Պուտինը, Մակրոնը և Թրամփը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Լեռնային Ղարաբաղի հարցով, հաղորդում է tass.ru-ն։
«Պուտինը, Մակրոնը և Թրամփը կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում։ Նախագահները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել առանց նախապայմանների վերսկսել Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունները»,- ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 11 ուղղաթիռ, 4 ինքնաթիռ, 96 անօդաչու թռչող սարք, 184 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 1280 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 2700 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 103 զոհ և մոտ 200 վիրավոր, որոնցից մոտ 120–ն են շարունակում բուժում ստանալ, մյուսներն ապաքինվել և վերադարձել են շարք։
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ, Արցախում՝ 7 մարդ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։