հայտարարել էին, թե թուրքական այդ դրոնների ձեռքբերումը Կիևին կօգնի զսպել «ռուսաստանյան ագրեսիան տարածաշրջանում»։ Պաշտոնական Կիևը չէր թաքցնում՝ Բայրաքթարներ ձեռք բերելու որոշման վրա ազդել են նաև հայ-ադրբեջանական 44-օրյա պատերազմի արդյունքները։ Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը ամիսներ առաջ պնդում էր, թե այդ սպառազինության արդյունավետությունը այլևս կասկածի տեղիք չի թողնում։ «Դրանում ոչ մեկին համոզելու հարկ չկա, դա ապացուցվել է Սիրիայում, Լիբիայում և Լեռնային Ղարաբաղի մարտական գործողությունների ընթացքում»,- ասել էր Ուկրաինայի ռազմական գերատեսչության ղեկավարը։
Ի դեպ, Ուկրաինայի ՊՆ-ի պաշտոնական տվյալներով` Կիևն այս պահի դրությամբ իր զինանոցում արդեն 12 Բայրաքթար ունի, առաջիկայում պատրաստվում է ձեռք բերել ևս 24-ը։ Ոչ Անկարան և ոչ էլ Կիևն առայժմ չեն հստակեցնում սպառազինության գործարքի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների ֆինանսական կողմը։ Խոսքը, սակայն, ըստ ամենայնի հարյուրավոր միլիոնների հասնող գումարի մասին է։ Ըստ բաց աղբյուրներում առկա տեղեկատվության, «Բայրաքթար»-ների մեկ խմբաքանակը, որն իր մեջ վեց անօդաչու թռչող սարք և դրանց կառավարման երեք կետ է ընդգրկում, արժե 70 միլիոն ամերիկյան դոլար։ Թուրք-ուկրաինական այս գործարքը Մոսկվայում անուշադրության չի մատնվել։ Կրեմլը շտապել է հիշեցնել այդ հարցում իր դիրքորոշման մասին. «Մի օր Ուկրաինան կարող է այդ սպառազինությունը օգտագործել սեփական ժողովրդի դեմ», - հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Մոսկվայի պատասխանը չոր էր: Պատասխանելով հարցին, թե ինչպես է թուրքական կողմն արձագանքել Ռուսաստանի այս մտավախություններին, Պեսկովն ընդգծել է, որ այդ մասին պետք է հարցնել «թուրքական կողմին»:
Մետաքսյա Շալունց