Չորս կողմից սադրում են Պուտինին. Ռուսաֆոբիայի 2 սկանդալային դեպք 2 օրում
Նախօրեին սկանդալային իրադարձություններ տեղի ունեցան Թբիլիսիում: Բոլոր հիմքերը կան արձանագրելու, որ Վրաստանի միջոցով արևմտյան ուժերը ձգում են սադրել Ռուսաստանին...
Ռուսաստանցի հայտնի լրագրող Վլադիմիր Պոզները նախօրեին շուրջ 50 ընկերների հետ Թբիլիսի էր ժամանել ծննդյան տարեդարձը նշելու նպատակով: Նա ապրիլի 1-ին Պոզները դառնում էր 87 տարեկան, սակայն երեկ առավոտյան ստիպված եղավ հյուրանոցից հեռանալ իրենց խմբի անվտանգությունն ապահովող ոստիկանների պաշտպանության տակ։ Ցուցարարներն անգամ նրանց ավտոբուսի վրա ձվեր էին նետում։
Իսկ դրա նախորդող ողջ գիշերը Պոզների իջևանած հյուրանոցի մոտ ցուցարարները բողոքի ակցիա անցկացրեցին, քաշքշոց տեղի ունեցավ ոստիկանների ու մի խումբ ցուցարարների միջև, որոնք փորձել են ներխուժել հյուրանոց։ Նա հյուրանոցը փոխել էր, բայց վրացիներն այնտեղ էլ էին հավաքվել, ամբողջ գիշերը թմբուկ են խփել, աղմկել, ձվեր նետել հյուրանոցի շենքի վրա։ Ցուցարարները շրջապատել էին հյուրանոցի մուտքը, որտեղ գտնվում էր լրագրողը, և անջատել են տարածքի էլեկտրականությունը:
Ընդդիմության կազմակերպած բողոքի ակցիայի մասնակիցները պնդում էին՝ իր հաղորդումներից մեկում Պոզներն ասել է, որ Աբխազիան չի լինի Վրաստանի կազմում, իսկ 2008թ. ռուս-վրացական կարճատև պատերազմի համար մեղավոր է համարել Վրաստանի այն ժամանակվա նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին։
Նրա այցի դեմ բողոքի ակցիայի մասնակիցները Վրաստանի իշխանություններին մեղադրել են Վլադիմիր Պոզների մուտքը թույլատրելու համար։ «Ցանկացած նորմալ պետություն նման իրավիճակում, երբ ռուսական սիստեմի ներկայացուցիչ է ժամանել, ով ասել է, թե Աբխազիան չի լինի Վրաստանի մաս, պարզապես չէր թողնի երկիր մտնել։ Մենք դա տեսել ենք Գավրիլովի հետ կապված, մենք զգուշացրել էինք իշխանությանը։ Հիմա նրանք կրկնում են նույնը», - ասել է ընդդիմադիր պատգամավոր Ելենա Խոշտարիան։
2019-ին Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, մասնակցելով Վրաստանում անցկացված մի միջոցառման, նստել էր խորհրդարանի նախագահի աթոռին։ Վրացիները դա վիրավորական էին համարել, Թբիլիսում զանգվածային բողոքի ցույցեր էին սկսվել, անկարգություններ, բախումներ ոստիկանության հետ, տասնյակ տուժածներ ու վիրավորներ կային։ Իշխանությունը քաղաքական զիջումների էր գնացել, հրաժարական էր տվել խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն։
Այս անգամ իրավիճակն այդ աստիճանի չլարվեց։ Վլադիմիր Պոզները չարթերային ավիաչվերթով հեռացավ Վրաստանից։ Լուրջ բախումներ տեղի չունեցան, բայց միջադեպը քաղաքական աստառ ստացավ։
Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը երեկ հայտարարել է, թե Ռուսաստանի քաղաքացիների համար Վրաստան այցելելը վտանգավոր է։
Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Տելեգրամում գրել է․ - «Թբիլիսիում Պոզների այցի շուրջ իրադարձությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս, թե ինչպիսի խորը ճգնաժամի մեջ է Վրաստանը։ Նրա ներքին քաղաքականության շատ հարցեր այսօր որոշում է արմատականությունը, իսկ դա անկասկած ոչ մի լավ բանի չի հանգեցի։ Այդ ամենը միայն ոչնչացնում է Վրաստանը և զբոսաշրջության ամառային սեզոնի նախաշեմին ևս մեկ անգամ ցույց տալիս, թե մեր երկրի քաղաքացիների համար այնտեղ գտնվելն անվտանգ չէ»։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին խստորեն քննադատել է ընդդիմությանը, մասնավորապես՝ Սաակաշվիլիի Միացյալ ազգային շարժմանը, օգտագործելով բավականին կոշտ ձևակերպումներ։ «Մենք ևս մեկ անգամ համոզվեցինք, որ ազգային շարժումը ձևավորվել է որպես բացարձակապես դեգրադացված ու արմատական խմբավորում, որի հետ քաղաքակիրթ երկխոսություն հնարավոր չէ», - ասել է վարչապետը։ Նրա խոսքով՝ այս անգամ Միացյալ ազգային շարժման ու Սաակաշվիլիի նպատակը երկրին առավելագույն վնաս պատճառելն է, միջազգային հեղինակության հետ խաղալը, և դա արվել է այն ժամանակ, երբ Վրաստանը մասամբ վերաբացվում է զբոսաշրջության համար։ Ղարիբաշվիլին պարզաբանել է, որ Պոզները նաև ԱՄՆ-ի քաղաքացի է, ամերիկյան անձնագրով հաճախ է այցելում Վրաստան, չի խախտում օկուպացիայի վերաբերյալ Վրաստանի օրենքը, այս անգամ ևս մասնավոր այցով է եկել, նա և ուղեկցող անձինք պահպանել են կորոնավիրուսի պայմաններում ճամփորդելու կանոնները, թեստի բացասական պատասխաններ են ունեցել։ Վարչապետը նաև նշել է, որ երեկ երեկոյան, երբ նրանք ընթրել են ռեստորաններից մեկում, կանոնները խախտվել են, ինչի համար տուգանվել են, այնպես որ, ըստ Ղարիբաշվիլիի, օրենքի բոլոր պահանջները պահպանվել են։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Պոզների խմբում 41 մարդ էր ժամանել Վրաստան։ Ընթրիքի մասնակցած 32 անձ ու ռեստորանը տուգանվել են կարանտինային պայմանները խախտելու համար։ Պոզների այցի դեմ բողոքող քաղաքացիական ակտիվիստ Նոդար Ռուխաձեն Վրաստանի իշխանություններին մեղադրել է ռուսամետության մեջ։ «Վրացական երազանք»-ն ինքը ռուսական ռեժիմ է, որն ամեն օր պաշտպանում է օկուպացիան», - ասել է նա։
Պոզներին Թբիլիսիից հետ քշելով չավարտվեց հակառուսական հիստերիան...
Երեկ հայտնի դարձավ, որ Թբիլիսիում, Ալեքսանդր Գրիբոյեդովի հուշարձանի վրա, «Ռուսաստանը չարիք է» գրություն է հայտնվել, և դարձյալ՝ Պոզների հասցեին հայհոյանքներ էին գրվել:
«Ժողովո՛ւրդ, զարմանում եմ: Դարավոր մշակույթ ունեցող ժողովրդին ռուսաֆոբիայի են դրդում … Կարծում եմ, որ դա հեռուն գնացող չարիք է», – տեղի ունեցածը մեկնաբանել է Վրաստանի մշակույթի պալատի ղեկավար Դավիթ Օկիտաշվիլին:
Հաղորդվում է, որ գրությունը հեռացվել է հայտնվելուց մի քանի ժամ անց: Այն փաստորեն, հայտնվել էր հաջորդ օրն այն բանից հետո, երբ Վրաստանի մայրաքաղաքում տեղի ունեցան լրագրող Վլադիմիր Պոզների դեմ բողոքի ցույցերը:
Հետաքրքրականն այն է, որ ռուսական լրատվականների փոխանցմամբ՝ Պոզները 3 տարի շարունակ իր ծննդյան տարեդարձը նշել է Թբիլիսիում: Սակայն այս տարի Սաակաշվիլիի թիմակիցները որոշել են նրա ծնունդը յուրովի «նշել»՝ քաղաքական պահանջներ ներկայացնելով իշխանությանը:
Ի դեպ, վերջին մի քանի տարիներին Վրաստանը ռուսաստանցի զբոսաշրջիկների սիրելի հանգստի վայրն է, նույնիսկ քաղաքական բարդ հարաբերությունների պայմաններում՝ ռուսաստանցիները նախընտրում են հանգիստն անցկացնել Վրաստանի տարբեր քաղաքներում: Ավելին՝ կան տեղեկություններ, որ Վրասանում բնակություն են հաստատել Ռուսաստանի հազարավոր քաղաքացիներ:
Այսինքն, նույնիսկ վրաց քաղաքական-հասարակական բացասական պայմաններում՝ ռուսաստանցիները սկսել էին այցելել Վրաստան, հանգիստ անցկացնել, նույնիսկ բնակվել Վրաստանում:
Սակայն ինչպես երևում է, Արևմուտքը որոշել է վերջ տալ ռուս-վրացական հնարավոր մերձեցմանն ու հարցն արմատապես լուծել: Պոզներին «քշելու» ու Ալեքսանդր Գրիբոյեդովի հուշարձանը պղծելու միջադեպերն ակնհայտորեն սադրանք էին:
Այս քայլերով փորձում են ստուգել Պուտինի համբերության աստիճանը:
Մետաքսյա Շալունց