Ադրբեջանա-թուրքական պարտադրված պատերազմին ինչպե՞ս արձագանքեց աշխարհը

Գիշերվա ընթացքում մարտերը շարունակվել են տարբեր ինտենսիվությամբ, Ֆեյսբուքում գրում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը: Շուշան Ստեփանյանի փոխանցմամբ՝ վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները՝ կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա, այդ թվում՝ «ՏՕՍ» ծանր հրանետային համակարգ։ «Հայկական ստորաբաժանումները սառնասրտորեն դիմագրավում են ադրբեջանական ստորաբաժանումների ոտնձգությունները և ձեռնարկում համապատասխան գործողություններ՝ պատճառելով հակառակորդին անձնակազմի և տեխնիկայի զգալի կորուստներ», - ասված է հաղորդագրությունում:

Իրավիճակն, ակնհայտորեն, հայկական կողմի օգտին է, քանի որ այսօր հայտնի դարձավ, որ Պաշտպանության բանակը վերականգնել է նախկինում կորցրած մի շարք դիրքեր: Արցախի ռազմական գերատեսչությունը տեսանյութ է հրապարակել:

Գիշերվա ընթացքում ճակատային գծի հարավային, հարավ-արևելյան և հյուսիսային ուղղություններում շարունակվել են ինտենսիվ մարտական գործողությունները, հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարությունը: Պաշտպանության բանակի ստորաբաժանումների ձեռնարկած հակագրոհի արդյունքում հակառակորդին պատճառվել են կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ, իսկ ՊԲ-ն վերականգնել է նախկինում կորցրած մի շարք դիրքեր, ասված է հաղորդագրությունում:
Երեկվանից հայկական իշխանությունների մակարդակով արձանագրվեց, որ Հայաստանն ու Արցախը պատերազմի մեջ են ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի հետ:

2016թ. ապրիլյան պատերազմից հետո, եթե որոշակի դանդաղկոտություն էր նկատվել միջազգային արձագանքի առումով, ապա սեպտեմբերի 27-ից թուրք-ադրբեջանական սանձազերծած ռազմական գործողություններից անմիջապես հետո, եթե հաշվի առնենք, որ կիրակի օր էր, իսկ միջազգային կազմակերպությունները աշխատանքային ռեժիմում չէին, այնուամենայնիվ արագ արձագանքներ տարածվեցին:

Նախ՝ հայտնի է, որ ՌԴ ԱԳ նախարար Լավրովն էր այս ընթացքում ակտիվ շփումների մեջ հայկական և ադրբեջանական կողմերի հետ: Այսօր Մոսկվան իրավիճակը վտանգավոր է գնահատել: Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը առանձնահատուկ վտանգ է ներկայացնում, կողմերը մի քանի տարվա ընթացքում առաջին անգամ օգտագործում են ծանր զենքեր, նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն: «ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով համագործակցությունը բավականին հաջող զարգանում է, հուսով ենք, որ այն իր արդյունքը կտա իրավիճակի ներկա սրման տեսանկյունից, ինչը շատ վտանգավոր է, քանի որ 2016 թվականից ի վեր առաջին անգամ կողմերն օգտագործում են ծանր զենքեր, իրական զոհեր կան», - ասել է Ռուդենկոն լրագրողներին:

Երեկ Կրեմլի մամլո ծառայության փոխանցմամբ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց ունեցավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Ռուսական կողմը խորն անհանգստություն է հայտնել ռազմական լայնածավալ գործողությունների վերսկսման կապակցությամբ: Նշվել է, որ կարևոր է անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն առճակատման հետագա սրացումը կանխելու համար: Ամենակարևորն է՝ դադարեցնել ռազմական գործողությունները»,- ասվում է հաղորդագրությունում:

Ավելի ուշ հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն տարածեց հայկական կողմը: «Վարչապետ Փաշինյանը մանրամասն անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակին: Նիկոլ Փաշինյանը խորը մտահոգություն է հայտնել ադրբեջանական կողմից սանձազերծված ռազմական գործողությունների կապակցությամբ, որոնք ագրեսիա են Լեռնային Ղարաբաղի դեմ: Նա անթույլատրելի է համարել էսկալացիայի հետագա զարգացումը և դրանում արտատարածաշրջանային ուժերի ներգրավումը: Վլադիմիր Պուտինը խորը մտահոգություն է հայտնել լայնամասշտաբ ռազմական գործողությունների կապակցությամբ: ՌԴ նախագահն ընդգծել է անհրաժեշտ ջանքերի ներդրման կարևորությունը, որպեսզի թույլ չտրվի հակամարտության հետագա էսկալացիա և դադարեցվեն ռազմական գործողությունները», - ասված է Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

ԱՄՆ իշխանություններն ուշադիր հետևում են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին ու կտեսնեն, կկարողանան արդյոք իրենք դադարեցնել կոնֆլիկտի էսկալացիան։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին կիրակնօրյա ճեպազրույցին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք շատ ուշադիր հետևում ենք։ Դա նոր է տեղի ունեցել, ինձ դա հայտնի է։ Այդ տարածաշրջանում մենք լավ հարաբերություններ ունենք։ Կտեսնենք, կարող ենք արդյոք դա դադարեցնել», – ասել է Թրամփը։

ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Միացյալ Նահանգները վճռականորեն դատապարտել է բռնության սրացումը։ Կողմերին կոչ է արել աշխատել Մինսկի խմբի համանախագահների հետ, որպեսզի հնարավորինս շուտ վերադառնան առարկայական բանակցությունների։

Վաշինգտոնն ամենակոշտ կերպով դատապարտում է ղարաբաղյան հակամարտության վերջին սրացումը և կոչ անում կողմերին անհապաղ դադարեցնել բռնությունները: «Միացյալ Նահանգները մտահոգված է լայնածավալ ռազմական գործողությունների մասին հաղորդումներով, որոնց հետևանքով արձանագրվել են էական կորուստներ», նշել է Պետդեպարտամենտը` ցավակցություն հայտնելով զոհերի ու վիրավորների հարազատներին:

Պետդեպի խոսնակը նաև տեղեկացրել է, որ այսօր փոխպետքարտուղար Ստիվեն Բիգանը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ` կոչ անելով անհապաղ հրադադար հաստատել, օգտագործել ուղիղ կապը` իրավիճակի հետագա սրացումից խուսափելու համար, ինչպես նաև զերծ մնալ անօգուտ հռետորաբանությունից և գործողություններից, որոնք էլ ավելի են սրում իրավիճակը տեղում:

Պետդեպարտամենտը հատուկ անդրադարձ է արել նաև երրորդ կողմերին, ընդգծելով` ԱՄՆ-ը համոզված է, որ արտաքին ուժերի կողմից խնդրին մասնակցությունը կլինի խիստ վնասակար և կարող է միայն վատթարացնել տարածաշրջանի լարվածությունը: «Մենք կոչ ենք անում կողմերին աշխատել Մինսկի խմբի համանախագահների հետ` որքան հնարավոր է արագ բովանդակային բանակցությունների վերադառնալու համար», - հայտարարել է Պետդեպարտամենտը, հավելելով, - «որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ` ԱՄՆ-ը շարունակում է հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ ու տևական կարգավորմանը հասնելու հարցում կողմերին աջակցելու իր հանձնառությանը»:

Հիշեցնենք, հուլիսին Տավուշի սահմանագոտում տեղի ունեցած մարտերի ժամանակ պաշտոնական Մոսկվան ամենաբարձր մակարդակով հորդորել էր Անկարային չսրել իրավիճակը տարածաշրջանում և չձեռնարկել հակամարտության սրացմանն ուղղված գործողություններ:

Սակայն, երեկվանից Մոսկվան կոնկրետ Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ ակնարկ չի արել:

Ռուսաստանցի փորձագետների համոզմամբ՝ Մոսկվան հնարավորը կանի, որպեսզի լայնածավալ ռազմական գործողությունները չդառնան տարածաշրջանային, քանի որ եթե Թուրքիան Նախիջևանից փորձի մասնակցել այդ ռազմական գործողություններին, Ռուսաստանը ստիպված կլինի միջամտել, պաշտպանել հայկական կողմին:
Բայց այլ հարց է, որ Մոսկվան ի զորու չէ այսօր կանգնեցնել ռազմական գործողությունները: Ճնշման նման մեխանիզմներ Մոսկվան այսօր չունի, ասում է ռուսաստանցի փորձագետ Պավել Ֆելգենգաուերը՝ «Ազատությանը» հավելելով. - «Այսօրվա ռազմական գործողությունները նման չեն ոչ 2016թ. ապրիլյան պատերազմին, ոչ էլ հուլիսյան բախումներին: Սա մեծ պատերազմ է, և այսօր հնարավոր չէ ասել, թե որքան այն կտևի»:

Ֆելգենգաուերի կարծիքով՝ կողմերի ռազմական ներուժը մոտավորապես հավասար է, չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանը վերջին տարիներին լուրջ սպառազինություն է գնել, հատկապես՝ անօդաչու թռչող սարքեր, որոնք թույլ են տալիս ավելի արդյունավետ և թիրախային գործել: «Ամենայն հավանականությամբ, ադրբեջանական կողմն ուզում է ոչնչացնել հայկական կողմի հակաօդային պաշտպանության համակարգը: Առաջիկա օրերը ցույց կտան, թե ինչքանով դա նրանց կհաջողվի», - ասել է փորձագետը:

Ֆելգենգաուերն ընդգծում է՝ պատերազմական գործողություններն այնքան լայնածավալ են, որ հնարավոր չէ ասել, թե դրանք ինչպես կզարգանան: Ամեն դեպքում, նա համոզված է, որ Մոսկվան հնարավոր ամեն ինչ անելու է պատերազմը կանգնեցնելու համար, քանի որ չի ուզում կանգնել հակառակորդներից և ոչ մեկի կողքին:

Ինչևէ, Հայաստանի և այլ երկրների հետ շփումներից առանձնացնենք Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցը Էմանյուել Մակրոնի հետ: Փաշինյանը հայտնել է, որ Ադրբեջանն այսօր ռազմական գործողություններ է սկսել Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով: Նա խոր մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակով և դրա հետագա սրմամբ: Մասնավորապես ընդգծվել է, որ Ադրբեջանը դիմում է սադրանքների ՀՀ հետ պետական սահմանի ուղղությամբ ևս ռազմական գործողություններ սկսելու համար: Փաշինյանը զրուցակցի ուշադրությունն առանձնակի հրավիրել է Թուրքիայի «խիստ կողմնակալ և ագրեսիվ դիրքորոշման և այդ երկրի հնարավոր միջամտությունը կասեցնելու անհրաժեշտության վրա»:

Նախագահ Մակրոնը խոր մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակով և անթույլատրելի համարել լարվածության հետագա խորացումը: Նա անհրաժեշտ է համարել ձեռնարկել բոլոր միջոցները ռազմական գործողությունները դադարեցնելու և լարվածությունը լիցքաթափելու ուղղությամբ: Նա նաև կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի ակտիվացումը տարածաշրջանում խաղաղություն վերահաստատելու համար:

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը հեռախոսով զրուցել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ:
Զարիֆը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում վերսկսված ռազմական գործողությունների կապակցությամբ և կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել դրանք ու «վերսկսել բանակցային գործընթացը միջազգային իրավունքի շրջանակներում»: ԻԻՀ արտգործնախարարը հավաստիացրել է, որ Թեհրանը պատրաստ է կողմերին աջակցել «կրակը դադարեցնելու, երկխոսություն սկսելու և խաղաղություն ու կայունություն հաստատելու հարցում»:

Ինչ վերաբերում է միջազգային կառույցներին՝ ապա ՆԱՏՕ-ն խորապես մտահոգություն է հայտնել Ղարաբաղում իրավիճակի սրացման կապակցությամբ, և կոչ է անում կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները։ «Հակամարտությունը ռազմական լուծում չունի, կողմերը պետք է վերսկսեն բանակցությունները՝ խաղաղ կարգավորման ուղղությամբ», - հայտարարել է ռազմական դաշինքը՝ աջակցություն հայտնելով ԵԱՀԿ Մինսկի խմբին։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դադարեցնել մարտերը և վերադառնալ բանակցությունների: «Գլխավոր քարտուղարը չափազանց մտահոգված է ղարաբաղյան հակամարտության գոտում շփման գծի երկայնքով ռազմական գործողությունների վերսկսմամբ»,- ասվում է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի մեկնաբանության մեջ:

Դե ինչ վերաբերում է Թուրքիային, որ ապա այստեղ՝ ինչպես միշտ, կրկնում են, որ՝ «աջակցում են Ադրբեջանի գործողությունները»: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արցախյան շփման գծի երկայնքով տեղի ունեցող մարտական գործողությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել: Ինչպես հաղորդում է «Ազատությունը»՝ նա միջազգային հանրությանը մեղադրել է երկակի ստանդարտներ կիրառելու և «Հայաստանի հարձակվողականությանը» անհրաժեշտ ու բավարար կերպով չարձագանքելու մեջ:

Էրդողանը չի մոռացել քննադատել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբին: Նա եռյակ համանախագահությանը «30 տարի անարդյունավետ աշխատանք տանելու և խնդրի հանգուցալուծումից հեռու լինելու» մեջ է մեղադրել: Ապա՝ Էրդողանը հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և նրան հաղորդել, թե՝ «Թուրքիան շարունակելու է սատարել ադրբեջանցի եղբայրներին՝ առաջնորդվելով «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1717 անգամ
Լրահոս
Դուք թքելու մասին մի՛ խոսեք․ այդ գործը թողեք Ալեն Սիմոնյանին․ ընդդիմադիրը՝ ՔՊ-ին (video) Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ տարածքն օգտագործելու համար․ Աբրահամյան Ուկրաինական հրթիռակոծության հետևանքով Բելգորոդի մարզում 6 խաղաղ բնակիչ է զոհվել, 4-ը՝ վիրավորվել Ռոմանոս Պետրոսյանը Ավինյանին ե՞րբ ա SMS գրելու ու հրաժարականը պահանջի․ Մեսրոպ Մանուկյան (video) Հորմուզ-2026․ պատմության մեջ նավթի մատակարարումների խոշորագույն խափանումը․ Վահե Դավթյան ԱՄՆ-ի և Իրանի միջև 60-օրյա հրադադարի ժամկետը լրանում է Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ամենախոշոր փաթեթն է պատրաստում ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ․ Արտակ Զաքարյան Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am