Իշխանությունն իր քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու համար օգտագործում է ամենակեղտոտ մեթոդները. Իվետա Տոնոյան. video
Ես շատ ուրախ կլինեի, որ մեր քննադատություններին ի պատասխան՝ իշխանությունը բովանդակային պատասխաններ մեզ ուղղեր, սակայն, մենք դա չենք տեսնում և ստիպված ենք իշխանությանը պատասխանել համարժեք: Այս մասին «Արմնյուզ» ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Իվետա Տոնոյանը:
Իվետա Տոնոյանի խոսքով՝ այս գործելաոճը քաղաքականության մեջ նոր իրողություն է. «Այո՛, իշխանություններն իրենց քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու համար օգտագործում են ամենակեղտոտ մեթոդները՝ մուտք գործելով մարդկանց ընտանիք»:
Իվետա Տոնոյանը ցավով է նշում, որ այսօր իրենք չենք հայտնվել խորհրդարանում, որպեսզի միմյանց հասցեին նման հայտարարություններով հանդես գան:
Հարցին՝ սա Ձեր ընտրությունն է՞՝ գնալ այսպիսի մեթոդներով պայքարի, թե՞ իշխանությունն այլընտրանք չի տվել, Իվետա Տոնոյանը պատասխանել է. «Այս պահը հասունացավ, քանի որ մեր խմբակցությունն ու Գագիկ Ծառուկյանը տեսան, որ այս իշխանությունը տապալել է գրեթե ամեն ինչ: Հայտնվել էինք այնպիսի իրավիճակում, որ լռելն այլևս անհնար է»:
ԱԺ պատգամավորը նշում է, որ իրենք, երբ մատնանշում էին կոնկրետ ձախողումները, իշխանությունը սանձազերծեց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդումները:
Դիտարկմանը՝ պարզ չէ՞ր, որ Գագիկ Ծառուկյանը վաղ թե ուշ հայտնվելու է իշխանության թիրախում, Իվետա Տոնոյանը նշել է. «Եթե «ԲՀԿ»-ն իշխանության համար ցանկալի ընդդիմադիրի գործունեություն ծավալեր, ապա վստահաբար այս գործընթացները չէին լինի: Երբ հետհեղափոխական Հայաստանում մեր ուժի առաջադրման շնորհիվ է Նիկոլ Փաշինյանը վարչապետի թեկնածու լինում ու դրա մասին անմիջապես մոռանում են՝ շատ կարճ ժամանակ անց «ԲՀԿ»-ին ու Գագիկ Ծառուկյանին սարսափելի մեղադրանքներ են ուղղում»:
Ըստ Իվետա Տոնոյանի՝ իրենք պարզապես անուղղելի լավատեսներ են եղել և իսկապես հավատացել են, որ Նիկոլ Փաշինյանը բերում էր մի նոր Հայաստանի տեսլական:
Իվետա Տոնոյանի համոզմամբ՝ իշխանությանն այսօր դժվար է սանձելը, քանի որ իրենք այսօր այնպիսի քաղաքական մեծամասնություն են կազմում, որ իրենց որոշումներ կայացնելու համար ոչինչ չի խանգարում. «Իշխանությունը կարողացավ անգամ դատական համակարգի վրա ձեռք մեկնել ու մեկ տարվա ջանքերի շնորհիվ, մասնավորապես ՍԴ-ում, սահմանադրական ճգնաժամ ստեղծել»: