Շամլուղի փլուզվող շենքի բնակիչներին խիստ զայրացրել է Լոռու մարզպետի պատասխանը՝ Սուրեն Պապիկյանին

Շամլուղցիները մարզպետից և համայնքի ղեկավարից 2 տարվա վաղեմության պատասխանների կրկնություն են ստանում

ՀՀ Լոռու մարզի Շամլուղ քաղաքի 1-ին փողոցի, 10-րդ շենքի բնակիչներից՝
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար՝ Սուրեն Պապիկյանին,
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար` Անդրանիկ Փիլոյանին,
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ՝ Արմեն Ղուլարյանին,
ՀՀ Լոռու մարզպետ՝ Արամ Խաչատրյանին,
ՀՀ Լոռու մարզի Ախթալա խոշորացված համայնքի ղեկավար՝ Արկադի Թամազյանին

ԲԱՑ ՆԱՄԱԿ

Հարգելի իշխանություններ,
Մենք պատկան մարմիններից ստացել ենք մեր՝ հունվարի 13-ին տարածած դիմումին ի պատասխան գրություններ:

Մասնավորապես, ՀՀ Լոռու մարզի Ախթալա խոշորացված համայնքի ղեկավար Արկադի Թամազյանի կողմից ս.թ. հունվարի 21-ին ՀՀ Լոռու մարզպետ՝ Արամ Խաչատրյանին ուղղված գրությունում նախ շեշտվում է, որ՝ «համայնքում առկա են նմանատիպ մի քանի շենքեր», ապա հավելվում է, որ Շամլուղի 1-ին փողոցի համար 10 շենքի բնակիչների «դիմումի համաձայն ընդհանուր հիմնանորոգման ամրացումը իրենից ներկայացնում է ֆինանսական մեծ միջոցներ, որը ներկա պահին համայնքը ոչ սուբվենցիոն ծրագրով և ոչ էլ այլ ծրագրով ի վիճակի չէ կատարել»: Միևնույն ժամանակ պարոն Թամազյանն ամփոփում է. «Համապատասխան ֆինանսական միջոցների կամ ՀՀ կառավարության կողմից այլ ծրագրերի առկայության դեպքում համայնքը կարող է կատարել ՀՀ Լոռու մարզի Ախթալա համայնքի Շամլուղ քաղաքի 1-ին փողոցի համար 10 շենքի և մնացած մյուս շենքերի հիմնանորոգումը»:

Իսկ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար՝ Սուրեն Պապիկյանին ուղղված ՀՀ Լոռու մարզպետ՝ Արամ Խաչատրյանի գրությունից տեղեկանում ենք. «Լոռու մարզի 3-րդ կարգի վթարայնության տարբեր աստիճաններ ունեցող բազմաբնակարան բնակելի շենքերի հիմնախնդիրը համարվում է մարզի գերակա խնդիրներից մեկը ու ներկայացված է ՀՀ կառավարություն, որտեղ ընդգրկված է նաև Շամլուղի 1-ին փողոցի թիվ 10 բազմաբնակարան շենքը (սեյսմիկ հետազոտության է ենթարկվել 2019թ.): Այն մշտապես գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում և քննարկման փուլում է»:

Միևնույն ժամանակ, պարոն Խաչատրյանն էլ իր հերթին նշում է. «Կիսելով բնակիչների անհանգստությունը, ինչպես նաև հաշվի առնելով խնդրի կարևորությունը Լոռու մարզպետարանում Ախթալա համայնքի ղեկավարի հետ կրկին քննարկում է իրականացվել հնարավոր լուծումների վերաբերյալ, որի արդյունքում՝ այն սուբվենցիոն կամ այլ ծրագրերով հնարավոր չէ ներկայումս իրականացնել, հաշվի առնելով շենքի հիմնանորոգման համար պահանջվող ֆինանսական միջոցների բացակայությունը: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ շենքի ընդհանուր հիմնանորոգման հարցին մարզպետարանը կարող է անդրադառնալ հանրապետության կտրվածքով բնակելի ֆոնդի պահպանմանն ուղղված ծրագրերի շրջանակներում՝ այդ նպատակով համապատասխան միջոցներ հատկացվելու դեպքում»:

Հարկ ենք համարում նշել, որ նույնաբովանդակ պատասխաններ մենք ստացել էինք թե՛ 2019-ին, թե՛ 2020-ին: Բայց այս ընթացքում առկա են նոր իրողություններ և հենց դրանց առկայությունն է ստիպել մեզ կրկին դիմել Ձեզ: Ասել է թե՝ փլուզվող շենքը հնարավոր է վերանորոգել, եթե՝ «հանրապետության կտրվածքով բնակելի ֆոնդի պահպանմանն ուղղված ծրագրեր» լինեն: Իսկ ե՞րբ կլինեն նման ծրագրեր, 2030 թվականի՞ն, գուցե 2040 թվականի՞ն, կամ՝ 2050 թվականի՞ն, երբ մեր շենքն արդեն վաղուց հիմնովին փլուզված կլինի՞...

Մենք տեղյակ ենք, որ ՀՀ Լոռու ամենամեծ և ամենախիտ բնակեցված մարզում, ցավոք, երկրաշարժից տուժած, վթարային շենքերը մեծ թիվ են կազմում` 200-ից ավելի: Բայց մենք ստիպված ենք դիմել պատկան մարմիններին միայն հետևյալ պատճառով. դեռ տարիներ առաջ շենքի ճակատային մասում գտնվող երկրորդ հարկի մեկ փոքր պատշգամբը պոկվել էր, այն գոյություն չունի, մենք տեսնում ենք, որ հիմա նույն ճակատագիրը սպասում է մյուս՝ բնակեցված տների փոքր, քարե պատշգամբներին, որոնց տակերից ներկա պահին քարեր են պոկվում, գոնե դրանք ամրացնելը, վստահաբար, աստղաբաշխական ֆինանսական միջոցներ չի պահանջում համայնքից, մարզից և կառավարությունից:

Ինչ վերաբերում է շենքի ետնամասի մեծ՝ փայտե պատշգամբներին, դրանցից փայտեր են պոկվում ներքևի հարկի բնակիչների գլխին: Եվ ի դեպ, այստեղ մեկ պատշգամբի փլուզումը շղթայական ռեակցիայով փլուզելու է նաև մյուս պատշգամբները: Աստված մի արասցե, այդպիսի ընթացքի դեպքում կառավարության համար ավելի մեծ ծախսե՞ր չեն անհրաժեշտ լինելու, քան հիմա: Շենքի վրա առկա մի քանի սանտիմետրանոց ճաքերը չվերացնելու հետևանքով՝ հիմա շենքի տարբեր հատվածներից պոկվում են քարեր: Վերջին փլուզումը տեղի ունեցավ դեկտեմբերի վերջին-հունվարի սկզբին, որի արդյունքում 7-8 պարկ քար է հավաքվել:

Մենք ուրախ ենք, որ մեր համայնքի ղեկավարն անհանգստացած է համայնքի «նմանատիպ մի քանի շենքերով» նույնպես, բայց ստիպված ենք արձանագրել, որ Շամլուղի ամենահին՝ 1936թ.-ին կառուցված, Շամլուղի կենտրոնական հրապարակի վրա գտնվող 10-րդ շենքի վիճակում գտնվող այլ շենք չկա, որի մեկ պատշգամբը պոկվել-վերացել է, իսկ մյուսներն արդեն փլուզվում են: Հետևաբար, այս նոր իրողությունների պայմաններում, պահանջում ենք պատկան մարմիններից կազմված նոր խումբ այցելի մեր շենք, տեղում՝ բնակիչների տների ներսում վերջին երկու տարիների ընթացքում արձանագրված նոր իրավիճակին ծանոթանալու համար, մասնավորապես՝ պատշգամբների կախված հատակների թեքությանն ու շարժին, մուտքերի առաստաղների ու հատակների վիճակին:

Ամեն օր նման պատշգամբներում կանգնած մարդկանց, որոնց ոտքերի տակ գետինը կախված ճռռում է, գլխավերևում վերևի հարկի փայտե պատշգամբների հատակից փայտերն են ճոճվում, իսկ շենքի ճակատային մասի փոքր պատշգամբներից քարեր են պոկվում, այդ մարդկանց կոչ անել՝ «հանրապետության կտրվածքով բնակելի ֆոնդի պահպանմանն ուղղված ծրագրերի» սպասել, համաձայնեք, ոչ միայն արդար չէ, այլև՝ խիստ զարմանալի է: Այս երկու տարի և չորս ամիսների ընթացում մեր շենքի համար, օրինակ, պատերի կոսմետիկ ամրացման, կամ՝ պատշգամբների ուժեղացման ծախսերի հաշվարկ ինչո՞ւ չի իրականացվում պարզելու համար՝ թե որքան ֆինանսական միջոցներ կպահանջվեն այս աշխատանքներն առանձին, մաս-մաս կազմակերպելու դեպքում:

Հիշեցնենք նաև, որ մենք՝ շենքի բնակիչներս ու սեփականատերերս, այնքան սրտացավ ենք մեր շենքի ճակատագրով, որ 1 մուտքի բնակիչներով, ոգևորված՝ 2019թ. ամռանը շենքի տանիքի կառուցումից, մեր միջոցներով փոխեցինք 1 մուտքի 3 հարկերի պատուհանները, մուտքի երկաթյա դուռ տեղադրեցինք, մուտքի դռան վրա՝ պաշտպանիչ կամար, ներկեցինք շենքի ճակատային մասի բոլոր փոքր քարե պատշգամբները, որոնց տակերից հիմա քարերը պոկվում են և սկսել են երևալ այդ պատշգամբների «կմախքները»: Շատ գովելի է այն փաստը, որ համայնքն արդեն իր միջոցներով 1970-ական թվականներին կառուցված շենքերում կարողանում է կատարել նմանատիպ աշխատանքներ՝ առանց նույնիսկ սպասելու շենքերի բնակիչների դիմում-բողոքների ու խնդրանքների:

Բայց մեզ համար անհասկանալի է, որ արդեն իսկ փլուզվող, 1936թ. կառուցված շենքի բնակիչների նոր դիմումի, անհետաձգելի լուծում պահանջող նոր խնդիրների առկայության պայմաններում հարցը կրկին դիտարկվում է՝ «նմանատիպ մի քանի այլ շենքեր էլ կան» գնահատականով: Ո՛չ, Շամլուղում, արդեն պոկված ու այժմ պոկվող պատշգամբներով, 3 և ավելի հարկանի մեկ ուրիշ շենք չկա, 10-րդ շենքն այս առումով, ցավոք, ամենավատթարագույն, ամենասոսկալի ու ամենավտանգավոր վիճակում է գտնվում և, հետևաբար, պատկան մարմիններից ակնկալում ենք ավելի լուրջ մոտեցում, ոչ թե մեկ-երկու տարվա վաղեմության պատասխան-գրությունների կրկնությունը՝ մեր հրատապ լուծում պահանջող դիմումին ի պատասխան:

Մեզ խիստ մտահոգում է, որ՝ մարզում, համայնքում, Շամլուղում «այլ նմանատիպ շենքեր էլ կան...», արդեն երկու տարի հնչող ձևակերպումներով 10-րդ շենքի փուլ առ փուլ խնդիրները լուծելու հնարավորությունը համապետական մասշտաբներով ծրագրերի, հսկայական ծախսերի հետ է կապվում և մեր բարձրացրած խնդիրն արհեստականորեն արգելափակելու քաղաքականություն է տարվում:

Մենք հատուկ ընդգծում ենք, որ ուրախ ենք, որ մեր համայնքում և կոնկրետ Շամլուղում մեր շենքից ավելի ուշ՝ 1970-ական թվականներին կառուցված, ավելի թարմ վիճակում գտնվող շենքերում իրականացվեցին վերանորոգման համալիր ծրագրեր, ինչպես նաև ավելի վաղ, մեր շենքի տանիքը 2019թ. վերջապես վերանորոգվեց, բայց՝ իշխանություններին և համայնքի ղեկավարին ուղղված մեր դիմումից հետո, որի համար մեկ անգամ ևս շնորհակալություն ենք հայտնում Ախթալա խոշորացված համայնքի ղեկավարին և ՀՀ կառավարությանը:

Հարկ ենք համարում ընդգծել, որ 2019թ. մարտի 18-ին ստացել էինք գրություն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանից, որում նշված էր. «ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 2019թ. մարտի 4-ի № ՔՏՄ /11.2/469-19 գրությամբ տեղեկացվել է, որ շենքում կատարված տեղատեսության արդյունքում պարզվել է, որ անհրաժեշտ է կատարել շենքի տանիքի և գլխավոր մուտքի կողմից բաց պատշգամբների վերանորոգում»: Իսկ ավելի վաղ՝ 2018թ. դեկտեմբերին, ստացել էինք գրություն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանից՝ մեր 2018թ. նոյեմբերի 7-ի բաց նամակին ի պատասխան: Այդ գրությունում ասվում էր. «Հայտնում ենք նաև, որ խնդրի լուծման հնարավորությունը պարզաբանելու նպատակով ՀՀ քաղաքաշինության կոմիտեն դիմել է համապատասխան գերատեսչություններ: Համաձայն Լոռու մարզպետարանի և ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից ներկայացված տեղեկատվության Շամլուղ քաղաքի 1-ին փողոցի համար 10 շենքի տանիքի հիմնանորոգման, ինչպես նաև շենքի ուժեղացման-վերանորոգման աշխատանքները սահմանված կարգով կընդգրկվեն ՀՀ Լոռու մարզի հրատապ լուծում պահանջող ծրագրերի հիմնախնդիրների ցանկում»:

Հետևաբար, մեզ հետաքրքրում է, 2 տարի առաջ արձանագրված վերոնշյալ ձևակերպումը՝ «10-րդ շենքի ուժեղացման-վերանորոգման աշխատանքները կընդգրկվեն ՀՀ Լոռու մարզի հրատապ լուծում պահանջող ծրագրերի հիմնախնդիրների ցանկում», չի ենթադրո՞ւմ փլուզվող մեկ շենքի գոնե փուլ առ փուլ խնդիրների լուծում, երբ ակնհայտ է, որ սկսվել է 1936թ. կառուցված 10-րդ շենքի փլուզումը: Այս համատեքստում՝ պահանջում ենք և հրավիրում ենք մասնագետների նոր խմբի՝ տեղում գնահատելու շենքի ամրացման փուլ առ փուլ գործընթացի ֆինանսական միջոցները գնահատելու, որոշելու նպատակով:
Գիտակցելով, որ մեր մարզում և ամբողջ Հայաստանում, բազմաբնակարան վթարային շենքերը գտնվում են, մեղմ ասած, ոչ բարվոք վիճակում, մենք ստիպված ենք արձանագրել, որ 10-րդ շենքի փլուզումը շաբաթ առ շաբաթ, ամիս առ ամիս, ամեն ձյուն ու անձրևից հետո ավելի ակնառու է դառնում՝ իրական վտանգ ներկայացնելով այդ շենքում մշտապես ապրող, իսկ գարնան և ամռան ամիսներին իրենց բնակարաններ այցելող բնակիչների կյանքի համար:

Ուստի, կոչ ենք անում Սուրեն Պապիկյանին, Արամ Խաչատրյանին, Արկադի Թամազյանին և պատկան մյուս մարմինների պատասխանատուներին հարցին մոտենալ առաջնահերթ խնդիրները՝ տարբերակելու, գնահատելու ու ֆիքսելու տեսանկյունից, այլ ոչ թե 1՝ փլուզման եզրին կանգնած շենքի խնդիրը հանրապետական մակարդակով ծրագրերի լինել-չլինելու և կամ՝ «նմանատիպ այլ շենքերի» հետ հավասարության նշան դնելու մակարդակում դիտարկել, որով փաստորեն արհեստականորեն խնդիրի լուծումն արգելափակելու մարտավարություն է ցուցաբերվում:

Որպես հրատապ լուծում պահանջող խնդիր՝ Շամլուղի կենտրոնական հրապարակում գտնվող 10-րդ շենքի համար առաջարկում ենք ՀՀ կառավարությանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը գոնե այս տարի գումար հատկացնել պատշգամբների ամրացման համար, որպեսզի դրանք փրկվեն հիմնովին փլուզումից, իսկ հաջորդ տարի արդեն՝ պատերի ամրացման համար: Սկսե՛ք փոքր քայլերից, յուրաքանչյուր գործ՝ սկսվում է մեկ քայլից: Ափսոս են կառավարության, համայնքի և բնակիչների միջոցներով մեր փլուզվող շենքում կատարված աշխատանքները:

Հարգանքով՝ Շամլուղի 1-ին փողոցի, 10-րդ շենքի բնակիչներ ու սեփականատերեր
27 հունվարի, 2021թ.

դիտվել է 2648 անգամ
Լրահոս
Կաթողիկոսի ձեր թեկնածուի հետ բանակցություննե՞ր եք վարում․ ինչպես ՔՊ-ականները հունից դուրս եկան (video) #ՀԻՄԱ․ Բողոքի ակցիա ԵՄ դեսպանատան դիմաց․ քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կինը նամակ է փոխանցում (video) Էս ի՞նչ է․ 6 ամիս է ՔՊ-ն արգելում է իմ մուտքն առաջնագիծ․ գիտե՞ք՝ ինչ են ասում․ Աբրահամյան (video) Բոլո՛րդ Աստծո պատժին եք արժանանալու. Գեղամ Մանուկյանը՝ դատարանի բակում (video) 4-րդ եպիսկոպոսին կալանք տվեց 2ամսով Զուգադիպությու՞ն է Երբ 1999-ին Գարեգին Բ-ն բազմեց Լուսավորչի գահին… Ապրես Զոհրաբյան Իրենք ունեն մի նպատակ՝ ինչքան հնարավոր է արագ մեկուսացնել Արշակ Սրբազանին․ Ռուբեն Մելիքյան (video) «Արշակ Սրբազանը համարձակվել է չծառայել Նիկոլին, դրա համար էլ արժանացավ այս ահաբեկչությանը»․ Մկրտչյան (video) Լավ լսեք՝ ,Փաշազադեն Էջմիածին է գալու ու էս 8 «չսրբազանները» նրա թրի տակով անցնելու են․ Կարապետյան (video) Գևորգ Սրբազան, քո պատասխանը Բագրատ Սրբազանն է տալու․ Նիկողոս Հովհաննիսյան (video) Ալիևը կրկին խոսել է «Արևմտյան Ադրբեջան» ադրբեջանցիների վերադարձի մասին Փորձում են Հայ Առաքելական եկեղեցին գլխատել և տանել կործանման. Նիկողոս Հովհաննիսյան Ես վստահ եմ՝ մեր Վեհափառը գնալու է այդ քայլին․ րոպե առաջ կարգալույծ անել դավաճաններին (video) Լուսանկարում պատկերված աղանդավորը կիրակի գալիս է Գյումրիի Յոթ Վերքը իր ներկայությամբ պղծելու... Իշխանությունները սկզբում փորձեցին վարկաբեկել Արշակ Սրբազանին, բայց տեսան՝ պինդ է, կանգնած է Վեհափառի թիկունքին, ծնվեց այս զավեշտալի մեղադրանքը. Խաչատրյան Արշակ Սրբազանը կալանավորվեց Նզովում եմ ձեր այն արարքները, որոնք ուղղել եք Հայոց Սուրբ Եկեղեցին հալածելուն․ Տեր Նարեկ Ի՞նչ ասաց Արշակ Սրբազանը դատարանում. նա կալանավորվեց 2 ամսով (video) Ադրբեջանցիները վնասել են Արցախում գտնվող 17-րդ դարի Սուրբ Ամենափրկիչ Վանքը Փաշինյանը չի մարսում այն նզովքը, որն արեց Արշակ Սրբազանը․ Արծվիկ Մինասյան (video) «Սա անաստվածություն և անբարոյականություն է․ Մասիս Մելքոնյանը չի զարմացնի ոչ մեզ, ոչ Փաշինյանին» (video) Հենց հիմա՝ Արշակ Սրբազանի գործով դատական նիստերի բակում (video) Տեր Վրթանեսը Արցախցու համար ոչ մի բան չի արել, նա մեր համար Սրբազան չէ․ Մետաքս Հակոբյան (video) Փաշինյա՛ն, ավելի լավ է զավակ պարգևել աշխարհին, քան մեր զավակներին զրկել կյանքից․ հերոսի մայր (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արմեն Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am