Իր Ժողովրդին պատերազմի նախապատրաստող ու խրամատ փորող խորամանկը

BBC-ի ադրբեջանական ծառայությունը վերջերս ուշագրավ հոդված էր հրապարակել այն մասին, որ Ադրբեջանի սահմանամերձ գյուղերում ու առաջնագծում ռազմական նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։ Այս մասին լրատվամիջոցին պատմել էին տեղի բնակիչները։ Նրանք հայտնել էին, որ Թովուզի շրջանում հուլիսին տեղի ունեցած մարտերից հետո սահմանամերձ ու առաջնագծին մոտ գտնվող գյուղերում աննախադեպ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։

Առաջնագծին մոտ տեղակայված գյուղի բնակչուհիներից մեկը, որը չէր ցանկացել ներկայանալ, պատմել էր, որ թովուզյան մարտերից հետո և՛ զինվորականները, և՛ տեղի վարչական ղեկավարը եկել ու սկսել են իրենց տների առաջ ապաստարաններ փորել։

«Մեզ ասել են, որ այս խրամատները փորում են, որ մարդիկ կարողանան հրդեհի ժամանակ վազել ու թաքնվել»,- BBC-ին ասել է սահմանամերձ գյուղի բնակիչներից մեկը։ Սահմանամերձ այլ գյուղի բնակիչ էլ ասել է, որ նրանց հանձնարարվել է բակում փորված խրամատի շուրջբոլորը ծածկել ավազի պարկերով։ Բացի այդ, սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում հաճախ են հրապարակվում օգտագործված մեքենաների անվադողերի հավաքման ու առաջնագիծ տանելու կոչեր և անվադողերի հավաքման տեսանյութեր։

Իսկ Ադրբեջանի Միլի Մեջլիսի պաշտպանության, անվտանգության ու կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի փոխնախագահ Հիքմեթ Մամեդովն էլ լրատվամիջոցին ասել էր, որ տարածաշրջանում առկա է շատ զգայուն իրավիճակ, որը փխրուն է, ու հավելել էր. «Ոչ ոք չպիտի մտածի, որ հակամարտությունը սառեցված է։ Հենց որ լինեն բարենպաստ պայմաններ, Ադրբեջանը քայլեր կձեռնարկի իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար։ Այդ պատճառով պատերազմի վտանգ միշտ կա»։

Ալիևն, ակնհայտորեն, նախապատրաստվում է պատերազմի: Ե՞րբ դա նա կսադրի՝ առայժմ պարզ չէ: Կամ՝ հանուն ինչի՞ նրան կարող են կանգնեցնել՝ նույնպես պարզ չէ: Պարզ է միայն այն, որ Թուրքիան կկանգնի Ադրբեջանի կողքին՝ հաջորդ հնարավոր պատերազմի ժամանակ:

Ալիևի ծրագրերն իրականում պարզ են՝ ցույց տալ բնակչությանը, որ նա պատրաստ է «հաղթական» ավարտի հասնել «Ղարաբաղի վերադարձը», մի բան, որի մասին նա արդեն 2 տասնամյակ հայտարարում ու խոստանում է:

Միևնույն ժամանակ, նա իր հասարակությանը շեղում է երկրի ներսում իշխանությունն ամրացնելու իր հիմանական գործից...

Չնայած միջազգային հանրության քննադատությանը` Ադրբեջանի իշխանությունները նախօրեին կրկին խոչընդոտել են ակտիվիստների բողոքի ցույցը` կալանավորված ընդդիմադիր գործիչ Թոֆիկ Յաղուբլուին ազատ արձակելու պահանջով:
Իշխանության ճնշումներից խուսափելու համար կազմակերպիչները որոշել են ակցիայի մասին սոցիալական ցանցերով տեղեկացնել աջակիցներին, սակայն դա էլ չի օգնել: Ոստիկանները ինչ-որ տեղից իմացել ու ակցիայի մեկնարկից առաջ արդեն դիրքավորվել են դեպքի վայրում: Փաստացի մի քանի տասնյակ ցուցարարների դեմ դուրս էր եկել երկու անգամ ավելի շատ ոստիկան, նախ բերման են ենթարկել նրանց, ում շապիկին պատկերված է եղել ընդդիմադիր գործիչ նկարը, հետո՝ նրանց, որ հանդգնել են բարձրաձայնել նրա անունը, վերջում էլ հերթը հասել է հարցազրույց տվողներին ու ակցիան լուսաբանող սակավաթիվ լրագրողներին:

Յաղուբլուն ճաղերի ետևում է արդեն շուրջ կես տարի, մի քանի օր առաջ Բաքվի դատարանը նրան ավելի քան չորս տարվա ազատազրկման է դատապարտել` խուլիգանության համար: Ինքը` նախագահ Ալիևի մոլի քննադատը, մինչդեռ, մեղադրանքը չի ընդունում. 59-ամյա տղամարդը, ով, ըստ հարազատների, բազմաթիվ առողջական խնդիրներ ունի, արդեն մոտ մեկ շաբաթ է` հացադուլ է անում` պահանջելով արդար դատաքննություն:

Նույնն են պահանջում նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն ու կառույցները: Երեկ Յաղուբլուի ազատազրկումը դատապարտել է Եվրախորհրդարանի պատգամավոր, մարդու իրավունքների հարցերով զեկուցող Իսաբել Սանթոսը: «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում պատգամավորը փաստել է` ընդդիմադիր գործչին դատարանում անգամ վերջին խոսքի իրավունք չի տրվել, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ այս գործը հարուցվել է քաղաքական շարժառիթներով: «Յաղուբլուի դեմ դատավճիռը հերթական ծաղրն է արդարադատության հանդեպ», - իր հերթին նշել է միջազգային հեղինակավոր Human Rights Watch կազմակերպությունը, հավելելով` դատարանի որոշումն անակնկալ չէր և ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան հեռուն կարող են գնալ Ադրբեջանի իշխանությունները սեփական ընդդիմախոսներին լռեցնելու համար:

Ի դեպ, Յաղուբլուն առաջին անգամը չէ հայտնվում ճաղերի ետևում. 2013-ին նա հինգ տարվա ազատազրկման էր դատապարտվել` ընդդիմության հանրահավաքներին մասնակցելու համար, ազատ արձակումից կարճ ժամանակ անց` 2019-ին կրկին կալանավորվել, այս անգամ` մեկ ամսով, ոստիկանությանը չենթարկվելու համար: Վարչական կալանքից հետո նա պատմել էր` ինչպես են ուժայիններն իրեն ճնշել, կտտանքների ենթարկել ու ստիպել դադարեցնել ընդդիմադիր գործունեությունը:
«Յաղուբլուի նոր դատավճիռը դարձավ սեփական քննադատներին բանտերը լցնելու` Ադրբեջանի իշխանության դաժան քաղաքականության վերջին ապացույցը», ասել է Human Rights Watch միջազգային կազմակերպությունը` կոչ անելով Ալիևին արագ և առանց նախապայմանների ազատ արձակել նրան ու քաղաքական դրդապատճառներով ազատազրկված մյուս ընդդիմադիրներին:

Յաղուբլուի դուստրը, ով ինքն էլ տարիներ առաջ հայտնվել էր բանտում` ընդդիմադիր գործունեության համար, երեկ կրկին պնդել է. - «Հայրս առողջական լուրջ խնդիրներ ունի, և եթե նա հացադուլին չդիմանա ու նրա հետ ինչ-որ բան պատահի, դրա ողջ պատասխանատվությունն ընկնում է իշխող ռեժիմի վրա»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1957 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am