Վաշինգտոնն ակտիվանում է Արցախում. Ամերիկյան հետախուզությանը հրահանգ է իջեցված

Գրավոր պարզաբանում՝ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև առկա լարվածության մասին

Միացյալ Նահանգների հետախուզական ծառայություններն առաջիկա երեք ամիսներին պարտավոր են Լեռնային Ղարաբաղում տիրող կացության վերաբերյալ հստակ պարզաբանումներ ներկայացնել ամերիկացի օրենսդիրներին։ Նման պահանջով դրույթը տեղ է գտել «2021 ֆինանսական տարվա արտաքին հատկացումների մասին» օրինագծում, որ կոնգրեսականների կողմից հաստատվեց անցած գիշեր։

Ծավալուն այս փաստաթղթի 615-րդ հոդվածը, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա լարվածության գնահատական» վերնագիրն է կրում, հստակ պահանջներ է առաջ քաշում ամերիկյան հատուկ ծառայությունների առջև՝ պարտավորեցնելով դրանց ղեկավարներին համապարփակ տեղեկատվություն տրամադրել հայ-ադրբեջանական հակամարտության գոտում տիրող կացության վերաբերյալ։ «Ոչ ուշ, քան այս օրինագծի ուժի մեջ մտնելուց 90 օրվա ընթացքում Ազգային հետախուզության տնօրենը Կոնգրեսի [զույգ պալատների] հետախուզության հարցերով հանձնաժողովներին պետք է գրավոր պարզաբանում ներկայացնի Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև առկա լարվածության, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ», - ըստ «Ազատության»՝ նշված է օրինագծում։

Ամերիկացի կոնգրեսականների պնդմամբ` առաջիկա ամիսների ընթացքում Ազգային հետախուզության կողմից նախապատրաստվելիք այդ զեկույցում նախևառաջ պետք է հստակորեն վեր հանվեն Միացյալ Նահանգների և դաշնակից պետությունների` տարածաշրջանում ունեցած ռազմավարական շահերը։

Կոնգրեսականները պարտավորեցնում են՝ վերլուծել հետագայում ռազմական ուժի կիրառման հնարավորությունները

Բացի այդ, ըստ կոնգրեսականների` հետախուզական ծառայությունը այդ զեկույցում պետք է մանրամասնորեն նկարագրի վերջին շրջանում ղարաբաղյան հակամարտության գոտում ծավալված ռազմական գործողությունները։ «Հարկավոր է նկարագրել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում և դրա շուրջ, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանին 2020-ի ընթացքում ուժի կիրառման բոլոր նշանակալի դեպքերը՝ [փաստաթղթում] ներառելով յուրաքանչյուր նման դեպքի առանձին նկարագրությունը և գնահատական, թե որ կողմն է առաջինը ուժի դիմել», - նշված է փաստաթղթում։

Օրինագծի՝ Ղարաբաղին վերաբերող հոդվածի երրորդ ենթակետի համաձայն էլ` հետախուզական ծառայությունը պետք է գնահատի, թե ինչ ազդեցություն է թողնում Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանին և Հայաստանին հատկացվող ռազմական օգնությունը տարածաշրջանում ուժերի հարաբերակցության վրա։ Բացի այդ, կոնգրեսականները պարտավորեցնում են Ազգային հետախուզությանը վերլուծել հետագայում ռազմական ուժի կիրառման հնարավորությունները՝ պնդելով, որ հատուկ ծառայությունները այդ հեռանկարը գնահատեն հստակ չափորոշիչներից ելնելով։

Թուրքիային հատկացվող ամերիկյան ռազմական օգնությանը վերաբերող երկու առանցքային սահմանափակում է տեղ գտել

«Տարածաշրջանում ռազմական ուժի կիրառման և հնարավոր այլ ապակայունացնող գործողությունների գնահատականը պետք է տրվի կարճաժամկետ և միջնաժամկետ կտրվածքով», - նշված է հաջորդ տարվա «Արտաքին հատկացումների մասին» օրինագծի՝ ղարաբաղյան հակամարտությանը նվիրված հոդվածում։ «Մենք ողջունում ենք այս նոր օրենսդրական պահանջը, որի համաձայն Ազգային հետախուզության տնօրենը, օգտագործելով Միացյալ Նահանգների հետախուզական հանրության տրամադրության տակ եղած բոլոր ռեսուրսները, պետք է Արցախին վերաբերող զեկույց ներկայացնի Կոնգրեսին», - օրինագծի ընդունումից հաշված ժամեր անց հայտարարել է Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը՝ ընդգծելով, որ ամերիկյան հատուկ ծառայությունները նախևառաջ պետք է պարզեն Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ուժի կիրառման մեղավորներին։

«Մենք վստահ ենք, որ այդ զեկույցը կհաստատի Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիայի փաստը, ինչը հիմք կհանդիսանա, որպեսզի Բայդենի ապագա վարչակազմը վերջ դնի Թրամփի ադմինիստրացիայի կողմից իրականացվող այն անմիտ ծրագրին, որի շրջանակներում նավթով հարուստ Ադրբեջանի կոռումպացված և բռնությունների հակում ունեցող նախագահ Ալիևին 120 միլիոն դոլարի ռազմական օգնություն է տրամադրվում», - նշում է Համբարյանը։

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գնահատմամբ, ի դեպ, անցած գիշեր հաստատված այս օրինագծում տեղ գտած ձևակերպումները բավական նման են ավելի վաղ Ներկայացուցիչների տան հետախուզության հարցերի հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆի նախաձեռնության՝ «2021թ. Հետախուզության մասին» օրենքում ներառված դրույթներին։ Նույն աղբյուրի փոխանցմամբ` հենց Շիֆի ղեկավարած հանձնաժողովի ներկայացուցիչների ջանքերով է, որ ղարաբաղյան հակամարտության մասին հիշատակումները ընդգրկվել են նաև արտաքին հատկացումների մասին փաստաթղթում։

Հավելենք, որ Ներկայացուցիչների տան կողմից ընդունված այս օրինագծում չի շրջանցվում նաև Վաշինգտոնի և Անկարայի հարաբերություններում առկա լարվածության թեման։ Ըստ Հայ դատի գրասենյակի` անցած գիշեր հաստատված այդ փաստաթղթում Թուրքիային հատկացվող ամերիկյան ռազմական օգնությանը վերաբերող երկու առանցքային սահմանափակում է տեղ գտել։ Նախ սառեցվում են բոլոր այն ֆինանսական հատկացումները, որ առնչվում են Թուրքիային F-35 ռազմական օդանավերի և հարակից սպառազինությունների մատակարարմանը։

Բացի այդ, դադարեցվում է ամերիկյան օժանդակությունը Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգությունն ապահովող առանցքային ուժային կառույցին՝ «Թուրքիայի նախագահական պաշտպանության վարչությանը»։ Այս մի սահմանափակման պատճառը 2017-ի գարնանը Վաշինգտոնում տեղի ունեցած միջադեպն է, որի ընթացքում Թուրքիայի նախագահի թիկնապահները դաժան ծեծի ենթարկեցին Էրդողանի այցի դեմ բողոքող ցուցարարներին։

Թրամփը ստորագրեց օգնության մասին փաթեթը. ներառվում են ԼՂ հակամարտության շուրջ դրույթներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի ստորագրել է կառավարության մեկշաբաթյա ժամանակավոր ֆինանսավորման մասին օրենքն այն բանից հետո, երբ Կոնգրեսն ընդունեց 892 միլիարդ դոլարի COVID-19- ի հետ կապված տնտեսական օգնության մասին օրենսդրական փաթեթը, հայտնում է «Ամերիկայի ձայն»:
Հիշեցնենք, որ օրինագիծը ներառում է նաև դրույթներ վերաբերվող հայ-ադրբեջանական վերջին պատերազմին ու տարածաշրջանային զարգացումներին:

Օրինագծի 615 հատվածում, վերնագրված «Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության գնահատական», նշվում է, որ օրինագծի ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 90 օր անց Ազգային հետախուզության տնօրենը Կոնգրեսի հետախուզական հարցերով հանձնաժողովներին պետք է գրավոր գնահատական ներկայացնի Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա լարվածության վերաբերյալ, այդ թվում ` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին:

Ըստ օրինագծի՝ փաստաթուղթը պետք է ներառի նաև հետևյալ դրույթներ՝
(1) Տարածաշրջանում Միացյալ Նահանգների և նրա գործընկերների ռազմավարական շահերի բացահայտումը, (2) Լեռնային Ղարաբաղի շուրջ և Հայաստանի ու Ադրբեջանի սահմաններին 2020 թվականի ընթացքում ուժի կիրառման բոլոր նշանակալի դեպքերի նկարագրությունը, ներառյալ ուժի նշանակալի կիրառման յուրաքանչյուր դեպքի նկարագրությունը և գնահատականը, թե կողմերից որ մեկն է նախաձեռնել ուժի կիրառում, (3) ԱՄՆ կողմից Ադրբեջանին և Հայաստանին տրամադրված ռազմական օգնության ազդեցության գնահատականը տարածաշրջանում ուժերի հավասարակշռության տեսանկյունից և ռազմական ուժի հետագա օգտագործման հավանականությունը, (4) Տարածաշրջանում ուժի հետագա կիրառման կամ հնարավոր ապակայունացման գործողությունների հավանականության գնահատում մոտակա և միջնաժամկետ հեռանկարում:

Օրինագիծը պահանջում է նաև, որ պատրաստվող փաստաթուղթը ներկայացվի առանց գաղտնի տեղեկության հրապարակման, բայց անհրաժեշտության դեպքում կարող է պարունակել գաղտնի տեղեկատվությամբ հավելված: ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինն ասել է, որ վճարումները կարող են սկսվել արդեն հաջորդ շաբաթվանից: Նա բարձր է գնահատում ձեռք բերված պայմանավորվածությունը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 7125 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am