7 քայլանի ծրագիր՝ Բելառուսը կործանելու համար. Լուկաշենկոյի մեղադրանքը Արևմուտքին

Պաշտոնական Վաշինգտոնը պնդում է` Բելառուսում ստեղծված իրավիճակից դուրս գալու լավագույն ելքը երկխոսությունն է գործող վարչակազմի ու ընդդիմության միջև:

«Գործող վարչակազմը պետք է լսի իր ժողովրդի ձայնը», - «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ասել է Բրյուսելում Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Անդրեա Կալանը: «Օգոստոսի 9-ի ընտրությունները արդար, ազատ ու թափանցիկ չէին, ողջ աշխարհն է դա տեսել, և որ առավել կարևոր է՝ Բելառուսի ժողովուրդն է տեսել: Միացյալ Նահանգները ցանկանում է, որ Բելառուսի գործող վարչակազմը և առաջնորդը երկխոսության գնան քաղաքացիական հասարակության հետ` ԵԱՀԿ-ի միջնորդությամբ: Մեր համոզմամբ՝ դա լավագույն ճանապարհն է հիմա», նշել է Կալանը:

Վիճահարույց ընտրություններով հաղթած Ալեքսանդր Լուկաշենկոն, մինչդեռ, կտրականապես հրաժարվում է երկխոսությունից: Ավելին, երեկ նա վերջակետ է դրել այս հարցի շուրջ քննարկումներին, պնդելով` նախագահական ընտրությունները կայացել են, արդյունքները հայտնի են, և այս ուղղությամբ այլևս որևէ անելիք չկա: «Բարիկադներ կառուցելու և հանրահավաքներ անցկացնելու ժամանակն արդեն ավարտվել է», -ասել է Լուկաշենկոն` չհստակեցնելով` օրենքի ո՞ր կետով է դա արգելվում, և այսուհետ ե՞րբ, կամ` տարվա ո՞ր եղանակին կարող են բելառուսցիները կրկին փողոց դուրս գալ:

«Հիմա եկել է մեր ժամանակը, անհրաժեշտ է շարունակել ստեղծագործ աշխատանքը, շարժվել առաջ` խելամիտ փոփոխությունների և խելամիտ բարեփոխումների ճանապարհով», - խորհրդային կարգախոսների ոգով պնդել է Լուկաշենկոն, ով այդ տարիներին զբաղեցնում էր կոլխոզի պարտկոմի նախագահի, հետո էլ` սովխոզի տնօրենի պաշտոնը: «Մենք տեղում չենք դոփում, երկիրը զարգանում է, հետզհետե ավելանում է մարդկանց բարեկեցությունը: Ես չեմ հասկանում` ուրիշ էլ ի՞նչ փոփոխություններ են հարկավոր», - տարակուսել է նա:

Ցուցարարների մատնանշած ազատ, արդար ու մրցակցային ընտրությունների, կամ` հիմնարար իրավունքները պաշտպանելու մասին Լուկաշենկոն որևէ բառ չի ասել, թեև հանդիպել էր երկրի «քաղաքական ակտիվի» հետ: Թե ովքեր էին լուռ ու հնազանդ նրա երկարաշունչ ելույթը ունկնդրող այդ մարդիկ` պաշտոնական աղբյուրները չեն հաղորդում: Հստակ է, սակայն, որ վերջին նախագահական ընտրություններում Լուկաշենկոյի դեմ դուրս եկած բոլոր ընդդիմադիր առաջնորդները հիմա կա՛մ բանտում են, կա՛մ հեռացվել են երկրից:

Ընդ որում, Լուկաշենկոն երեկ զգուշացրել է` դա դեռ վերջը չէ: «Տասնհինգ կուսակցություն ունենք գրանցված, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ դրանք կուսակցություն չեն», ասել է նա ու բացատրել` որ հարցում են քաղաքական այդ ուժերը սխալվել. - «Նրանցից տասը շեղվել են իրենց կանոնադրությունից, ու հիմա նոր ընտրություններ են պահանջում», - ասել է Լուկաշենկոն, կրկին չհստակեցնելով` ո՞ր օրենքով է արգելվում ընդդիմադիր կուսակցությանը հրաժարականի պահանջ ներկայացնել ավելի քան քառորդ դար վիճահարույց քվեարկություններով ընտրվող նախագահին: «Հանձնարարում եմ Արդարադատության նախարարությանը մանրազնին ուսումնասիրել` արդյո՞ք այդ կուսակցությունները համապատասխանում են գործող օրենսդրությանը: Անհրաժեշտ է դրանք վերագրանցել», - հրահանգել է Եվրոպայի վերջին բռնապետի տիտղոսը ստացած առաջնորդը: Փորձագետները փաստում են` ընդդիմադիր այդ տասը կուսակցությունները դժվար թե հաղթահարեն վերագրանցման պահանջը:

Լուկաշենկոն երեկ հիշել է նաև իր դեմ դուրս եկած նախկին ու ներկա երեք դեսպանների մասին ու բոլորին զրկել դիվանագիտական կոչումներից: Փոխարենը՝ խոստացել է վարձահատույց լինել բոլոր նրանց, ովքեր հակակառավարական ցույցերի ժամանակ մնացել են իր կողքին. - «Շնորհակալություն նրանց, որ իրենց դրսևորեցին ըստ արժանվույն և հուսալի: Առաջիկայում մենք քայլեր կձեռնարկենք քաղծառայողի կարգավիճակն ամրապնդելու համար»:

Երեկ, մասնավորապես, նա պնդել է, թե Արևմուտքը հատուկ` 7-քայլանի ծրագիր էր մշակել Բելառուսը կործանելու համար, որը, սակայն, ձախողվել է` ՕՄՕՆ-ի «հայրենանվեր ու անձնազոհ» ջանքերի շնորհիվ: «Եթե մեր իրավապահ մարմինները պասիվ լինեին, մենք անխուսափելիորեն ականատես կլինեինք նոր մայդանային տեխնոլոգիաների, որոնք, ինչպես գիտենք պատմությունից, հազվադեպ են ավարտվել առանց մարդկային կորուստների և մշտապես ողբերգական ավարտ են ունեցել երկրի համար», ասել է Բելառուսի ղեկավարը: Ուժայինների կողմից իրականացված բռնությունների, կտտանքների ենթարկված խաղաղ ցուցարարների, ընդդիմության դեմ հարուցված շինծու քրեական գործերի մասին, սակայն, Լուկաշենկոն չի խոսել: Փոխարենն ընդգծել է` «մենք գիտենք, թե ովքեր են այս ամենը ղեկավարում և ինչ են ուզում, այդ իսկ պատճառով զգոնությունը չենք կորցնում»:

Արևմուտքում այս մեղադրանքներն անհեթեթություն են որակում: Լիտվայի արտգործնախարարը հրապարակավ պնդում է, թե Լուկաշենկոն կորցրել է կապը իրականության հետ, Եվրամիությունն էլ պատրաստվում է մինչև այս ամսվա վերջ պատժամիջոցներ սահմանել նրա վարչակազմի մոտ երեք տասնյակ պաշտոնյաների նկատմամբ: ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը վերահաստատել է` Վաշինգտոնը ևս կարող է միանալ այդ սահմանափակումներին:
ԵՄ-ն Ալեքսանդր Լուկաշենկոյին որպես Բելառուսի լեգիտիմ նախագահ չի ճանաչում, նախօրեին Բրյուսելում Եվրախորհրդարանի լիագումար նիստի ժամանակ հայտարարեց ԵՄ Արտաքին հարաբերությունների և անվտանգության գծով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Եվրոպացի պաշտոնյայի խոսքով` որևէ կասկած չկա, որ օգոստոսի 9-ի ընտրությունները կեղծվել են։

«Մեր կարծիքով` լավագույն լուծումը կլինի ԵԱՀԿ կողմից դիտարկվող վերաքվեարկությունը։ Մինչ այս պահը, սակայն, մեզ չի հաջողվել կապ հաստատել որևէ մակարդակի բելառուս պաշտոնյայի հետ։ Իշխանության լծակները պահպանելու՝ Լուկաշենկոյի համառ վճռականությունը, ինչպես նաև Մոսկվայի աճող աջակցությունը նրան էլ ավելի են դժվարացնում խնդրի լուծումը», - հայտարարում էր Բորելը՝ նշելով, որ այս փուլում ԵՄ գլխավոր նպատակն է լինելու բելառուս ժողովրդին, նախևառաջ քաղաքացիական հասարակությանն ուղղակի օժանդակություն ցուցաբերելը։
«Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ֆոն դեր Լայենը նշել է Բելառուսին 53 միլիոն եվրոյի հատկացման մասին։ Այդ միջոցները անմիջապես հասանելի կլինեն բռնությունների զոհերի համար։ Մենք նաև փորձում ենք աջակցություն ցուցաբերել անկախ մամուլին», - հայտարարում էր Բորելը։

Արտաքին հարաբերությունների և անվտանգության գծով պատասխանատուն Եվրախորհրդարանում ունեցած ելույթում չշրջանցեց նաև Բելառուսի դեմ կիրառվող պատժամիջոցների թեման՝ նշելով, որ այդ հարցը ընդգրկվելու է սեպտեմբերի 24-ին մեկնարկող ԵՄ գագաթնաժողովի օրակարգում։

Ինչ վերաբերում է բելառուսական ընդդիմությանը, ապա երկրի ներսում պահպանվող հարաբերական անդորրի ֆոնին Լուկաշենկոյի ընդդիմախոսները շարունակում են միջազգային հանրային կարծիքի մոբիլիզացիան։ Նախագահական ընտրություններում Լուկաշենկոյի գլխավոր մրցակիցը՝ Սվետլանա Տիխանովսկայան սյունյակ էր գրել Washington Post թերթում։ Նա հարցազրույց է տվել ուկրաինական ամենաազդեցիկ կայքերից մեկին՝ LB.UA-ին, որում մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել։ Տիխանովսկայան մասնավորաբար նշել է, որ ընդդիմությունը պատրաստ է Լուկաշենկոյին որոշակի երաշխիքներ տրամադրել, եթե նա դադարեցնի դիմադրությունը։ «Եթե Լուկաշենկոն խաղաղ կերպով, մարդավարի հեռանա, անվտանգության երաշխիքների հավանականություն կա։ Նույնիսկ նման համոզմունք կա։ Դա, իհարկե, քննարկելու խնդիր է, սակայն պատրաստ ենք անգամ ավելին տրամադրել, [քան անվտանգության երաշխիքները]», հայտարարել է Տիխանովսկայան։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 899 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am