Շառաչուն ապտակ ՌԴ-ից, ԱՄՆ-ից ու Ֆրանսիայից՝ Էրդողանի ու Ալիևի արկածախնդրությանը

Կարծես գերտերությունները երեկ օրվա ավարտին սկսեցին էլ ավելի ակտիվացնել Արցախում պատերազմի դադարեցմանն ուղղված դիվանագիտական ջանքերը:

Երկուշաբթի ուշ երեկոյան հրապարակվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների արտգործնախարարների համատեղ հայտարարությունը։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժան-Իվ Լը Դրիանը այդ հայտարարությամբ «ամենայն խստությամբ դատապարտում են Լեռնային Ղարաբաղում և դրա սահմաններից դուրս բռնության աննախադեպ և վտանգավոր էսկալացիան»։

Համատեղ հայտարարության մեջ նախարարները հակամարտության կողմերին կոչ են անում վերջ տալ ռազմական գործողություններին՝ նշելով․ - «Վկայակոչելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ղեկավարների հոկտեմբերի 1-ի հայտարարությունը՝ նախարարները հակամարտության կողմերին հրադադարի ռեժիմի անհապաղ և անվերապահ հաստատման կոչ են անում»։

Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի արտգործնախարարների կողմից ընդունված համատեղ այս փաստաթղթում նաև ասված է. - «Նախարարները անվերապահորեն ընդգծում են, որ վերջին հարձակումները, որոնց թիրախը ենթադրաբար քաղաքացիական օբյեկտներն էին թե՛ շփման գծի երկայնքով և թե՛ Ադրբեջանի ու Հայաստանի տարածքներում՝ ղարաբաղյան հակամարտության գոտուց դուրս, ինչպես նաև այդ հարձակումների անհամաչափությունը, անընդունելի սպառնալիք են հանդիսանում տարածաշրջանի կայունության համար»։

Համանախագահ պետությունների ԱԳ նախարարները հակամարտության կողմերին ոչ միայն պատերազմը դադարեցնելու, այլև ղարաբաղյան կարգավորման գործընթացը վերսկսելու կոչ են անում։ «Համանախագահ պետությունները հաստատակամորեն տրամադրված են ողջ ծավալով իրացնել ԵԱՀԿ-ի և միջազգային հանրության կողմից իրենց տրամադրված մանդատը՝ Մինսկի խմբի անդամ պետությունների աջակցությամբ։ Այդ մանդատի համաձայն համանախագահ պետությունները կշարունակեն հետևողականորեն մեծացնել կողմերի հետ գործակցության ծավալները՝ կոչ անելով դրանց առանց հապաղման իրենց վրա վերցնել կարգավորման գործընթացի վերսկսման պարտավորությունը», - նշում են Փոմփեոն, Լը Դրիանը և Լավրովը՝ հավելելով, որ կարգավորման գործընթացը պետք է ընթանա «գոյություն ունեցող հիմնարար սկզբունքների և համապատասխան միջազգային փաստաթղթերի հիմքի վրա, որոնց մասին երկու կողմերն էլ քաջատեղյակ են»։

Փաստացի, Ադրբեջանի ու Թուրքիայի նպատակների համար Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հայտարարությունները մեծ ապտակ է՝ բանակցությունների վերադառնալու և նախկին սկզբունքներով բանակցելու պահանջի համատեքստում:

Արտգործնախարարների հայտարարությանը զուգահեռ երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հերթական՝ պատերազմի սկզբից ի վեր չորրորդ հեռախոսազրույցի մասին։ Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ դրա ընթացքում կողմերը «շարունակել են Լեռնային Ղարաբաղում սրված ռազմական հակամարտության շուրջ քննարկումները»։ «Կոնֆլիկտը ծավալուն բնույթ է ստացել և երկու կողմից էլ հանգեցնում է լուրջ կորուստների, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում», - հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Նույն հաղորդագրության համաձայն՝ «Վլադիմիր Պուտինն ընդգծել է ռազմական գործողությունների դադարեցման շտապ անհրաժեշտությունը»։

Երեկ երեկոյան նաև հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։ Պետդեպարտամենտի կողմից տարածված հաղորդագրության համաձայն՝ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ զրույցներում Բիգանը նշել է, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի։

Էրդողանը գլխավոր կազմակերպիչն է Լեռնային Ղարաբաղում կոնֆլիկտի նոր բռնկման. Էրդողանը սկսում է պատերազմներ, որպեսզի շեղի թուրք հասարակությանը ներքին խնդիրներից, սա՝ Սիրիայի նախագահի արձանագրումը, որն այսօր մեջբերում են օտարերկրյա լրատվականները:

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է, որ Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանը Լեռնային Ղարաբաղում հակամարտության նոր էսկալացիայի գլխավոր նախաձեռնողն է:

«Նա աջակցում է ահաբեկիչներին Լիբիայում, նա Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջերս սկսված հակամարտության գլխավոր հրահրողն ու նախաձեռնողն էր»,- ասել է Ասադը:

Ինչպես ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էին աղբյուրները սիրիական ընդդիմությունում, Թուրքիայի տարածքով տեղափոխման է պատրաստվում Սիրիայից զինյալների երրորդ խմբաքանակը` Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին մասնակցելու համար, ևս երկու խումբ արդեն տեղում է:
Բացի այդ, ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Մոսկվան անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ապօրինի զինված կազմավորումների զինյալների տեղափոխման մասին հաղորդումների կապակցությամբ: Ռուսական կողմից ստացած տեղեկատվության համաձայն` մասնավորապես Սիրիայից և Լիբիայից ապօրինի զինված խմբավորումներ են տեղափոխվում այնտեղ` ռազմական գործողություններին անմիջական մասնակցության համար:

Սիրիայի առաջնորդի խոսքով` Թուրքիան Սիրիայում տարբեր երկրներից ահաբեկիչների է օգտագործել, Լիբիայում նույն մեթոդներն է կիրառել: «Այնպես որ, այն փաստը, որ նա նույն մեթոդներն է օգտագործում Լեռնային Ղարաբաղում, ապացույց չի պահանջում, դա շատ հավանական է, քանի որ, ինչպես ես արդեն ասացի, հենց Թուրքիան է այդ խնդրին հանգեցրել, սկսել է այս հակամարտությունը. Նա խրախուսել է այն: Թուրքիան ցանկանում էր ինչ-որ բանի հասնել և պատրաստվում է օգտագործել նույն մեթոդները: Եվ մենք կարող ենք վստահորեն ասել, որ այն ահաբեկիչների է օգտագործում Սիրիայից և այլ երկրներից Լեռնային Ղարաբաղում»,- ասել է Ասադը:

Նկատենք, որ երեկ հայտնի դարձավ, որ Կանադան սառեցնում է ռազմական սարքավորումների մատակարարումը Թուրքիային:

Կանադան սառեցնում է ռազմական սարքավորումների մատակարարումը Թուրքիային, որոնք, ըստ հաղորդումների, օգտագործվել են Լեռնային Ղարաբաղի դեմ: Որոշումը կայացրել է երկրի արտգործնախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպանը, ով խնդրի շուրջ տարածած հատուկ հայտարարության մեջ նշել է. «Վերջին օրերին որոշ մեղադրանքներ էին հնչում, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կանադական տեխնոլոգիաներ են կիրառվում: Ես անհապաղ հանձնարարել եմ հետաքննություն սկսել` դրանց իսկությունը պարզելու համար: Եվ հաշվի առնելով, որ բռնությունները շարունակվում են, սառեցրել եմ դրանք Թուրքիա արտահանելու արտոնագիրը, ինչը ժամանակ կտա ավելի մանրամասն քննել այդ հարցը», հաղորդում է «Ազատությունը»:

Ավելի վաղ սպառազինությունների վերահսկողությամբ զբաղվող կանադական խմբերից մեկը` Project Ploughshares-ը հաղորդել էր, թե Ադրբեջանի զինուժի կողմից կիրառվող անօդաչու թռչող սարքերը համալրված են թիրախավորման և նկարահանման համակարգերով, որոնք արտադրում է Կանադայում տեղակայված L3Harris Technologies ընկերությունը: Ընդ որում, ռազմական փորձագետներն այս եզրակացությունն արել էին` ուսումնասիրելով ադրբեջանական զինուժի տարածած պաշտոնական տեսանյութերը:
The Globe և Mail պարբերականներն էլ պարզել էին, որ L3Harris Technologies֊ը այս տարի ավելի վաղ նմանատիպ յոթ համակարգ է մատակարարել անօդաչու թռչող սարքեր արտադրող թուրքական Baykar ընկերությանը: Հաղորդումները մեծ աղմուկ էին բարձրացրել երկրում, թեմային անցած շաբաթավերջին անդրադարձել էր նաև Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, ընդգծելով` արտահանումները չպետք է հակասեն Օտտավայի որդեգրած սկզբունքներին և օրենքներին: Կանադայի ներմուծման և արտահանման թույլտվության ակտը արգելում է զենք-զինամթերքի վաճառքը, եթե այն կարող է օգտագործվել միջազգային մարդասիրական կանոնների կամ մարդու իրավունքների ոտնահարման համար:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 16865 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am