Սիրիացի վարձկանները՝ «թնդանոթի միս». Առաջատար պարբերականները հեղեղված են արցախյան թեմայով

«Ոչ մեկը դեռ հասանելիք գումարը չի ստացել»

«Մեզ ուղարկում են առաջնագիծ, այնտեղ սարսափելի է, ուղղակի սարսափելի», - Ղարաբաղում կռվող սիրիացի վարձկաններից մեկի խոսքերն է մեջբերում ամերիկյան ամենահեղինակավոր ազատական պարբերականներից մեկը՝ New York Review of Books-ը։

Ինչպես հաղորդում է «Ազատությունը»՝ երկշաբաթյա այս հանդեսի վերջին համարում սիրիական քաղաքացիական պատերազմի մասին գրող ամենահայտնի լրագրողներից մեկը՝ Էլիզաբեթ Ցուրկովը, մանրամասնորեն ներկայացնում է սիրիացի վարձկանների՝ ղարաբաղյան պատերազմում օգտագործման ողջ մեխանիզմը՝ կոնկրետ օրինակներով ի ցույց դնելով, թե ինչ ճակատագրի են արժանանում Ադրբեջան մեկնող վարձկանները։ «Այնտեղ ամեն օր մարտեր են։ Մեզ ներգրավում են [հայկական դիրքերի վրա] գրոհներում, դադար չկա։ Մեր տղաներից շատերը անհետ կորել են, և մենք չենք կարողանում նրանց գտնել», - լրագրողին ասել է այժմ Ադրբեջանում գտնվող զինյալներից մեկը՝ Սիրիայի Հոմս նահանգի Ռաստան քաղաքում ծնված Աբդել Բասիտը։

«Կոտրված ու սնանկացած սիրիացի տղամարդիկ թնդանոթի միս են դարձել։ Աբդել Բասիտի չորս ընկերները զոհվել են երկու օրվա ընթացքում։ Եվս երկուսը զոհվել են դրան հաջորդած շաբաթվա մեջ», - գրում է Ցուրկովը` նշելով, թե իր հարցազրույցները Լիբիայում և Ադրբեջանում կռվող զինյալների հետ վկայում են, որ նրանք օտար պետություններում վարվող պատերազմներին մասնակցում են նախևառաջ առաջարկվող գումարի համար։

Ըստ New York Review of Books-ի հեղինակի, Ադրբեջան մեկնած զինյալները դեռ որևէ վարձատրություն չեն ստացել։ «Ադրբեջանում գտնվող իմ զրուցակիցներից և ոչ մեկը դեռ հասանելիք գումարը չի ստացել, քանի որ մեկ ամսից էլ քիչ է, ինչ նրանք [ռազմական գործողությունների գոտում են]», - նշում է հանդեսը։

Ըստ Էլիզաբեթ Ցուրկովի՝ սիրիացի վարձկաններին առաջարկում են ամսական 600-ից 2500 ամերիկյան դոլար, իսկ նրանց պայմանագրերը եռամսյա են: Լրագրողը պատմում է զոհված սիրիացիներից մեկի՝ ոմն Մուհամադ ա-Շահնեյի մասին։ New York Review of Books-ի հեղինակը զրուցել է նրա անմիջական հրամանատարի՝ Ռուստումի հետ, որն ասել է, թե իրենք փորձում էին անել ամեն ինչ, որպեսզի երիտասարդը ողջ մնա, բայց՝ ապարդյուն։

«Մենք նրան վարորդ էինք նշանակել, ցանկանում էինք նրա կյանքը չվտանգել, քանի որ Մուհամադը իր ծնողների միակ արու զավակն էր։ Նա մարտիկներին զորանոցից հավաքատեղի էր տեղափոխում, սակայն մի օր նրան հանձնարարեցին վիրավորներին առաջնագծից տարհանել [հոսպիտալ], և դիպուկահարը սպանեց նրան», - նշում է վարձկանների հրամանատարը։ Էլիզաբեթ Ցուրկովն, իր հերթին, հատուկ ընդգծում է. - «Մուհամադ ա-Շահնեյի ընտանիքը որևէ փոխհատուցում չի ստացել։ Ավելին, ի տարբերություն Սիրիայում կամ Լիբիայում զոհված զինյալների, Ադրբեջանում Թուրքիայի կողմից կռված վարձկանների ընտանիքներին թուրքական քաղաքացիություն չի խոստացվել»։

«Օգոստոսի սկզբից ի վեր միջնորդները Աֆրինում գրասենյակներ բացեցին, որոնք սկսեցին գրանցել Ադրբեջան մեկնել ցանկացողներին»

Ցուրկովը նաև նկարագրում է զինյալների հավաքագրման գործընթացը՝ նշելով, որ այն տեղի դաշտային հրամանատարների համար հարստանալու դյուրին միջոցի է վերածվել։ «Օգոստոսի սկզբից ի վեր միջնորդները Աֆրինում գրասենյակներ բացեցին, որոնք սկսեցին գրանցել Ադրբեջան մեկնել ցանկացողներին։ WhatsApp-ում ևս այդ նպատակով հատուկ խումբ ստեղծվեց», - գրում է ամերիկյան պարբերականը՝ մանրամասնելով. - «Միջնորդները զինյալներին գրանցում են ապագա վճարումների մի մասի վերադարձի դիմաց։ Հետո նրանք զինյալներին հանձնում են երեք թրքամետ խմբավորումներից որևէ մեկի հրամանատարին, որն էլ գումարի իր բաժինն է ստանում»: New York Review-ն ընդգծում է, որ Ադրբեջան ուղարկվելու նպատակով անգամ մարտական գործողությունների մասնակցության փորձ չունեցող քաղաքացիական անձինք են հավաքագրվում։

էլիզաբեթ Ցուրկովի խոսքով, այդուհանդերձ, հավաքագրման այս գործընթացի կարևորագույն բաղադրիչներից մեկը սուտ խոստումներն են։ «Սկզբնական շրջանում, հավաքագրողները ապագա զինյալներին ասում էին, թե նրանք Ադրբեջան են մեկնում նավթային օբյեկտները հսկելու համար։ Բայց երբ Ադրբեջանը ռազմական գործողությունների մեջ մտավ հայկական ուժերի հետ, սիրիացիներին նետեցին առաջնագիծ», - գրում է ամերիկյան հանդեսը, նշելով, որ ռազմական գործողությունների ծավալմանը զուգահեռ՝ Սիրիայի հյուսիսում գործող թուրքամետ խմբավորումները ևս փոխում են իրենց մեթոդները։

«Երբ ընդամենը մի քանի օրում տասնյակ զինյալներ զոհվեցին, հավաքագրողների մարտավարությունը փոխվեց։ Նրանցից ոմանք այսօր ասում են, թե հավաքագրված սիրիացիները տեղակայվելու են ռազմաճակատի ոչ ամենաթեժ հատվածներում։ Դա սուտ է, քանի որ սիրիացիները չեն կարող հստակ իմանալ՝ ճակատի որ հատվածում հանդարտ կլինի, իսկ որ հատվածում թեժ մարտեր կբռնկվեն», - գրում է Ցուրկովը՝ ընդգծելով, որ հավաքագրողների մի մասն էլ պնդում է, թե մարտական գործողությունները այլևս այդքան կատաղի ու մահաբեր բնույթ չեն կրում։ «Այս կեղծիքները, սակայն, անիմաստ են թվում։ Արդեն իսկ բավականաչափ մարդիկ են Ադրբեջան մեկնած ընկերներից և բարեկամներից տեղեկացել, թե մարտական գործողությունները ինչ կատաղի բնույթ են կրում, որ մարտի դաշտից վիրավորներին տարհանելու համար ժամեր են պահանջվում, ինչի հետևանքով Ադրբեջան մեկնած սիրիացիներից ոմանք պարզապես արյունաքամ են լինում», - գրում է ամերիկյան պարբերականը։

«Զինյալներից շատերը այս պատերազմը ընկալում են որպես վարձատրվող արձակուրդ»

Սիրիացի վարձկանների թեմային անդրադառնում է նաև ռուսական մամուլը։ РИА "Новости"-ն գրում է. - «Այն, որ սիրիացի վարձկանները մասնակցում են նոր ղարաբաղյան պատերազմին, հաստատեցին միանգամից մի քանի բարձրաստիճան աղբյուրներ»։ Ռուսական լրատվամիջոցը մեջբերում է Մերձավոր Արևելքի գծով փորձագետ Աբաս Ջումայի խոսքերը, որը պնդում է, թե սիրիացիների համար Լեռնային Ղարաբաղ ուղևորությունն ավելի գրավիչ էր, քան Սիրիայում կամ Լիբիայում կռվելը։ «Զինյալներից շատերը այս պատերազմը ընկալում են որպես վարձատրվող արձակուրդ», - նշում է փորձագետը՝ հավելելով. «Արձակուրդը, սակայն, այնքան էլ հաջողված չէր», - հավելում է РИА "Новости"-ի մեկնաբանը՝ նշելով, որ սիրիացիների շրջանում զոհերի թիվը գնալով շատանում է։ «Սիրիացիները պարզապես թնդանոթի միս են։ Ադրբեջանի բնակչության համար եկվոր զինյալների մահը որևէ նշանակություն չունի՝ ի տարբերություն կանոնավոր բանակի զինվորների դագաղների շարանի», - նկատում է փորձագետը։

Սիրիացիների շրջանում զոհերի անշեղորեն աճող թվի մասին նախօրեին հայտնեց նաև Մեծ Բրիտանիայում գործող «Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոն» իրավապաշտպան կառույցը։ Սիրիական քաղաքացիական պատերազմի ընթացքին ամենօրյա ռեժիմով հետևող այս կառույցի ներկայացուցիչների պնդմամբ՝ Ադրբեջանում հայկական ուժերի դեմ մարտական գործողությունների ընթացքում զոհված սիրիացի զինյալների թիվը երեկվա դրությամբ հասել էր 143-ի։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6449 անգամ
Լրահոս
Իրանի hարձակումները շարքից հանել են Քաթարի հեղուկացված բնական գազի արտահանման հզորությունների 17%-ը. QatarEnergy-ի գործադիր տնօրեն Ռուբեն Ռուբինյանը սպառնացել էր իրեն պսակադրող քահանային. «Հրապարակ» Փաշինյանն անգամ իր համակիրների վրա է ազդում. «Հրապարակ» Ավինյանի ինքնագովազդի համար վճարում է բյուջեն. 10 մլն դրամի հետքերով. «Ժողովուրդ» ՔՊ-ն սյունեցիներին խաղից դուրս թողեց. «Հրապարակ» ՀՀԿ-ն ինտրիգը պահում է մինչև ապրիլի 4-ը. «Հրապարակ» Այսօր հերթական հրեշավոր բանը կատարվեց ․․․ Մենք հատուկ հրավեր ենք ուղարկել Ամենայն հայոց կաթողիկոսին՝ մասնակցելու Իլյա 2–րդի հnւղարկավորությանը, սակայն նրան թույլ չեն տալիս լքել երկիրը․ միտրոպոլիտ Նիկոլոզ Փաչուաշվիլի Global Firepower-ը հրապարակել է ամենամեծ թվով զինծառայողներ ունեցող 20 երկրների ցանկը «Հայաստան» դաշինքը Քոչարյանի գլխավորությամբ կհանդիպի քաղաքացիների հետ Բաքվի օկուպացիոն զորքերը ՀՀ տարածքում են, նման խաղաղություն չի լինում. Խաչատրյան Սպանվել է ԻՀՊԿ հրամանատար Կամիլ Մուտի Դուստը Հույսը «լավ տղերքի» վրա դնելու և հատակին ծեփվելու կործանարար հետևանքները Կատարի գազի օբյեկտներին հասցված հարվածները հրդեհների և ավերածությունների պատճառ են դարձել ՍԴ որոշումից հետո «Տաշիր Կապիտալ»-ն ընդդեմ ՀԾԿՀ-ի գործի վարույթը վերսկսվել է Ուկրաինան կարող է շուտով սպառել հրթիռների պաշարները․ Անդրեյ Ֆրոլով ԱՄԷ-ում տեղակայված ամերիկյան ռազմաբազայում պայթյուններ են տեղի ունեցել Վրաստանի հատուկ պատժական ծառայությունը մերժել է Սաակաշվիլիի խնդրանքը Գորիսի նախկին փոխքաղաքապետը միանում է Սամվել Կարապետյանի քաղաքական թիմին Փաշինյան, հանգստացե՛ք, Ձեզ համար թույլ լինելը նորմալ է․ Ալիկ Ալեքսանյան Քաղաքացիների հետ «արա»-ով մի խոսա… ոնց որ՝ երաժշտությունը ուզում ես թարգես, գողական գնաս. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am