Միջանցք՝ ոչ, բայց ճանապարհի հարց քննարկվում է, չի բացառվում՝ հենց Մեղրիով

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տնտեսական եւ տրանսպորտային ապաշրջափակման հարցերով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբն ապրիլ ամսից ի վեր հանդիպում չի ունեցել։ Հանդիպումների շարքն ընդհատվել է՝ կապված սահմանային լարվածության հետ։ Անորոշ է, թե հաջորդ հանդիպումը երբ տեղի կունենա։ Ձեւաչափը, հիշեցնենք, եռակողմ է, երրորդ կողմը Ռուսաստանն է։ Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը գլխավորում է մեր կողմից ձեւավորված աշխատանքային խումբը։

- Իսկ ապրիլ ամսվա դրությամբ ի՞նչ ունեիք, ո՞ւր էիք հասել։

- Ապրիլ ամսվա դրությամբ դեռեւս փորձագիտական մակարդակով քննարկում էինք նախ իրավական կարգավորումները՝ ԱՊՀ նորմատիվ ակտերի շրջանակներում եւ միջազգային կոնվենցիաների եւ պայմանագրերի, որոնց Հայաստանը մասնակից է, նաեւ ենթակառուցվածքների տեխնիկական հնարավորություններն էին քննարկվում։ Այդքանն էր։

- Ե՞րբ է լինելու հաջորդ հանդիպումը։

- Կառավարության ձեւավորումից հետո պարզ կլինեն հանդիպումները եւ ամսաթվերը։

- Նիկոլ Փաշինյանի վերընտրվելուց հետո տեսանք, որ հատկապես ադրբեջանցիները շատ էին ուրախացել այդ առիթով, ի՞նչ եք կարծում՝ այն, որ Փաշինյանը նորից մնաց իշխանության, ադրբեջանցիների մոտ նոր ակնկալիքնե՞ր է առաջացրել՝ ախորժակի մեծացման տեսանկյունից, որ մեզնից ավելին պոկեն, ավելին ստանան եւ դա՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարության վերընտրվելու շնորհիվ։ Ավելին, քան կարելի էր ստանալ մինչեւ ընտրությունները։

- Դե, իհարկե, չի կարելի նման ընկալում ունենալ, եւ, իհարկե, Ձեր հարցի մեջ պարունակվում էր մի բան, որն ինձ համար անհասկանալի է․ Դուք ասում եք՝ տեսնում ենք, որ շատ են ուրախացել, ո՞վ է ուրախացել, եւ ի՞նչ եք տեսնում։

- Ադրբեջանական մամուլում եւ սոցցանցերում ադրբեջանցիների հրճվանքին չափ ու սահման չկար, իսկ Շուշիում հրավառություն էին անում, երբ Փաշինյանը հաղթել էր ընտրություններում, ադրբեջանցիներն այդ առիթով նույնիսկ շնորհավորում էին միմյանց։

- Ես չեմ կարող ընդհանրապես նման ընկալում եւ նման բան մեկնաբանել։

- Լավ, այլ կերպ ձեւակերպեմ՝ այս ընտրությունները ադրբեջանցիների հետ հարաբերություններում եւ նրանց ակնկալիքներում որեւէ բան փոխե՞լ են։ Ի վերջո, եթե իշխանությունը փոխվել է, հնարավոր է՝ ամեն ինչ այլ հունով ընթանար։

- Ներողություն եմ խնդրում, բայց հարցի հասցեատերը հաստատ ես չեմ։ Դուք խոսում եք ուրախության մասին, ուրախացող հանրությանն էլ երեւի պետք է հարցն ուղղել, ես չեմ կարող պատասխանել։

- Բայց, ցավոք կամ բարեբախտաբար, կապ չունեմ այդ ուրախացող հանրության հետ, դրա համար Ձեզ եմ հարցնում։ Ես ուզում եմ հասկանալ՝ Դուք ինչպե՞ս եք տեսնում այս ամենի զարգացումը, քանզի Ալիեւն ընտրություններից առաջ ու հետո էլ խոսում էր Սյունիքով միջանցքի տրամադրման մասին եւ ոչ միայն։

- Ես, օգտվելով առիթից, ուզում եմ եւս մեկ անգամ վստահեցնել եւ արձանագրել, որ միջանցքային տրամաբանության հարց ես երբեւէ չեմ քննարկել, չեմ քննարկում եւ չեմ էլ քննարկելու, դա ուղղակի բացառված է, եւ էդ կոնտեքստում որեւէ բան մեկնաբանելու կարիք եւ անհրաժեշտություն չեմ տեսնում, որովհետեւ չի լինելու նման բան։ Դա հնարավոր չէ ուղղակի, դա բացառված է։ Եվ, անկախ նրանից, թե ով է ուրախանում, ով է տխրում, միեւնույն է՝ չի լինելու։

- Կներեք, ի՞նչ ասել է՝ միջանցքային տրամաբանություն, ի՞նչ է դա իրենից ներկայացնում։

- Միջանցքային տրամաբանությունը ենթադրում է, որ որեւիցե մի հարց, որը կվերաբերի ապաշրջափակման պայմանավորվածություններին կամ հնարավորություններին եւ որը կենթադրի որեւիցե մի սուվերեն հավելյալ իրավունք կամ ծանրաբեռնվածություն, ես բացառում եմ։ Մենք խոսում ենք մեր սուվերեն ենթակառուցվածքների մասին։

- Եթե ավելի պարզ թարգմանենք Ձեր ասածը, կնշանակի, որ եթե ինչ-որ ճանապարհ տրվի, ապա դա չի լինելու որեւէ մեկի անմիջական հսկողության ներքո, որեւէ մեկը դոմինանտություն չի ունենալու այդ ճանապարհի հարցում։ Ճի՞շտ եմ հասկանում։

- Միանշանակ։ Եվ ոչ թե հսկողության կամ ոչ միայն հսկողության, այլ նաեւ որեւիցե մի արտոնյալ կամ որեւիցե մի հատուկ կարգավիճակ։

- Այսինքն՝ ճանապարհ կարող է տրվել, բայց բացառապես երկու կողմից հավասար օգտվելու իրավունքո՞վ։

- Եվ նաեւ մնացած այլ հարեւան երկրների։

- Բայց, ամեն դեպքում, ճանապարհի հարց կարող է քննարկվել կամ քննարկվում է։

- Ապաշրջափակման հարց, այո, մենք քննարկում ենք, եւ դա նորմալ է, եւ նման նպատակ ունենք, այո։

- Այսինքն՝ ճանապարհ բացելու նպատակ ունի կառավարությունը, որը կլինի օգտագործման ենթակա Հայաստանի, Ադրբեջանի, գուցե նաեւ Իրանի եւ Թուրքիայի կողմից։ Ճի՞շտ եմ հասկանում։

- Ես Թուրքիայի մասով որեւէ բան չասացի, դա առանձին քննարկման հարց է։ Բայց էն հարեւան երկրները, որոնք էսօր մեր տարածքով անցնելու հնարավորություն ունեն՝ բեռնափոխադրումների իմաստով՝ մասնավորապես, այո, հաշվի առնվում է նաեւ այդ հնարավորությունը։

- Ո՞ր տարածքով, Սյունիքո՞վ եւ Սյունիքի հատկապես ո՞ր մասով, Մեղրիի՞ հատվածով։

- Դա արդեն կախված կլինի ենթակառուցվածքների ֆիզիկական հնարավորություններից եւ արդյունավետությունից։

- Իսկ ի՞նչ նկատի ուներ Վլադիմիր Պուտինը, երբ, շնորհավորելով Նիկոլ Փաշինյանին, ասաց, որ Հայաստանը պետք է պատրաստ լինի ցավոտ լուծումների։ Ի՞նչ ցավոտ լուծում։

- Չեմ կարող մեկնաբանել, կարծում եմ, որ ես չեմ հարցի հասցեատերը։

- Բայց ինքը, շնորհավորելով Փաշինյանին, նաեւ նրա կառավարությանն է, չէ՞, շնորհավորել, այդ մեսիջը նաեւ կառավարությանն էր, չէ՞, ուղղված, քանզի այդ լուծումները դուք եք նախապատրաստելու ժողովրդի համար։

- Դե, նորից ուզում եմ կրկնել, որ ես նախ չեմ փնտրում էդ ասածի մեջ ինչ-որ հատուկ բան, երկրորդը՝ կարծում եմ, որ ես չեմ հասցեատերը։

- Հատուկ բան չկա, կա ընդամենը ցավոտ բան։ Ես ուզում եմ հասկանալ՝ այդ ճանապարհի տրամադրումը, օրինակ, կարո՞ղ է ցավոտ լինել հայ ժողովրդի համար։

- Չեմ կարծում։ Եվ չեմ կարծում, որ օրակարգում կա քննարկման առարկա, որը շահավետ չէ կամ շահավետ չի լինի Հայաստանի համար։

- Դուք կարծում եք՝ ցանկացած գործընթաց, լինի դա տարածքների հանձնում, փոխանակում, ճանապարհի տրամադրում, այդ բոլորը փոխշահավե՞տ է լինելու Հայաստանի համար։

- Ես տարածքների հանձնման կամ փոխանակման վերաբերյալ որեւէ բան չասացի, եւ իմ օրակարգում նման բան չկա։ Մեր հարթակում քննարկվում են տրանսպորտային ապաշրջափակման հարցերը, ու ամեն ինչ պետք է անենք, որ շահավետ լինի, ու վստահ ենք, որ շահավետ կլինի։

- Իսկ Տավուշի մարզի մասո՞վ էլ կա տրանսպորտային ապաշրջափակման վերաբերյալ քննարկում։

- Էնտեղ պոտենցիալ երկաթգծային եւ ավտոմոբիլային կապի հնարավորություն կա, ըստ այդմ՝ այո, օրակարգում կա, բայց ավելի մանրամասն հիմա որեւէ բան չեմ կարող ասել։

Աղբյուր՝ «Հրապարակ»

դիտվել է 586 անգամ
Լրահոս
Անամոթությունը կարող է դառնալ ազգային ողբերգության պատճառ․ այսօր մենք դա՛ ենք ապրում․ Հասրաթյան Քադաֆիի որդին սպանվել է իր տան բակում Արման դու չե՞ս ամաչում, երբ խոսում ես հալածանքներից… . Տեր Զարեհ Աշուրյանը՝ կարգալույծ Արման Սարոյանին Այս հայտարարությունը պետք է ընկալել որպես Բաքվի կողմից փոխանցվող համակարգված քաղաքական ազդակ․ Սուրենյանց Բագրատ Սրբազանը նամակ է փոխանցել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին Расследование Сената США обнаруживает, что значительная часть детей элиты Исламской Республики Иран живет в гостях у «Большого Сатаны» ՀՀ իշխանությունները ամեն գնով փորձում են թաքցնել Ադրբեջանի հանցանքները, ես չե՛մ լռելու․ Թաթոյան Ֆրանսիայում խուզարկություններ են իրականացվել Իլոն Մասկի X սոցիալական ցանցի գրասենյակներում Իրավապահ համակարգի ողբերգությունը ամփոփված է «Սիլվայի գործով» Սերժ Սարգսյանին վերագրվող մեղադրանքում Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան վերստին ուշադրություն կհրավիրի հայ գերիների հարցի նկատմամբ. Zeale Կանադահայոց թեմի առաջնորդը հայ իրավաբաններին կոչ է անում պաշտպանել ոտնահարվող իրավունքները Axios. Трамп отказался от идеи удара по Ирану Աղոթք կբարձրացվի հանիրավի անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Զինված դպրոցականը կրակ է բացել ուսումնական հաստատությունում Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցի ժամանակ Կիևում օդային հարձակման ազդանշան է հնչեցվել Երբ Հայրեն​իքը կործանվում է, համայն հայությունը պետք է օգնության հասնի Փաստորեն, էլիտայի պլանների մեջ կար դեռ վաղուց, որ Հայաստանի ինքնությունը պիտի քանդվի. Անի Թովմասյանն անդրադարձել է Էփշթեյնի գործին Վրաստանից արտաքսվել է 232 օտարերկրացի Սևանի տարածաշրջանում, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Հակաեկեղեցականությունը սկսվել էր դեռևս 2019 թվականից: Շատերը մոռացել են այս դեպքը Զելենսկին ԵՄ-ին անդամակցությունը համարում է Ուկրաինայի անվտանգության առանցքային երաշխիք Սպառնալի՞ք, թե՞ սպառազինություն․ Ադրբեջանը շարունակում է զինվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ երիտթևից Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am