Խոշոր զորավարժություններ ՀՀ սահմանի մոտ, ռազմաքաղաքական անգրագիտություն՝ իշխանական վերնախավում

Թուրքիայի Կարսի նահանգում փետրվարի 1-ից մեկնարկած և մինչև փետրվարի 12-ը շարունակվելիք թուրք-ադրբեջանական զորավարժությունները մեր տարածաշրջանում շահեր ունեցող երկրների լրատվամիջոցների, փորձագետների ուշադրության ներքո են:

Թվում է, դա բոլորին ավելի է անհանգստացնում, քան Հայաստանի իշխանություններին:
Տարածաշրջանում ռազմական-ռազմավարական իրավիճակի մանրամասների և դրա հնարավոր փոփոխությանն օրերս անդրադարձել է Газеты.Ru-ի ռազմական մեկնաբան Միխայիլ Խոդարյոնոկը: Ըստ NEWS.am-ի՝ նա նախ նկատում է, որ սկսված թուրք-ադրբեջանական զորավարժություններում ներգրավված են մոտոհետևակային և տանկային ստորաբաժանումներ և կազմավորումներ, հրթիռային զորքեր և հրետանի, ռազմաօդային ուժեր, հատուկ նշանակության ջոկատներ: Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ մանևրների նպատակը համատեղ օպերացիաների ընթացքում գործողությունների համակարգումն ապահովելն է, ինչպես նաև նոր զենքի և տրանսպորտային միջոցների փորձարկումը: Միջոցառումների ընթացքում նախատեսվում է նաև մշակել ավիահարվածներ պայմանական հակառակորդի օբյեկտներին, դեսանտավորում, թիկունքի և տեխնիկական աջակցության խնդիրներ: Մեկնարկած զորավարժություններում անձնակազմի և սարքավորումների քանակը չի նշվում:

Պաշտոնական զեկույցները խոսում են միայն «խոշորածավալ» վարժանքների մասին: Հեղինակը գտնում է, որ կասկած չկա, որ Կարսում անցկացվող զորավարժությունների ընթացքում կկատարելագործվեն Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի հրամանատարների և շտաբերի հմտությունները՝ ռազմական գործողությունները, ինչպես նաև զորքերի հրամանատարությունն ու վերահսկողությունը նախապատրաստելն ու վարելը: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու ստորաբաժանումների և զորամասերի գործողությունների համաձայնեցվածության բարձրացմանը: Հիմնական խնդիրը զորքերի դաշտային պատրաստվածությունը և զորքերի (ուժերի) կոալիցիոն խմբավորման վերահսկողական հարցերի բարելավումն է: «Այս առումով հետաքրքիր են ոչ այնքան սկսված թուրք-ադրբեջանական զորավարժությունները, որոնք, ըստ էության, երկու երկրների զինված ուժերի համատեղ մարտական և օպերատիվ պատրաստության սովորական տարր են (և որոնք, ինչպես թվում է, չեն հանգեցնի որևէ ցնցումների Անդրկովկասում): Ավելի կարևոր է մեկ այլ հարց՝ ինչպես կզարգանա ռազմաքաղաքական իրավիճակը այս պայթյունավտանգ տարածաշրջանում մոտ ժամանակներս»:

Ոչ վաղ անցյալում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Լեռնային Ղարաբաղի շուրջ եռակողմ հայտարարության վերաբերյալ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասել էր. «Դե, ի՞նչ, Փաշինյա՞ն: Որտեղ է քո կարգավիճակը։ Այս թղթում բառ անգամ չկա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին: Քո կարգավիճակը դժոխք նետվեց՝ ցաքուցրիվ եղավ։ Կարգավիճակ չկա, և չի լինի, քանի դեռ ես նախագահ եմ: Սա Ադրբեջանի մասն է»: Տարածաշրջանում իրավիճակը գնահատելիս պետք է հիշել Իլհամ Ալիևի հենց այս խոսքերը: Ամենայն հավանականությամբ, սա ոչ այնքան պետության ղեկավարի հայտարարություն է, որքան մոտ ապագայում Ադրբեջանի քաղաքական ղեկավարության գործողությունների ծրագիր: Բացի այդ, պետք է հիշել, որ Ալիևը վերջերս ստեղծել է իր ներքին և արտաքին քաղաքական խնդիրները լուծելու արդյունավետ գործիք՝ ժամանակակից բանակ»:

Հեղինակի կարծիքով, մոտ ապագայում Ադրբեջանի զինված ուժերի ռազմական հզորությունը միայն կմեծանա. «Դրան կնպաստեն ինչպես երկրի սեփական տնտեսական համալիրի հնարավորությունները, այնպես էլ Թուրքիայի հետ ռազմաքաղաքական դաշինքը: Մեծ մասամբ Բաքվի դիրքերի ամրապնդման գործընթացներին կնպաստի Ադրբեջանի ծայրաստիճան շահեկան աշխարհագրական դիրքը: Ամերիկացի քաղաքագետ Զբիգնև Բժեզինսկու փոխաբերական արտահայտության համաձայն, Ադրբեջանին կարելի է անվանել կենսական կարևորության «խցան», որը վերահսկում է Կասպից ծովի ավազանի և Կենտրոնական Ասիայի հարստություններով լի «շշի» մուտքը: Ադրբեջանի տարածքով են անցնում գազա- և նավթամուղերը, որոնք այնուհետև ձգվում են դեպի էթնիկապես ազգակից Թուրքիա, որն Բաքվին ավելի ու ավելի մեծ քաղաքական ու ռազմական աջակցություն է ցուցաբերում: Ռազմատեխնիկական համագործակցությունը Բաքվի և Անկարայի միջև ընթանալու է բացառապես աճող հետագծով: Եվ եթե նախորդ տարի Ադրբեջանի կողմից ռազմաօդային ուժերը և բանակի ավիացիան գործնականում չեն մասնակցել զինված բախմանը, ապա այսօր բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ շատ մոտ ապագայում Բաքուն նման հնարավորություններ կունենա»:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա հեղինակի մատուցմամբ՝ Հայաստանն այսօր գտնվում է ինքնատիպ աշխարհաքաղաքական թակարդի մեջ: «Պետությունը գործնականում չունի հարևան երկրների կամքից անկախ կապի միջոց արտաքին աշխարհի հետ` ինչպես ցամաքային (հիմնականում երկաթուղային), այնպես էլ օդային ճանապարհով, էլ չեմ ասում ծովով: Հայաստանի բնակչությունը (առանց այդ էլ անկախ պետության համար շատ փոքր) ունի հետագա նվազման համառ միտում: Երկրի տնտեսությունը նաև չի ցուցադրում աճի տպավորիչ տեմպեր:

Մարտունակ զինված ուժեր ստեղծելու Երևանի հնարավորությունները տարեցտարի նվազում են։ Նախ` բավարար քանակությամբ ժամանակակից զենք, ռազմական և հատուկ տեխնիկա ձեռք բերելու հնարավորություն չկա: Դրա համար հանրապետության բյուջեում միջոցներ չկան:

Երկրորդ՝ ՀԱՊԿ-ում Երևանի դաշնակից Ռուսաստանը չի կարող Հայաստանին բավարար քանակությամբ ապառիկ, առավել ևս՝ անվճար զենք տրամադրել: Ինչ վերաբերում է զենքի հնարավոր այլ մատակարարներին, ապա այս պարագայում նրանց պետք է վճարել բացառապես «իրական» փողերով, ինչը Հայաստանը բավարար քանակությամբ չունի: Հայաստանի կողմից բանակ ստեղծելու և ժամանակակից ու հեռանկարային սարքավորումներով զինելու հնարավորությունը, որը կարող է հավասարվել Ադրբեջանի զինված ուժերին, շատ պատրանքային է թվում: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի կազմավորումներին, ապա նրանք մեծագույն ցանկության դեպքում անգամ չեն կարող անցնել կիսապարտիզանական ջոկատների սահմանը»։

Հեղինակը կոչ է անում չմոռանալ, որ Լեռնային Ղարաբաղը իրավաբանորեն Ադրբեջանի մի մասն է, իսկ պետության սահմանները միջազգային հանրությունը ճանաչում է և չի վիճարկում, հետևաբար, ռազմական-ռազմավարական իրավիճակի զարգացման ցանկացած սցենարում մարտական գործողությունները տեղի կունենան Ադրբեջանի տարածքում: «Ինչ վերաբերում է Անդրկովկասի գործերում Ռուսաստանի դերին ու մասնակցությանը, մի կողմից, Մոսկվան Երևանի դաշնակիցն է ՀԱՊԿ-ում: Մյուս կողմից, Կրեմլը պատճառ չունի բարդացնելու հարաբերությունները Բաքվի հետ: Ի թիվս այլ բաների, Ռուսաստանի Դաշնության տարածքում կա մեծ ադրբեջանական սփյուռք, որը ամուր ինտեգրված է Ռուսաստանի տնտեսության մեջ: Բացի այդ, ներկա փուլում Մոսկվան տնտեսապես, ֆինանսական և նույնիսկ ռազմական առումով այնքան ուժեղ չէ այս տարածաշրջանում անվերապահ գերակայությունը վերականգնելու համար»:

Եվ ինչ պատկերացումներ ունեն Հայաստանի ներկայիս իշխանությունները մեր տարածաշրջանում ուժերի դասավորության հետ կապված, էլ չեմ ասում՝ Հայաստանի անելիքների վերաբերյալ:

Լեռնային Ղարաբաղում այսօր ռուս խաղաղապահներն են, իսկ ի՞նչ է լինելու 5 տարի հետո, եթե ինչ-որ պատրվակով Թուրքիան ու Ադրբեջանը չհամաձայնվեն խաղաղապահ առաքելության հետագա ներկայությանը:

Առանց հզոր բանակի, առանց գործընկեր պետությունների հավասարը հավասարի հետ հարաբերությունների Հայաստանը կարո՞ղ է դիմակայել թուրք-ադրբեջանական տանդեմի ազդեցությանը...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3800 անգամ
Լրահոս
Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am