«Զանգեզուրի միջանցքով» այդ ի՞նչ «լավ արդյունքներ» կան. Փաշինյանը շեղում է

Պաշտոնական Բաքուն կրկին հայտարարեց, թե զանգեզուրյան միջանցքի շուրջ բանակցություններում արդեն կա առաջընթաց, և որ հայկական կողմը սկսել է հաշտվել դրա անխուսափելիության հետ։ Ադրբեջանի նախագահն այս մասին խոսել է երեկ՝ Բաքվում ընդունելով Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարին։

«Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո մենք աշխատում ենք նոր՝ զանգեզուրյան միջանցքի վրա, որի անվանումն արդեն ամրագրվել է միջազգային հարթության մեջ։ Այն կապահովի նոր կապ Թուրքիայի և Ադրբեջանի միջև», - ասել է Իլհամ Ալիևը՝ չհստակեցնելով, թե միջազգային որ հարթության մասին է խոսքը։ Որոշ մանրամասներ, այդուամենայնիվ, Ալիևը հայտնել է, մասնավորապես, պնդել է, թե Հայաստանը պատերազմից հետո՝ առաջին փուլում, դեմ է եղել այդ գաղափարին, բայց հիմա փոխել է դիրքորոշումը։

«Վերջին ժամանակներս ես տեղեկություններ եմ ստանում, որ հայկական կողմն արդեն ճիշտ է վերլուծում զանգեզուրյան միջանցքի անխուսափելիության հետ կապված հարցերը։ Ինչպես հայտնի է, այդ հարցը քննարկվում է եռակողմ աշխատանքային խմբում՝ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխվարչապետերի միջև, և կան լավ արդյունքներ», - ասել է Ադրբեջանի նախագահը:

Թե կոնկրետ ինչ արդյունքներ են արձանագրվել՝ Ալիևը չի հստակեցրել, բայց հայտնել է, որ Ադրբեջանն արդեն իսկ սկսել է առաջին գործնական քայլերն անել, մասնավորապես, մեկնարկել է երկաթգծի կառուցումը Հորադիզից մինչև Հայաստանի սահման։ «Վստահ եմ, որ այն շահագործման կհանձնվի առաջիկա երկու, գուցե՝ երկուսուկես տարվա ընթացքում», - նշել է նա։

Ալիևը տեղեկացրել է, որ Նախիջևանի երկաթգծի մեծ մասը գործում է, մնացյալ մասը կառուցելու համար էլ արդեն տրվել են համապատասխան հանձնարարականներ։ «Միջանցքի մեծ մասը պետք է կառուցվի Հայաստանի տարածքում, և դրանով կբացվի նոր ճանապարհ, և կապը Ադրբեջանի ու Թուրքիայի միջև կդառնա առավել ամուր», - ասել է նա։

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարն, իր հերթին, հավաստիացրել է, թե Անկարան պատրաստ է աջակցել այդ ծրագրին: «Մենք Նախիջևան տանող այդ միջանցքը միասին կկառուցենք», - ասել է Ադիլ Քարաիսմայիլօղլուն:
Տևական ժամանակ է, ինչ Նիկոլ Փաշինյանը շարունակ վստահեցնում է, թե Մեղրիի «միջանցքի հարց բանակցություններում չկա և չի լինելու»։ Որպես հիմք Փաշինյանը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն է մեջբերում, որտեղ միջանցք բառը չի հիշատակվում. - «Նոյեմբերի 9-ի հայտարարությունը եղել ա, և նոյեմբերի 9-ի հայտարարության մեկնաբանությունը կոմունիկացիաների մասով՝ բացվածքը, տրվել է հունվարի 11-ի հայտարարության մեջ՝ եռակողմ էլի: Էդ հայտարարությունը հրապարակված ա, կարդացեք և տեսեք՝ էնտեղ կա՞ որևէ էդպիսի բովանդակություն: Եվ մենք չենք քննարկել, չենք քննարկում և չենք քննարկելու միջանցքի հարց»:

Նկատենք, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Հայաստանը, Ադրբեջանն ու Ռուսաստանը պարտավորվել են բացել տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանը նաև առանձին պարտավորություն է ստանձնել՝ երաշխավորել կապը Ադրբեջանի և Նախիջևանի արևմտյան շրջանների միջև։ Ընդ որում, արձանագրված է, որ տրանսպորտային այդ հաղորդակցությունը պետք է վերահսկեն Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ ծառայության մարմինները։ Հունվարի 11-ի հայտարարությամբ էլ կողմերը հանձն են առել աշխատանքային խմբեր ստեղծել և կազմել հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություն ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաև սահմանել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև համաձայնեցված այլ ուղղություններ:

Թե ինչ ուղղություններ են մինչ օրս համաձայնեցվել՝ հստակ չէ։ Ռուսական կողմը ներկայացնող փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, սակայն, օրեր առաջ հայտարարել էր, թե բանակցությունները մինչ այժմ բավականին կառուցողական են ընթացել։ «Մենք հուսով ենք, որ այն ողջախոհությունը, որ ցուցաբերել են աշխատանքային խմբի բոլոր անդամները, կգերակշռի, և մենք շուտով կհասնենք ապաշրջափակման», - ասել էր նա։

Ընդ որում, Օվերչուկը նշել էր, որ աշխատանքային խմբի հանդիպման ժամկետը կախված է Երևանից և Բաքվից, ինչից կարելի է ենթադրել, որ սեղանին կան առաջարկներ, որոնց շուրջ համաձայնությունից հետո միայն գործընթացը կարող է առաջ շարժվել։

2021թ. հունվարի 11-ի հայտարարության կետերի համաձայն ստեղծված փորձագիտական ենթախմբերի կողմից իրականացվել են վերլուծական և հետազոտական ծավալուն աշխատանքներ, որոնք վերաբերում են երկաթուղային և ավտոմոբիլային փոխադրումների տեխնիկապես հնարավոր և արդյունավետ տարբերակների բացահայտմանը՝ հաշվի առնելով նաև անվտանգության, սահմանային, մաքսային և այլ տիպի հսկողության անհրաժեշտ գործառույթների կազմակերպման և իրականացման հնարավորությունները, երեկ Tert.am-ի հարցմանը, թե ինչ է նկատի ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ասելով, որ հայկական կողմն ուսումնասիրում է «Զանգեզուրի միջանցքի անխուսափելիության հետ կապված հարցերը», արձագանքել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Տարածաշրջանում առկա տրանսպորտային կապերի ապաշրջափակման համատեքստում ներկա պահին շարունակվում են ուսումնասիրվել միջազգային փոխադրումների հետ կապված սահմանային, մաքսային և այլ տիպի հսկողության կազմակերպման հարցերը՝ ԱՊՀ նորմատիվ իրավական բազայի, ինչպես նաև մնացած այն բազմակողմ միջազգային պայմանագրերի և կոնվենցիաների կարգավորումների շրջանակներում, որոնց կողմ է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը։ Նույն համատեքստում գնահատվում են նաև տարածաշրջանի այլ երկրների տրանսպորտային ենթակառուցվածքների և ուղիների հետ հնարավոր կապերի պոտենցիալ ազդեցությունը և տնտեսական էֆեկտները: Այս պահի դրությամբ առավել տեսանելի կարելի է համարել Խորհրդային միության ժամանակ գործող երկաթգծի ենթակառուցվածքների և ուղիների վերականգնման և դրանցով հավասար իրավունքներով և պայմաններով բեռնափոխադրումների իրականացման հնարավորությունները: Կարծում եմ, առաջիկայում եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները շարունակվելու դեպքում, դրանք կծավալվեն այս հնարավորությունների շուրջ: Տարածաշրջանային տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ տեղի ունեցող աշխատանքներում, կրկին ընդգծում ենք, որ «միջանցքային» տրամաբանությամբ հարցեր Հայաստանի Հանրապետությունը չի քննարկել և չի քննարկելու»,- ասել է նա պատասխանում։

Եթե «թավշյա» իշխանությունը Հայաստանի համար նոր թակարդ է ստեղծել ու հիմա տարբեր նախընտրական թեմաներով հասարակությանը շեղում են թեմայից, շատ արագ, ինչպես ասում են, ճշմարտությունը «ջրի երես» դուրս կգա:

Պարզապես ամբողջ խնդիրն այն է, որ հերթական դավաճանությունը, հնարավոր է, հիմա վարպետորեն թաքցվում է, իսկ դրա մանրամասները հայտնի դառնան՝ ընտրությունների ավարտից հետո:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4172 անգամ
Լրահոս
«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան Մակրոնը չի ընդունել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրաժարականը «Ավինյանի պապան Երևանի մուտքի մոտ վիզա կխփի` մուտքը՝ 10 հազար դրամ»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am