Միջուկային զենքի սպառնալիքը, Օբամայի և Պուտինի զրույցներն ու Ասադի ճակատագիրը

ԱՄՆ-ը ցանկանում է, որ ՌԴ-ն փոխի իր ավիահարվածների թիրախները Սիրիական ճգնաժամի հարցում Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը ավելի են ինտենսիվացրել շփումներն ու քննարկումները: Կրակի դադարեցման, ընդհանուր հայտարարի շուրջ պայմանավորվածության գալու տեղեկությունները թեև ավելի են հաճախակիանում, սակայն առայժմ բաց  է մնում Ասադի ճակատագրի հարցը, որի շուրջ, թերևս Ռուսաստանն ու ԱՄՆ-ն տարբեր դիրքորոշումներ ունեն... Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման օրերս հեռախոսազրույց են ունեցել և քննարկել Սիրիայի կարգավորումը: Ըստ Կրեմլի մամլո ծառայության` «Կարծիքների փոխանակման կենտրոնում Սիրիայի կարգավորման հարցն էր: Երկու կողմից էլ դրական գնահատական է տրվել Սիրիայի Միջազգային աջակցության խմբի փետրվարի 11-12-ին տեղի ունեցած նիստին, որը հաստատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևի դրույթներն ու սկզբունքները` ինչպես հումանիտար ասպեկտի և հրադադարի մոդալ ռեժիմի մշակման մասով, այնպես էլ իրական քաղաքական գործընթացի մեկնարկի համագործակցության հարցում: Մասնավորապես, աջակցություն է հայտնվել երկու թիրախային խմբերին` հրադադարի և հումանիտար ասպեկտների մասով»,- ասվում է հաղորդագրությունում: Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է դադարեցնի Սիրիայում չափավոր ընդդիմության նկատմամբ օդային հարձակումները։ Այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամլո ծառայությունը։ Հեռախոսազրույցի ժամանակ նախագահները քննարկել են նաև Սիրիային հումանիտար օգնություն ցուցաբերելու կարևորությունը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ հեռախոսազրույցի նախաձեռնողը եղել է ամերիկյան կողմը, որի ժամանակ, Սիրիայից բացի, քննարկվել է նաև Ուկրաինայի հարցը։ Ռուսաստանը պետք է փոխի Սիրիայում իր ավիահարվածների թիրախների ընտրությունը՝ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում ձեռք բերված համաձայնություններից հետո, հայտարարեց օրերս ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին` ելույթ ունենալով անվտանգության հարցերով մյունխենյան համաժողովում: Նրա խոսքով՝ ներկայում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի հարվածների մեծ մասը հասցվում է լեգիտիմ ընդդիմադիր խմբավորումներին: «Մենք խիստ կարևոր ենք համարում, որ Ռուսաստանը փոխի իր թիրախների ընտրությունը: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը ասաց, որ մեզ հարկավոր է միասին՝ որպես խումբ, որոշել, թե ում է պետք հարվածել, ով է ահաբեկիչ»,- ասել է նա: Քերին վստահեցրել է, որ «եթե քաղաքական գործընթացին պատրաստ մարդիկ ենթարկվում են ռմբակոծությունների, մենք չենք ունենա լիարժեք քննարկում: Մենք պետք է պայմանավորվենք՝ ում ռմբակոծել, որտեղ և երբ»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ Սիրիայում պատերազմը հնարավոր չէ դադարեցնել, քանի դեռ նախագահ Բաշար Ասադը մնում է իշխանության մեջ: Քերիի խոսքով՝ մարդասիրական օգնության բացակայությունը և ռմբակոծությունները հետևանքն են այն բանի, որ «Ասադը և նրա դաշնակիցները՝ ներառյալ Ռուսաստանը, որոշել են, որ ժխտելով միջազգային հանրության կամքը՝ իրենք կարող են հաղթել»: «Եթե Ռուսաստանը և Ասադը այդպես են մտածում, ապա ես համարում եմ, որ նրանք բաց են թողնում վերջին 5 տարիների դասերը»,- ավելացրել է նա: Ի դեպ, ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպման ժամանակ քննարկվել են Սիրիայում ՌԴ և ԱՄՆ զինվորականների համագործակցության հարցը, դրա իրագործման կոնկրետ ուղիները: Ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի. «Հատկապես ընդգծվել է զինվորականների համագործակցության անհրաժեշտությունը՝ իրագործելու համար այն, ինչի մասին հաջողվել է պայմանավորվել (Սիրիայի աջակցության) միջազգային խմբի շրջանակներում: Մենք քննարկել ենք կոնկրետ քայլեր, որոնք պետք է ձեռնարկվեն առաջիկա օրերին՝ այն գործնականում կիրառելու համար»,- ասել է նա: Մինչդեռ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն անհանգստություն է հայտնել՝ կապված ռուսական միջուկային զենքի հետ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Սթոլթենբերգի խոսքով՝ «ամեն դեպքում սպառնում է» դրա կիրառմամբ։ «Իսկ ռուսական զորքերը ցուցադրաբար համապատասխան զորավարժություններ են անցկացնում»,- հայտնել է նա Bild պարբերականին։ Սթոլթենբերգը հստակ հասկացրել է, որ ՆԱՏՕ-ն հանգիստ չի հետևի միջուկային սպառնալիքներին։ Նրա խոսքով՝ չի կարելի իջեցել «շեմը»՝ միջուկային զենքի կիրառման համար։ «Քանի դեռ միջուկային զենք գոյություն ունի, այն կլինի զսպման մեր քաղաքականության մաս»,- նշել է Սթոլթենբերգը։ Դաշինքի գլխավոր քարտուղարը, սակայն, Ռուսաստանին թշնամի չի անվանել, ինչպես, նրա խոսքով, արել է դա Պուտինը դաշինքի նկատմամբ։ «Աշխարհը չափազանց բարդ է՝ այն բարեկամների և թշնամիների բաժանելու համար։ Առանց Ռուսաստանի մենք չենք կարող լուծել խոշորագույն հակամարտությունները»,- հավելել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը կկատարելագործի իր միջուկային զենքը որպես զսպման գործոն։ «Ռուսաստանը Ասադի համար բարենպաստ պայմաններ կստեղծի» Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Մյունխենում անվտանգության հարցերով միջազգային համաժողովի ընթացքում պատասխանել է «Թայմ»-ի հարցերին։ Նա ասել է, թե Սիրիայում խաղաղություն կհաստատվի միայն այն ժամանակ, երբ նախագահ Բաշար ալ-Ասադը բանակցության սեղանի շուրջ կնստի այն ընդդիմադիրների հետ, ովքեր ցանկանում են համաձայնության հասնել։ Մեդվեդևի պնդմամբ, ռուսներն այդ նպատակով մտադիր են Ասադի համար ստեղծել բարենպաստ պայմաններ, ուստի, «ավտոմատներով դեսից դեն վազող հակակառավարական զինյալները ահաբեկիչներ են և ավազակներ, և այդ իսկ պատճառով ռուսական օդուժի համար օրինական թիրախ են»։ Մեդվեդևի խոսքերով, խաղաղության գործընթացում պետք է անպայման ներառվի Ասադի ապագայի խնդիրը, դրա անտեսումը տարօրինակ կլինի։ «Մենք չունենք Սիրիայում մեր ռազմական ներկայությունն անընդհատ շարունակելու նպատակ։ Մենք այնտեղ կատարում ենք մեր ազգային շահերից բխող սահմանափակ և հստակ խնդիր, դա անում ենք նախագահ Բաշար ալ-Ասադի խնդրանքով, հետևաբար, ոչ թե Ասադն, այլ մենք ենք որոշելու ռուսական բանակի ներկայության ծավալը, գերագույն գլխավոր հրամանատարը, Ռուսաստանի իշխանությունը, բոլորն, ովքեր ներգրավված են այս հարցում»,- ասել է Մեդվեդևը։ Ռուսաստանի վարչապետի կարծիքով, Մոսկվան շարունակելու է երկխոսությունը Սիրիայի հակամարտ կողմերի և գործընկեր-երկրների հետ։ Այդ բանակցային գործընթացն այսօր որոշակի զգուշավոր լավատեսություն է ներշնչում։ «Թայմ»-ին տված հարցազրույցում նա կրկնել է նախկինում Մոսկվայի հնչեցրած մտավախությունը Սիրիայում ռուսաստանցի զինյալների ներգրավվածության մասին։ Ռուսաստան զինյալների թափանցումը` իրական վտանգ «Մենք զբաղվում ենք Սիրիայով, նախևառաջ ելնելով մեր անվտանգության շահերից։ Սիրիայից Ռուսաստան ծայրահեղականների ներթափանցումը կանխելն ինքնին կարևոր է, մեր դեպքում, երբ Սիրիայում կան հազարավոր զինյալներ Ռուսաստանից և Կենտրոնական Ասիայից, դա արդեն իրական վտանգ է»,- ասել է Մեդվեդևը։ Հարցազրույցում Մեդվեդևն անդրադարձել է Արևմուտքի, մասնավորապես, ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններին և նորից դատապարտել է անցյալ տարվա նոյեմբերին թուրքական օդուժի կողմից ռուսական օդանավը վայր գցելու միջադեպը։ «Ռուսաստանի կուրսը բացառապես խաղաղասիրական է, դա հսկայական սադրանք էր, նույնիսկ եթե օդանավը մի քանի վայրկյանով հայտնվել էր Թուրքիայի տարածքում, այն ընկել է Սիրիայում, Ռուսաստանը ռազմական պատասխան չի տվել։ ՆԱՏՕ-ի ղեկավարությունը պարտավոր է ազդել սադրանքների դիմող որոշ անդամների վրա, դա, ի վերջո, կարգապահության հարց է, բոլորս գիտենք, թե այդ բաներն ինչպես կարող են ավարտվել»,- ասել է Մեդվեդևը։ «Մենք այս կինոն արդեն տեսել ենք Ուկրաինայում», ասում է Ջոն ՄըքՔեյնը Անցյալ ուրբաթ միջազգային տերությունները համաձայնեցրեցին Սիրիայում հակամարտությունը դադարեցնելու, կարիքավորներին օգնելու և մարդասիրական աղետին վերջ տալու հարցը։ Սա համարվում էր կարևոր քայլ Սիրիայում խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Այդ երկրում պատերազմի զոհ է դարձել ավելի քան 250 հազար մարդ, հարյուր հազարավորներ լքել են տները, շատերը հասել են Եվրոպա, ինչը Հին աշխարհամասում ստեղծել է միգրանտների ամենածանր ճգնաժամը Երկրորդ աշխարհամարտից հետո։ Ռուսական օդուժը Սիրիայում, ըստ արևմտյան վերլուծաբանների, ռմբահարում է նախևառաջ Արևմուտքի աջակցությունը վայելող ընդդիմադիր ուժերի դիրքերը, հետևաբար՝ գործարքի իրականացումը ձեռնտու է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այդ տեսակետն է հայտնել նաև ամերիկացի հանրապետական սենատոր, զինված ուժերի հարցերով Սենատի հանձնաժողովի նախագահ Ջոն ՄըքՔեյնը, ով անցած կիրակի օրը Մյունխենում Անվտանգության միջազգային համաժողովում ասել է, թե գործարքը ռուսներին տալիս է Հալեպի ուղղությամբ գրոհը ևս մեկ շաբաթ շարունակելու հնարավորություն։ «Պարոն Պուտինը չի ցանկանում լինել մեր գործընկերը, նա ուզում է հզորացնել Ասադի վարչակարգը, Մերձավոր Արևելքում վերականգնել Ռուսաստանը որպես գերտերություն, այս պատերազմը դարձնել բանակը արդիականացնելու փորձադաշտ, Լաթաքիան դարձնել ռազմակայան, որտեղից կընդարձակի Ռուսաստանի ազդեցության գոտին, նոր Կալինինգրադ, կամ Ղրիմ, նա ուզում է սրել միգրանտների ճգնաժամը և այն կիրառել որպես զենք Տրանսատլանտյան դաշինքը պառակտելու, Եվրոպական ծրագիրը խափանելու համար»,- ասել է ՄըքՔեյնը։ Ամերիկացի սենատորի պնդմամբ, ռուսները Սիրիայում ամիսներ շարունակ անպատիժ և անխնա ռմբահարում են ընդդիմադիր զինյալների դիրքերը, խաղաղ բնակիչներին, ինչից օգտվում է միայն Ասադը։ «Մենք այս կինոն արդեն տեսել ենք Ուկրաինայում։ Ռուսաստանը ռազմական ճնշում է բանեցնում, փոխում է իրավիճակը, մարդասիրական օգնությունը թույլատրելու կամ մերժելու հնարավորությունն օգտագործում է որպես առևտրի միջոց, բանակցելով բարենպաստ պայմաններ կորզում և որոշում, թե երբ է մյուս անգամ գրոհելու։ Այդպես է դիվանագիտությունն օգտագործում հանուն ռազմական ագրեսիայի։ Եվ այդ մոտեցումն աշխատում է, քանի որ մենք ենք դա թույլ տալիս»,- ասել է Կրեմլի անհաշտ քննադատ ՄըքՔեյնը։ Մետաքսյա  Շալունց

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ընդամենը փոքրիկ ֆաշիստի՝ Նիկոլի հերթական էժանագին բեմադրությունն էր. Գագիկ Համբարյան Նիկոլը գերիշխում է օրակարգերի և կոլեկտիվ հիշողության տիրույթներում․ Կարեն Վրթանեսյան Փաստաբանական գրասենյակը ծանրոց է ստացել, որում թունավոր կարիճ է եղել Վայոց ձորում ծառի ճյուղը կոտրվել և ընկել է քաղաքացու վրա. վերջինս մահացել է Հանրահավաքի մասնակիցները երթով շարժվում են դեպի հանրային հեռուստաընկերության շենք Իսրայելը հասկանում է միայն ուժի լեզուն․ Իրան Թոթափեք ամբարտավանության ու հավակնությունների բեռը. Սրբազանը դիմեց քաղաքական ուժերին Թուրք դիվանագետներին Վաշինգտոնի դատարանում մեղադրում են ԱՄՆ օրենքները խախտելու մեջ Ով կլինի արդարադատության հաջորդ նախարարը. ում անուններն են շրջանառվում 14-ամյա երեխան բռունցքով հարվածել է համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է Շուշիում Ադրբեջանը թանգարան է կառուցել, Ցեղասպանության ավերված հուշարձանի տարածքում՝ մզկիթ Իսրայելը հարվածել է Դամասկոսին․ կան զոեր Ո՞վ է թույլ տվել Մատենադարան բարձրացող մուտքի դիմացը դարձնել ապօրինի կայանատեղի Ի՞նչ էր նշանակում Իրանի հրթիռային հարձակումը Իսրայելի վրա, և ինչ հետևանքներ կարող են լինել մեր տարածաշրջանի համար Արևմուտքի կողմից ՀՀ-ին տրամադրվող օգնությունն ապակայունացնող բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ Հանրահավաքը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ նահատակված հայորդիների Վիգեն Մեսրոպյանն ազատվել է ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնից Ասե՛ք-կանե՛նքի հերթական Չ՛բարեփոխումը (տեսանյութ) Ամերիաբանկի հատուկ առաջարկը Mastercard նոր քարտապաններին. 1% քեշբեք և մեծաքանակ նվերներ Լիբանանի հարավում ոչնչացվել է իսրայելական երեք տանկ Գառնիկ Դանիելյանի հարցից Փաշինյանը հունից դուրս եկավ․ «Ա ինչի եք ջղայնանում» (video) Էդ էր համապատասխանում ՀՀ պետական շահերին․ ինչու՞ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից չխոսեց գերիներ (video) Աղվան Վարդանյանը երկու հիշեցմամբ «ստորացրեց» Փաշինյանին (video) ՍԴ-ի դատավորներին ամենադաժան պատիժն է սպասվում․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, դու անգամ տղամարդու պես մահանալու շնորհք չունես․ Խաչիկ Մանուկյանը պոռթկաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am