Մոսկվան ասեց, թե ում է պատկանում Ղարաբաղը

Ստատուս քվոն հարգեք, ասում են ՌԴ-ից

Ռուսաստանը, ինչպես մյուս երկրները, չի փոխել իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ, այդ տարածքի պատկանելությունը վաղուց որոշվել էր Անվտանգության խորհրդի բանաձևերով, այսօր հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Այս տարածքի պատկանելիությունը որոշվել է Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերով: Այս ամենը նշված է Անվտանգության խորհրդի բանաձևերում: Ռուսաստանը ոչինչ չի փոխել: Փաստացի, ոչ մի երկիր չի փոխել դիրքորոշումը», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե պատերազմից հետո փոխվե՞լ է Ռուսաստանի վերաբերմունքը Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ: «Եվ նախագահ Վլադիմիր Պուտինն է ասել, որ Ղարաբաղն ինքնին չի ճանաչվել, այն չի ճանաչվել նույնիսկ Հայաստանի կողմից: Նախագահ Պուտինը խոսել է այդ մասին», նկատել է Կրեմլի խոսնակը:

Այսպես, Պուտինն արդեն որերորդ անգամ փաստեց, որ Ղարաբաղում ստատուս քվոն ամենաընդունելի տարբերակն է, որին պետք է համաձայնեն հայերը: Այսինքն՝ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերով Լեռնային Ղարաբաղն Ադրբեջան է, իսկ մենք՝ փրկել ենք Ղարաբաղի հայությանը բնաջնջումից՝ խաղաղապահների տեղակայմամբ:
Այսինքն, այն, ինչ ասում է Ալիևը՝ Ղարաբաղյան հակամարտությունն ավարտված է և Ադրբեջանը «լուծել է խնդիրը ռազմական ճանապարհով»՝ ինչ-որ առումով հաստատում է նաև Պուտինի խոսնակը:

Մինսկի խումբն արթնացավ

Երեկ վերջապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը հանդես եկավ հայտարարությամբ: Պատերազմից հետո ոչ մի կերպ չէր հաջողվում համատեղ հայտարարություն տարածել:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարներ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ-ի փոխպետքարտուղար Սթիվեն Բիգենը, Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լը Դրիանը համատեղ հայտարարությամբ ողջունել են Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների դադարեցումը, համաձայն Ադրբեջանի, Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ի հայտարարության։

Համանախագահ երկրները Հայաստանին ու Ադրբեջանին կոչ են արել իրականացնել հայտարարությունով ստանձնած պարտավորությունները, կարևորում են մարտական գործողությունները չվերսկսելու երաշխիքները, հորդորում են տարածաշրջանից շուտափույթ հեռացնել բոլոր օտարերկրյա վարձկաններին, Ադրբեջանին և Հայաստանին հիշեցնում են հումանիտար իրավունքի միջազգային պահանջներին հետևելու պարտավորությունները, ընդգծել են պատմական և կրոնական ժառանգությունը պահպանելու կարևորությունը։

Համանախագահ երկրները Ադրբեջանին և Հայաստանին կոչ են անում օգտագործել հրադադարը բանակցելու կայուն և երկարատև խաղաղ համաձայնության հասնելու համար՝ համանախագահների հովանու ներքո։ Այս համատեքստում նրանք կողմերին կոչ են անում առաջին իսկ հնարավորության դեպքում տարածաշրջանում ընդունել համանախագահներին և առարկայական բանակցություններ վարել բոլոր չլուծված խնդիրները կարգավորելու համար՝ ըստ համաձայնեցված ժամանակացույցի։
Համանախագահները վերահաստատել են իրենց հետևողական և միասնական դիրքորոշումը հօգուտ բոլոր մնացած հիմնական խնդիրների համաձայնեցված, համապարփակ և կայուն կարգավորման, համապատասխան Հայաստանին ու Ադրբեջանին հայտի հիմնարար սկզբունքների ու տարրերի։ Համանախագահ երկրները նախկինի պես ամբողջովին հանձնառու են մնում այդ նպատակին հասնելու համար, ըստ իրենց, երկարամյա ջանքերի՝ նպաստել տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման հաստատմանը, նշված է համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հայտարարությունում։

Ուրեմն, համանախագահները ֆիքսում են, որ տարածաշրջանից շուտափույթ բոլոր օտարերկրյա վարձկաններին հեռացնելու ու հումանիտար հարցերը կարգավորելու անհրաժեշտություն: Սակայն, Մինսկի խումբը շարունակում է հասցեական չնշել Ադրբեջանին, որը վարձկանների առկայությունն առհասարակ հերքում էր՝ բացահայտ ստելով, իսկ գերիներին վերադարձնելու հարցում միակ պատասխանատուն է, որը ձգձգում է պրոցեսը:

Կարգավորում՝ բանակցությունների արդյունքում

ԵԱՀԿ-ի արտգործնախարարների խորհուրդը ամենամյա նիստն անցկացնում է հեռավար կարգով։ Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը իր ելույթում երեկ նշել է. «44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանն ու Թուրքիան, բացահայտ կերպով արհամարհելով իրենց միջազգային պարտավորությունները և խախտելով ԵԱՀԿ-ի նկատմամբ ստանձնած հանձնառությունները, շարունակում էին ռազմական գործողությունները՝ անտեսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների բազմաթիվ կոչերը, ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ ձեռք բերված երեք պայմանավորվածությունները և միջազգային հանրության հաստատակամ կոչերը: Ագրեսիան ուղեկցվում էր զինված հակամարտություններին առնչվող միջազգային օրենքների և սովորույթների բազմաթիվ կոպիտ խախտումներով, պատերազմական հանցագործություններով, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության և կենսական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ, ռազմագերիների և քաղաքացիական պատանդների սպանություններով, նրանց նկատմամբ անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքով, գլխատումներով, դիակների անարգմամբ և բազմաթիվ այլ փաստագրված հանցագործություններով, որոնց վերջնանպատակը հայ ժողովրդի էթնիկ զտումն էր իր իսկ պատմական հայրենիքում»։

Արա Այվազյանն ասել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է դիտարկվի առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական քաղաքական և տևական կարգավորման սահմանափակման. «Միայն քաղաքական, բանակցությունների արդյունքում ձեռքբերված կարգավորումը, որը կհարգի բոլորի իրավունքները, կարող է խաղաղություն և հաշտություն բերել Հարավային Կովկասի տարածաշրջան»։

Տարածաշրջանային կայունությո՞ւն, հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական կապե՞ր

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, թե հակամարտության կարգավորման համար ԵԱՀԿ-ի ներուժը մնում է պահանջված։ Նա նշել է, թե ԵԱՀԿ տարածքում ճգնաժամային իրավիճակները լուծելու համաձայնությունները պետք է մեծ աջակցություն ստանան անդամ երկրների կողմից, ինչը կնպաստի դրանց իրականացմանը և ընդգծել է, որ նման մոտեցում են ակնկալում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հանդեպ, որին կշարունակեն ամեն կերպ աջակցել։

«Գնահատում ենք համագործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների միջև»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարը։
Իսկ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ևս կոչ է արել աջակցել ղարաբաղյան համաձայնությանը, ասելով, թե Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարությունը դրական արդյունքներ է տալիս հայ-ադրբեջանական և հայ-թուրքական կապերի առումով։ «Մենք որպես Մինսկի Խմբի անդամ երկիր, միշտ աջակցել ենք այդ հակամարտության կարգավորման ուղիները գտնելու ջանքերին և շարունակում ենք անել դա: Մենք միշտ հայտարարել ենք, որ կարգավորման ճանապարհը պետք է հիմնվի միջազգային իրավունքի վրա, համապատասխան ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերին, ԵԱՀԿ սկզբունքներին, Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վրա։ Ադրբեջանի, Հայաստանի ու ՌԴ-ի միջև ներկայիս համաձայնությունը թույլ տվեց կայուն խաղաղության հասնել 30 տարի անց։ Այն դրական արդյունքներ է տալիս տարածաշրջանային կայունության, ինչպես նաև հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական կապերի տեսանկյունից», - ասել է Թուրքիայի արտգործնախարարը ու ընդգծել, - «Մենք կոչ ենք անում ԵԱՀԿ ՄԽ-ի անդամ մյուս երկրներին, մասնավորապես, համանախագահներին, ձեռնպահ մնալ քաղաքական դրդապատճառներ ունեցող գործողություններից։ Դա կարող է հարվածել ձեռք բերված պայմանավորվածություններին»։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը իր ելույթում Ղարաբաղի հայությանը կոչ է արել վերաինտեգրվել Ադրբեջանի կյանքին։ «Ադրբեջանի Հանրապետությունը վճռականորեն հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղում ապրող հայ բնակչության վերաինտեգրման օգտին՝ երկրի քաղաքական, տնտեսական սոցիալական և այլ ոլորտներում, և երաշխավորում է հավասար, առանց խտրականության ապահովելու հավասար իրավունքներ և ազատություններ բոլորի համար, անկախ էթնիկ կամ կրոնական պատկանելիությունից։ Մենք մեր գործընկերներին կոչ ենք անում օգտվել խոստումնալից իրականությունից և գնահատել այն»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 17318 անգամ
Լրահոս
Եվս մեկ ադրբեջանցի փորձագետ Երևանում դժգոհել է ԵԱՀԿ-ից Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագրի ենթակառուցվածքային չափումը․ Վահե Դավթյան Նոր մանրամասներ՝ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից «Գյումրիում օդի մեջ կախված է ատելությունը, ցավը և նաև Նիկոլի նկատմամբ զզվանքը, Մակրոնին էլ չեն տարբերում Նիկոլից». իրավապաշտպան Ով էլ լիներ ՀՀ ղեկավարը՝ Ֆրանսիան աջակցելու էր ու խորացնելու էր հայ-ֆրանսիական հարաբերությունները. Մուրադ Փափազյան Մեր երկրի ղեկավարի վախկոտ պահվածքից ավելի ենք նվաստացած զգում մեզ, քան՝ թշնամու խոսույթից. Իսրայելյանը՝ Ալիևի հակահայկական ելույթի մասին Ես պռոստը գնացի մտա ավտոբուսի մեջ․19-ամյա վարորդը ներկայացրել է՝ ինչպես է եղել վթարը Թրամփը կարող է այս շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Բանակի հեղինակազրկում էլ ո՞նց է լինում. ԶՈՒ ԳՇ պետն անտեսված նստած է Գյումրիում․ Մանուկյան Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Նրանց ունեցած բոլոր նավերը մինչև վերջինը հանգչում են ծովի հատակին. Դոնալդ Թրամփն Իրանի ռազմածովային ուժերի մասին Ի աջակցություն Միքայել սրբազանի՝ Գյումրիում պաստառ կախվեց. ոստիկանները գնացին առաջնորդարան Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին 5 մեքենա է բախվել․ վիրավորներ կան Լիբանանում մարտի 2-ից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 2700-ը Վեդիում մանկապղծության դեպքով նախաքննություն է ընթանում․ ՔԿ Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Վեհափառն ընդունել է նորաօծ քահանաներին. Մայր Աթոռ Գյումրիում ոստիկանները թույլ չեն տվել Միքայել Սրբազանի աջակիցներին մոտենալ Մակրոնին՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Նկարում մարդիկ են, որոնց չէին հրավիրել Փարիզում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացմանը. Հակոբ Բադալյան Գյումրին Մակրոնին սպասելիս. նախատեսվում է բողոքի ցույց ի պաշտպանություն Միքայել Սրբազանի. «Առավոտ» Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Իրանի իշխանությունները հայտնել են մաքսանենգ վառելիք փոխադրող հինգ նավ կալանելու մասին Վեհափառը հորդորեց հոգևորականներին լինել նախանձախնդիր, սիրով ու արիությամբ ծառայել ազգին ու եկեղեցուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am