Մոսկվան Թուրքիային ցույց է տալիս կարմիր գծերը, Անկարան խորամանկ պայման է դնում

Երեկ Սոչիում դարձյալ առանց Հայաստանի՝ Արցախն ու տարածաշրջանային իրադրությունը քննարկեցին...

Սոչի մեկնելուց առաջ, Լավրովին հանդիպելուց առաջ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ, այսինքն՝ ընդգծված ցույց տալիս, թե ում շահը ամուր պահելու համար է մեկնում Սոչի: Ի դեպ, Լիբիայի հետ, որտեղ Մոսկվան ու Անկարան ունեն լուրջ տարաձայնություններ` ի տարբերություն Ղարաբաղի, ռուսներն ու թուրքերն ասում են, որ փորձում են շրջանցել ակնհայտ տարաձայնությունները:

Ստեղծված իրավիճակը չպետք է օգտագործվի վարձկանների` տարածաշրջան ներթափանցման համար. Լավրով

ՌԴ-ն և Թուրքիան համակարծիք են այն հարցում, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը չպետք է օգտագործվի օտարերկրյա վարձկանների` տարածաշրջան ներթափանցման համար, Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մեր ընդհանուր կարծիքն այն է, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում չպետք է օգտագործվի օտարերկրյա վարձկանների` այս տարածաշրջան ներթափանցման փորձերի համար: Այս հարցում մենք միանգամայն համակարծիք ենք մեր թուրք գործընկերների հետ»,- ասել է նա: «Մենք ողջունում ենք Անկարայի ձգտումը` օգնել հակամարտության կողմերին կատարել իրենց պարտավորությունները: Մասնավորապես` Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի վարչապետների կողմից նոյեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրի շրջանակներում, ինչպես նաև հրադադարի ռեժիմի պարտավորությունների կատարման վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի շրջանակներում», հավելել է նա: Լավրովը հիշեցրել է, որ այս համատեղ կենտրոնը ստեղծվում է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների պայմանավորվածությունների արդյունքում, և այժմ «ընթանում է դրա ակտիվ տեղակայման գործընթացը»:

Այսպես, Մոսկվան ողջունում է Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների կատարմանը նպաստելուն ուղղված Անկարայի ձգտումը, այս մասին էլ հստակ ֆիքսել է Լավրովը. «Առաջնահերթ ուշադրություն ենք դարձրել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին։ Ողջունում ենք հակամարտության կողմերի կողմից իրենց պարտավորությունների կատարմանն աջակցելու Անկարայի ձգտումը, մասնավորապես, նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի կողմից ստորագրված պայմանավորվածության շրջանակներում, ինչպես նաև կրակի դադարեցման պարտավորությունների կատարման վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնի շրջանակներում»։

Չավուշօղլուն խոսում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին

«Ադրբեջանի նախագահը չնայած բոլոր դժվարություններին` ձեռք է մեկնել Հայաստանին` դրսևորելով բարի կամք: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ եթե լինի կայուն խաղաղություն, հնարավոր կլինի կարգավորել Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունները Հայաստանի հետ», - ասել է Չավուշօղլուն Սոչիում Լավրովի հետ համատեղ ասուլիսում։

Նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագրից հետո Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հայտարարում են, որ հարգում են միմյանց, որ համարում են միմյանց խոսքի և գործի մարդ։ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի լավ հարաբերություններն այսօր հերթական անգամ շեշտվել են ռուս-թուրքական բանակցություններին։ Ինչևէ, նախօրեին ռուսական կողմը տարածեց հայտարարություն ռուս-թուրքական հարաբերությունների մասին. «Ուշադրության կենտրոնում կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման և բոլոր ռազմական գործողությունների վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնի կարգավորումը: Այս կենտրոնը դիտարկում ենք որպես հետկոնֆլիկտային կարգավորման օժանդակ տարր՝ ի լրումն ռուս խաղաղապահների առաքելության և այլ միջոցառումների։ Կենտրոնի խնդիրների մեջ, ինչպես հայտնի է, մտնում է իրավիճակի մոնիթորինգը տեսողական դիտարկման մեթոդներով, մասնավորապես անօդաչու թռչող սարքերի միջոցով խախտումների մասին տվյալների հավաքումը, ամփոփումը և ստուգումը», - ասված էր ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Ահա, այս ֆոնին, համատեղ ասուլիսում Չավուշօղլուն հայտարարել է, թե Անկարան հուսով է, որ Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման վերահսկողության համատեղ կենտրոնը կստեղծվի մոտ ժամանակներս:

Հիշեցնենք, որ Մոսկվան ու Անկարան մի շարք տարաձայնություններ ունեն եռակողմ համաձայնագրի հետ կապված․ Մոսկվան, մասնավորապես, շեշտում է, որ մոնիթորինգային կենտրոնը ստեղծվում է ի լրումն ռուս խաղաղապահների առաքելությանը, Անկարան ու Բաքուն հայտարարում են, որ հրադադարը Ղարաբաղում վերահսկելու են ռուս և թուրք զինվորականները։ Բացի այդ, կան տարաձայնություններ նաև Հայաստանի տարածքով Նախիջևանն Ադրբեջանի մնացած տարածքի հետ կապող ճանապարհի հետ կապված․ Բաքուն ու Անկարան այս ճանապարհը կոչում են միջանցք և դրա կառուցումը կապում են Լաչինի միջանցքի հետ:

Անկարան հույս ունի, որ շուտով Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկման հարցով համատեղ կենտրոն կստեղծվի, ասել է Չավուշօղլուն. «Ղարաբաղի մասով: Մենք տեսնում ենք, որ հրադադարի ռեժիմ է հաստատվել: Հուսով ենք, որ շուտով կստեղծվի կրակի դադարեցման ռեժիմի վերահսկողության հարցով մոնիթորինգի կենտրոն»:

Թուրքական կողմն ընդգծում է, որ 2021-ը հոբելյանական տարի է լինելու երկու երկրների միջև հարաբերությունների համար։ 1921-ի մարտի 16-ին, հիշեցնենք, Մոսկվան ու Անկարան ստորագրել են Մոսկովյան պայմանագիրը, որով բոլշևիկյան Ռուսաստանը հրաժարվել էր ցարական Ռուսաստանի մի շարք տարածքներից և Թուրքիային հանձնել Ղարսը, Արարատը, Էրիվանյան գուբերնիայի արևմտյան հատվածը, նույն այս պայմանագրով Նախիջևանը հանձնվել է Ադրբեջանին։ Երկու երկրները կարևորում են այս պայմանագիրը և համարում այն ռուս-թուրքական բարեկամության հիմքը:

Արևմուտքի պատժամիջոցները չեն ազդի ռուս-թուրքական համագործակցության վրա

Լավրով-Չավուշօղլու հանդիպումը փաստեց՝ ռուս-թուրքական փոխվստահության հերթական մի փուլ: Ռուս-թուրքական հարաբերությունները կախված չեն Արևմուտքի ճնշումներից և ռազմավարական նշանակություն են ձեռքբերել մինչ անօրինական սահմանափակումներ մտցնելը, Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի հետ բանակցությունների արդյունքով նկատեց Լավրովը:

«Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններն ինքնաբավ են: Դրանք կախված չեն որևէ ագրեսիվ, ոչ բարեկամական գործողություններից կամ ինչ-որ մեկի քմահաճույքից: Դրանք հիմնվում են երկու երկրների ազգային շահերի և փոխշահավետ համագործակցելու վճռականությունից: Մեր հարաբերությունները ռազմավարական նշանակություն են ձեռքբերել մինչ Արևմուտքի սպառնալիքներն ու անօրինական սահմանափակումներ մտցնելը»,-ասել է Լավրովը՝ ընդգծելով, որ Ռուսաստանն ու Թուրքիան անկախ արտաքին քաղաքականություն են վարում և առաջ տանում իրենց շահերը՝ հետևելով դրանց հավասարակշռությանը: «Դրանով Ռուսաստանն ու Թուրքիան առաջացնում են Արևմուտքի դժգոհությունը, որը ցանկանում է անբարեխիղճ, անազնիվ մրցակցության մեթոդներ կիրառել բոլոր ոլորտներում, լինի դա տնտեսություն, էներգետիկա, ռազմատեխնիկական համագործակցություն կամ այլ ոլորտ»,-հավելել է Լավրովը:

Թուրքիան շահագրգռված է ՌԴ-ի հետ փոխգործակցության ամրապնդմամբ ու խորացմամբ

Թուրքական դիվանագիտության ղեկավարը բարձր է գնահատել Ռուսաստանի հետ երկխոսությունը միջազգային ասպարեզում հակասությունները վերացնելու հարցի շուրջ: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի խոսքով` Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները դրա վառ վկայությունն են: «Մենք Լեռնային Ղարաբաղի հարցում հանդես ենք գալիս երկարաժամկետ խաղաղության և կայունության օգտին: Հուսով ենք, որ տարածաշրջանում դիտորդական առաքելությունները համագործակցության մթնոլորտի տեղ կթողնեն»,-ասել է Չավուշօղլուն՝ ընդգծելով, որ Թուրքիան շահագրգռված է Ռուսաստանի հետ փոխգործակցության ամրապնդմամբ ու խորացմամբ:

Չավուշօղլուի խոսքերով` կորոնավիրուսային վարակի համաճարակի ֆոնին, Թուրքիայի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2020-ին նվազել է 20 տոկոսով: «Անհրաժեշտ է անհապաղ կանխել այս միտումը: Կողմերը պետք է շարունակեն քայլեր ձեռնարկել առևտրի խոչընդոտները վերացնելու, քվոտաները և սահմանափակումները վերացնելու ուղղությամբ»,-ասել է Չավուշօղլուն:

Թուրքիայի արտգործնախարարը գոհունակություն է հայտնել թուրքական լոլիկի ներմուծման քվոտաները ընդլայնելու ռուսական կողմի որոշման կապակցությամբ: Թուրքական դիվանագիտության ղեկավարը նշել է նաև Ռուսաստանի կողմից Թուրքիայի քաղաքացիների համար այցագրային ռեժիմի պարզեցման կարևորությունը: «Ռուսաստանի քաղաքացիները այցելում են Թուրքիա առանց այցագրային որևէ պահանջի: Հուսով ենք, որ ռուսական կողմից նույնպես նմանատիպ քայլ կլինի»,-ասել է Չավուշօղլուն:

Անդրադառնալով պատժամիջոցների թեմային՝ Թուրքիայի ԱԳ նախարարը շեշտել է, որ Անկարան սկզբունքորեն դեմ է պատժամիջոցների ցանկացած լծակի: «Ինքնին պատժամիջոցների լծակը սխալ է, և, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, դա չի հանգեցնում երկրների դիրքորոշման որևէ փոփոխության: Ժամանակին մենք դեմ ենք արտահայտվել Ռուսաստանի ու Իրանի դեմ պատժամիջոցներին»,-ասել է Չավուշօղլուն:
Թուրքիայի ԱԳ նախարարը նաև դատապարտել է «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքի շրջանակներում Անկարայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանափակումները: «ԱՄՆ պատժամիջոցները ոտնձգություն են Թուրքիայի ինքնիշխան իրավունքների նկատմամբ: Պատժամիջոցների ֆոնին Անկարան ոչ մի քայլ հետ չի գնում, և դա բոլորին հայտնի է»,-ընդգծել է նախարարը:

Իսկ Թուրքիայի ՊՆ-ն հաստատեց Ադրբեջան զինվորականներ ուղարկելը

Մինչ Լավրովն ու Չավուշօղլուն Սոչիում տարածաշրջանային խաղաղությունից էին խոսում՝ Թուրքիայի պաշտպանության նախարարը ցույց տվեց, թե ինչ քաղաքականություն է վարում Անկարան՝ գործնականում:

Գեներալը և Թուրքիայի զինված ուժերի ևս 35 սպա կծառայեն Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկման կենտրոնում, որը ստեղծվել է Ռուսաստանի հետ համատեղ, երեկ հայտնեց Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: «Համատեղ կենտրոնի շինարարության և գործարկման ավարտից հետո մեր գեներալը և 35 սպաներ կսկսեն ծառայությունը»,- նախարարի խոսքերն է մեջբերում Anadolu գործակալությունը: Աքարը հաստատել է նաև, որ թուրք զինծառայողները, որոնք ներգրավված կլինեն ռուս-թուրքական կենտրոնի աշխատանքներում, արդեն մեկնել են Ադրբեջան:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 10542 անգամ
Լրահոս
Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am