Ռուսական «կաթսան» եփվում է ընդդեմ թուրքական զավթողականության. ինչ դիրք կբռնի Բայդենն էրդողանի հարցում

Միացյալ Նահանգների 100 տեղանոց սենատի 54 սենատորներ` թե դեմոկրատական, թե հանրապետական կուսակցությունների անդամներ նամակ են հղել նախագահ Ջո Բայդենին` հորդորելով ճնշումներ գործադրել Թուրքիայի վրա մարդու իրավունքների խախտումների և ինչպես նաև արտաքին «ռազմատենչ և մարտական» քաղաքականության համար։

Սենատորները հիշատակել են նաև ղարաբաղյան պատերազմում Թուրքիայի դերակատարությունը` պնդելով, որ Թուրքիան խրախուսել է Ադրբեջանին բռնությունների դիմելով լուծել տարածքային վեճը Հայաստանի հետ։ Նրանք Էրդողանին մեղադրում են Թուրքիայում քննադատական լրատվամիջոցները լռեցնելու, լրագրողներին բանտարկելու և անկախ դատավորներից ազատվելու մեջ։ «Նախագահ Էրդողանը երկիրը տանում է աճող ավտորիտար ուղիով։ Նա սիստեմատիկորեն մարգինալացրել է ընդդիմությանը, լռեցրել քննադատական լրատվամիջոցներին, մաքրել անկախ դատավորներին և նրանց փոխարինել կուսակցությանը հավատարիմ մարդկանց, բանտարկել բազմաթիվ լրագրողների»,- գրել են սենատորները` հիշեցնելով, որ ըստ «Լրագրողների պաշտպանության կոմիտեի» զեկույցի` բանտարկված լրագրողների թվով Թուրքիան հետ է մնում միայն Չինաստանից։ Freedom house-ը 2020-ի զեկույցում Թուրքիային դասել է անազատ երկրների շարքում։ Պետդեպարտամենտի մարդու իրավունքների 2019-ի զեկույցում նշված է, որ Թուրքիան հակաահաբեկչական լայն օրենսդրությամբ սահմանափակել է հիմնարար ազատություններն ու սպառնալիքի տակ դրել օրենքի գերակայությունը։

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Թուրքիայի վարած արտաքին քաղաքականության վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահին հղած նամակում սենատորները գրել են․ «Նախագահ Էրդողանի արտաքին քաղաքականությունը ժամանակի ընթացքում ավելի ռազմատենչ ու մարտական է դարձել։ Վերջին տարիներին Էրդողանը լկտիաբար հարձակվել է Սիրիայում ԱՄՆ-ի աջակցությունը վայելող քրդերի վրա, որոնք պայքարում էին «Իսլամական պետության» դեմ, նա ձեռք բերեց ռուսական հակաօդային պաշտպանության համակարգեր, չնայած զգուշացումներին, որ դրանք անհամատեղելի են ամերիկյան տեխնոլոգիաների հետ։ Նա խրախուսեց Ադրբեջանին` բռնություններ գործադրել Հայաստանի հետ տարածքային վեճը լուծելու համար»։

Սենատորները նաև նշում են, որ նախագահ Էրդողանը փորձել է ճնշումներ գործադրել ԱՄՆ-ի և այլ երկրների վրա` Թուրքիային արտահանձնելու այն քաղաքացիներին, որոնց նա մեղադրում է 2016-ի ձախողված հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ. «Էրդողանի կառավարությունը փորձել է քննադատողներին լռեցնել նաև ԱՄՆ-ում, ինչպիսին է NBA-ի խաղացող և իրավապաշտպան Էնես Քանթերը՝ Ինտերպոլով հետախուզում հայտարարելով նրա հանդեպ»։ Սենատորները նշել են, որ Թուրքիան մնում է կարևոր գործընկեր աշխարհի այդ մասի նշանակալից տարածաշրջանում և ընդգծել, որ հենց դրա համար էլ դիմում են ԱՄՆ-ի նախագահին։ «Մենք կարծում ենք` Միացյալ Նահանգները դաշնակիցներից պետք է պահանջի բարձր չափանիշներ և անկեղծորեն նրանց հետ խոսի մարդու իրավունքներից ու ժողովրդավարությունից նահանջի խնդիրների մասին», - գրել են սենատորները` Ջո Բայդենին կոչ անելով նախագահ Էրդողանի և նրա վարչակազմի ուշադրությունը հրավիրել նրա վրա, որ նրանք պետք է անհապաղ դադարեցնեն այլախոհության վրա ճնշումները տանը, թե դրսում, ազատ արձակեն բաղբանտարկյալներին ու խղճի բանտարկյալներին և ամբողջովին փոխեն իրենց ավտորիտար կուրսը։

Սենատորները նամակի վերջում նշել են, որ Ամերիկայում երկկուսակցական ավանդույթ կա` աջակցել մարդու իրավունքների ու ժողովրդավարության հիմնարար արժեքներին, և պատրաստակամություն են հայտնել Բայդենի աշխատակազմին օգնել այդ կարևոր հարցում։ 54 սենատորների կողմից ստորագրված նամակի տեքստը տեղադրված է Սենատի պաշտոնական կայքում, ստորագրողների թվում են հայտնի սենատորներ` Սենատի մեծամասնության ղեկավար դեմոկրատ Չաք Շումերը, Էմի Կլոբուչերը, հանրապետականներ Միթ Ռոմնին, Մարկո Ռուբիոն։

Թուրքական իշխանամետ Daily Sabah-ը, ներկայացնելով սենատորների նամակը, նաև պատասխանել է նրանց մեղադրանքներին` հենվելով այդ հարցերում իշխանությունների դիրքորոշումների վրա։ Մասնավորապես Սիրիայում քրդերի վրա հարձակումների մասին ասվում է, որ դրանք հակաահաբեկչական գործողություններ են, NBA-ի բասկետբոլիստ և ակտիվիստ Էնես Քանթերը ներկայացված է որպես ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլահ Գյուլենի ահաբեկչական կազմակերպության անդամ։ Արձագանքելով նաև ղարաբաղյան պատերազմում Թուրքիայի դերակատարության մասին սենատորների գնահատականին` Daily Sabah-ը մեկնաբանել է, թե «Անկարան ռազմական օգնություն չի ցուցաբերել Ադրբեջանին, բայց թուրք պաշտոնյաները ասել են, որ նրանք համերաշխ են Ադրբեջանի հետ` ազատագրելու Հայաստանի կողմից 30 տարի օկուպացված տարածքները»։

Ըստ Reuters մեկնաբանի՝ ակնկալվում է, որ Բայդենն ավելի կոշտ դիրքորոշում կցուցաբերի Անկարայի հանդեպ մարդու իրավունքների խախտումների համար։ 2016-ի ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո Թուրքիայում մոտավորապես 300 հազար մարդ է ձերբակալվել, ավելի քան 150 հազար պետական ծառայողներ պաշտոնանկ են արվել, հարյուրավոր լրատվամիջոցներ են փակվել, ընդդիմադիր տասնյակ պատգամավորներ հայտնվել են ճաղերի ետևում։

Վերջին օրերին ռուսական պետական գործակալությունների, լրագրողների, ռազմական լրագրողների կողմից բավական նկատելի քարոզչություն է տարվում ընդդեմ Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության: Բանն այն է, որ թուրքական TRT-ով հեռուստաալիքով եթեր է հեռարձակվել հաղորդում, որը հինված է եղել Ստրաթֆորի մի զեկույցի, որը պատմում է աշխարհում թուրքական ազդեցության մասին՝ 2050 թվականին:

Ըստ այդ զեկույցի և թուրքական հեռուստաալիքի անդրադարձի, այդ բոլոր տարածքներում մինչև 2050 թ. ավելանալու է ոչ միայն թուրքական քաղաքական, այլև տնտեսական և ռազմական ազդեցությունը. այդ տարածքներն են Հունաստանը, Կիպրոսը, Լիբիան, Եգիպտոսը, Սիրիան, Իրաքը, Լիբանանը, Հորդանանը, Սաուդյան Արաբիան, Օմանը, Եմենը, Ծոցի երկրները, Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Թուրքմենստանը, ինչպես նաև ՌԴ հարավային շրջանների մեծ հատվածն ու Ղրիմը։

Քարտեզը, որին հղում է անում թուրք հաղորդավարը, ամերիկյան Stratfor հետախուզա–հետազոտական մասնավոր կազմակերպությանն է, որը, ըստ տարածված և հայտնի տեղեկության, ամերիկյան ԿՀՎ–ի (CIA) ենթակայությամբ է գործում, սնվում է պաշտպանական բյուջեից և կոչվում է «ստվերային ԿՀՎ»։ Stratfor–ն այն հրապարակել էր 2016-ին, սակայն վերջին շրջանում համացանցում դարձյալ սկսվել է այդ քարտեզի քննարկումը։

Հետաքրքիր է, թե ինչպես Ռուսաստանն արձագանքելու օր-օրի աճող թուրքական ազդեցության մասին բարձրագոչ անդրադարձներին՝ Թուրքիա-Ադրբեջան ձմեռային զորավարժությունների ֆոնին, որոնք մեկնարկել են Հայաստանի սահմանին՝ Կարսում:

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն, ի դեպ, ելույթ ունենալով Կարսում թուրք-ադրբեջանական զորավարժության մասնակիցների առաջ, բարձր է գնահատել թուրքական և ադրբեջանական բանակների մարտական պատրաստվածությունը: Նրա խոսքով՝ «Ձմեռ-2021» զորավարժությունների ընթացքում Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը ցուցաբերել են պատրաստվածության բարձր մակարդակ և պատրաստ են կատարել իրենց առջև դրված ցանկացած առաջադրանք:

Նա նաև նշել է, որ Թուրքիան պետք է պատրաստ լինի ժամանակակից աշխարհի բոլոր սպառնալիքներին և մարտահրավերներին՝ հատուկ ընդգծելով Սիրիայի հյուսիսում և Հունաստանի հետ հարաբերություններում տիրող իրավիճակը: Աքարը նշել է, որ Թուրքիան միջազգային հանրությունից ակնկալում է օբյեկտիվ և ռացիոնալ մոտեցում Կիպրոսում, Էգեյան և Միջերկրական ծովերում տիրող իրավիճակի վերաբերյալ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3052 անգամ
Լրահոս
Եվս մեկ ադրբեջանցի փորձագետ Երևանում դժգոհել է ԵԱՀԿ-ից Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագրի ենթակառուցվածքային չափումը․ Վահե Դավթյան Նոր մանրամասներ՝ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից «Գյումրիում օդի մեջ կախված է ատելությունը, ցավը և նաև Նիկոլի նկատմամբ զզվանքը, Մակրոնին էլ չեն տարբերում Նիկոլից». իրավապաշտպան Ով էլ լիներ ՀՀ ղեկավարը՝ Ֆրանսիան աջակցելու էր ու խորացնելու էր հայ-ֆրանսիական հարաբերությունները. Մուրադ Փափազյան Մեր երկրի ղեկավարի վախկոտ պահվածքից ավելի ենք նվաստացած զգում մեզ, քան՝ թշնամու խոսույթից. Իսրայելյանը՝ Ալիևի հակահայկական ելույթի մասին Ես պռոստը գնացի մտա ավտոբուսի մեջ․19-ամյա վարորդը ներկայացրել է՝ ինչպես է եղել վթարը Թրամփը կարող է այս շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Բանակի հեղինակազրկում էլ ո՞նց է լինում. ԶՈՒ ԳՇ պետն անտեսված նստած է Գյումրիում․ Մանուկյան Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Նրանց ունեցած բոլոր նավերը մինչև վերջինը հանգչում են ծովի հատակին. Դոնալդ Թրամփն Իրանի ռազմածովային ուժերի մասին Ի աջակցություն Միքայել սրբազանի՝ Գյումրիում պաստառ կախվեց. ոստիկանները գնացին առաջնորդարան Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին 5 մեքենա է բախվել․ վիրավորներ կան Լիբանանում մարտի 2-ից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 2700-ը Վեդիում մանկապղծության դեպքով նախաքննություն է ընթանում․ ՔԿ Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Վեհափառն ընդունել է նորաօծ քահանաներին. Մայր Աթոռ Գյումրիում ոստիկանները թույլ չեն տվել Միքայել Սրբազանի աջակիցներին մոտենալ Մակրոնին՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Նկարում մարդիկ են, որոնց չէին հրավիրել Փարիզում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացմանը. Հակոբ Բադալյան Գյումրին Մակրոնին սպասելիս. նախատեսվում է բողոքի ցույց ի պաշտպանություն Միքայել Սրբազանի. «Առավոտ» Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Իրանի իշխանությունները հայտնել են մաքսանենգ վառելիք փոխադրող հինգ նավ կալանելու մասին Վեհափառը հորդորեց հոգևորականներին լինել նախանձախնդիր, սիրով ու արիությամբ ծառայել ազգին ու եկեղեցուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am