Ադրբեջանական նավթադոլարներ ու թանկարժեք նվերներ. Սկանդալ Մերկելի թիմում

Օրերս հերթական սկանդալային տեղեկությունը ստացվեց եվրոպացի պատգամավորի՝ Ադրբեջանից կաշառք ստանալու մասին:

Ադրբեջանից կաշառք ստանալու մեղադրանքների ֆոնին Գերմանիայի իշխող կուսակցության ևս մեկ պատգամավոր հրաժարվեց մանդատից։ Իշխող կոալիցիային մաս կազմող «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության պատգամավոր Մարկ Հաուփթմանը մեղադրվում է սեփական թերթում Ադրբեջանը գովազդելու համար՝ Բաքվում անցկացված Եվրոպական խաղերից մինչև շոփինգ փառատոն, ինչի դիմաց, Spiegel թերթի տեղեկություններով, պատգամավորը հազարավոր դոլարներ է ստացել Բեռլինում Ադրբեջանի դեսպանատնից, հաղորդում էր «Ազատությունը»:

Քաղաքական գործիչը կտրականապես հերքել է մեղադրանքը, բայց նաև հրաժարվել է ներկայացնել գովազդից ստացված եկամտի մասին փաստաթղթերը, միայն ասել է, որ այդ գովազդները որևէ կերպ չեն ազդել իր քաղաքական որոշումների վրա: Die Welt-ի հետ զրույցում պատգամավորը հավաստիացրել է, թե Ադրբեջանից երբեք գումար չի ստացել, թանկարժեք նվերներ չի ընդունել, իսկ Ադրբեջան կատարած իր բոլոր ճամփորդությունների համար վճարել է Բունդեսթագը, որի հետ էլ նախապես համաձայնեցրել է այցերը։

Ինչ վերաբերում է առանձնահատուկ ակտիվությանը՝ կապված Ադրբեջանի հետ, Հաուփթմանի խոսքով՝ առանցքում իր քաղաքական գործունեությունն էր, այդ թվում՝ արտաքին առևտրի հարցերը։ Թե ինչ հաջողություններ է բերել իր երկրին պաշտոնական Բաքվի հետ այդ ակտիվ համագործակցության արդյունքում, պատգամավորը չի պարզաբանել, փոխարենը Spiegel-ն է հստակեցնում՝ «36-ամյա քաղաքական գործիչը շարունակաբար աջակցել է ավտորիտար, նավթով հարուստ այդ երկրին»:

Հաուփթմանը կանցլեր Անգելա Մերկելի միակ կուսակիցը չէ, որը մեղադրվում է Ալիևի վարչակազմի հետ կոռուպցիոն կապերի համար։ Ընդամենը մեկ շաբաթ առաջ էր գերմանական օրենսդիր մարմինը Աքսել Ֆիշերին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից՝ հնարավորություն տալով երկրի իրավապահներին պարզելու «ադրբեջանական լոբբիի» հետ նրա կապերը։ Կան կասկածներ, որ Ֆիշերը մաս է կազմել արևմտյան քաղաքական գործիչներից կազմված խմբին, որը ԵԽԽՎ-ում հետևողականորեն գործել է հօգուտ Ալիևի վարչակազմի, թույլ չի տվել, որպեսզի մարդու իրավունքների, ժողովրդավարության, փոքրամասնությունների ու իրավական պետության պաշտպանության հարցերի քննարկման այդ կարևոր հարթակում Ադրբեջանի իշխանությունը հռչակվի բռնապետական ռեժիմ։

Գերմանացի իրավապահները կասկածներ ունեն, որ իշխող կուսակցության ներկայացուցիչն իր ծառայությունների դիմաց՝ Ալիևի վարչակազմին քննադատող բանաձևերն արգելափակելու, Բաքվին ձեռնտու որոշումներ ընդունելու համար, 2008-2016թթ. Ադրբեջանից գումարներ է ստացել։ Թե ինչ պարբերականությամբ և որքան գումար, չի հաղորդվում։ Գերմանական լրատվամիջոցների տվյալներով՝ Ֆիշերն ադրբեջանական նավթադոլարները ստացել է Բալթյան երկրների բանկերում գրանցված բրիտանական կեղծ հաշիվների միջոցով։

Ի դեպ, նույն այդ գործով են անցնում նաև Գերմանիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Էդուարդ Լինտերը և Մերկելի մեկ այլ կուսակից՝ անցած տարի պատգամավորական անձեռնմխելիությունից զրկված Կարին Շտրենցը։ Եվրոպայի խորհրդի փորձագետներն էին անկախ հետաքննություն անցկացրել և մի շարք փաստեր բացահայտել Ալիևի վարչակազմի հետ գերմանացի նախկին պատգամավորի սերտ կապերի ու Բաքվից ստացած թանկարժեք նվերների մասին: Շտրենցը միակ գերմանացի պատգամավորն էր Եվրոպայի խորհրդում, ով 2015-ին դեմ էր քվեարկել բանաձևին, որը պահանջում էր Բաքվից անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին: Այդ տարիներին, ըստ հետաքննող լրագրողների ու Եվրախորհրդարանի փորձագետների, նա ավելի քան 20 հազար եվրո է ստացել մի կազմակերպությունից, որը քարոզչություն է իրականացրել Ադրբեջանի օգտին, ինչպես նաև ամուսնու անունով գրանցել է մեկ այլ խորհրդատվական ընկերություն, որն ըստ հաղորդումների, ծառայություններ է մատուցել Բաքվին ու ֆինանսավորում ստացել Ադրբեջանից:

Իսկ անցյալ տարի հունվարին Գերմանիայի խորհրդարանը՝ Բունդեսթագը պատգամավորական անձեռնմխելիությունից զրկեց պատգամավոր Կարին Շտրենցին: Նա կանցլեր Անեգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատների միության անդամ էր։
Շտրենցն այն նույն պատգամավորն է, ում 2019-ին Բունդեսթագը պարտավորեցրել էր 20 հազար եվրո տուգանք վճարել Ադրբեջանի շահերը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) պաշտպանելու համար։ Նա մեղադրվում էր կաշառքի դիմաց ԵԽԽՎ-ում Ադրբեջանի համար լոբբիստական աշխատանք կատարելու մեջ։

Պատգամավորի հանդեպ իրականացվող հետաքննության շրջանակներում հունվարի 30-ին Գերմանիայի դատախազության քրեական գործերի դաշնային գործակալության, նաև Բելգիայի ոստիկանության աշխատակիցները խուզարկություններ են անցկացրել նրան պատկանող 16 վայրերում։ Խուզարկվել է Բունդեսթագի նրա աշխատասենյակը, Բեռլինում նրա անձնական բնակարանը, բնակելի տարածքներ, գրասենյակներ և փաստաբանական գրասենյակներ Բեռլինում, Բավարիայում և Բելգիայում։

Այս գործով անցնում էր նաև Գերմանիայի խորհրդարանի նախկին պատգամավոր, Ներքին գործերի նախարարությունում խորհրդարանական նախկին պետական քարտուղար Էդուարդ Լինտերը։ Վերջինս, ըստ դատախազության նյութերի, 2008-2016թթ. Ադրբեջանից մոտավորապես 4 միլիոն եվրո է ստացել բրիտանական կեղծ ընկերությունների միջոցով, որոնք հաշիվներ են ունեցել Բալթյան երկրների բանկերում։ Այդ գումարի զգալի մասը նա փոխանցել է ԵԽԽՎ-ի անդամ որոշ պատգամավորների, որոնք դրա դիմաց պետք է դրական արտահայտվեին Ադրբեջանի ընտրությունների մասին և դեմ լինեին քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջներին։

Կարին Շտրենցը Բունդեսթագի պատգամավոր էր 2009-ից։ 2014-2015թթ. Շտրենցը 30 հազար եվրո էր ստացել Line M-Trade լոբբիստական կազմակերպությունից, որը ղեկավարում էր Էդուարդ Լինտերը։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6057 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am