Լավագույն հանգուցալուծումը հայկական կողմի ջախջախիչ հաղթանակն է. այն Ադրբեջանին կստիպի զինադադար խնդրել

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը հարցազրույց է տպագրել «Ակոս» պարբերականի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանի հետ:

-Պրն Էստուկյան, ինչպե՞ս կգնահատեք այն փաստը, որ այսօր Ադրբեջանը Թուրքիայի, Իսրայելի ու վարձկան ահաբեկիչների աջակցությամբ պատերազմ է վարում Արցախի դեմ:

-Սա անսպասելի երեւույթ չէ, որովհետեւ տարիներ ի վեր Արցախի հարցն անլուծելի է մնացել: Հրադադարը չվերածվեց հաշտության եւ խաղաղության: Հետեւաբար, կատարվածն աnխուսափելի էր, մանավանդ որ Թուրքիան գրգռիչ դերակատարություն ունեցավ այս բոլորի մեջ: Պատճառն էլ շատ պարզ է. Թուրքիայի նախագահը վերջին տարիներին դիմում է զանազան արկածախնդրությունների, որպեսզի իր ներքին իշխանությունն ամրապնդի ու ապահովված պահի՝ դժգոհների ուշադրությունն ուղղելով դեպի արտերկիր: Այդ արկածախնդրությունները, անշուշտ, նաեւ գաղափարախոսական բնույթ ունեն: Մի կողմից՝ Միջին Արեւելքում կամ Հյուսիսային Աֆրիկայում այդ բոլորը կատարվում է «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության գաղափարախոսությանը զուգահեռ, ինչի պատճառով էլ ահաբեկչություններն իրականացվել են, իսկ Արեւմտյան Միջերկրականում կատարվածը, դեպի Կովկաս տարածումը, նույնիսկ հետզհետե Հյուսիսային Կիպրոսում տեղի ունեցող միջամտությունները վկայում են նախագահ Էրդողանի արկածախնդրությունների, ճառ ասելու երեւույթի մասին: Այստեղ նույնպես նա գրգռիչ դեր ունեցավ եւ, անշուշտ, դիմեց աններելի մի քայլի՝ Արցախի դեմ նետելով սիրիացի ահաբեկիչների, իսլամական արմատական ահաբեկիչների: Այդ բոլորի գոյությունը ոչ միայն Հայաստանի, այլեւ ամբողջ տարածաշրջանի համար, ներառյալ՝ Ադրբեջանի, լուրջ սպառնալիք է, լուրջ վտանգ: Այս պահին ահաբեկիչների ծառայություններից օգտվող Ադրբեջանի իշխանությունները, իբր, չեն գիտակցում, բայց շատ հավանական է, որ մոտ ապագայում լուրջ խնդիրներ ունենան:

-Խնդրում եմ,Ձեր արձագանքը Էրդողանի քաղաքականությանը. ոչ մեկի հետ չի հարմարվում՝ Սիրիա, Լիբանան, Լիբիա, Եգիպտոս, Հունաստան, Կիպրոս, քիթը խոթել է նաեւ Հարավային Կովկաս: Թուրքիայում որքա՞ն են հանդուրժելու Էրդողանի արկածախնդրությունները:

-Հասարակական կարծիքը ճշտելու համար այստեղ հարցումներ են անցկացվում, եւ պարզվում է, որ Էրդողանի վարկանիշն աստիճանաբար ընկնում է: Բայց որքան էլ այդ ցուցանիշը նվազի, նա 30 տոկոս անդրդվելի համակիրներ միշտ կունենա: Կողմնակիցների այդ անդրդվելիությունը պայմանավորված է երկու գործոնով: Խոսքը նպաստներ ստացողների ու կրոնական հակումներ ունեցողների, այլ կերպ ասած՝ իրեն հլու-հնազանդ հետեւողների մասին է: Սրանք միասնաբար կկազմեն նշածս 30 տոկոսը: Բուն խնդիրն այն է, որ միջազգային հանրությունը, համաշխարհային քաղաքական գործիչները ծայրաստիճան մեղմ են վերաբերվում Էրդողանի քաղաքականությանը եւ չեն կարողանում հակակշռել նրան: Թուրքիայի նախագահը ողջ Եվրոպային սպառնում է, որ իր երկրում ապաստանած սիրիացի փախստականներին կուղղորդի դեպի Եվրոպա: Համաշխարհային քաղաքականությունը կարծես թե անզոր է նրա դեմ, եւ դա է նրա սանձարձակ գործունեության պատճառը: Ամեն ինչ կարող է անել՝ կոպտությամբ, բռնությամբ, ագրեսիայով, պատերազմով, զենքով: Այնպիսի տպավորություն է, որ Եվրոպային գերեվարել է իր սպառնալիքներով: Մեր երկրի նախագահը շատ վտանգավոր գործիչ է դարձել:

-Էրդողանն անտանելի է դարձել բոլորի համար: Ինչպես նշեցի, խնդիրներ է ստեղծել Սիրիայում, Լիբիայում, Հունաստանում, Կիպրոսում, Արցախում ու Հայաստանում: Կգա՞ մի պահ, որ նրան արանքից հանելու խնդիր դրվի:

-Ձեր թվարկածներին պետք է ավելացնել նաեւ ողջ արաբական աշխարհը՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ: Էրդողանը հետզհետե մեկուսանում է իր քաղաքականությամբ: Դաշնակից գրեթե չունի: Վերջապես, իր վերջին թիրախ է ընտրել Կիպրոսի հյուսիսում ստեղծված դե ֆակտո հանրապետությունը: Սպառնում է նաեւ այն քաղաքական ուժերին, որոնք Թուրքիայի ներսում ընդդիմադիր դիրքորոշումներ ունեն: Այսօր Էրդողանի քաղաքականության դեմ շատ հայտարարություններ են արվում, այդ թվում՝ ամերիկյան, ռուսական կամ եվրոպական քաղաքական գործիչների կողմից, սակայն դրանք շատ թույլ են, շատ մակերեսային եւ իրենցից շատ ցածր մակարդակի հակազդեցություն են ներկայացնում:

-Ո՞րն է ելքը: Այսօր մենք միայնակ կանգնել ենք Ադրբեջանի, Թուրքիայի, միջազգային ահաբեկչական կազմակերպությունների վարձկան ահաբեկիչների, պակիստանցիների դեմ:

-Ըստ իս՝ լավագույն հանգուցալուծումը հայկական կողմի ջախջախիչ հաղթանակն է այս պատերազմում՝ չնայած Ադրբեջանն ունի 200 հազար զինվոր, իսկ Հայաստանը՝ 50 հազար: Նրանց ռազմական բյուջեն մի քանի անգամ գերազանցում է Հայաստանի բյուջեին: Այսքանով հանդերձ՝ հայ զինվորը կարող է ջախջախիչ հաղթանակ տանել Ադրբեջանի նկատմամբ, եւ այդ հաղթանակն Ադրբեջանին կստիպի զինադադար խնդրել: Ուժ եւ կորով հայ զինվորին, որ կարողանա դա անել:

-Իսրայելը պարտավոր էր դադարեցնել զենքի մատակարարումն Ադրբեջանին, քանի որ նրանց ստորագրած պայմանագրում խոսվում է պաշտպանական զենքի մասին, սակայն մենք Արցախում տեսանք, որ իսրայելական կողմը թշնամուն հարձակողական զենք է տրամադրում: Ինչպե՞ս եք գնահատում Իսրայելի մոտեցումը:

-Իսրայելի կառավարությունը սկզբունքային չէ, ավելի ճիշտ՝ ունի միայն մեկ սկզբունք՝ հրեաների շահերը, որոնց համար կարող է հակամարդկային լինել ցանկացած իրադրությունում: Երկրի հիմնադրումից մինչ օրս դա է եղել իսրայելական քաղաքականության առանցքը պատմական բոլոր հանգրվաններում: Կարելի է այսօր ասել, որ Էրդողանի կառավարությունն իսրայելական ծրագիր է: Այս երկրի մեջ իսլամականները հակահրեական, հակասեմական բնույթ ունեն, բայց գործնականում ամենամեծ համագործակցողներն են: Իսրայելի որդեգրած այդ դիրքորոշումը զարմանալի չէ:

- Պրն Էստուկյան, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց հակաահաբեկչական կոալիցիա ստեղծելու գաղափարի մեկնարկը, բայց առայժմ ոչ մի երկիր չի արձագանքել՝ չնայած միջազգային ահաբեկչությունն արդեն չոքել է Իրանի դռանը, ահաբեկիչները հայտնվել են Ռուսաստանում…

- Ահաբեկչական խմբավորումներից յուրաքանչյուրը կատարում է այս կամ այն պետության առաջադրանքները: ԱՄՆ-ն, Եվրոպան, Թուրքիան սեփական ահաբեկիչներն ունեն: Այսինքն՝ այն խմբավորումները, որոնք ընդդմիմադիր էին Սիրիայում, այսօր շահագործվում են տարբեր պետությունների կողմից: Սա արդեն համաշխարհային հանրության քննարկելիք հարցերից մեկն է: Անցյալում տեսել ենք, թե քրդական ազատագրական շարժման մարտիկները ինչպես են պարտության մատնում այդ ահաբեկիչներին, հատկապես՝ «Իսլամական պետություն» կոչված խմբավորման զինյալներին: Եվ ի՞նչ եղավ: Ամերիկան, Ռուսաստանը հայտնվեցին Սիրիայում: Հետո ճանապարհ տվեցին Թուրքիային, որը միշտ նույն այդ ահաբեկիչների կողքին է եղել: Պատկերացնո՞ւմ եք, ահաբեկիչներին ոչնչացնելու գործը հանձնեցին Թուրքիային: Ծիծաղելի է:

-Հակաքրիստոնեական, հակահայկական, հակամարդկային վերջին փուլն սկսվեց այն ժամանակ, երբՍուրբ Սոֆիան մզկիթ հռչակվեց: Եզրափակումը Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն հասցված կրկնակի հարվածն էր: Արդյոք փորձ չի՞ արվում կրոնական բնույթ տալ այս պատերազմին:

-Երբ Սուրբ Սոֆիան մզկիթ դարձրեցին, առաջին աղոթքին մասնակցեց շուրջ 300 հազար մարդ: Սա ահռելի թիվ է: Եվ իրենք չեն թաքցնում, որ ձգտում են հետզհետե հանրապետությունը վերածել կրոնական պետության: Մեր եկեղեցիները միշտ թիրախ են եղել իսլամիստների հարձակումների համար, ուստի դժվար է միանշանակ պնդել, որ Շուշիի եկեղեցուն հասցված հարվածներն այդ քաղաքականության դրսեւորումներից են: Այս երկրում հազարավոր եկեղեցիներ են ոչնչացվել, հիմնահատակ կործանվել: Թուրքերը սիրում են եկեղեցի ռմբակոծել:

- Ի՞նչ կուզեիք ավելացնել մեր զրույցին:

- Ուզում եմ ուժ ու կորով մաղթել հայրենիք պաշտպանող զինվորին: Ուզում եմ, որ ամենանվազ կորուստներով ավարտվի այս պատերազմը: Սգում եմ 18-20 տարեկանների մահը, ազգությունը կապ չունի: Չեմ կարող ուրախանալ թշնամու զինվորների մահով, բայց, անշուշտ, կցանկանամ թշնամու ջախջախիչ պարտությունը: Գիտեմ, որ խոսքիս մեջ հակասություն կա, որ առանց թշնամու զինվորների մահի այդ հաղթությունը չենք ունենա… Թշնամին պետք է պատժվի, ստանա իր արժանի պատասխանը:

դիտվել է 1773 անգամ
Լրահոս
Ես Հրանտ Բագրատյանի չափ գիտելիք չունեմ, նրա խոսքը չեմ մեկնաբանի․ Բաբկեն Թունյան (video) «Դիմում եմ Սարգիս Կարապետյանին․ՀՀ-ում գործող միակ նախարարությունը սե*սի նախարարությունն է»․Մանուկյան (video) ԱՄՆ-ն այժմ բանակցություններ է վարում Իրանի հետ․ Թրամփ ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի՝ բանակցությունները Թուրքիայից դուրս բերելու վերաբերյալ պահանջին ՔՊ-ական պատգամավորի եղբայրը պահանջում է հիվանդանոցներից հանել աղոթատեղիները Պակիստանը ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր է օգտագործել ցույցը դադարեցնելու համար. զոհվել է 58 մարդ Երեկ, Հայաստանի թուրքական կառավարիչի «աղվեսները» ազդարարեցին նոր բռնաճնշումների փուլի մասին. Կարապետ Պողոսյան Կադաստրի կոմիտեի ղեկավարը տխու՞ր է․ ինչու՞ չի մասնակցել Փաշինյանի դիսկոտեկին (video) Ողջաբերդում բախվել են «Opel»-ն ու «Kia»-ն. կա տուժած Հանցավոր խումբ է բացահայտվել. կատարվել են մեծամասշտաբ խուզարկություններ, կան ձերբակալվածներ Պարգևավճարները կապ չունեն աշխատանքի արդյունավետության հետ․ դրանք տրվում են լոյալության համար ԱՄՆ-ում գազի գինը հասել է 2022 թ. սեպտեմբերից ի վեր առավելագույն մակարդակի #ՈՒՂԻՂ․ «Եկել է Նիկոլի՝ սև փողերի տոկոսները վճարելու ժամանակը»․ Գագիկ Մինասյան (video) Նիկոլի աղջկան պետք է փրկենք․ Խաչիկ Մանուկյան (video) Մարդ եղեք, Վիգենին ու նրա կնոջը տեր կանգնեք․ Անժելա Թովմասյան (video) Նիկոլն ինչու՞ է հրաժարվել թոշակառուներից․ Անժելա Թովմասյան (video) Լարված խոսակցություն Սրբուհի Գալյանի և լրագրողների միջև (video) Ձեր եւ գլխավոր դատախազի ջրերը մի առվով չեն հոսու՞մ. Հարց՝ Սրբուհի Գալյանին (video) Բախվել են «Opel»-ն ու «Kia»-ն. վերջինը տապալել է փայտե էլեկտրասյունը, բախվել ծառին․ վիրավոր կա Գավառի մանկատան նախկին տնօրենը մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու մեջ Թեժ երկխոսություն Սերժ Սարգսյանի ու լրագրողի միջև․ «Գործակա՞լ է», «Նիկոլը մխտռեց ամեն ինչ» (video) #ՈՒՂԻՂ․ Թոշակառուներին Նիկոլն ասում է՝ «ձեր փոսերը փորե՛ք»․ Խաչիկ Մանուկյան (video) Նիկո՛լ, ժողովրդին քվեն չե՛ս ստանալու․ հասկացող մարդը կյանքում Փաշինյանին չի ընտրի․ Հարցում (video) Ամեն ինչ ավելի վատ է լինելու․ Սերժ Սարգսյանի վտանգավոր ակնարկը (video) Սրբուհի Գալյանը՝ սիրիացի վարձկաններին Թուրքիայի միջոցով հանձնելու մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ երիտթևից Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am