Կրեմլն ու թուրք-ադրբեջանական նենգ ծրագրերը Հայաստանի շուրջ

Ալիևի բողոքները Հայաստանից չեն ավարտվում...

Պարզվում է, Հայաստանի, Կիպրոսի և Հունաստանի միջև եռակողմ ռազմական համագործակցության ձևաչափը խիստ մտահոգել է Ադրբեջանին: Սեպտեմբերի 2-ին ընդունելով Ադրբեջանում Հունաստանի նորանշանակ դեսպան Նիկոլաոս Պիպերիգկոսին՝ Իլհամ Ալիևն ասել է. «Հայաստանն իրեն ագրեսիվ է պահում: Բնականաբար ցանկացած երկրի հետ Հայաստանի ռազմական համագործակցությունը մտահոգություն է առաջացնում: Դուք ծանոթ եք Հայաստանին ռուսական զենքի մատակարարումների հարցում մեր վերաբերմունքին: Հուլիսի 16-ին սահմանին ակտիվ բախումները դադարեցին, իսկ հուլիսի 17-ից սկսած մինչև երեկ Ռուսաստանից Հայաստան մերձկասպյան պետությունների օդային տարածքով բազմաթիվ բեռնափոխադրումներ են իրականացվել: Ես սա ասում եմ ոչ միայն Ձեզ: Մենք այս հարցը բարձրացրել ենք նաև մեր ռուս գործընկերների մոտ: Հայաստանի հետ համագործակցությունը մտահոգիչ է»:
Ալիևն, ինչպես երևում է, որոշել է, ընդդեմ Հայաստանի բողոքների տակ թաքցնել նոր հարձակումներ մի քանի ճակատով՝ դիվանագիտական, ինչու չէ նաև սահմանային պարբերական սադրանքներով:

Որ իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից և սահմանային նոր լարմանը կարող է խառնվել նաև Թուրքիան, վերջին ժամանակներին բազմաթիվ ազդակներ արդեն իսկ ստանում ենք:

Երեկ էլ ռուսաստանյան մամուլն էր պնդել՝ Թուրքիան Ադրբեջան է ուղարկել սիրիացի զինյալների՝ համալրելու հայ-ադրբեջանական սահմանին փաստացի գոյություն ունեցող թուրքական ռազմակայանը:

Ռուսաստանյան անկախ պարբերականներից մեկը՝ «Նեզավիսիմայա գազետա»-ն, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնում էր, որ Անկարան Ադրբեջան է ուղարկել 500 սիրիացի զինյալների՝ հիմնականում էթնիկ թուրքոմաններ «Սուլթան Մուրադ», «Սիրիական ազատ բանակ» և «Համզաթ» զինված խմբավորումներից։ Պարբերականի աղբյուրները պնդում են, որ տեղեկատվությունը ստուգվում է, և առավել հավանական է, որ այն համապատասխանում է իրականությանը:

Թերթը հիշեցրել էր հայ-ադրբեջանական սահմանին հուլիսյան բախումներին հաջորդած Բաքվի ցույցը, որի մասնակիցները Թուրքիային կոչ էին անում «փրկել Ադրբեջանը հայերից և ռուսներից»։ Թուրքիայի դրոշը ծածանելով՝ ցուցարարներն Իլհամ Ալիևից պահանջում էին «թուրքական ռազմակայան տեղակայել երկրում և վրեժ լուծել հայերից»։ Թուրքական հեռուստաընկերությունները ցույցերի այդ կադրերն ակտիվորեն շրջանառում էին, պաշտոնական Մոսկվան, սակայն, որևէ կերպ չէր արձագանքել դրան։

«Նեզավիսիմայա գազետա»-ն մեջբերել էր ռուսաստանցի արևելագետ Իգոր Դմիտրիևի խոսքերը. - «Ակտիվ խոսակցություններ են շրջանառվում, որ Թուրքիան փաստացի ռազմակայան է ստեղծել Ադրբեջանում, և վերջին զորավարժություններից հետո Անկարան Ադրբեջանում է թողել իր զորքի մի մասը, ինչպես նաև F-16 օդանավերն ու դրանց անձնակազմերը»։

Թուրք քաղաքագետ Էնգին Օզերը, ում ակտիվորեն վկայակոչում են ադրբեջանական լրատվամիջոցները, հաստատում է. - «Թուրքական զինվորականները մինչ այդ էլ ներկայություն ունեին Նախիջևանում, ինչո՞ւ նրանց չտալ պաշտոնական կարգավիճակ, չէ՞ որ դրա համար իրավական խոչընդոտներ չկան»։

Ընդամենը մի քանի տարի առաջ, ինչպես նշում է «Դեյլի Սաբահ» թուրքական պարբերականը, Թուրքիան իր սահմաններից դուրս ռազմակայան չուներ՝ բացառությամբ փոքր ռազմական ներկայության Կիպրոսի մի հատվածում։ Այսօր, սակայն, Թուրքիան արդեն ռազմակայաններ ունի Սոմալիում, Կատարում, Իրաքում և Սիրիայում:
Ադրբեջանում Թուրքիան ռազմական ներկայություն չունի, հակադարձում է պաշտոնական Բաքուն՝ կտրականապես հերքելով նաև երկրում սիրիացի գրոհայինների ներկայության մասին «Նեզավիսիմայա գազետա»-ի պնդումները։

Երեկ հատուկ հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը: «Պաշտոնապես հայտարարում ենք՝ երկրի տարածքում չկան օտարերկրյա պետությունների ռազմակայաններ կամ այլ ապօրինի զինված խմբավորումներ», - ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունում:

Նկատենք, որ Թուրքիայի նախաձեռնությամբ սիրիացի զինյալներին Ադրբեջան ուղարկելու մասին խոսակցություններ սկսեցին ակտիվորեն շրջանառվել հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական բախումների ֆոնին։ Մի քանի շաբաթ անց Ադրբեջանում տեղի ունեցան թուրք-ադրբեջանական լայնամասշտաբ զորախաղեր:

Դրանց մեկնարկին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց էր ունեցել թուրք գործընկերոջ` Ռեջեփ Էրդողանի հետ ու, ըստ պաշտոնական հաղորդագրության, ընդգծել «լարվածության սրացմանը նպաստող որևէ գործողություն թույլ չտալու կարևորությունը»:

Իլհամ Ալիևն, իր հերթին, պնդել էր, թե այդ մտահոգությունները զուր են: «Այս վարժանքներն անհանգստություն են առաջացնում որոշ երկրներում, սակայն դրանց համար հիմքեր չկան: Սա թուրք-ադրբեջանական միասնության հերթական դրսևորումն է», - հայտարարել էր Ադրբեջանի առաջնորդը՝ ընդգծելով, որ առաջիկայում Թուրքիան կարող է դառնալ իր երկրի թիվ մեկ գործընկերը ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում:

Ստացվում է, որ պաշտոնական Բաքուն հերքում է օտարերկրյա ռազմաբազայի ներկայությունը, միևնույն ժամանակ, սակայն, չի կարելի բացառել, որ թուրքական ներկայության առիթով Ադրբեջանի պաշտպան մարմիններն ուղղակի ստում են:

Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանում գտնվող 500 սիրիացի գրոհայինների մասին, նման տեղեկությունների վերաբերյալ պաշտոնական հայտարարություններ, եթե անգամ հերքվում են, դրանց իսկապես պետք է լուրջ չվերաբերվել:

Ի վերջո, Ադրբեջանը 90-ականների ղարաբաղյան պատերազմում ևս դիմում էր այլոց «օգնությանը», այդ մասին հայտնի էր բոլորին: Այնպես որ, նման «շռայլությունից» Ադրբեջանն, իսկապես, կարող է օգտվել նաև հիմա՝ շարունակելով հերքել տեղեկությունները:

Ինչևէ, ռուսական մամուլում նման հոդվածի հայտնվելը, վկայում է այն մասին, որ Ռուսաստանի իշխանություններն, իսկապես անհանգստացած են: Հարավային Կովկասում իր ռազմական ներկայությունն է ցուցադրող ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի քայլերը չեն կարող չանհանգստացնել Պուտինին:

Ադրբեջանում նոր ռազմաբազայի տեղակայման ու սիրիացի թուրքամետ գրոհայինների հայտնվելը Ադրբեջանում, թեկուզ, չհաստատված տեղեկությունների մակարդակով՝ արդեն իսկ մարտահրավել է նախևառաջ Ռուսաստանի համար:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2003 անգամ
Լրահոս
ՌԴ և Նոր Նախիջևանի թեմից վարժական հավաքներին մասնակցելու ծանուցագիր են ստացել ևս 2 հոգևորական Իրանը և ԱՄՆ-ն կապուղի են ստեղծել Հորմուզի նեղուցով անցնող նավերի հետ կապված խնդիրները լուծելու համար Ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Սաղաթելյանի տանը քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական և վարութային գործողություններ. ՔԿ Զինծառայող է վիրավորվել. ՊՆ–ն մանրամասներ է հայտնում Նիկոլ Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին սնանկացնել․ «Հրապարակ» Հայտնի է՝ ինչ պաշտոն կստանա Վահագն Խաչատուրյանը նոր Կառավարությունում. «Իրավունք» Ֆինանսների նախարարությունում ֆինանսիստ ու գնումների մասնագետ չկա. «Ժողովուրդ» Պարզվել է Արտենիում «Ford Transit»-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը Իրավապահները ներխուժել են Իշխան Սաղաթելյանի տուն Գլուխ կտրող թշնամուն բարեկամ հռչակելն ու հանրության վրա որպես այլընտրանք «ծախելը» ինքնին անվտանգության սպառնալիք է Եկեղեցին մեծ գումարներ է վճարել բյուջե․ «Հրապարակ» Հուլիսի սկզբին սպասվում են նոր ձերբակալություններ. ովքե՞ր են թիրախում. «Իրավունք» Վրաստանը մի քանի ժամով փակել է դեպի Լարս տանող ճանապարհը «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը՝ Փաշինյանի ճաշակով․ «Հրապարակ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am