Պուտինն առայժմ չեզոք է. Մակրոնը ՌԴ ու ԱՄՆ նախագահների հետ կքննարկի Արցախում պատերազմի հարցը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Սա արդեն երկրորդ հեռախոսազանգն է:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Փաշինյանը մանրամասն անդրադարձել է Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով տեղի ունեցող զարգացումներին: «ՌԴ նախագահը խոր մտահոգություն է հայտնել շարունակվող ռազմական գործողությունների կապակցությամբ և կարևորել հրադադարի ռեժիմի պահպանումն ու ապաէսկալացիայի ուղղությամբ քայլերի իրականացումը»:

Ինչպես նկատում ենք, ռուսական կողմը հանդես է գալիս չեզոք, ստանդարտ հայտարարություններով: Արդեն 4 օրն է հնչում են միայն կոչեր՝ դադարեցնելու կրակը, մինչդեռ Արցախում լայնածավալ պատերազմ է ընթանում:
Այս պահի դրությամբ Փաշինյանն արել է միջազգային հանրությանն ուղղված մի շարք ուղերձներ:

Դրանցից ամենագլխավորներն են՝ Հայաստանը քննարկում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման հարցը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ չի քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ Ռուսաստանի հնարավոր ներգրավման հարցը: Հաջորդը՝ «Ինտենսիվ ռազմական գործողությունների ժամանակ տեղին չէ խոսել Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան վեհաժողովի մասին։

Բանակցությունների համար պետք է համապատասխան մթնոլորտ ու պայմաններ: Մյուսը՝ «Որոշակի իրավիճակներում ՌԴ բազայի պոտենցիալը պետք է օգտագործվի»: Սակայն միևնույն ժամանակ Փաշինյանն արձանագրել է՝ «Հայաստանը դեռ մտադիր չէ դիմել ՀԱՊԿ-ին ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի կապակցությամբ»:

Իսկ ահա ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մոտ 30-ամյա ընդմիջումից հետո կրկին անդրադարձավ ղարաբաղյան հակամարտությանը: ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն կոչ են անում անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները: Ջո Բայդենը շեշտում է՝ Սպիտակ տունը պետք է Թուրքիայից պահանջի հեռու մնալ այս հակամարտությունից:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը խստորեն դատապարտել է Ղարաբաղում վերսկսված ռազմական գործողությունները, որոնք սպառնում են վերածվել լայնածավալ պատերազմի: Երեկ այս հարցի շուրջ Նյու Յորքում փակ դռների ետևում անցկացրած քննարկումներից հետո կառույցի անդամ 15 պետությունները կոչ արեցին կողմերին անմիջապես դադարեցնել բախումները և անհապաղ վերսկսել բովանդակային բանակցությունները` առանց որևէ նախապայմանի:

Հայտարարությունը, որ ընդունվել է միաձայն, աջակցություն է հայտնում նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, ով ավելի վաղ հեռախոսազրույցներ էր ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ և կոչ արել դադարեցնել կրակն ու հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով` Մինսկի խմբի համանախագահների հետ:

Վերջին անգամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ղարաբաղյան հակամարտությունը քննարկել էր մոտ երեք տասնամյակ առաջ`1993 թվականին: Այս անգամ քննարկումը նախաձեռնել էր Անվտանգության խորհրդի ոչ-մշտական անդամ Էստոնիան։ Ըստ որոշ հաղորդումների, բալթյան պետությանն այդ հարցում աջակցել էին նաև եվրոպական մի շարք պետություններ, այդ թվում` Անվտանգության խորհրդի մշտական անդամներ Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան։ Հայաստանի ու Ադրբեջանի դեսպանները քննարկմանը ներկա չէին, Անվտանգության խորհրդի նախագահ Աբդու Աբարրին, սակայն, չի բացառել, որ ՄԱԿ-ը կարող է նաև քննարկում նախաձեռնել նրանց մասնակցությամբ:

«Եթե անհրաժեշտություն լինի, մենք կխոսենք նաև երկու դեսպանների հետ, որպեսզի նրանք կարողանան փոխհամաձայնության գալ», - ըստ ՏԱՍՍ գործակալության, ասել է Անվտանգության խորհրդի նախագահը: Այլ մանրամասներ նիստից չեն հաղորդվում:
Մինչ այդ, երեկ հակամարտության շուրջ հրատապ քննարկում է անցկացրել նաև ԵԱՀԿ Մշտական խորհուրդը` կառույցի անդամ 57 երկրների մասնակցությամբ: Բացելով հանդիպումը, խորհրդի նախագահող երկրի` Ալբանիայի դեսպան Իգլի Հասանին վերստին տագնապ է հնչեցրել իրավիճակի վատթարացման և շարունակվող բախումների առնչությամբ ու կոչ արել անհապաղ վերջ տալ իրավիճակի սրացմանը:
Երեկ հայտարարություն տարածեց Միացյալ Նահանգների նախկին փոխնախագահ, առաջիկա նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը: «Հաշվի առնելով Ղարաբաղում և շրջակա տարածքներում արագորեն աճող կորուստները, Թրամփի վարչակազմը պետք է կոչ անի Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին անհապաղ դադարեցնել այս էսկալացիան», - Թվիթերի իր էջում գրել է Բայդենը, հավելելով՝ Սպիտակ տունը նաև պետք է Թուրքիայից պահանջի հեռու մնալ այս հակամարտությունից: Առանց այլախոսության, ուղիղ տեքստով հիշատակելով Թուրքիային՝ ԱՄՆ նախագահի թեկնածուն տարածել է նաև Reuters-ի հաղորդագրությունը, որտեղ գործակալությունը պատմել էր` ինչպես է Թուրքիայի նախագահ Էրդողանը սպառնում Հայաստանին ու պնդում, թե եկել է ղարաբաղյան հակամարտությանը վերջ դնելու ժամանակը:

Ավելի վաղ, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե ինքը տեղյակ է խնդրից, և որ իր վարչակազմը ուշի-ուշով հետևում է իրավիճակին: «Մենք այդ տարածաշրջանում լավ հարաբերություններ ունենք, ուստի կտեսնենք՝ արդյո՞ք կարող ենք դադարեցնել բախումները», - նախօրեին Սպիտակ տանը հայտարարել էր Թրամփը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախատեսում է հեռախոսային բանակցություններ ունենալ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հետ՝ Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակի լուծման ուղիների շուրջ: «Այս հարցով զբաղվում է միջազգայնորեն կոմպետենտ միջնորդը՝ Մինսկի խումբը, որի կազմի մեջ են մտնում հենց Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ը: Մենք մեր գործընկերների հետ կապ մեջ ենք հենց առաջին պահից՝ ԱԳ նախարարների և իմ մակարդակով:Այսօր երեկոյան ես կկապվեմ ՌԴ նախագահի հետ, կարծում եմ՝ վաղն էլ կխոսեմ ԱՄՆ-ի նախագահի հետ, կառաջարկենք , կքննարկենք լուծման տարբերակներ »,- ասել է Մակրոնը: Նա հավելել է, որ կարծում է առանց Ռուսաստանի հնարավոր չէ լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2201 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am