Սիրիացի գրոհայիններին Թուրքիան տանում է ընդդեմ Արցախի՝ «հանուն փողի»

Միջազգային մամուլը սկսեց գրել այն փաստի մասին, որ Թուրքիան սիրիացի գրոհայինների է ուղարկում Ադրբեջան: Այսպես՝ Reuters-ը և The Guardian-ն անդրադարձել են թեմային:

«Այս քայլով Թուրքիան Մոսկվայի հետ մրցակցության երրորդ ճակատն է բացում` Սիրիայից և Լիբիայից հետո», - գրում է The Guardian-ը:

Թուրքիան սիրիացի գրոհայինների է ուղարկում Ադրբեջան` աջակցելու Բաքվին հայերի դեմ սկսված բախումներում, հաղորդում է Reuters-ը: Այդ մասին հեղինակավոր գործակալությանն ասել են հենց իրենք` Ադրբեջան ուղևորվող զինյալները:

Reuters-ին մասնավորապես հաջողվել է խոսել նրանցից երկուսի հետ, ովքեր անանուն մնալու պայմանով պնդել են` գնում են հանուն փողի: «Ես չէի ուզում, բայց գումարի կարիք ունեմ», - ասել է վարձկաններից մեկը, խոստովանելով, որ իրեն խոստացել են ամսական 1500 դոլար, ինչը հսկայական գումար է ծայրահեղ աղքատության մեջ գտնվող Սիրիայի համար: Ադրբեջան ուղևորվող գրոհայինը նաև պատմել է` հանձնարարությունը ստացել է Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիական ազգային բանակից»:

Զինյալները պատմել են, որ իրենց նման շատ-շատերն են այդ պայմաններին համաձայնել, մեկն ասել է, թե ըստ իր տեղեկությունների՝ մոտ 1000 սիրիացի է մեկնելու Ադրբեջան, մյուսն ասել է` 700-1000:

Ընդ որում, Reuters-ը նրանց հետ զրուցել է անցած շաբաթ, երբ Ղարաբաղում մարտերը դեռ չէին սկսվել: Վարձկանները նաև մեկ այլ ուշագրավ տեղեկություն են հայտնել` ասել են, թե իրենց Ադրբեջան են ուղարկելու մինչև սեպտեմբերի 25-ը, այսինքն՝ բուն բախումների մեկնարկից երկու օր առաջ:

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը «լիակատար անհեթեթություն» է որակել սիրիացի վարձկաններին ներգրավելու մասին հարցը: Սակայն Ադրբեջանը դեռ նոր էր տարածել հերքումը, երբ նույն թեմայով հոդված հրապարակեց արևմտյան մեկ այլ հեղինակավոր լրատվամիջոց` բրիտանական The Guardian-ը: Հոդվածի հեղինակը պարբերականի ստամբուլյան թղթակիցն է, ով տեղեկությունները ստացել է առաջին ձեռքից` սիրիացի երեք գրոհայիններից, ովքեր խոստովանել են, որ պայմանագիր են ստորագրել թուրքական մի մասնավոր ընկերության հետ` Ադրբեջանում որպես սահմանապահ աշխատելու համար:

The Guardian-ը զրուցել է երկու եղբայրների հետ, ովքեր խնդրել են իրենց իրական անունները չհրապարակել, բայց պատմել են` Ադրբեջան մեկնելու առաջարկը ստացել են Թուրքիայի աջակցությունը վայելող «Սուլթան Մուրադ» դիվիզիայի մի հրամանատարից, ընդ որում՝ իրենց շրջապատում զինյալների հավաքագրումը սկսել է դեռ մեկ ամիս առաջ: «Մեր առաջնորդն ասաց` դուք կռիվներին չեք մասնակցելու, միայն աջակցելու եք պահպանությանը որոշ տարածքներում», - ասել է եղբայրներից մեկը, ում խոսքով, իրենց ամսական 7-10 հազար թուրքական լիրա` 700-1000 դոլար աշխատավարձ են խոստացել՝ նավթի և գազի ենթակառուցվածքների պահպանության համար:

The Guardian-ն իր հերթին ընդգծում է` այդ խոստումները ոչ միշտ են պահվում. - «Ինչպես և Ադրբեջանի դեպքում, Լիբիա մեկնող սիրիացի զինյալներից շատերին ևս սկզբում ասվել էր, թե միայն թիկնապահ են աշխատելու, տեղ հասնելուն պես, սակայն, նրանք հայտնվել էին առաջնագծում»:

Պարբերականը զրուցել է նաև Թուրքիայի հովանավորությունը վայելող «Սիրիայի ազգային բանակի» ներկայացուցիչների, ինչպես նաև սիրիացի իրավապաշտպանների հետ, երկու աղբյուրներն էլ նշել են, թե զինյալների առաջին` 500-հոգանոց խումբը արդեն իսկ հասել է Ադրբեջան, բացի այդ, Բաքու են մեկնել նաև երկու բարձրաստիճան հրամանատարներ` «Սուլթան Մուրադ» դիվիզիայի առաջնորդ Ֆահիմ Էիսսան և «Ալ Համզա»-ի առաջնորդ Սայիֆ Աբու Բաքիրը:

«Այս հաղորդումների իսկությունը հաստատել չի հաջողվել», - գրում է The Guardian-ը, հավելելով` լուրերն ամրապնդվում են սոցցանցերում տարածված, որոշ չճշտված տեսանյութերով, որտեղ երևում է` ինչպես են սիրիացի զինված գրոհայինները բեռնատարով ճամփորդում Ադրբեջանի ճանապարհներով` ռազմական երգերի հնչյունների տակ:

Սիրիացի ապստամբների առաջնորդներից մեկը` Մուստաֆա Սեջարին, արևմտյան մամուլի տեղեկությունները չի հաստատել, բայց չի էլ հերքել: Ավելին, վերջինս բացահայտ փաստել է, որ Թուրքիան հույսի վերջին նշույլն է մնացել Սիրիայի նախագահի դեմ պայքարող գրոհայինների համար, քանի որ Ասադը երկրի գերակշիռ մասն արդեն իր վերահսկողության տակ է առել` Ռուսաստանի և Իրանի աջակցությամբ:

Պաշտոնական Անկարան, հետևելով Բաքի օրինակին, կտրականապես հերքել է այս մասին հաղորդումները: Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը The Guardian-ին ասել է. - «Մենք ադրբեջանական բանակին օգնում ենք միայն խորհրդատվությամբ և վերապատրաստմամբ: Թուրքիայի պաշտպանության նախարարությունը չի զբաղվում զինվորականների հավաքագրմամբ կամ տեղափոխմամբ աշխարհի որևէ անկյուն», հաղորդում է «Ազատությունը»:
Reuters-ը, մինչդեռ, փաստում է` Թուրքիան առաջին անգամը չէ իր նպատակներին հասնելու համար սիրիացի զինյալների ներգրավում: Ամիսներ առաջ Անկարան նրանց Լիբիա էր գործուղել, որպեսզի օգնի տեղի կառավարությանը ռուսների աջակցությունը վայելող գեներալ Հաֆթարի դեմ պայքարում: «Սիրիացի զինյալներին հիմա էլ Ադրբեջանում տեղակայելու ծրագիրը ցույց է տալիս, թե որքան մեծ է իր սահմաններից դուրս ազդեցությունը սփռելու Անկարայի ախորժակը», - փաստում է The Guardian-ը, միաժամանակ նկատելով. - «Այս քայլով Թուրքիան Մոսկվայի հետ մրցակցության երրորդ ճակատն է բացում` Սիրիայից և Լիբիայից հետո»:

Թուրք-ադրբեջանական հերքումներն իհարկե գրոշի արժեք չունեն: Երեկ Էրդողանը հերթական անգամ ապացուցեց, որ պատերազմի կողմնակից է և սատարում է Ադրբեջանին, ավելին՝ սպառնում էր, թե՝ «Ղարաբաղի հարցի լուծմանը պետք է վերջ տրվի», քանի որ ըստ նրա՝ «ԵԱՀԿ Մինսկի խմբի սպասված արդյունքի չի հասնում»:

Այնպես որ՝ թուրք-ադրբեջանական կեղծ հերքումներն անիմաստ են: Առավելևս, երբ սիրիացի վարձկան գրոհայիններն են այդ մասին խոստովանում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1784 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am