2040 թվականին պետք է հասնել առնվազն 4 միլիոն բնակչի. Սերժ Սարգսյան

Նախագահ Սարգսյանի ուղերձը 6-րդ գումարման ԱԺ-ին:   Հարգելի՛ գործընկերներ, Տարածքային համաչափ զարգացումը պահպանելով որպես երկարաժամկետ նպատակ՝ անհրաժեշտ է կարճ և միջին ժամկետներում առկա ոչ մեծաքանակ ռեսուրսներն ուղղել ավելի պատրաստված և նախադրյալներ ունեցող տարածքային զարգացման ծրագրերի իրականացմանը: Դրանք իրենց հերթին կբերեն տեղային աճի կենտրոնների ձևավորմանը՝ աստիճանաբար տարածվելով և հանգեցնելով երկարաժամկետ տարածքային համաչափ զարգացմանը: Միևնույն ժամանակ, առանձնակի մոտեցում պետք է ցուցաբերել սահմանապահ համայնքների զարգացմանն ու ամրապնդմանը, ինչը շարունակում է ինչպես տնտեսական, այնպես էլ ազգային անվտանգության տեսանկյունից կարևոր խնդիր մնալ: Հայաստանի Հանրապետությունում հատկապես անընդունելի է ունենալ աղքատության բարձր ցուցանիշ, քանի որ հայերը հայտնի են իրենց բացառիկ ձեռնարկատիրական ընդունակություններով։ Չափազանցրած չեմ լինի, եթե պնդեմ, որ յուրաքանչյուր ընտանիքում կա մեկը, ով գոնե մտածել կամ մտածում է սեփական գործը հիմնելու մասին: Այս առումով անհրաժեշտ է ապահովել նվազագույն անհրաժեշտ պայմաններ և հնարավորություն տալ յուրաքանչյուր քաղաքացու փորձելու և, համոզված եմ, հաջողությամբ իրականացնելու իր նախատեսած ծրագրերը: Միաժամանակ, էական նշանակություն ունի եկամուտների բաշխման արդարության և համաչափության ցուցանիշների բարելավումը, որպեսզի հասարակության բոլոր խավերի համար տեսանելի և շոշափելի լինեն տնտեսական աճի արդյունքները: Անհնար է հասնել երկարաժամկետ կայուն տնտեսական աճի, եթե այդ աճի արդյունքների վերաբաշխման համակարգն արդար և թափանցիկ չէ, զգալի չէ յուրաքանչյուր քաղաքացու համար և չի ապահովում աղքատության ցուցանիշի կրճատում: Աղքատության կրճատման ուղիներից են զանազան նպաստների տրամադրման համակարգերը կամ սոցիալական աջակցության ծրագրերի իրականացումը, սակայն հիմնական ճանապարհը աշխատատեղերի ստեղծումն ու ձեռնարկատիրական ունակությունների իրականացման աջակցությունն է: Այդ պարագայում յուրաքանչյուրը կբարելավի իր և իր ընտանիքի բարեկեցությունը՝ միաժամանակ բարձրացնելով սեփական արժանապատվությունն ու ինքնագնահատականը: Աղքատության կրճատման հիմնական նպատակային ցուցանիշը աղքատների տոկոսն է ընդհանուր բնակչության թվում, և այդ ցուցանիշը առաջիկա 5 տարում առավելագույնը պետք է կազմի 18 տոկոս, իսկ 2040 թվականին՝ 7-8 տոկոս: Պետք է շարունակաբար բարձրացնել աշխատանքի և սոցիալական պաշտպանության կառավարման համակարգի թափանցիկությունն ու բարելավել ծրագրերի արդյունավետությունն ու հասցեականությունը: Աշխատավարձը պետք է լինի յուրաքանչյուր աշխատողի բարեկեցության հիմքը, ապահովի իր և իր ընտանիքի արժանապատիվ ապրելակերպը: Այս նպատակով պետք է հետևողականորեն գործել, որպեսզի նվազագույն աշխատավարձի և աղքատության վերին շեմի հարաբերակցությունը շարունակաբար աճի՝ հասնելով 190 տոկոսի մինչև 2022 թվականը և 300 տոկոսի՝ մինչև 2040 թվականը: Միևնույն ժամանակ կենսաթոշակառուները պետք է դուրս մնան սոցիալապես անապահով խավի շրջանակներից: Մասնավորապես, պետք է հասնենք այն բանին, որ աշխատանքային կենսաթոշակի նվազագույն մակարդակը գերազանցի աղքատության վերին շեմը: Նախորդ 25 տարիների ժողովրդագրական իրավիճակի ընթացքը պայմանավորված էր մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններով, իսկ արդյունքները խիստ մտահոգիչ և անընդունելի են: Առաջիկա տասնամյակների համար մեր գերխնդիրը պետք է լինի Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի էական բարելավումը: Այս ուղղությամբ աշխատանքը կարելի է բաժանել երեք հարթության. 1) արտագաղթի դադարեցում, 2) ծնելիության բարձրացում և կյանքի տևողության երկարացում, և 3) արտագաղթածների վերադարձի նախապայմանների ստեղծում: Անհրաժեշտ է յուրաքանչյուր նշված ուղղությամբ, իրականացված վերլուծությունների հիման վրա, այնպիսի միջոցառումների մշակում և իրականացում, որոնք ի տարբերություն նախորդ 25 տարիների, հաջորդ 25 տարիներին և հետագայում կապահովեն բնակչության թվաքանակի հնարավոր առավելագույն ավելացում: Ժողովրդագրական իրավիճակի էական և կտրուկ բարելավման արդյունքում 2040 թվականին պետք է հասնել առնվազն 4 միլիոն բնակչի: Մեր նպատակն է ունենալ ինտելեկտուալ Հայաստան: Կրթված սերունդն է մեր երկրի հաջողության գրավականն ու բարեկեցության հիմքը: Հետևաբար պետք է ապահովենք առաջնակարգ կրթության հասանելիություն՝ միաժամանակ շարունակաբար բարձրացնելով կրթության որակը: Խիստ կարևոր է նաև ապահովել գիտության ու կրթության կապը տնտեսության հետ: Գիտությունն ու կրթությունն առաջին հերթին պետք է տան այն խնդիրների լուծումները, որոնց առջև կանգնած են տնտեսությունն ու տնտեսվարողները: Անհրաժեշտ է գիտության և կրթության ֆինանսավորման գործող համակարգը լրացնել այնպիսի տարրերով, որոնցում պարտադիր մասնակցություն ունենա նաև մասնավոր հատվածը: Դա կվկայի, որ տվյալ ծրագրի ֆինանսավորումը պահանջված է, իսկ արդյունքները կլինեն կոնկրետ ու չափելի՝ նպատակ ունենալով բարձրացնել հայկական տնտեսության մրցունակությունն ինչպես կարճ, այնպես էլ միջին և երկար ժամկետներում: Հայաստանի քաղաքացու առողջությունն ու առողջ ապրելակերպը պետության զարգացման կարևորագույն գրավականներից են: Ուստի պետության կողմից մատուցվող բժշկական ծառայությունների որակի բարձրացումն ու բժշկական ապահովագրության ներդրումը առողջապահական համակարգի առաջնահերթ խնդիրներից են: Անվճար և որակյալ բժշկական օգնությունը պետք է հասանելի լինի անապահովության և սոցիալական արդարության սկզբունքի հիման վրա: Միաժամանակ, պետությունը պետք է աջակցի անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունեցող ցանկացած անձի: Հատկապես, մշտական ուշադրության կենտրոնում պետք է պահել մոր և մանկան առողջության վերաբերյալ հարցերը, քանի որ դրանք հսկայական ազդեցություն ունեն Հայաստանի Հանրապետության առողջ քաղաքացու կերտման գործում: Երիտասարդների միջին մասնագիտական և բարձրագույն որակյալ կրթության մատչելիությունը կարևոր նշանակություն ունի, որպեսզի երիտասարդները ինքնադրսևորվեն և ակտիվորեն ներգրավվեն հայրենիքի շենացման գործին: Պետք է պայմաններ ապահովել, որպեսզի երիտասարդների ընդունակությունները, այլ ոչ թե սոցիալական դրությունը, վճռորոշ լինեն համապատասխան կրթություն և աշխատանք ստանալու հարցում: Պետք է շարունակել և ընդլայնել երիտասարդության զբաղվածության, ինչպես նաև բնակարանային ապահովման ծրագրերը: Առողջ և կրթված երիտասարդների ամուր ընտանիքները և ապագայի հանդեպ լավատեսությունը կարևոր նախապայմաններ են Հայաստանի զարգացման և առաջընթացի համար: Մեր նպատակն է պահպանել, ավելացնել և գալիք սերունդներին փոխանցել մեր հարուստ մշակութային ժառանգությունն ու հանրահռչակել այն ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս: Պետք է խթանել տնտեսական բաղադրիչի, ներառյալ՝ զբոսաշրջության, առավել սերտ ներգրավվածությունը մշակութային արտադրանքի և ծառայությունների, պատմամշակույթային ժառանգության և մշակութային արժեքների պահպանության, զարգացման և տարածման ոլորտներում: Պետք է շարունակաբար բարձրացնել ոլորտի պետական և պետական-մասնավոր ծրագրերի արդյունավետությունը՝ նպաստելով նաև մարզերում մշակույթի խնդիրների լուծմանը: Առանց շրջակա միջավայրի պահպանության պատշաճ և արդյունավետ համակարգի անհնար է հասնել երկարաժամկետ կայուն տնտեսական աճի և ապահովել գալիք սերունդների առողջության պահպանումն ու կյանքի որակի բարելավումը: Բնապահպանական հստակ չափորոշիչներին համապատասխանությունը պետք է լինի քաղաքաշինական և գործարար ծրագրերի իրականացման նախապայման: Անհրաժեշտ է շարունակել Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման և բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերն ու միջոցառումները՝ ապահովելով երկարաժամկետ կայուն կենսաբազ-մազանության ստեղծումը:

դիտվել է 37 անգամ
Լրահոս
27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով «Արման Ծառուկյանը վախկոտ թշվառական է, ում գլխին անընդհատ խփել են․․․» (video) Բացահայտեմ՝ ինչու են Ղազինյանին կալանավորել․․․ ի՞նչ ձայնագրություն է հրապարակվել․ Արթուր Միքայելյան (video) Նիկոլը չի կարողանալու կանգնեցնել այս հեղեղը․․․ գիտե՞ք՝ ինչ է լինելու․ հոգեբան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am