Վաշինգտոնը Էրդողանի «քթից բերում» է

ԱՄՆ-ում Էրդողանի թիկնապահների մասնակցությամբ ծեծկռտուքը սկանդալի է վերաճում ԱՄՆ-ում երկու թուրք է ձերբակալվել անցած ամիս` նախագահ Էրդողանի այցի օրերին, Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի գործով: Վաշինգտոնի ոստիկանության հաղորդմամբ, ձերբակալվածներից մեկը Սինան Նարինն է` Վիրջինիայից, մյուսը` Էյուփ Յըլդըրըմը Նյու Ջերսիից. երկուսն էլ մեղադրվում են Էրդողանի դեմ բողոքող խաղաղ ցուցարարների վրա հարձակվելու համար: Պաշտոնական աղբյուրները չեն հստակեցնում` ձերբակալվածները Էրդողանի աջակիցնե՞րն են, թե՞ նրա անվտանգության աշխատակիցները: Foreign policy պարբերականը, հղում անելով Վաշինգտոնում գործող Washington Hatti թուրքալեզու կայքին, նշում է, թե Յըլդըրըմը Նյու Ջերսիում գործող շինարարական մի ընկերության սեփականատեր է և, ըստ հաղորդումների, ծեծկռտուքի ամենաակտիվ մասնակիցներից մեկը: New York Times-ն ավելի վաղ սեփական հետաքննությունն էր անցկացրել և, ուսումնասիրելով տեսանյութերը, արձանագրել` ինչպես են ձերբակալվածները հարվածում ու գետնին տապալում ցուցարար կանանց: Նրանցից մեկը թերթի հետ զրույցում պնդել էր, թե գնացել է այդ քայլին ինքնապաշտպանության համար: BuzzFeed News-ին տված պարզաբանման մեջ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնյան նշել է. - «Մենք հաստատակամ ենք պատասխանատվության ենթարկել մայիսի 16-ին տեղի ունեցած այդ մտահոգիչ բռնության մեղավորներին, և հիմա, երբ կան առաջադրված մեղադրանքներ, պետդեպը կկշռադատի ձերբակալվածների նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցների հնարավորությունները, որոնք կլինեն առաջադրված մեղադրանքներին համաչափ»: Ամերիկացի պաշտոնյաները անանուն մնալու սկզբունքով հաղորդել են նաև, որ ոստիկանությունը պարզել է ծեծկռտուքի 42 մասնակիցներից 34-ի ինքնությունը, և չի բացառվում, որ առաջիկայում լինեն նոր ձերբակալություններ: AP գործակալության հաղորդմամբ, մասնավորապես, այսօր երեկոյան Վաշինգտոնի քաղաքապետի և ոստիկանապետի մասնակցությամբ ասուլիսին հայտարարվելու է նաև Թուրքիայի Ազգային անվտանգության ծառայության շուրջ մեկ տասնյակ աշխատակիցների մեղադրանք առաջադրելու մասին: Գործակալությունը փաստում է, որ Էրդողանի թիկնապահները նախագահի հետ հայրենիք են վերադարձել և հստակ չէ, թե ինչպես են հիմա ամերիկյան իրավապահ մարմինները նրանց պատասխանատվության ենթարկելու: «Այդուամենայնիվ, նրանք կարող են կանգնել ԱՄՆ վերադառնալու դեպքում ձերբակալման սպառնալիքի առջև, կամ վտարվել Նահանգներից, եթե դեռևս գտնվում են երկրի տարածքում»,-փաստում է AP-ը ընդգծելով՝ սա էլ ավելի կսրի երկկողմ հարաբերություններում ի հայտ եկած այս ճգնաժամը: Ավելի վաղ ոստիկանությունը հաղորդել էր, որ նախագահ Էրդողանի այցի ժամանակ Թուրքիայի դեսպանի առանձնատան մոտ բռնության զոհ էր դարձել 11 մարդ, այդ թվում` մեկ ոստիկան: Ընդ որում, ծեծկռտուքին մասնակցել էին նաև Ռեջեփ Էրդողանի թիկնապահները: Ինքը` Էրդողանը իրադարձությունների զարգացմանը հետևել էր դեսպանատան մերձակայքում կայանված ծառայողական մեքենայից: Միջադեպը զայրույթի ալիք էր բարձրացրել ԱՄՆ-ում` քննադատության արժանանալով թե՛ վարչակազմի, թե՛ օրենսդիրների կողմից: «Մենք պաշտպանում ենք ազատ կամարտահայտման ու խաղաղ ցույցերի իրավունքն ամենուրեք», - հայտարարել էր Պետդեպարտամենտի խոսնակը: Ազդեցիկ սենատորներից մեկը` Ջոն ՄըքՔեյնը, կոչ էր արել նախագահ Թրամփի վարչակազմին երկրից վտարել Թուրքիայի դեսպանին, իսկ Ներկայացուցիչների պալատը անցած շաբաթ միաձայն բանաձև էր ընդունել` միջադեպի համար դատապարտելով Թուրքիայի իշխանություններին: Ծեծկռտուքից անմիջապես հետո ամերիկացի իրավապահները ձերբակալել էին Էրդողանի թիկնազորի երկու անդամների, կարճ ժամանակ անց, սակայն, երկուսին էլ ազատ արձակել: Ի դեպ, ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատունը դեռևս հրաժարվում է մեկնաբանել ծագումով թուրք երկու ամերիկացիների ազատազրկումը: Ավելի վաղ պաշտոնական Անկարան կատարվածի մեջ մեղադրել էր ցուցարարներին, պնդելով, թե նրանք «ագրեսիվ կերպով սադրել են Նահանգներում բնակվող թուրքերին, որոնք հավաքվել էին` նախագահ Էրդողանին ողջունելու»: Ձերբակալությունների նոր շարք Թուրքիայում Ամերիկյան այս ուշագրավ իրադարձություններին ֆոնին Թուրքիայում է նոր թափով ձերբակալությունների արշավ սկսել... Թուրքիայում կալանավորվել է ընդդիմադիր պատգամավոր Էնիս Բերբերօղլուն, ում թուրքական դատարանը դատապարտել է 25 տարվա ազատազրկման։ Փակ դռների ետևում անցած դատական նիստի ընթացքում Բերբերօղլուին մեղադրել են պետական գաղտնիքներ բացահայտելու և հանրայնացնելու համար։ «Հերթը հասավ քեմալականներին», - գրում են սոցցանցերի օգտատերերը՝ հիշեցնելով, որ մինչ այս սովոր էին տեսնել միայն ձերբակալված ու կալանավորված քրդամետների։ Հիշեցնենք, որ Ժողովրդահանրապետական կուսակցությունը հիմնվել է 1929թ.-ին՝ Թուրքիայի հանրապետության հիմնադիր ու առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից։ Նշենք, որ Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ է նաև հայազգի պատգամավոր Սելինա Դողանը։ Թուրքիայի ընդդիմությունն Անկարայում և Ստամբուլում բազմահազարանոց երթեր է կազմակերպում հաջակցություն Բերբերօղլուի և պահանջում ազատ արձակել նրան ու վերականգնել պատգամավորների անձեռնմխելիությունը։ Թուրքիայի ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է երկրում բողոքի ակցիաներ անցկացնելու մասին՝ կապված նույն կուսակցության պատգամավոր Էնիս Բերբերօղլուին 25 տարով ազատազրկելու թուրքական դատարանի որոշման հետ: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայում ընդդիմադիր Ժողովրդական հանրապետական կուսակցության պատգամավոր Էնիս Բերբերօղլուին 25 տարվա ազատազրկման դատապարտելու որոշման առնչությամբ: «Թուրքական դատարանն այս որոշմամբ ևս մեկ անգամ ի ցույց դրեց մամուլի ազատության նկատմամբ իր նվաստացնող դիրքորոշումը: Նման երկար ժամանակահատվածով բանտարկումը միայն մեկ նպատակի է ծառայում. այն է՝ վախեցնել լրագրողներին ու նրանց պոտենցիալ լրատվական աղբյուրներին», նշել է կազմակերպության Գերմանիայի ներկայացուցիչ Քրիստիան Մեհրը: Նա կոչ է արել անհապաղ չեղյալ համարել պատգամավորի դեմ կայացված որոշումը: Մեկ այլ ուշագրավ ձերբակալություն է տեղի ունեցել: Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլի կնոջ՝ Հայրինուսսա Գյուլի նախկին խորհրդականը ձերբակալվել է 2016թ.-ի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպիչը համարվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» շարժման հետ առնչություն ունենալու կասկածանքով: Նախկին առաջին տիկնոջ խորհրդական Այշե Յըլմազը շարունակել է աշխատել որպես Հայրինուսսա Գյուլի խորհրդական նաև Աբդուլլահ Գյուլի՝ նախագահի պաշտոնից հեռանալուց հետո, սակայն 2016թ.-ի սեպտեմբերին պաշտոնի է անցել Թուրքիայի մշակույթի նախարարությունում։ Յըլմազն անձամբ չի հերքել, որ ժամանակին կապ է ունեցել գյուլենականների համայնքի հետ, սակայն հայտնել է, որ համալսարանն ավարտելուց հետո շատ վաղուց հեռացել է նրանց շարքերից։ Իր ու գյուլենականների շարունակական կապի մասին վկայություն տված անձի հետ կապված էլ Յըլմազն ավելացրել է, որ այդ մարդը հոգեկան խնդիրներ ունի, և իր ասածները նա լուրջ չի ընդունում։ Թուրքիայի 11-րդ նախագահ Գյուլն ու նրա տիկինը դեպքը դեռ չեն մեկնաբանել։ Ձերբակալվել է նաև խորհրդարանի անվտանգության ծառայության տնօրենը: Պաշտոնյային մեղադրում են 2016թ.-ի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին առնչություն ունենալու և հեղաշրջման փորձի կազմակերպիչը համարվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» շարժմանը հարելու համար։ Խորհրդարանի անվտանգության բաժնի տնօրենը կասկածվում է նաև ապստամբներին ֆինանսավորելու համար։ Հաջորդ ձերբակալությունը ադրբեջանական արմատներով է: Ստամբուլում ձերբակալվել է Թուրքիայում 2016թ.-ի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպիչը համարվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» շարժման՝ Ադրբեջանի թևի պատասխանատուն։ Գյուլենականը, ում անունը լրատվամիջոցները չեն բացահայտում, հետախուզման մեջ էր գտնվում Մալաթիայի հանրապետական դատարանի կայացրած որոշման համաձայն։ Նրա հետ միասին ձերբակալվել է ևս 6 կասկածյալ։ Մետաքսյա Շալունց

դիտվել է 143 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am