Արցախ, Իրան, Թուրքիա, Ռուսաստանի հետ առճակատում. Ինչ փաթեթով է գալիս ամերիկյան նոր վարչակազմը

Երեկ ողջ աշխարհի ուշադրությունը ԱՄՆ-ում էր, որտեղ Ջո Բայդենը երդմամբ ստանձնեց Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի լիազորությունները:

ԱՄՆ 46-րդ նախագահ, 78-ամյա Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը ներկա էին նախկին նախագահներից Բիլ Քլինթոնը, Ջորջ Բուշ կրտսերը և Բարաք Օբաման: ԱՄՆ-ի պատմության մեջ Ջո Բայդենը ամենամեծահասակ նախագահն է՝ նա պաշտոնը ստանձնեց 78 տարեկան հասակում։

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հեռացել էր մայրաքաղաքից: Նա ներկա չէր Բայդենի ինաուգուրացիային, ինչը ամերիկյան քաղաքական հին ավանդույթի կոպիտ խախտում է: Սովորաբար հեռացող նախագահները, եթե առողջական կամ որևէ այլ լուրջ խնդիր չունեն, անպայման մասնակցում են ինաուգուրացիային:

Բայդենը Բարաք Օբամայի նախագահության օրոք զբաղեցրել է փոխնախագահի պաշտոնը: Նա արդեն նշել է առաջնահերթությունների ցանկը: Կլիմա՝ Ամերիկան կվերադառնա Փարիզյան համաձայնագրին: Կորոնավիրուս՝ Ամերիկան կվերականգնի Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամի կարգավիճակը: Իրան՝ Բայդենը կփորձի ինչ-որ եղանակով վերանայել այդ երկրի հետ միջուկային գործարքը խզելու Թրամփի որոշումը: Կրթություն, արդար հարկեր, Եվրոպայի հետ քաղաքական կապերի վերականգնում: Այդ և տասնյակ այլ կարևոր թեմաներ կլինեն ԱՄՆ 46-րդ նախագահի աշխատանքային օրակարգում:

«Դարերի խառնարանների միջով Ամերիկան նորից փորձության ենթարկվեց, և Ամերիկան ընդունեց մարտահրավերը։ Այսօր մենք նշում ենք ոչ թե թեկնածուի հաղթանակը, այլ գործի՝ ժողովրդավարության գործի հաղթանակը», - ասաց ԱՄՆ 46-րդ նախագահը՝ շարունակելով․ - «Ժողովուրդը, ժողովրդի կամքը լսվեց, և ժողովրդի կամքը հաշվի առնվեց»։

«Մենք կրկին գիտակցեցինք, որ ժողովրդավարությունը թանկ է, ժողովրդավարությունը փխրուն է։ Այս ժամին, բարեկամներ, ժողովրդավարությունը հաղթանակել է», - Կապիտոլիումում անցկացված պաշտոնամուտի արարողությանը հայտարարում էր դեմոկրատ Ջո Բայդենը, ով համառ պայքարում հաղթեց հանրապետական Դոնալդ Թրամփին։ Վերջինս այդպես էլ չընդունեց իր պարտությունը, չշնորհավորեց նորընտիր նախագահին։

Բայդենը իր ելույթում իսկույն գործելու կոչ արեց․ - «Մենք պետք է արագ և առանց հապաղելու առաջ շարժվենք։ Այս ձմռան ընթացքում մենք պետք է շատ բան անենք՝ շատ բան պետք է ուղղել, վերանորոգել, վերականգնել, կառուցել, բուժել և շատ բանի հասնել», - ասել է նախագահը՝ նշելով, որ ԱՄՆ-ի պատմության ընթացքում քչերն են նման մարտահրավերների և դժվարին ժամանակի հանդիպել, ինչպես հիմա է։

Ջո Բայդենը վերհիշել և մեջբերել է Միացյալ Նահանգների ամենահայտնի նախագահներից մեկի՝ Աբրահամ Լինքոլնի խոսքերը, ով 1863թ. հունվարի 1-ին ստորագրել է ստրուկներին ազատություն շնորհող հռչակագիրը։ «Երբ գրիչը դրել է թղթի վրա, նախագահն ասել է․ - «Եթե իմ անունը երբևէ մնա պատմության մեջ, դա կլինի այս գործողության շնորհիվ, և իմ ամբողջ ոգին սրա մեջ է»։ Իմ ամբողջ ոգին սրա մեջ է», - շարունակել է Բայդենը, - «Հունվարյան այս օրով իմ ամբողջ ոգին այստեղ է՝ համախմբել Ամերիկան, միավորել մեր ժողովրդին, և ես խնդրում եմ յուրաքանչյուր ամերիկացուն միանալ ինձ այդ գործում»։ ԱՄՆ 46-րդ նախագահը կոչ է արել լսել միմյանց, տեսնել միմյանց, հարգել միմյանց, վերջ տալ «անքաղաքակիրթ պատերազմին», նորից սկսել։ «Ամերիկան երբեք չի ձախողվել, երբ միասնական է եղել», - հայտարարել է Բայդենը։
Կորոնավիրուսի համավարակի պայմաններում, որի հետևանքով ԱՄՆ-ում ավելի քան 400 հազար մարդ է մահացել, 46-րդ նախագահի երդմնակալության արարողությունն անցկացվեց նախորդների համեմատ սահմանափակ թվով հյուրերով, շատ քիչ ժողովրդով։ Կապիտոլիումի արարողություններից, Սենատի և Ներկայացուցիչների տան առաջնորդների ելույթներից հետո Ջո Բայդենը ուղևորվեց Արլինգթոնի զինվորական գերեզմանատուն, այնուհետև՝ դեպի Սպիտակ տուն։

Երեք նախկին նախագահներ Բիլ Քլինթոնը, Ջորջ Բուշ կրտսերը, Բարաք Օբաման, դեմոկրատների քաղաքական հակառակորդ հանրապետականների բարձրաստիճան պաշտոնյաները, նախկին փոխնախագահ Մայք Փենսը, Սենատում և Ներկայացուցիչների տանը հանրապետականների առաջնորդները ներկա էին Բայդենի երդմնակալության արարողությանը՝ բացի նախկին նախագահ Դոնալդ Թրամփից։ Արարողությունից ժամեր առաջ նա հեռացել էր Վաշինգտոնից՝ մեկնելով Ֆլորիդայի իր առանձնատունը։
Ռուսաստանի հետ ամերիկյան նոր վարչակազմի քաղաքականությունը, թերևս, ամենաինտրիգային հարցերից է: Ռուսաստանում Բայդենի իշխանավարման տարիներին ակնկալում են ավելի կոշտ քաղաքականություն Ռուսաստանի նկատմամբ: Մինչ այդ, ԵՄ-ից արդեն կոշտ քայլեր են նշմարվում...

Գերմանական «Շպիգել» ամսագիրը գրում է, որ Եվրախորհրդարանը պահանջելու է դադարեցնել «Հյուսիսային հոսք-2» նախագիծը ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ձերբակալության պատճառով։ Հայտարարության տեքստում, որը հայտնվել է պարբերականի տրամադրության տակ, ասվում է, որ եվրապատգամավորները մտադիր են պատժամիջոցներ պահանջել այն մարդկանց դեմ, որոնք պատասխանատվություն են կրում ընդդիմադիր քաղաքական գործչին ձերբակալելու համար։ Հնարավոր է, որ սառեցվեն նրանց ակտիվները և արգելվի նրանց մուտքը Եվրամիություն։ Եվրախորհրդարանի բանաձևերը խորհրդատվական բնույթ են կրում և պարտադիր չեն կատարման համար։

Ավելի վաղ, հիշեցնենք, գազատարի շինարարությունը դադարեցվել էր, երբ գազատարի դեմ պատժամիջոցներ էր սահմանել Միացյալ Նահանգները, իսկ արտասահմանյան մի շարք ընկերություններ՝ խուսափելով ամերիկյան պատժամիջոցներից, հրաժարվել էին շարունակել շինարարական աշխատանքները։

Նավալնին Մոսկվա է վերադարձել հունվարի 17-ին։ Մոսկվա ժամանելուն պես նրան ձերբակալել են «Շերեմետևո» օդանավակայանի անձնագրային կետում։ Հունվարի 18-ին մերձմոսկովյան Խիմկի քաղաքի ոստիկանության շենքում տեղի ունեցած դատավարությանը նրան դատապարտել են 30-օրվա ազատազրկման։ Փետրվարի 2-ին պետք է կայանա նոր դատավարություն Նավալնիի դեմ «Իվ Ռոշե»-ի գործով։ Մեղադրող կողմը պահանջելու է, որ ընդդիմադիր գործչին դատապարտեն իրական ազատազրկման պայմանականի փոխարեն։

Ռուսաստանյան ընդդիմությունը համոզված է, որ իշխանությունները մի քանի տարով Նավալնիին դատապարտելու են ազատազրկման «Պուտինի պալատը» Նավալնիի սկանդալային նոր ֆիլմից հետո։ Ալեքսեյ Նավալնին հունվարի 19-ին Youtube-ի իր ալիքում հրապարակեց «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» անցկացրած հետաքննությունը Սև ծովի ափին արդեն տասը տարուց ավելի կառուցվող՝ Վլադիմիր Պուտինի աներևակայելի շքեղ ու անճաշակ պալատի մասին, նշելով, թե ռուսաստանցիներից գողացած գումարով երկրի նախագահի ընկերներն իրենց շեֆի համար կառուցել և այսօր էլ շարունակում են վերակառուցել աշխարհի ամենամեծ դղյակը՝ մի ամբողջ քաղաք, որը տասնյակ անգամներ ավելի մեծ է, քան Մոնակոն։
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ սա սուտ է և որ Պուտինը նման դղյակ չունի։ Պեսկովը կոչ է արել ռուսաստանցիներին՝ գումարներ չփոխանցել Նավալնու ղեկավարած «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամին»։ Նավալնիի թիմակիցներն էլ հայտարարել են, թե հունվարի 23-ին՝ շաբաթ օրը, կազմակերպելու են համառուսաստանյան բողոքի ակցիաներ։

Հիշեցնենք, 2020-ի օգոստոսին Նավալնին թունավորվել էր և անգիտակից վիճակում տեղափոխվել Բեռլին՝ բուժման։ Արևմուտքը հայտարարեց, թե Նավալնիին թունավորել են «Նովիչոկ» տիպի արգելված նյարդապարալիտիկ նյութով։ Իսկ Նավալնին իր թունավորման մեջ մեղադրում է Ռուսաստանի հատուկ ծառայություններին և անձամբ Պուտինին։

Նրա ձերբակալությունն, ահա, նոր առիթ է Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններում նոր լարման: Թերևս, Նավալնիի հայտնվելը Ռուսաստանում, այս առումով, թերևս հաշվարկված էր՝ ժամանակային առումով պատահական չէր:
Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանին, ապա՝ Հարավային Կովկասի նկատմամբ քաղաքականությունը ԱՄՆ-ն կդիտարկի Իրանի ու Թուրքիայի հանդեպ վարվող քաղաքականության ճշգրտմամբ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2797 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am