Պուտին-Բայդեն ծանր շփումներն ու Արցախը

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո սա Բայդենի առաջին խոսակցությունն էր Պուտինի հետ:

Բայդենի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցի մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին ճեպազրույցի ժամանակ: Ըստ «Ազատության»՝ նա նշել է, որ նախագահ Բայդենը մտահոգություն է հայտնել Ռուսաստանի իշխանությունների մի շարք քայլերի, այդ թվում՝ Կրեմլի քննադատ Ալեքսեյ Նավալնիի բանտարկության կապակցությամբ: Փսակիի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահը վճռական աջակցություն է հայտնել Ուկրաինայի ինքնիշխանությանը: «Այն դեպքերում երբ Ռուսաստանի գործողությունները կվնասեն ԱՄՆ դաշնակիցներին, Վաշինգտոնը վճռական քայլերի կդիմի՝ պաշտպանելով իր ազգային շահերը», - Սպիտակ տան հաղորդագրության համաձայն՝ ասել է Բայդենը։

Փսակին հայտնել է, որ զրույցի ընթացքում բարձրացված հարցերի թվում էր Բայդենի առաջարկը՝ հինգ տարով երկարացնել ռազմավարական հարձակողական սպառազինության հետագա նվազեցմանն ու սահմանափակմանը վերաբերող միջոցառումների մասին պայմանագիրը Ռուսաստանի հետ:

Կրեմլի մամուլի ծառայությունը, իր հերթին, հաղորդում է, որ Պուտինը շնորհավորել է Բայդենին պաշտոնամուտի առթիվ։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել ռազմավարական հարձակողական սպառազինության պայմանագրի երկարաձգման վերաբերյալ մտքերի փոխանակման կապակցությամբ: Կրեմլը շեշտել է, որ «առաջիկա օրերին կողմերը կավարտեն բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը` միջուկային հրթիռների զինանոցների փոխադարձ սահմանափակման համար այս կարևոր միջազգային իրավական մեխանիզմի հետագա գործունեությունն ապահովելու համար»:

Ռուսական կողմի փոխանցմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում երկու նախագահներն անդրադարձել են խնդիրների լայն շրջանակի, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրին և Ուկրաինայում տիրող կացությանը։

Որպես մեկնարկ՝ Բայդենի վարչակազմի ձևավորումից օրեր անց՝ Պուտինի հետ հեռախոսազրույցն, իհարկե, կարևոր ազդակ է, որ կողմերի միջև երկխոսություն, այնուամենայնիվ, կընթանա: Սակայն արդյո՞ք ամերիկյան կողմի դիրքորոշումը կմեղմանա Ռուսաստանի ուղղությամբ և անձամբ՝ Պուտինի:

Վաշինգտոնը խիստ անհանգստացած է Ռուսաստանի պահվածքով, այդ թվում`ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու ձերբակալությամբ, երեկ ուշ երեկոյան հայտարարել է Միացյալ Նահանգների նորընտիր նախագահը:

Պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ անդրադառնալով ռուս-ամերիկյան հարաբերություններին` Բայդենն ընդգծել է, որ պատրաստ է համագործակցել Կրեմլի հետ, բայց և չի պատրաստվում աչք փակել մտահոգիչ հարցերի վրա․ - «Մենք կարող ենք աշխատել մեր երկկողմ շահերից բխող հարցերի, օրինակ`միջուկային զենքին վերաբերող նոր պայմանագրի վրա։ Միաժամանակ, հստակ ի ցույց դնել Ռուսաստանին, որ շատ մտահոգված ենք նրա պահվածքով` լինի դա Նավալնու հարցում, հաքերների, թե հաղորդումների, ըստ որոնց ռուսները պարգևավճար են տվել Աֆղանստանում ամերիկացի զինվորների սպանության համար»:

Ընդ որում, դատելով պաշտոնական հայտարարություններից, Բայդենն արդեն իսկ սկսել է քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ: Մասնավորապես, ըստ Սպիտակ տան, Միացյալ Նահանգների նախագահը հանձնարարել է Ամերիկայի ազգային անվտանգության ու հետախուզական գերատեսչություններին քննել ու իրեն ծավալուն զեկույց ներկայացնել Ռուսաստանի հետ հարաբերություններում առկա խնդիրների վերաբերյալ: «Նախագահը դրանց արձագանքելու հարցում դիտարկում է հնարավոր բոլոր տարբերակները», - ըստ «Ազատության», ընդգծել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին` վերստին կոչ անելով Կրեմլին անհապաղ ազատ արձակել ընդդիմադիր Նավալնուն ու նրա հազարավոր աջակիցներին:

Միացյալ Նահանգների Սենատը հաստատեց Էնթոնի Բլինքենի թեկնածությունը երկրի պետքարտուղարի պաշտոնում։ Նախագահ Ջո Բայդենի երկարամյա խորհրդականը ստանձնում է Դոնալդ Թրամփի չորս տարվա նախագահությունից հետո աշխարհի հետ Ամերիկայի հարաբերությունները վերանայելու և խմբագրելու բարդ առաքելությունը:

Հունվարի 19-ին Սենատում իր թեկնածության հարցով լսումների ընթացքում Բլինքենը հավաստիացրել է՝ Բայդենի վարչակազմը լիովին պատրաստ է հակազդելու բռնապետական երկրների և նոր տեխնոլոգիաների սպառնալիքներին։ «Մենք գործ ունենք մի աշխարհի հետ, որը ոչ թե այնպիսին է, ինչպիսին կար, այլ այնպիսին, ինչպիսին կա՝ ազգայնականության աճ, ժողովրդավարության նահանջ, Չինաստանի, Ռուսաստանի և այլ ավտորիտար պետությունների մրցակցության խորացում, կայուն և բաց միջազգային համակարգին սպառնացող վտանգների խորացում, ինչպես նաև տեխնոլոգիական հեղափոխություն, որը վերափոխում է մեր կյանքի բոլոր ասպեկտները, և հատկապես՝ կիբերտարածությունում», - Սենատում հայտարարում էր Միացյալ Նահանգների դիվանագիտության ապագա ղեկավարը՝ խոստանալով նոր պաշտոնում աշխատել երկրի ազդեցությունն ու հեղինականությունը արտասահմանում ամրապնդելու ուղղությամբ։

58-ամյա Բլինքենը Ջո Բայդենի երկարամյա խորհրդականն է ազգային անվտանգության հարցերով։ Բարաք Օբամայի նախագահության օրոք նա նաև զբաղեցրել է Պետքարտուղարության ղեկավարի տեղակալի պաշտոնը։ Փորձառու դիվանագետը Հարվարդի և Կոլումբիայի համալսարանների շրջանավարտ է, 2014 թվականին առանցքային դերակատարություն է ունեցել Սպիտակ տան արտաքին քաղաքականության, այդ թվում` Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցմանը ամերիկյան արձագանքի հարցում: Նա նաև ակտիվ մասնակցություն է ունեցել «Ալ-Ղաիդա» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Ուսամա բեն Լադենի, ինչպես նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործողությունների մշակմանը։ Բլինքենը պատասխանատու էր Պակիստանի, Աֆղանստանի, Իրանի միջուկային ծրագրի հարցերով ամերիկյան քաղաքականության համար։

Ի դեպ, անցած շաբաթ Սենատում տեղի ունեցած լսումների ընթացքում սենատորները դիվանագետին հարցեր են ուղղել նաև ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ։ Բլինքենը ի պատասխան հավաստիացրել է, որ պետքարտուղարի պաշտոնում նոր լիցք կհաղորդի Ղարաբաղի խնդրի հարատև կարգավորում գտնելու ԱՄՆ ջանքերին, նշելով, որ լուծումը պետք է երաշխավորի Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը և բացառի նոր պատերազմի բռնկումը:

Դիվանագետը հայտարարել է նաև, որ Բայդենի վարչակազմը մտադիր է վերանայել Ադրբեջանին հատկացվող ամերիկյան անվտանգային աջակցությունը։ Ղարաբաղյան 44-օրյա արյունալի պատերազմի ընթացքում Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու Ջո Բայդենը մի քանի անգամ հանդես է եկել հայտարարությամբ՝ քննադատելով Թրամփի վարչակազմին Լեռնային Ղարաբաղի հարցում պասիվ քաղաքականության համար և հորդորելով կրակի դադարեցմանն ուղղված գործուն քայլեր ձեռնարկել։ Բայդենը պնդել էր, որ Թրամփը պետք է պահանջի Թուրքիայից հեռու մնալ հակամարտությունից և վերջ տալ վարձկաններ փոխադրելուն։

Սպասենք ամերիկյան նոր վարչակազմի քաղաքականությանը մեր տարածաշրջանում: Ռուսաստան-ԱՄՆ հարաբերություններում առճակատումն ինչպես կանդրադառնա Հարավային Կովկասի հանդեպ վարվող քաղաքականության վրա, և մասնավորապես Արցախի խնդրի վրա:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3927 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am